Առաջին համաշխարհային պատերազմը ծովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համաշխարհային պատերազմը ծովում
Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմի ռազմածովային գործողություններ
Թվական 1914 հուլիսի 28-ից
1918 նոյեմբերի 11-ը
Վայր Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք (Չինաստանից ոչ հեռու Խաղաղ Օվկիանոսյան կղզիներ)
Պատճառ Տնտեսական իմպերիալիզմ, տարածքային և տնտեսական հավակնություններ, առեւտրային արգելքներ, սպառազինությունների մրցավազք, ռազմամոլությունը եւ ավտորիտարիզմ, ուժերի հավասարակշռություն, տեղական հակամարտությունները, եվրոպական դաշնակից տերությունների պարտավորություններ
Արդյունք Անտանտի հաղթանակ
Ռուսաստանում Փետրվարյան եւ հոկտեմբերյան հեղափոխություններ
Գերմանիայում նոյեմբերյան հեղափոխություն
Գերմանական, Ռուսական, Օսմանյան եւ Ավստրո-Հունգարիական կայսրությունների փլուզում
Եվրոպայում ամերիկյան կապիտալի ներթափանցման սկիզբ
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՋոն Ջելիկո Գերմանական կայսրություն
Կայսերկան ռազմածովային ուժերՌեյնհարդ Շեյեր
Կողմերի ուժեր
Անտանտը և նրա դաշնակիցները
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Ֆրանսիա Ֆրանսիա
Բրիտանական կայսրություն
Սերբական թագավորություն
Բելգիա Բելգիա
Չեռնոգորիա
Իտալիա (1915 թվականից)
Ռումինիա (1916 թվականից)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (1917 թվականից)
Հունաստան Հունաստան (1917 թվականից)

Կենտրոնական ուժերը և նրա դաշնակիցները
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Բուլղարիայի թագավորություն (1915 թվականից)

Առաջին համաշխարհային պատերազմը ծովում (1914 թվականի հուլիսի 28 - 1918 թվականի նոյեմբերի 11), Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ծովամարտեր, որոնց հիմնական թատերաբեմը Ատլանտյան օվկիանոսն էր, հատկապես Հյուսիսային ծովը, սակայն աստիճանաբար պատերազմի մեջ ներքաշվեցին նաև մյուս օվկիանոսները։ Անգլիայի և Գերմանիայի ռազմածովային նավատորմերի միջև կայացած այս ռազմա-ստրատեգիական գործողությունները սկսվել են 1914 թվականին Ատլանտյան օվկիանոսում և նրան հարող ծովերում գերակա դիրք ունենալու համար, որոնց ընթացքում Անտանտի երկրների նավատորմը շրջափակել էր Գերմանիայի ռազմածովային նավատորմը, իսկ Գերմանիան փորձում էր կոտրել բրիտանա-ֆրանսիական ջրային տրանսպորտը սուզանավերի և վերջրյա ռազմանավ ռեյդերների միջոցով[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ծովամարտերի ընթացքում ունիվերսալ նշանակություն ձեռք բերեցին Էսկադրային ականակիր նավերը, լայն կիրառություն գտան սուզանավերը։ Անհրաժեշտությունից ելնելով ստեղծվեցին պահակային նավեր և որսորդ սուզանավեր։ Զրահակիր նավերի փոխարեն պատրաստվեցին գծանավեր (դրեդնոուտներ)։ Ստեղծվեցին նաև այլ տեսակի նավեր` ավիակիրներ, տորպեդային կատերներ իրենց տորպեդային ապարատներով։ Առաջացավ ռազմածովային ավիացիան։

Ծովամարտերից ամենախոշորը Յուտլանդական ճակատամարտն (1916) էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ մեկ գլխավոր ճակատամարտով հնարավոր չէ ռազմավարական նպատակներ իրականացնել, ինչպես ակնկալում էր Գերմանիան Մառնի ճակատամարտից առաջ[1][2]։

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Անտանտը հաղթանակ տարավ, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը հանգեցրեց Փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների, Գերմանիայում նոյեմբերյան հեղափոխության, փլուզվեցին Գերմանական, Ռուսական, Օսմանյան և Ավստրո-Հունգարական կայսրությունները,

