Jump to content

Լիբանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիբանան (այլ կիրառումներ)
الجمهورية اللبنانية
Ալ-Ջումհուրիյա ալ-Լուբնանիյա
Լիբանանի Հանրապետություն
Լիբանանի դրոշ
Դրոշ
Լիբանանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝  Քուլլունա լիլ-Ուաթան լիլ-Ուլա լիլ-Ալամ
Լիբանանի դիրքը
Լիբանանի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Բեյրութ
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 10,452 կմ² 
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 4,151,234[1] 
 -  Խտություն 397 /կմ² 
948 /մղոն²
Արժույթ Լիբանանյան ֆունտ (LBP)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .lb
Հեռախոսային կոդ +961

Լիբանան[2] (արաբ․՝ لبنان‎‎), պաշտոնապես կոչվում է Լիբանանի Հանրապետություն (արաբ․՝ الجمهورية اللبنانية‎‎), պետություն Հարավարևմտյան Ասիայում, Միջերկրական ծովի արևելյան ափին։ Սահմանակից է Իսրայելին և Սիրիային։ Տարածությունը 10.4 հազար կմ² է, բնակչությունը, որը բաղկացած է քրիստոնյաներից, մուսուլմաններից և փոքրամասնություններից, ըստ CAS-ի հարցախույզի, 1997 թվականին եղել է 4 մլն, որի 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ 2011 թվականին հարևան Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով Լիբանան են ապաստանել ավելի քան 1 միլիոն սիրիացի գաղթականներ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենն ու անգլերենը։

Գլխավոր քաղաքներն են Բեյրութը (մայրաքաղաք), Տրիպոլին, Սայդան, Զահլեն, Ջունիեն և Տյուրոսը։ Բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է Բեյրութում և նրա շրջակայքում։ Դրամական միավորը լիբանանյան ֆունտն է՝ լիրան։

Պետության անվանումն առաջացել է լեռնաշղթայի անունից․ արաբերեն՝ Ջեբել Լիբանան, լատիներեն՝ Libanus mons, հին հունարեն՝ Լիբանոս։ Այս անվանումները ծագում են սեմական լեզուներից (ասուրերեն՝ Լաբնանա, եբրայերեն՝ Լ-Բանոն) «սպիտակ լեռ»։

Անվանումը տրվել է այդ լեռները տարվա մեծ մասում ձյունածածկ լինելու, կամ կրաքարային ժայռերի գույնի պատճառով[3]։

Անտիկ և միջնադարյան պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի երկրորդ կեսին Լիբանանի տարածքը նվաճվեց Եգիպտոսի մամլուքների պետության կողմից։ Մամլուքներն Լիբանանում և շրջակա երկրներում գերիշխող մնացին մինչև Մարջ Դաբիկի ճակատամարտը (1516), երբ ջախջախիչ պարտություն կրեցին օսմանյան սուլթան Սելիմ I-ի բանակներից։

Նոր և նորագույն պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1516-1918 թվականներին Լիբանանը գտնվել է Օսմանյան կայսրության վարչական և քաղաքական իշխանության ներքո։ 1861-1915 թվականներին Լիբանանի ներկա տարածքի լեռնային հատվածը՝ Լեռնալիբանանը վայելել է ինքնավարություն՝ եվրոպական վեց պետությունների հովանավորությամբ։

1918 թվականի հոկտեմբերին անգլիական և դաշնակից զորքերը նվաճեցին Լիբանանի տարածքը՝ դուրս մղելով օսմանցիներին։ 1920 թվականի սեպտեմբերի 1-ին ֆրանսիական զորքերի հրամանատար զորավար Հանրի Գուրոյի հրամանագրով երկրի ներկայիս տարածքը դարձավ առանձին պետություն՝ Մեծ Լիբանան անունով։ 1921-1943 թվականներին սեպտեմբերի 1-ը ամեն տարի նշվել է իբրև Լիբանանի ազգային տոն։ 1922 թվականին Ազգերի լիգան հաստատեց Լիբանանի և հարակից Սիրիայի տարածքի վրա Ֆրանսիայի մանդատը։ 1926 թվականին ընդունվեց երկրի առաջին սահմանադրությունը, որով երկիրը պաշտոնապես վերանվանեց Լիբանանի հանրապետություն։ 1926 թվականին՝ սահմանադրության ընդունումից մեկ տարի անց, այն ենթարկվեց փոփոխությունների և լիարժեք գործեց 1926-1932 և 1936-1939 թվականներին։ 1932 թվականի ներքաղաքական ճգնաժամի և 1939 թվականի Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով ֆրանսիական իշխանությունները սառեցրին սահմանադրության կիրառությունը։ Ֆրանսիական մանդատի տարիներին, 1926 թվականի սահմանադրության դրույթներին համապատասխան Լիբանանի խորհրդարանի կողմից հանրապետության նախագահ են ընտրվել Շարլ Դեբբասը (1926-1934) և Էմիլ Էդդեն (1936-1941)։ Սահմանադրության առկախված տարիներին, ֆրանսիական իշխանությունները հանրապետության նախագահ են նշանակել Հաբիբ Սաադին (1934-1936) և Ալֆրեդ Նակկաշին (1941-19431936 թվականի նոյեմբերին կնքված պայմանագրով, Ֆրանսիան խոստացավ երեք տարվա ընթացքում լիարժեք անկախություն և ինքնիշխանություն շնորհել Լիբանանին և ապահովել նրա անդամակցությունն Ազգերի լիգային։ Սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին միջազգային սրվող իրադրությունը պատրվակ ներկայացնելով, Ֆրանսիայում օրենսդիր իշխանութչունը չվավերացրեց այս պայմանագիրը։

1940 թ. հունիսին հիտլերական Գերմանիայից Ֆրանսիայի կրած պարտությունից հետո, Լիբանանում և Սիրիայում տեղակայված ֆրանսիական քաղաքացիական և ռազմական իշխանությունները հավատարիմ մնացին Վիշի քաղաքում հաստատված և հիտլերականների հետ համագործակցող մարշալ Ֆիլիպ Պետենի կառավարության։ 1941 թ. հունիս-հուլիս ամիսներին դաշնակից պետությունների բանակները ռազմական գործողությունների միջոցով վիշիականներին հեռացրին Լիբանանի և Սիրիայի տարածքից։ Քաղաքական իշխանությունն անցավ ֆրանսիացի զորավար Շառլ դը Գոլի գլխավորած աքսորյալ կառավարության, իսկ ռազմական իշխանությունը՝ բրիտանական զորքերին։ Ռազմական գործողությունների առաջին օրերին, դաշնակից պետությունները խոստացան անհապաղ ճանաչել Լիբանանի և Սիրիայի անկախությունը։ Սակայն, այդ խոստումը կենսագործելու ուղղությամբ առաջին կոնկրետ քայլերն առնվեցին 1943 թ.։ Տեղի ունեցան խորհրդարանական նոր ընտրություններ, որի արդյունքում հանրապետության նախագահ դարձավ Բշարա էլ Խուրին։ Վերջինս վարչապետ նշանակեց Ռիադ էլ Սոլհին։ Խուրիի և Սոլհի միջև գոյացավ «Ազգային ուխտը», որը երկիրը ղեկավարելու սկզբունքների շուրջ գոյացած բանավոր, բայց ուղենշային համաձայնություն էր։ Սոլհի կառավարությունը միակողմանի ձեռնարկեց երկրի սահմանադրության փոփոխության, ջնջելով ֆրանսիական մանդատին ակնարկող բոլոր հոդվածներն ու ակնարկները։ Ֆրանսիական իշխանությունները, զայրացած լիբանանյան քայլերի միակողմանիությունից, արգելափակեցին Խուրիին, Սոլհին և մի քանի այլ նախարարների և պատգամավորների, բայց, բրիտանական և դաշնակից այլ պետությունների ճնշման ներքո, 11 օր հետո՝ 1943 թվականի նոյեմբերի 22-ին, ստիպված նրանց բաց թողեցին և համակերպվեցին սահմանադրական փոփոխություններին։ Այսպիսով, Լիբանանը փաստացի քաղաքական անկախություն ձեռք բերեց։ Նոյեմբերի 22-ն էլ 1944 թվականից համարվում է երկրի ազգային տոնը՝ Անկախության օրը։ 1945 թվականին Լիբանանը դարձավ Արաբական երկրների լիգայի և այնուհետև ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Օտարերկրյա զորքերի դուրսբերումն ավարտվեց 1946 թվի դեկտեմբերի 31-ին։

Հաջորդ երեսուն տարիների ընթացքում, Լիբանանը դարձավ տարածաշրջանի առևտրական, ակադեմիական, բժշկական և մշակութային առաջավոր կենտրոն, ամենատարբեր մշակութային ժառանգությունների խառնարան։ Հարևան երկրներում տիրող անկայունության պատճառով մեծ թվով հմուտ արհեստավորներ, ձեռնարկատերեր և մտավորականներ մուտք գործեցին Լիբանան։ Միաժամանակ, 1948 թ. Իսրայել պետության ստեղծման հետևանքով Լիբանանում ապաստան գտան ավելի քան հարյուր հազար պաղեստինցի արաբ գաղթականներ։

1947 թ. նախագահ Խուրիի վարչակարգը լրջորեն միջամտեց խորհրդարանական հերթական ընտրությունների գործընթացին և կարողացավ առաջ բերել իրեն ենթակա մի խորհրդարան, որ 1948 թ. մասնակի փոփոխության ենթարկեց սահմանադրությունը և Խուրիին թույլատրեց ընտրվել երկրորդ անգամ՝ հավելյալ վեց տարի ժամանակով։ Խուրիի նախագահության երկրորդ շրջանում, սակայն, շեշտակիորեն ավելացան նրա վարչակարգին դեմ ուղղված կոռուպցիայի և հովանավորչության մեղադրանքները։ 1952 թ. սեպտեմբերին ընդդիմադիրներին հաջողվեց կազմակերպել համընդհանուր գործադուլ, որի հետևանքով Խուրին ներկայացրեց իր հրաժարականը։ Նոր նախագահ ընտրվեց ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Քամիլ Շամունը։

Նախագահ Շամունը (1952-1958 թթ.) փորձեց ընտրական օրենքի փոփոխության միջողով զգալիորեն փոխել Լիբանանի քաղաքական ավանդական ընտրանու (elite) դիմագիծը։ Սա բնականաբար առաջացրեց քաղաքական ավանդական ղեկավարների դժգոհությունը։ Միաժամանակ, Շամունի նախագահության ժամանակաշրջանը համապատասխանում էր Մերձավոր և Միջին Արևելքում Սառը պատերազմի գագաթնակետին, իսկ տարածքաշրջանում՝ արաբական ռադիկալ ազգայնական շարժման և Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի հեղինակության վերելքին։ Շամունը իր նախասիրություններով արևմտամետ էր, 1956 թ. Սուեզի ճգնաժամի ժամանակ մերժեց դիվանագիտական հարաբերությունները խզել Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, 1957 թ. ողջունեց Էյզենհաուերի դոկտրինան։ Շամունի ընդդիմադիրները համակրում էին Նասերին և աջակցություն ստանում նրանից։ Այս ներքին հակասությունների, ինչպես և Նասերի և արտաքին այլ ուժերի միջամտության հետևանքով 1958 թ. երկրում բռնկվեց վեցամսյա քաղաքացիական պատերազմ։ Ընդդիմադիրները ուզում էին ամեն գնով արգելել Շամունի նախագահության ժամկետի երկարաձգումը։ 1958 թ. հուլիսի 14-ին՝ Իրաքում հեղափոխությունից անմիջապես հետո, Շամունի հրավերով Լիբանանում ցամաքահանում կատարեցին ամերիկյան նավազները։ ԱՄՆ-ը այսպիսով տարածքաշրջանում ծավալվող հեղափոխական ալիքից պաշտպանեց Շամունին, բայց միաժամանակ Եգիպտոսի հետ համաձայնվեց, որ Շամունի հաջորդը լինի լիբանանյան բանակի հրամանատար Ֆուադ Շեհաբը։ Վերջինս քաղաքացիական պատերազմի օրերին չեզոք դիրք էր գրավել և ընդդիմության համար ընդունելի թեկնածու էր։

Նախագահ Շեհաբի (1958-1964) և նրա հաջորդ Շառլ Հելուի (1964-1970) պաշտոնավարության առաջին տարիները անցան համեմատաբար խաղաղ պայմաններում։ Լիբանանն այդ տարիներին լավ հարաբերություններ պահպանեց Եգիպտոսի և նախագահ Նասերի հետ։ Շեհաբն առավելաբար զբաղվեց ներքին վարչական բարեփոխություններով։ Չլինելով քաղաքականության մեջ ավանդաբար ազդեցիկ լիբանանյան ընտանիքներից մեկի ժառանգ և իր թիկունքում չունենալով քաղաքական որևէ կուսակցություն, Շեհաբի իշխանությունը հենվեց բանակի հետախուզական բաժնի՝ Երկրորդ Գրասենյակի (Deuxième Bureau) աջակցության վրա։ Երկրում իրավիճակը շեշտակիորեն սրվեց 1967 թ. արաբ-իսրայելյան հերթական պատերազմում Եգիպտոսի կրած ծանր պարտությունից հետո։ Պաղեստինցի գաղթականները, հիասթափվելով Իսրայելի դեմ արաբական պետությունների համատեղ գործողությունների արդյունավետության հնարավորությունից, զինվեցին և փորձեցին վարել ինքնուրույն քաղաքականություն։ Շուտով ընդհարումներ առաջ եկան Լիբանանում տեղակայված պաղեստինյան ֆիդայական ջոկատների ու լիբանանյան բանակի միջև։ 1969 թ. Կահիրեում կնքված համաձայնությանը, որի կետերն սկզբում գաղտնի պահվեցին, չհաջողվեց կարգավորել տագնապը և վերջ տալ ռազմական բախումներին։