Գերմանիայի ձեռնարկած սուզանավային պատերազմական գործողությունների հետևանքով որևէ դաշինքի չպատկանող ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Արդպիսով, պատերազմի արդյունքում Եվրոպա ներթափանցեց ամերիկյան կապիտալը։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական և Գերմանական կայսրությունների միջև ռազմա-ծովային սպառազինությունների մրցավազքն Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական պատճառներից մեկն էր։ Գերմանիան ձգտում էր իր ռազմական նավատորմը մեծացնելով հասնել այն մակարդակի, որը նրան թույլ կտար կախում չունենալ Բրիտանիայից արտերկրում առևտուր անելու համար։ Սակայն գերմանական նավատորմի հնարավորությունները, որոնք համահավասար էին բրիտանական նավատորմին, անխուսափելիորեն սպառնում էին բուն Բրիտանական կայսրության գոյությանը և Բրիտանիայի խնդիրը դարձավ իր դիրքերն Ատլանտյան օվկիանոսում պահպանելը։

Միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հիմնական ռազմանավի տեսակը եղել է գծանավը` կառուցված դրեդնոուտի օրինակով։ Ռազմա-ծովային ավիացիան նոր էր սկսում զարգանալ։ Մեծ նշանակություն ձեռք բերեցին սուզնավերն ու ռազմածովային ականները։

Գերմանական ծածկագրի բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի օգոստոսի 26-ին «Պալլադա» և «Բոգատիր» ռուսական հածանավերը գերեվարեցին գերմանական ազդանշանային գիրքը «Մագդեբուրգ» թեթև հածանավից, որը Ֆիննական ծոցի Օսմուսաար կղզու ծանծաղուտների մեջ էր խրվել։ Ռուսական իշխանությունները գիրքը փոխանցեցին բրիտանական ադմիրալությանը, որը էական նշանակություն ունեցավ Գերմանիայի ռազմա-ծովային ծածկագիրը բացահայտելու գործում։ Ծածկագրի բացահայտումը հսկայական նշանակություն ունեցավ ինչպես ծովային ռազմական գործողությունների, այնպես էլ պատերազմի ընթացքի վրա ամբողջությամբ։

USS Texas BB-35 դրեդնոուտ, 1912

Ռազմական գործողությունների թատերաբեմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտիկա և Հյուսիսային ծով

Բալթիկ ծով

Միջերկրական ծով

Սև ծով

Խաղաղ և Հնդկական օվկիանոսներ

Հյուսիսային ծով (1914-1918)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային ծովը հիմնական թատերաբեմն է եղել վերջրյա նավերի համար։ Այստեղ իրար դեմ են դուրս եկել բրիտանակն Գրանդ Ֆլիթը (անգլ.՝ Grand Fleet, Մեծ Նավատորմ) և գերմանական Բաց ծովի նավատորմը (գերմ.՝ Hochseeflotte)։ Ավելի մեծ թվաքանակունեցող անգլիական նավատորմը դիմակայում էր Գերմանիայի շրջափակմանը, վերջինիս կտրելով անդրծովյան միջոցներից։ Գերմանական նավատորմը հիմնականում մնում էր նավահանգստում, սպասելով մարտի համար հարմար պահի։ Երբ Գերմանիան կանգնեց բրիտանական նավատորմի կողմից գերմանական նավահանգիստների շրջափակման խնդրի առաջ, և երբ Բրիտանիան հրաժարվեց պահպանել «Ծովում պատերազմելու օրենքներին վերաբերվող Լոնդոնի հռչակագիրը»[3][4], ըստ որի պարենային և ոչ ռազմական բեռները պետք է մտնեն արգելանքի տակ գտնվող նավահանգիստներ, սկսվեց սուզանավերի կիրառման պլաններ մշակվել Բրիտանիայի հասցրած վնասին համաչափ պատասխան տալու համար։

Եղան մի քանի խոշոր մարտեր` Հելիգոլանդ խորշի ճակատամարտը, Դոգեր Բանկի ճակատամարտը, Յուտլանդական ճակատամարտը, Հելիգոլանդ խորշի երկրորդ ճակատամարտը։ Ընդհանուր առմամբ բրիտանական նավատորմը թեև միշտ չի կարողացել հասնել մարտավարական հաջողությունների, սակայն կարողացել է շրջափակումը պահպանել և գերմանական նավատորմը նավահանգստում պահել, թեև մինչև պատերազմի ավարտը գերմանական նավատորմը շարունակում էր լուրջ սպառնալիք ներկայացնել, բրիտանական ուժերի մեծ մասը իր վրա վերցնելով։

Լա Մանշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան օվկիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական ծովային շրջափակումից Գերմանիայի ունեցած դժվարությունների ժամանակ բրիտանական մետրոպոլիան մեծապես կախված էր պարենամթերքի և հումքի արտահանումից։ Գերմանացիները հայտնաբերեցին, որ իրենց սուզանավերը, թեև քիչ արդյունավետ են վերջրային ռազմանավերի նկատմամբ, այնուամենայնիվ հաջողությամբ դիմագրավում են առևտրային նավերին և Ատլնտյան օվկիանոսը հեշտությամբ կարող են հսկել նույնիսկ իշխող վերջրյա բրիտանական ուժերի գերակայության պայմաններում։ 1915 թվականին գերմանացիները սուզանավերի օգնությամբ փորձեցին շրջափակել Բրիտանիան։ Նրանց հաջողվեց նշանակալի վնաս հասցնել բրիտանական նավագնացությանը, սակայն կործանել չհաջողվեց։

Գերմանական և բրիտանական ուժերի մոտավոր ընթացքը գերմանական Goeben և Breslau- ի հետապնդման ժամանակ` 1914 թվականի օգոստոսին

Միջերկրական ծով, Ադրիատիկ ծով, Դարդանելի նեղուց[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի հունիսի հուլիս 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Այդ ժամանակ գերմանական «Գյոբեն» գծային հածանավը կանգնած էր Ադրիատիկ ծովում` Պուլա քաղաքում, շոգեկաթսաների նորոգման նպատակով։ Պատերազմի մասին իմանալով Գերմանիայի կայսերական ՌԾՆ հրամանատար կոնտր ադմիրալ Վիլհելմ Սուշոնը չցանկանալով մնալ Ադրիատիկ ծովում նավը շարժեց Միջերկրական ծով։ Օգոստոսի 1-ին նավը ժամանեց իտալական Բրինդիզի քաղաք` ածխի պաշարները համալրելու։ Սակայն Իտալիայի իշխանությունները ցանկանում էին չեզոքություն պահպանել պատերազմում և հրաժարվեցին վառելիք մատակարարել գերմանական նավատորմին։ Նավը շարժվեց Տարանտո, որտեղ նրան միացավ «Բրեսլաու» նավը։ Նավերը շարժվեցին Մեսինա և իրենց ածխի պաշարները լրացրեցին գերմանական առևտրային նավերի միջոցով։

Միաժամանակ, հուլիսի 30-ին Ադմիրալության առաջին լորդ Ուինսթոն Չերչիլի հրամանով, ֆրանսիական զորքերի Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով դեպի Ֆրանսիա տեղաշարժը ապահովելու նպատակով, օգոստոսի 1-ին բրիտանական ՌԾՆ ադմիրալ Արչիբալդ Միլնը Միջերկրածովյան նավատորմը հավաքվեց Մալթայում։ Տեղեկանալով գերմանական նավերի մասին և Ատլանտիկա նրանց տեղաշարժից զգուշանալով Բրիտանական Ծովակալությունը «Ինդոմիտեբլ» և «Ինդերֆատիգեբլ» գծային հածանավերը Ջիբրալթար ուղղեց։ Միաժամանակ, «Գյոբեն» գծային հածանավը հայտնաբերելու նպատակով, բրիտանական «Չետեմ» թեթև հածանավը Մեսիանայի նեղուց ուղարկվեց։ Սակայն այդ ժամանակ` օգոստոսի 3-ին գերմանական նավը Մեսինայից արդեն դուրս էր եկել և ուղղություն էր վերցրել դեպի արևմուտք և առավոտյան ժամը 6 -ին, երբ հայտնի դարձավ, որ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային, գերմանական նավատորմը հրաման ստացավ ուղղություն վերցնել դեպի Կոստանդնուպոլիս։ Թեև օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիան Գերմանիայի հետ դեռևս պատերազմի մեջ չէր գտնվում, սակայն քանի որ Չերչիլը ենթադրում էր, որ Սուշոնը մտադիր է հարձակվել ֆրանսիական նավերի վրա, Միլնին թույլատրեց հարձակվել։