Քաղաքացիական Պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. նախագահական ընտրությունները բեկում մտցրին Լիբանանի ներքին քաղաքական կյանքում։ Պարտվեց նախկին նախագահ Շեհաբի քաղաքական ուղեգծին հավատարիմ թեկնածուն և նախագահ ընտրվեց Սուլայման Ֆրանջիեն (1970-1976), որ երկրի ավանդական քաղաքական ուժերի ներկայացուցիչն էր։ Ֆրանջիեն և նրա կողմից վարչապետ նշանակված Սաիբ Սալամը խիստ սահմանափակեցին բանակի հետախուզական բաժնի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին, տարբեր միջոցներով Լիբանանից հեռացրին Շեհաբին հավատարիմ բազմաթիվ սպաների։ Հետագայում պարզվեց, որ առերես ժողովրդավարության վերահաստատման լոզունգներով իրականացվող այս քայլերը միաժամանակ նկատելիորեն տկարացրին երկրի պաշտպանունակությունը, նրան զրկելով բազմաթիվ փորձված բանակային կադրերից, մանավանդ որ Ֆրանջիեի օրոք շարունակվեցին ընդհարումները լիբանանյան բանակի և պաղեստինցի ֆիդայիների միջև։ Պաղեստինցի ֆիդայիները տարբեր պատճառներով վայելում էին արաբական այլ երկրների զորակցությունը, որը լիբանանյան բանակին թույլ չէր տալիս օգտագործելու ռազմական իր բոլոր հնարավորությունները։ Այս հանգամանքների ներքո, Լիբանանում այդ տարիներին գերակշիռ դիրք վայելող քրիստոնյա համայնքին մոտ համոզում գոյացավ թե լիբանանյան բանակին ու անվտանգության այլ կառույցներին չի հաջողվելու մենակ անփոփոխ պահելու երկրի քաղաքական դիմագիծը և թե քրիստոնյաներն հարկադրված են զինվելու, կազմելու պետական կառույցներից դուրս իրենց զինված խմբավորումները՝ պաղեստինցիներից ինքնապաշտպանելու և պահպանելու համար երկրի սահմանադրական կարգը, որը որոշակի առավելություններ էր տալիս քրիստոնյաններին և հատկապես՝ մարոնի համայնքին։ Մարոնիներին խիստ մտահոգում էր պաղեստինցի ֆիդայիների և լիբանանյան արմատական ընդդիմության՝ ձախակողմյան և արաբ ազգայնական հոսանքների միջև օրեցօր սերտացող քաղաքական և նույնիսկ զինված խմբավորումների դաշինքը։

Կանաչ գիծ քաղաքացիական պատերազմի ժամանակին
Ռաֆիկ Հարիրի

Ավելի ծանր էին 1975 թ. երկրում ծայր առած 15-ամյա քաղաքացիական պատերազմի հետևանքները՝ տասնյակ հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր գաղթականներ և նյութական անհաշիվ վնասներ։ 1976 թ. Լիբանան մուտք գործեցին տասնյակ հազարավոր սիրիական զորքեր։ Դրությունն ավելի սաստկացավ իսրայելական զորքերի երկու (1978-ին և 1982-ին) ներխուժումների հետևանքով։ Այս շրջանում չափազանց թուլացավ կառավարության իշխանությունը, ավերվեցին երկրի ենթակառույցները։

Պատերազմական գործողությունները վերջացան 1990 թվականի հոկտեմբերին՝ 1989 թվին Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում ստորագրված հաշտեցման պայմանագրի հիման վրա։ Երկրում զգալիորեն ավելացավ սիրիական ազդեցությունը։ Նախագահ ընտրվեց Ռենե Մուաուադը, իսկ վերջինիս սպանությունից հետո՝ Էլիաս Հրաուին։ Վարչապետ նշանակվեց դոկտ. Սալիմ էլ Հոսը։ 1992 թվականին երկրում կայացան վերջին 20 տարիների ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնեց Ռաֆիկ Հարիրին։ 1995 թվականին, Սիրիայի օրհնությամբ և սահմանադրության մեջ մտցվեց մանր փոփոխություն, որի հետևանքով նախագահ Հրաուիի իշխանության ժամկետը երեք տարով երկարացվեց։ 1998 թվականի հոկտեմբերին նախագահ ընտրվեց զորավար Էմիլ Լահուդը։ Պաշտոնը ստանձնելու իր երդմնառության ճառում, Լահուդը մասնավորապես շեշտեց կառավարական կառույցների հզորացման կարևորությունը, կարգ ու կանոնի հաստատումը, թափանցիկության անհրաժեշտությունը, հավասարության և սոցիալական արդարության կիրառումը և պատասխանատվության զգացումի բարձրացումը։ Լահուդը դոկտ. Սալիմ էլ Հոսին նշանակեց վարչապետ, սակայն, 2000 թվի խորհրդարանական ընտրություններից հետո, Ռաֆիկ Հարիրին փոխարինեց Հոսին այդ պաշտոնում։ Հարիրին վարչապետի պաշտոնը վարեց մինչև 2004 թ.։ Նա ահաբեկչական հարձակման զոհ գնաց 2005 թ. փետրվարի 14-ին։ 2005 թ. ապրիլին, միջազգային ճնշման ներքո, սիրիական զորքերն ստիպվեցին դուրս գալ Լիբանանից։ 2008-2014 թթ. Լիբանանի հանրապետության նախագահն էր զորավար Միշել Սուլեյմանը։

Պետական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է։ Պետության գլուխը հանրապետության նախագահն է, որին ընտրում է խորհրդարանը (առաջին փուլում ձայների երկու երրորդի, իսկ երկրորդ փուլում՝ պարզ մեծամասնությամբ) 6 տարի ժամանակով և առանց անմիջապես վերընտրվելու իրավունքի։ Ավանդույթի ուժով 1934 թվականից Լիբանանի հանրապետության նախագահները ընտրվում են քրիստոնյա կաթոլիկ մարոնի համայնքից։ Այսպիսով, Լիբանանի հանրապետության նախագահը արաբական երկրների միակ ոչ իսլամադավան պետության գլուխն է։ Ներկայիս նախագահի աթոռը թափուր է։ 2016-2022 թթ. նախագահ է եղել Միշել Աունը, որի պաշտոնավարման ժամկետի լրացումից հետո նոր նախագահ դեռևս չի ընտրվել[4]։

Հանրապետության նախագահը նշանակում է գործադիր իշխանության պետին՝ վարչապետին՝ հաշվի առնելով խորհրդարանի պատգամավորների մեծամասնության կարծիքը։ Վարչապետները 1937 թվականից նշանակվում են իսլամական սուննի համայնքից։ Խորհրդարանի պատգամավորները, թվով 128 հոգի (1992 թվականից), ընտրվում են չորս տարին մեկ համաժողովրդական ընտրություններում, որտեղ տարբեր ընտրատարածքներից ընտրվող պատգամավորների թիվը որոշվում է ըստ ամեն մեկ տարածքի մեծության և բնակչության քանակի։ Խորհրդարանական աթոռները 1992 թվականից հավասարապես բաժանված են քրիստոնյա և մուսուլման ներկայացուցիչների միջև։ 1947 թվականից լիբանանյան խորհրդարանի նախագահները (խոսնակ) ընտրվում են շիա համայնքից։

Հանրապետության ժողովրդավարական քաղաքական համակարգը և խոսքի ու հավատի սահմանադրականորեն ձևակերպված ազատությունները լայն ճանապարհ են հարթել քաղաքական կուսակցությունների առաջ։ Երկրում գործում են ավելի քան 30 կուսակցություններ և քաղաքական խմբավորումներ, որոնցից են

  • Լիբանանի կոմունիստական կուսակցությունը (հիմնված՝ 1924-ին)
  • Սիրիական ազգային սոցիալական կուսակցությունը (Ղովմի սուրի, հիմնված՝ 1935-ին)
  • Ազգային բլոկը (հիմնված՝ 1935-ին)
  • Լիբանանյան փաղանգավորները (Քաթաիբ, հիմնված՝ 1936-ին)
  • Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը (հիմնված՝ 1949-ին)
  • Ազգային լիբերալ կուսակցությունը (հիմնված՝ 1958-ին)
  • Ամալ շարժումը (հիմնված՝ 1974-ին)
  • Լիբանանյան ուժեր կուսակցությունը (հիմնված՝ 1976-ին)
  • Հիզբոլլահը (հիմնված՝ 1985-ին)
  • Ալ-Մարադա հոսանքը (հիմնված՝ 1991-ին)
  • Ազգային ազատ հոսանքը (հիմնված՝ 2005-ին)
  • Մուսթակբալ հոսանքը (հիմնված՝ 2007-ին)

Այս կուսակցությունները, սակայն, շատ քիչ բացառություններով, կրում են հարանվանական բնույթ, նրանց անդամների մեծ մասը սահմանափակվում են մեկ կրոնի կամ կրոնական համայնքի շրջանակներում։ Գործում են նաև հայկական ավանդական կուսակցությունների մասնաճյուղերը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանը լեռնային երկիր է։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում են Լիբանանի լեռները մինչև 3083 մ (Կուռնետ-էս-Սաուդա լեռ) բարձրությամբ։ Առափնյա մասը 1,5-15 կմ լայնությամբ հարթավայր է։ Ափերը ցածրադիր են, թույլ կտրտված ծոցերով, ափագիծը՝ 200 կմ։ Տարածված են ավազաբլուրները և ժայռոտ հրվանդանները, որոնք առաջացնում են բնական նավահանգիստներ (Բեյրութ, Տրիպոլի, Սուր)։ Լիբանանի և Անդրլիբանանի (երկրի սահմաններում են գտնվում միայն արևմտյան լանջերով) լեռների միջև ձգվում է Բեքաա միջլեռնային հովիտը (8-14 կմ լայնությամբ, 750-900 մ բարձրությամբ)։

Լիբանանի նկարը տիեզերքից։ Ձնածածկույթ կարելի է տեսնել երկրի արևմտյան և արևելյան լեռնաշղթաների վրա։

Կլիման մերձարևադարձային է, չոր ամառով և խոնավ ձմեռով։ Ծովափին հունվարի միջին ջերմաստիճանը 13 °C է, հուլիսինը՝ 28 °C, տարեկան տեղումները՝ 750—1000 մմ, լեռներում՝ 1000—3000 մմ (լեռնագագաթների ձյունը պահպանվում է դեկտեմբերից մայիս), Բեքաայի հովտում և Անդրլիբանանի լեռների արևմտյան լանջերին՝ 400—800 մմ։

Ներքին Ջրեր և Հողեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը մեծ չեն, ամռանը հաճախ չորանում են։ Խոշոր գետերը՝ Էլ-Լիտանին և էլ-Ասին, օգտագործվում են ոռոգման համար և հիդրոէներգիայի աղբյուր են։ Առափնյա մասերում և լեռների ստորին լանջերին տարածված են դարչնագույն, ավելի բարձր մասերում՝ մոխրադարչնագույն քարքարոտ հողերը։

Բուսական Աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը գերազանցապես թփուտային է (մաքվիս, ֆրիգանա), Լիբանանի լեռների արևմտյան լանջերին պահպանվել են մշտադալար կաղնու, սոսու, թխկու, հալեպյան սոճու, գիհու անտառներ, մայրու պուրակներ։ Բեքաայի հովտում տեղ-տեղ հանդիպում են տտրախոտա-եացագգիների տափաստաններ։

Կենդանական Աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ կենդանիներն են բծավոր բորենին, արաբական վիթը, շնագայլը, լեռներում՝ սիրիական արջը, վայրի այծը։ Կենդանիների զգալի մասը որսի հետևանքով ոչնչացված է։ Շատ են կրծողները և թռչունները։ Պետության պաշտպանության տակ են առնված բնական բուսածածկույթի և թռչունների մասսայական չուի 12 տեղամասեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 95%-ը կազմում են արաբները, 4%-ը՝ հայերը, իսկ մնացյալ ազգերը միասին ընդամենը 1%։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենը, անգլերենը և հայերենը։ Բնակչության 67.8%-ը մուսուլմաններն են (31.9% սուննի, 31.2% շիա, մնացածը՝ ալավիներ և իսմայիլիներ), 32.4%-ը՝ քրիստոնյաները (ամենամեծ քրիստոնյա համայնքն են կազմում մարոնիներ), մնացած 4.5%-ը՝ դրուզներ։ Այս տվյալները չեն ներառում երկրում բնակվող բազմաթիվ պաղեստինցի և սիրիացի փախստականներին[5]։ Կիրառվում են Գրիգորյան և մուսուլմանական (լուսնային հիջրա) տոմարները։ 2015 թվականին բնակչության միջին տարեկան աճը կազմել է 2.99%: խտությունը 1 կմ²-ի վրա մոտ 500 մարդ է, ծովափնյա շրջաններում՝ մինչև 750 մարդ (2015)։ Բնակչության կեսից ավելին բնակվում է քաղաքներում։ Ագրարային գերբնակվածության և արդյունաբերության թույլ զարգացման պատճառով բնակչության մի մասը գաղթում է արտասահմանյան երկրներ։ Խոշոր քաղաքներն են Բեյրութը, Տրիպոլին, Սայդան, Զահլան։


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը ընդհանուր առմամբ կիրառում է մասնավոր ներդրումների գործին չխառնվելու քաղաքականություն։ Կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ չկան։ Հանրային սեփականությունը սահմանափակված է ենթակառույցներով և կենցաղային սպասարկման հիմնարկներով։ Մասնավոր հատվածը, որը 80 տոկոսով է մասնակցում երկրի տնտեսությանը, ընդգրկում է գյուղատնտեսությունը, շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, բանկային և հյուրանոցային համակարգերը, լրատվական և գովազդային ծառայությունները և այլն։