Սակայն երբ պարզ դարձավ, որ ավստրիական նավատորմը մտադրություն չունի ռազմական գործողություններ սկսել Միջերկրական ծովում և որ Օսմանյան կայսրությունը շարունակում է չեզոքություն պահպանել, գերմանական նավատորմին Կոնստանդնուպոլիս գնալ հարկավոր չէր։ Այդպիսով գերմանական նավերը փակված կմնային Ադրիատիկ ծովում մինչև պատերազմի ավարտը։ Սուշոնն այնուամենայնիվ շարժվեց Կոնստանդնուպոլիս, նպատակադրված լինելով «...Օսմանյան կայսրությանը, նույնիսկ իր կամքից անկախ պատերազմական գործողություններ սկսել Սև ծովում իր վաղեմի թշնամու` Ռուսաստանի դեմ»։

Այնուամենայնիվ Թուրքիային կապված էր միջազգային պայմանագրերով և չէր կարող թողնել, որ գերմանական նավերը նեղուցներով անցնեն։ Այդ դժվարությունը հաղթահարելու համար գերմանական նավերը մտան Օսմանյան նավատորմի կազմի մեջ։ Անձնակազմը ամբողջությամբ մնաց գերմանական, իսկ «Գյոբենի» հրամանատար Սուշոն 1914 թվականի սեպտեմբերի 23-ին դարձավ Օսմանյան կայսրության ՌԾՈՒ գլխավոր հրամանատար։ Այդպիսով Թուրքիան ներգրավվեց պատերազմի մեջ Կենտրոնական ուժերի կողմում։

Սև ծով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկզբում ո՛չ Ռուսական կայսրությունը, ոչ էլ Օսմանյան կայսրությունը Սև ծովում դրեդնոուտներ չունեին։ Թուրքական նավատորմի համար Անգլիայում կառուցված երկու դրեդնոուտները պատերազմի սկսվելուն պես բռնագրավվեցին և ներառվեցին թագավորական նավատորմի մեջ HMS Erin և HMS Agincourt անուններով։ 1914 թվականի աշնանը Գերմանիան Օսմանյան կայասրությանը փոխանցեց HMS Goeben գծային հածանավը և SMS Breslau թեթեև հածանավը։ Ռուսաստանի սևծովյան նավատորմի զրահանավերին գերազանցող «Գյոբեն» գծային հածանավը որոշիչ դեր ունեցավ հետագա իրադարձությունների վրա։

Սևծովյան նավատորմի զրահակիրները Սևաստոպոլի արշավում, 1910 թվական

Գերմանիայի ազդեցությամբ 1914 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիան փակեց Դարդանելի նեղուցը բոլոր երկրների առևտրական նավերի համար, դրանով իսկ կտրվեց սառույցից ազատ միակ ծովային առևտրի երթուղին և կտրվեց Ռուսական կայսրության արտաքին առևտրի շրջանառության մոտ 90% -ը։ Կտրվելով իր դաշնակիցներից, զրկվելով հացահատիկի արտահանման և զենքի ներմուծման հնարավորությաններից, Ռուսական կայսրությունն աստիճանաբար սկսեց լուրջ տնտեսական դժվարությունների առաջ կանգնել։ Նեղուցների փակման հետևանքով առաջացած ճգնաժամը Ռուսաստանում «հեղափոխական իրավիճակի» հասցրեց, որը, ի վերջո, հանգեցրեց Ռոմանովների դինաստիայի տապալելուն և Հոկտեմբերյան հեղափոխության։