Տնտեսության աճը 1960-1970-ականների տարեկան 5 տոկոսի փոխարեն 1970-1975 թթ կազմել է տարեկան 7 տոկոս։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների՝ հիմնականում զբոսաշրջության, բանկային և ապահովագրության բնագավառներում է արձանագրվել։

Քաղաքացիական պատերազմի ավերիչ հետևանքներից հետո, 1991 թվականից սկսած տնտեսությունը վերականգնվեց։ Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով համախառն արտադրանքի չափն ավելացավ մոտ 40 տոկոսով։

1992 թվականին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի առաջին կառավարությունը միջոցներ ձեռնարկեց ամրապնդելու տնտեսական կայունությունը։ 1992-1997 թթ տնտեսական աճը կազմեց միջին հաշվով 5-7 տոկոս։ Պատերազմի հետևանքով առաջացած փողի արժեզրկումը սկսեց նվազել և 1998 թվականին հասավ ընդամենը երեք տոկոսի։ Հետագայում՝ Սալիմ էլ Հոսի կառավարության օրոք (2000-2002 թթ.), ավելի նվազեց և կազմեց 0,25 տոկոս։ Այդ կառավարությունը նաև մշակեց ֆինանսական բարենորոգումների հնգամյա մի ծրագիր, որը նպատակաուղղված է բյուջեի դեֆիցիտը և հանրային պարտքը նվազեցնելուն։ Կառավարությանն են պատկանում էլեկտրականության, ջրային տնտեսության, ավիաընկերության, ամրացված հեռախոսային կապի բնագավառները։ Կենտրոնական բանկը, իր հերթին, ունի նշանակալի ակտիվներ, որոնց թվում ազգային ավիաընկերության՝ «Միդլ իսթ էրլայնզի» գրեթե բոլոր բաժնետոմսերը։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի աշխարհագրական դիրքը, մեղմ կլիման և բնության գեղեցկությունը (ձյունածածկ լեռները, բերրի հովիտները և Միջերկրական ծովի զուլալ ջրեր) զբոսաշրջության գրավականներն են։ Երկիրն արաբական աշխարհում միակն է, որ դահուկասպորտի և ձմեռային այլ սպորտաձևերի ու միջոցառումների հնարավորություն ունի։ Մեծ ներդրումներ են կատարվում այժմ ընդլայնելու և արդիականացնելու զբոսաշրջության բոլոր ծառայությունները։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին երկրի արդյունաբերությունը (հիմնականում ցեմենտի, թղթի, դեղորայքի, կոսմետիկական և ախտահանող միջոցների, հագուստեղենի և ուտեստեղենի արտադրությունը) կազմում էր համախառն արտադրանքի 17.3 տոկոսը։ Համարյա բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները պատկանում են մասնավոր սեկտորին։ Կառավարությունը քաջալերում է արդյունաբերական կառույցների հիմնադրումը՝ երկրում վարելով մաքսային տուրքերի նվազեցման և հարկերից ազատելու քաղաքականություն։

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 17%-ը։ Նրա արտադրանքը բավարարում է երկրի անհրաժեշտ սննդամթերքների պահանջմունքների մոտ 34 %-ը և մասնագիտացած է արտահանվող կուլտուրաների (խնձոր, ցիտրուսներ) արտադրության մեջ։ Հողօգտագործման հիմնական ձևը կիսրարությունն է։ Գյուղական բնակչության 75 %-ը սեփական հող չունի, այն վարձակալում է խոշոր հողատերերից։ 300 խոշոր կալվածատերերին է պատկանում մշակվող հողերի կեսը, 15%-ը գտնվում է մանր կալվածատերերի և ունևոր գյուղացիների ձեռքին։ Գյուղատնտեսական հանդակները կազմում են տարածքի 39 %-ը, որի 97 %-ը զբաղեցնում են գյուղատնտեսական կուլտուրաներն ու այգիները, 3%-ը՝ արոտավայրերը։ Ոռոգվող հողերը 68 հզ. հա են։ Զբաղվում են հացահատիկային (ցորեն, գարի) և հատիկանդավոր (վիկ, ոսպ, սիսեռ) կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսության եկամուտների 40%-ը բաժին է ընկնում պտղաբուծությանը (խնձոր, ցիտրուսներ, ձիթապտուղ, բանան) և խաղողագործությանը։ Տեխնիկական կուլտուրաներից մշակում են շաքարի ճակնդեղ և ծխախոտ։

1993-2001 թվականներին Միջազգային ֆինանսական կորպորացիան 34 ներդրումային և ֆինանսական ծրագրեր է իրականացրել Լիբանանում՝ երկրին բերելով 336 միլիոն ԱՄՆ դոլար, գումարած 256 միլիոն դոլարի վարկեր։

Բժշկա-սանիտարական վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ծնունդը կազմել է 1000 բնակչին 14,59[8], մահացությունը՝ 4,88[8]: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Տարածված են ստամոքս՜աղիքային հիվանդությունները, տուբերկուլոզը, տրախոման, հելմինթոզները։ Բժիշկներ են պատրաստում Բեյրութի բարձրագույն բժշկական դպրոցում։

Կրթական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական կառույցների բազմազանությունը խոսում է 12366 միջազգային հանրության առաջ բաց քաղաքականություն վարելու օգտին։ Երկրում գործում են տեղական և օտար, բազում կրոնական և աշխարհիկ, պետական և մասնավոր դպրոցներ, որոնց թիվը հասնում է 2.719-ի (1998-1999 թթ)։ Դրանցից 45.7 տոկոսը պետական դպրոցներ են, 36.2 տոկոսը՝ մասնավոր կոմերցիոն, իսկ 10 տոկոսը՝ մասնավոր ոչ կոմերցիոն։ Ընդհանուր առմամբ դպրոցներում ընդգրկված են 871.580 աշակերտներ (1998-1999 ուստարվա տվյալներով)։

Համալսարանական ուսանողների թիվը նույն ուստարվա համար կազմում է 101.400։ Գլխավոր համալսարաններն են Լիբանանյան համալսարանը, Արաբական համալսարանը, Բեյրութի ամերիկյան համալսարանը, Լիբանանա-ամերիկյան համալսարանը, Աստվածամոր համալսարանը, Ճիզվիտների Սենթ Ժոզեֆ համալսարանը, Հայկազյան համալսարանը և Բալամանդ համալսարանը։ Գործում է նաև ֆրանսիական և լիբանանյան կառավարությունների ջանքերով ստեղծված Գործարարության բարձրագույն դպրոցը, որը կառավարման, գործարարության և ֆինանսական բնագավառի մասնագետներ է պատրաստում։

Բոլոր ուսումնական հաստատությունները հագեցած են ժամանակակից հարմարություններով։

Կրթության հանդեպ կառավարության ցուցաբերած առանձնահատուկ հոգատարության վկայությունն են երկրում գործող երեք՝ ազգային կրթության, երիտասարդության և սպորտի, ու մշակույթի նախարարությունները։

1973 թվականին լույս են տեսել մեծ թվով պարբերականներ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, հայերեն։ Արաբերեն հիմնական թերթերն են՝ «Ալ-Ամալ» (1939-ից), «Ալ-Անվար» (1959-ից), «Ալ-Զարիդա» (1953-ից), «Ալ-Մուհարիր» (1951-ից), «Ալ-Հայաթ» (1946-ից), «Ալ-Անբա» (1953-ից), ԱՍԿ-ի օրգան, «Ան-Նահար» (1933-ից), «Ան-Նիդա» (1959-ից, Լիբանանի կոմկուսի օրգանն է), «Ալ-Բայրակ»։ Անգլերեն՝ «Դեյլի սթար» («The Daily star») (1952-ից), ֆրանսերեն՝ «Օրյանժուր» («L’orient-le lour») (1971-ից)։ Հանդեսներն են (արաբերեն)՝ «Ալ-Լիվա», «Ալ-Զումհուր ալ Ջադիդ» (1937-ից), «Ալ-ուսբու ալ-Արաբի» (1959-ից), «Ալ-Հուրրիյա» (1960-ից), «Ալ-Ախբար», «Աթ-Թարիք» (1941-ից, օրգան խաղաղության կողմնակիցների Լիբանանի կոմիտեի)։ Ազգային տեղեկատու գործակալությունը հիմնվել է Բեյրութում, 1962 թվականին։

Գիտություն և գիտական հիմնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական և տեխնիկական գիտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտություններ ծավալվեցին միայն 1950-ական թթ. վերջին։ Գիտական աշխատանքների հիմնական կենտրոններ դարձան համալսարանները, որտեղ աշխատում էին տեղացի և օտարերկրյա գիտնականներ։ Ամերիկյան և ֆրանսիական համալսարաններում կատարվող հետազոտությունները ֆինանսավորում են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պետական և մասնավոր կազմակերպությունները։ Գիտական աշխատանքը կոորդինացնում է հետազոտությունների Ազգային խորհուրդը (հիմնվել է 1962-ին)։ Աշխատանքների մեծ մասը նվիրված է կիրառական պրոբլեմներին։ Մշակվել են հիդրոտեխնիկական և ոռոգման կառույցների (Մ. Լահուդ և ուրիշներ), հողերի բարելավման (Ժ. Դեբան) նախագծեր։ Կատարվել են անտառների վերականգնման, սորուն ավազների ամրացման (Մ. Բասբու) ուսումնասիրություններ։ Մաթեմատիկական հետազոտություններով զբաղվում են մաթեմատիկայի և ֆիզիկայի կենտրոնում (հիմնվել է 1945-ին՝ իբրև Լիոնի համալսարանի մասնաճյուղ), աստղագիտությամբ, Երկրի մագնիսականությամբ, օդերևութաբանությամբ և կլիմայագիտությամբ՝ Քսարի աստղադիտարանում, աշխարհագրությամբ՝ Մերձավոր և Միջին Արևելքի աշխարհագրության ինստիտուտներում (հիմնվել է 1946-ին)։ Բժիշկ գիտնականներն ուսումնասիրում են դեղաբանության (Ֆ. Ստեֆան), պարազիտոլոգիայի և արևադարձային հիգիենայի (Ջ. Շահեր), Էնդոկրինոլոգիայի (Ե. Լահամ), վիրաբուժության (Բ. Մաադե), ֆունկցիոնալ ախտորոշման (Կ. Աբու Ֆեյսալ) հարցերը։

Հասարակական գիտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի միջնադարյան ամբողջ մշակույթը, այդ թվում Փիլիսոփայությունն ու պատմությունը, ընդհանուր արաբական մշակույթի անբաժանելի մասն է կազմում։ Եվրոպական, հիմնականում ֆրանսիական առաջավոր մտքի ազդեցությամբ Լիբանանը արաբական երկրների մեջ առաջիններից մեկը XIX դ. կեսին դարձավ լուսավորական և արաբական ազգային-մշակութային վերածննդի շարժման կենտրոն։ Հասարակական միտքը Լիբանանում նոր վերելք ապրեց առաջին համաշխարհային պատերազմից հետո, արաբական ազգային-ազատագրական պայքարի վերելքի շրջանում։ XX դ. առաջին տասնամյակների արևմտյան լիբանանագետների տեսակետներին հարող հեղինակների մեծ մասին ընդհանուր առմամբ բնորոշ էին բուրժուական սուբյեկտիվիզմը, Արևմուտքի ու քրիստոնեական կրոնի դերի ու ներգործության գերագնահատումը։ Հասարակական գիտությունների ասպարեզում պահպանողական և հետադիմական ուղղություններին հակադրվեցին «Աթ-Թարիկ» («Ուղի») հանդեսի շուրջ խմբված մարքսիստ պատմաբանները և գիտական-հասարակական գործիչները։ Նրանք զարգացրին գրող-Փիլիսոփա Օմար Ֆախուրիի առաջավոր դպրոցի ավանդույթները։ Լիբանանի անկախության տարիներին սկսեցին զարգանալ հնագիտությունն ու ազգագրությունը, արևելագիտությունը, տնտեսագիտությունը, գրականագիտությունը։ Հասարակագիտական մտքի զարգացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման կենտրոններ են համալսարանները, Տնագիտության ինստիտուտը, Ազգային թանգարանը, Ազգային մատենադարանը, Քաղաքական գիտությունների ընկերությունը, Պատմական հետազոտությունների կենտրոնը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դ. Լիբանանում տարածվել են լուսավորական գաղափարները, ծնունդ է առել արաբական մշակույթի նորացման շարժումը, որի գաղափարախոսներն էին Նասիֆ ալ- Յազշին (1800-1871), Ահմեդ Ֆարիս աշ-Շիդիյյաքը (1804-1887), Բուտրուս ալ-Բուսթանին (1819-1883), Մարուն Նաքաշը (1817-1855), Ադիպ Իսհակը (1856-1885)։ Մեծ տեղ է գրավել հրապարակախոսությունը։ XIX դ. 2-րդ կեսի, XX դ. սկզբի պոեզիան և արձակը սերտորեն կապված են արաբական դասական բանահյուսության ավանդույթների հետ։ 1920—1930-ական թթ. ուժեղացել է ֆրանսիական սիմվոլիզմի ազդեցությունը։ Կազմավորվել է հեղափոխական-դեմոկրատական ուղղությունը, խորացել սոցիալական անհավասարության քննադատությունը։ 60-ական թթ. գրողներ Մուհամմեդ Այթանիի, Հասան Կանաֆանիի, էդուարդ Բուսթանիի ստեղծագործություններում գեղարվեստորեն պատկերված է այսօրվա Լիբանանի կյանքը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուբեյլի ամրությունների և տների մնացորդները վերագրվում են մ. թ. ա. V-IV հազարամյակներին։ Մ. թ. ա. II-I հազարամյակների հուշարձանները առնչվում են հին եգիպտական, ասորա-բաբելական և աքեմենյան մշակույթներին։ Հռոմեական ժամանակաշրջանի ճարտարապետության մեջ միահյուսվել են անտիկ և արևելյան ավանդույթները։ Բյուգանդական շրջանից պահպանվել են վանքեր, եկեղեցիներ, կատակոմբներ։ Արաբների տիրապետության օրոք կառուցվել են մեդրեսեներ, մինարեթներ, մզկիթներ, շուկաներ, քարավանատներ, դղյակներ։ Խաչակիրների ժամանակներից պահպանվել են ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ։ XIX-XX դդ. սկզբի պալատական ճարտարապետությունը աչքի է ընկնում թեթև, նուրբ ձևերով և հարդարանքի ճոխ, ծանրաբեռնված մանրամասներով։ Անկախության նվաճումից հետո (1943) Լիբանանում վերակառուցվում են քաղաքները, կառուցվում բազմաբնակարան շենքեր, կինոթատրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և այլն, շինարվեստում տեղական ավանդույթները համադրվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի ժամանակակից ճարտարապետական նվաճումներին։ Օգտագործվում են լոջաներ, պատշգամբներ, ժապավենադիր պատուհաններ։ Շինանյութը առավելաբար երկաթբետոնն է, հարդարանքում օգտագործվում է մարմարը, գունավոր ապակին և խեցեղենը։