Սև ծովի մարտական գործողությունները սկսվել են 1914 թվականի հոկտեմբերին գերմանա-թուրքական ուժերի կողմից ռուսական ափամերձ քաղաքների ռմբակոծություններով։ Այդ ընթացքում «Գյոբեն» և «Բրեսլաու» նավերը հարձակվել են Սևծովյան նավատորմի գլխավոր բազան` Սևաստոպոլը։ Այդ ռմբակոծությունը Ռուսաստանին մղեց Թուրքիային պատերազմ հայտարարել։ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Կենտրոնական տերությունների կազմում։ 1914 թվականի նոյեմբերի 5-ին Սևծովյան գլխավոր ուժերը Յալթայի շրջանում հանկարծակի դուրս եկան «Գյոբենի» և «Բրեսլաուի» դեմ։ Չնայած ռուսների համար բարենպաստ իրադրությանը, որոշակի արդյունքերի հասնել չհաջողվեց. համազարկերի փոխանակումից հետո հակառակորդը կարողացավ ճողոպրել (տես` Սառիչ հրվանդանի ճակատամարտ)։ Ներառյալ 1916 թվականի սկիզբը «Գյոբենը» և «Բրեսլաուն» ռուսական նավատորմի կոկորդում ոսկոր էին մնում։ Սևծովյան նավատորմը 1916 թվականի սկզբին ստացավ առաջին լինկոր-դրեդնոուտները` «Իմպերատրիցա Մարիա» և «Իմպերտրիցա Եկատերինա Վելիկայա»։ Այդ ժամանակ էլ արմատապես փոխվեց ուժերի հավասարակշռությունը դեպի Ռուսական Սևծովյան նավատորմը։

Մարտական գործողություններում նոր գծային նավերի կիրառումը ռուսական նավատորմին թույլ տվեց շրջափակել Անատոլիայի ածխային շրջանը (Զունգուլդակ, Կոզլուկ, Էրեգլի, Կիլիմլի նավահանգիստները), որոնք Կոստանդնուպոլիսի, թուրքական նավատորմիղի և երկաթուղային տրանսպորտի համար տեղական ածխի միակ աղբյուրն էին[5]։ 1916 թվականի հոկտեմբերին Զունգուլդակից դեպի Կոստնանդնուպոլիս ածխի ներկրումը գործնականում դադարել էր։ Շրջափակման հետևանքով կտրուկ կրճատվեցին թուրքական նավատորմի գործողությունները, ինչպես նաև դադարել էին ականահանման աշխատանքերը Բոսֆորի գետաբերանում։ Ածխի բացակայության պատճառով «Գյոբենը» 1917 թվականին ոչ մի անգամ ծով դուրս չի եկել[6]։

Շուտով, Պետրոգրադում բոլշևիկյան հեղաշրջումից հետո և դրան հաջորդած անարխիայի հետտևանքով Սևծովյան նավատորմը մարտունակությունը կորցրեց։ Լենինի կառավարության և Գերմանիայի միջև Բրեստի հաշտության պայմանագրով Սևոստոպոլի նավատորմի գլխավոր բազան անցավ գերմանացիների հսկողության տակ։

Բալթիկ ծով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր ծովային տիրությունները` Մեծ Բրիտանիան և Գերմանիան Բալթիկ ծովը համարում էին երկրորդական թատերաբեմ։ Բրիտանացիները համարում էին, որ ռուսական նավատորմը, որը Ռուս-ճապոնական պատերազմից հետո դանդաղ էր վերականգնում իր ուժերը, չի կարող բրիտանական նավատորմին ինչ-որ օգնություն ցույց տալ, գերմանացիներն էլ առաջին հերթին զգուշանում էին Բրիտանական նավատորմից, այդ էր պատճառը, որ Բալթիկ ծովում միայն հնացած նավերն էին թողել։ Ռուսական նավատորմի հիմնական ռազմական խնդիրը հանդիսանում էր դեպի Ֆիննական ծոց հակառակորդի ներթափանցմանը դիմակայելը` նախապես պատրաստված դիրքերից։ Այդ խնդրի լուծման համար նախատեսված էր պաշտպանական դիրքավորում գրավել Նարգեն կղզու և Պորկալա Ուդդ հրվանդանի միջև առաջացող ծոցի նեղացման տեղում։ Դա այսպես կոչված կենտրոնական ականա-հրետանային դիրքավորում էր։ Բալթիկ ծովի ռազմական գործողությունները սկսվեցին հուլիսի 31-ին։ 6.56 ռուսական ականորդները գծանավերի քողի ներքո սկսեցին դնել առաջին ականները։