Մ. թ. ա. V–IY հազարամյակներում գոյություն է ունեցել սանրաձև զարդերով և կենդանիների սխեմատիկ պատկերներով խեցեղեն (հին Բիբլոս), III–II հազարամյակներում փյունիկյան արվեստի բազմաթիվ նմուշներ (մանրաքանդակ, ոսկերչական իրեր, զենք ևն)։ Օսմանյան կայսրության շրջանի ճարտարապետության հարդարանքներում լայնորեն կիրառվել է փորագրազարդը, վիտրաժը։ Այս շրջանի քրիստոնեական տաճարները զարդարվել են խճանկարով, սրբապատկերներով և բյուզանդական տիպի որմնանկարներով։ XIX–XX դդ. զարգացել է կրոնական և ժանրային թեմաներով մոնումենտալ և հաստոցային գեղանկարչությունը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին աշխատել են ռեալիսիստական դիմանկարի և ժանրային կոմպոզիցիաների հեղինակներ Խ. Մրուրը և Խ. Մալիբին։ 1930–40-ական թթ. կերպարվեստում առաջատար է եղել ռեալիստական ուղղությունը (Մ. Ֆարրուխ, Օ. Օնսի), իսկ 50–60-ական թթ. նկատելի էր սյուրռեալիզմի, կուբիզմի, աբստրակցիոնիզմի և պրիմիտիվիզմի ազդեցությունը։ Ռեալիստական ուղղության ավանդները շարունակում են Մ. Բալտակսե–Մարթայանը, Պ. Կիրակոսյանը, Ի. Շամուտը։ Քանդակագործության բնագավառում ստեղծվել են ոճավորված ու վերացական կոմպոզիցիաներ (Ն. Իրանի, Ռ. Մամաան, Զ. Խտշյան)։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Լիբանանի գեղարվեստական կյանքում ակտիվ մասնակցություն ունեն հայերը։ Լիբանանահայ ավագ սերնդի արվեստագետներից են ճարտարապետ և նկարիչ Մ. Ալթունյանը (1888–1958), երգիծանկարիչ Տ. Աճեմյանը, նկարչուհի Լ. Ներսեսը։ Մինչև 1947-ը Լիբանանում է աշխատել Հ. Կալենցը։ Միջին սերնդի առավել հայտնի գեղանկարիչներից են ժ. Թերզյանը, Գյուվտարը (Ջոն Գյովտարալյան), Գյուվը (ժորժ Գյուվերջինյան), ժ. Դարբինյանը։ Լիբանանահայ արվեստագետների նորսերունդն են ներկայացնում արձանագործներ Զ. խտշյանը (Բեյրութի Մեծ եղեռնի հուշարձանի հեղինակը) և Եվ. Եփրեմյանը, գեղանկարիչներ Ջ. Նադիրյանը, Պ. ՃԼիպուղլյանը, Մ. Մանուկյանը, Հ. Թորոսյանը, Ա. Գառնիկյանը, Հ. Տիարպեքիրյանը, Վ. Պարսումյանը, Գ. Նորիկյանը, Ս. Մանուկյանը, գրաֆիկներ Ա. Պզտիկյանը, ժ. Գազանջյանը, քանդակագործ Լ. Փիլավջյանը։ Շ. Խաչատրյան։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի Ժողովրդի մեջ երաժշտությունը կենցաղավարում է հին ժամանակներից։ Բեյրութում գործում է Ազգային կոնսերվատորիա։ 1956-ից գոյություն ունի Լիբանանի Երաժշտական երիտասարդություն ընկերությունը, որը կազմակերպում է միջազգային մրցույթներ, համերգներ։ Բեյրութի Ամերիկյան համալսարանի կազմի մեջ մտնող Արվեստագիտության բարձրագույն դպրոցին կից (1966-ից) գործում է երաժշտագիտության բաժանմունք։ Ժողովրդական երգերի նշանավոր կատարողներից է երգչուհի Ֆեյրուզը։ Լիբանանի երաժշտական կյանքի նշանավոր երևույթներից են Բաալբեկի ամենամյա փառատոները (1966-ից)։ Բեյրութը նաև հայ երաժշտական մշակույթի օջախներից է։ 1933-ին Բաբկեն Կանաչյանը Բեյրութում հիմնել է «Գուսան» երգչախումբը։ Այստեղ են գործել նաև Հ. Պերպերյանը, կոմպոզիտոր և խմբավար Շ. Պերպերյանը։ Լիբանանահայ ժամանակակից նշանավոր երաժիշտներից են կոմպոզիտոր Պ. Զելալյանը, երգչուհի Ա. Փեհլիվանյանը, դիրիժոր Օհան Ասատուրյանը, խմբավար Մ. Գանգրունին և ուրիշներ։ Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բեյրութի մասնաճյուղի հայկական երգչախմբերը, երգիպարի անսամբլը։