«Մագդեբուրգի» գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մագդեբուրգ» (1911) գերմանական թեթև հածանավ

1914 թվականի օգոստոսի 26-ին Բալթիկ ծովում կատարված իրադարձությունները էական ազդեցություն ունեցան պատերազմի հետագա ընթացքի վրա։ Ֆիննական ծոցում` Օսմուսաար կղզու մոտակայքում գերմանակն «Մագդեբուրգ» թեթև հածանավը խրվեց ծանծաղուտի մեջ։ Նավը փրկելու փորձերն ապարդյուն էին և շուտով այն գրավեցին մոտեղող ռուսական «Բոգատիր» և «Պալլադա» հածանավերը։ Գլխավոր հաջողությունը հածանավի ազդանշանային գիրքն էր, որը այնուհետև փոխանցվեց Բրիտանական Ծովակալությանը, որն էլ վճռորոշ եղավ Գերմանիայի ռազմա-ծովային ծածկագրի բացահայտման մեջ։ Ծածկագր բացահայտումը հետագայում կարևոր ազդեցություն ունեցավ ինչպես ծովում կատարված ռազմական գործողությունների, այնպես էլ պատերազմի ընթացքի վրա ամբողջությամբ։

Պատերազմի սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 11-ին գերանական U-26 սուզանավի տորպեդով ջրահյուզ է արվել «Պալլադա» հածանավը։ Հոկտեմբերի կեսերին Բալթիկ ծով ներխուժեցին բրիտանական երկու սուզանավ։ Նոյեմբերի 17-ին գերմանական «Ֆրիեդրիխ Կառլ» («Friedrich Carl») հածանավն ականներից պայթեց և խորտակվեց։ 1914 թվականի վերջում ավարտվեց չորս նոր գծանավերի կառուցումը («Պոլտավա», «Գանգուտ», «Պետրոպավլովսկ» և «Սևաստոպոլ»), ինչի հետևանքով ուժերի հարաբերակցությունը Բալթիկ ծովում փոխվեց։

1915 թվականի հունվարի 25-ին ականներով խոցվեցին և վնասվեցին «Աուգսբուրգ» («Augsburg») և Գազել («Gazelle») գերմանական հածանավերը։

1915 թվականի հունիսի 19-ին ռուսական և գերմանական հածանավերի ջոկատների միջև տեղի ունեցավ Գոթլանդի ծովամարտը։ Խորտակվեց «Ալբատրոս» գերմանական ականադիր նավը (Минный заградитель)։

Պաշտպանություն Ռիգայի ծոցում (1915)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալթիկ ծովի քարտեզ

1915 թվականի օգոստոսի 8-ին գերմանական ուժերը, որոնք կազմված էին 7 գծանավերից, 6 հածանավերից, 24 էսկադրային ականակրից և 14 ականահան նավերից (անգլ.՝ Minesweeper կամ սակրավոր նավեր), փորձեցին Իրբենյան նեղուցով ճեղքել մտնել Ռիգայի ծոց։ Նրանց դիմակայեց «Սլավա» զրահակիր նավը, «Գռոզյաշչիյ», «Խռաբրիյ», «Սիվուչ» հրետանավակները (Канонерская лодка), «Ամուր» ականադիր նավը, 16 էսկադրային ականանավերը և սուզանավերի դիվիզիան։ Առավոտյան ժամը 4-ին գերմանական ականահան նավերը սկսեցին ճամփա բացելով անցնել ականապատված մասով։ Նրանց նկատեցին ռուսական ինքնաթիռները, շուտով մարտադաշտ դուրս եկան «Գռոզյաշչիյ» և «Խռաբրիյ» հրետանավակները և Էսկադրային ականակիրները, որոնք կրակ բացեցին ականահան նավերի վրա։ Առավոտյան 10։30 «Սլավա» զրահակիր նավը հասավ մարտադաշտ և «Էլզաս» և «Բրաունշվեյգ» երկու գերմանական գծանավերի` հետ հրետանային ծովամարտի անցավ։ Ականապատ դաշտում կորցնելով երկու սակրավորական նավ (T-52 և T-58), գերմանացիները հրաժարվեցին ճեղքելու փորձերից։ Օգոստոսի 10-15 «Ամուր» ականադիր նավը Իրբենի ծոցում լրացուցիչ ականապատում կատարեց։