Կիսապրոֆեսիոնալ թատերախմբերը Լիբանանում երևան են եկել XX դ. 2-րդ կեսից։ 1960 թվականին ռեժիսոր Մունիր Աբու Դեբսը Անտուան Մուլթաքայի հեա Բեյրութում հիմնել է թատերական ստուդիա։ Հանրահայտ է կատակերգակ դերասան Շուշուի ստեղծած Ազգային թատրոնը, որը բեմադրել է Մոլիերի, է. Լաբիշի և այլ դրամատուրգների գործերի փոխադրություններ։ Լիբանանյան համալսարանն ունի թատերական արվեստի բաժին, որը գլխավորում է Ա. Մուլթաքան։ Բեյրութում գործում է նաե Լիբանանի դրամատիկական թատրոնը։ Ներկայացումները արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն են։ Թատրոնները մասնավոր են։ Հայ թատերական կյանքը Լիբանանում սկզբնավորվել է հայերի մեծ ներգաղթից հետո։ 1920 թվականին Բեյրութում գործել են «Դրամատիկ» և Ուսանողական միության թատերախմբերը։ Լիբանանահայ թատերական կյանքում նշանակալից դեր են կատարել Բ. Աբովյանը, Գ. Իփեկյանը, ժ. Սարգիսյանը, Պ. Ֆազլյանը, Վ. Խտշյանը, Դ. Սաթամյանը և շատ ուրիշներ։ Նրանք բեմադրել են Հ. Պարոնյանի, Դ. Սունդուկյանի, Շիրվանզադեի, սփյուռքահայ և սովետահայ ժամանակակից, ինչպես և ռուս, ու արևմտաեվրոպական հեղինակների գործեր։

1929-ին բեմադրվել է առաջին խաղարկային ֆիլմը։ Լիբանանյան առավել նշանավոր ֆիլմերից է «Կարմիր ծաղիկներ»-ը (1957, ռեժիսոր՝ Մ. Հարուն)։ 1960-ական թթ. Բեյրութում հիմնվել են «Բաալբեկ», «Նիեր իստ սաունդ», «Ալ-Ասրի» կինոստուդիաները, թողարկվել են «Բարև, սեր» (ռեժիսոր՝ Ս. Սաշման), «Սատանայի սայլը» (ռեժիսոր՝ Ժ. Կաի), «Օղեր վաճառողը» (ռեժիսոր՝ Ցու. Շահին) և այլ կինոնկարներ։ Նկարահանվում են հիմնականում մելոդրամաներ և երաժշտական կատակերգություններ՝ հայտնի երգիչների, պարող-պարուհիների մասնակցությամբ։ Այդ ժանրերը հաղթահարելու ձգտումն արտահայտվել է «Դեպի անհայտը» (1957, ռեժիսոր՝ Ժ. Նասր), «Կոտրված թևեր» (1963, ռեժիսոր՝ Ցու. Մաալուֆ), «Համրն ու սերը» (1971, ռեժիսոր՝ Ա. Բահրի) և այլ ֆիլմերում։ Ազգային կինոարվեստի զարգացմանը խոչընդոտում է օտարերկրյա կինոնկարների մեծ ներհոսքը։ Կինոդերասաններից են՝ Ֆ. Շաուկին, ժ. Նանոն, Զ. Մակուկը, Մ. Մաազրին, Ս. Բարուդին։

Լիբանանի տարածքում հայկական հնագույն գաղթավայրերի վերաբերյալ տեղեկություններ համարյա չկան։ Ըստ հռոմեացի պատմիչների մ. թ. ա. IV—III դդ. հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ; Տիգրան Մեծը զգալի թվով հայեր է վերաբնակեցրել Ասորիքում և նրան հարող փյունիկյան տարածքներում։ Սելջուկյան արշավանքների ժամանակաշրշանում Հայաստանից հազարավոր հայեր գաղթել են Կիլիկիա, Ասորիք, մասամբ Լիբանան։ XII—XIII դդ. Լիբանանի նավահանգստային Տրիպոլի, Սայդա, Ակա քաղաքներում հիշվում են հայ համայնքներ, որոնք Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո ավելի են ստվարացել։ Հայերի հոսքը դեպի Լիբանան մեծացել է XVII դ. կեսից, երբ դրուզ իշխանապետները և նրանց դաշնակից մարոնական ֆեոդալները, ձգտելով ամրապնդել կիսանկախության իրենց հենարանները, ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին։ Լիբանանահայ համայնքը ստվարացել է XIX դ. 30-ական թթ. Կ. Պոլսում և Թուրքիայի գավառներում բորբոքված հակակաթոլիկական հալածանքների և առավել՝ թուրք կառավարողների հակահայկական բռնություններից փախած հայերի հաշվին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրերին Բեյրութում ապրում էր շուրշ 1200 հայ. զգալի թիվ էին կազմում ծովափնյա մյուս քաղաքների և լեռնային բնակավայրերի հայերը, որոնց վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չեն պահպանվել։ Լիբանանահայերը բաժանված էին կրոնա-դավանական երեք համայնքի, լուսավորչականները ենթարկվում էին Երուսաղեմի հայոց պատրիարքին և Բեյրութում ունեին եկեղեցի՝ Ս. Նշանը (1851-ից)։ Կաթոլիկները վարչականորեն կապված էին Լիբանան լեռան վրա գտնվող Զմմառի վանքի հետ, Բեյրութում ունեին Ս. Եղիա եկեղեցին և Ս. Հայտնության մատուռը։ Ավետարանականները, փոքրաթիվ լինելով, միախառնված էին դավանակից արաբներին կամ եվրոպացիներին։ Լիբանանահայ նոր և հոծ գաղթավայր ստեղծվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ եղեռնից փրկված տասնյակ հազարավոր հայեր, հիմնականում Արևմտյան Հայաստանից, ապաստան գտան Լիբանանում։ 1920-ական թթ. սկզբին սրանց միացան ֆրանսիացիների կողմից քեմալականներին հանձնված Կիլիկիայից գաղթած բազմաթիվ հայեր։ Պատերազմից հետո Լիբանանում հայության թիվը հասավ ավելի քան 150 հզ.: Բեյրութի մերձակա Անթիլիաս ավան տեղափոխվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը ճանաչվեց Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի լուսավորչական հայերի հոգևոր-կրոնական վարչական կենաբոն։ 1924 թ օգոստոսից Լիբանանի քաղաքացիության իրավունք ձեռք բերած հայերի համայնքային կազմակերպության հիմք ընդունվեց Ազգային սահմանադրությունը։ Լիբանանում գործում են հայ ազգային կուսակցությունները, որոնցից իր ազդեցիկ գործունեությունն է ծավալում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որը խմբակցության մակարդակով ներկայացված է Լիբանանի Խորհրդարանում։ Լիբանանում գործում են նաև հայկական մամուլ, որոնք նույնպես պատկանում են Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, Ազդակ (Օրաթերթ), Վանայ Ձայն (Ռադիո), Ռադիո յան (Ռադիո)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լիբանանի Բնակչությունը 2015-ին». Արխիվացված է օրիգինալից 2016-03-20-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. «Lebanon's parliament fails to elect president for 12th time». Al Jazeera (անգլերեն). 2023 թ․ հունիսի 14. Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  5. «The World Factbook - Lebanon». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 6,27 6,28 6,29 6,30 6,31 6,32 6,33 6,34 6,35 6,36 6,37 6,38 6,39 6,40 6,41 6,42 6,43 6,44 6,45 6,46 6,47 6,48 6,49 6,50 6,51 6,52 6,53 Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  7. 7,0 7,1 Central Intelligence Agency The World FactbookWashington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1981. — ISSN 0277-1527; 1553-8133
  8. 8,0 8,1 «Լիբանանի Առողջապահություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբանան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբանան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 596