Օգոստոսի 16-ին գերմանական ուժերը կրկնեցին Իրբենի ծոցով ճեղքման փորձը։ Օրվա ընթացքում գերմանացիներին հաջողվեց ականազերծ անել Իրբենի ծոցը, թեպետև կորցրեցին T-46 ականահան նավը։ «Սլավա» նավը ստիպված եղավ հետ քաշվել գերմանական «Նասսաու» և «Պոզեն» գծանավերի հետ մարտից հետո։ Օգոստոսի 17-ի գիշերը գերմանական էսկադրային ականակիրները («V-99» և «V-100») մտան Ռիգայի ծոց։ Ռուսական «Նովիկ» էսկադրային ականակրի հետ մարտում V-99 -ը վնասվեց, որից հետո պայթեց ականներին բախվելով և անձնակազմի կողմից ջրասույզ արվեց։ Օգոստոսի 17-ի առավոտյան «Սլավան» կրկին մարտի դուրս եկավ «Նասսաու» և «Պոզեն» գծանավերի հետ, երեք անգամ հարված ստանալով հեռացավ դեպի Մունզունդ։ Օգոստոսի 19-ին ականներին բախվելով պայթեց և ջրասույզ եղավ գերմանական «S-31» էսկադրային ականակիրը, իսկ բրիտանական E-1 սուզանավը տորպեդահարեց գերմանական «Մոլտկե» հածանավը։ Դրանից հետո գերմանական ուժերը Ռիգայի ծոցից հեռացան։

Ծովամարտ Ռիգայի ծոցում (1917)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես կոչված «Ալբիոն» օպերացիան Գերմանիայի ռազմածովային և ցամաքային ուժերի համակցված ռազմական գործողություն էր Մունզունդյան կղզեխումբը գրավելու համար, որը տեղի է ունեցել 1917 թվականի օգոստոսի 12-20 գերմանական և ռուսական նավատորմերի միջև տեղի ունեցավորի ընթացքում գերմանական նավատորմը դեսանտ իջեցրեց Էզել, Մուհու և Դագո կղզիներում, գրավեց դրանք և ականազերծելով Իրբենյան նեղուցը մտավ Ռիգայի ծոց։ Ռուսական «Սլավա» զրահակիր նավը վնասվել էր և հնարավոր չէր փրկել, նավի հրամանատարը հրամայեց նավը ջրասույզ անել Ռիգայի ծոց մտնելու ամենածածաղ մասում` ֆարվատորի (фарватер) վրա` որպես խոչընդոտ գերմանական նավերին։ Անձնակազմը հեռացավ հյուսիս էսկադրային նավակներով, գերմանացիները չկարողացան հետապնդել նրանց։ Գերմանական S-64 էսկադրային նավը ականներին բախվելով պայթեց։ Գերմանացիների նավերի կորուստներ կրեցին, սակայն գրավեցին Մոհոնզունդյան կղզեխումբը[7]։ Գերմանացիների կորուստները կազմում էին S-64, Т-54, Т-56 և Т-66 էսկադրային ականակիրները, «Ակտիր», «Դելֆին», «Գութելի», «Գլյուքշդտ» պարեկային նավակները և M-31 ականահան նավը, իսկ մարդկային կորուստները` 386 սպանված և վիրավոր։ Ռուսական նավատորմը կորցրեց «Սլավա» զրահանավը և «Գռոմ» կործանիչը, գերեվարվեցին 20 130 մարդ 141 զենք, 130 գնդացիր[8]։

Ռիգայի ծոցի ծովամարտը ռուսական բանակի և նավատորմի վերջին ամենախոշորն մարտական գործողությունն է եղել Առաջին համաշխարհային պատերազմում։

Բալթիական նավատորմի Սառցե արշավը, 1918 թվականի մարտ-ապրիլ

Հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական նավատորմը լիովին կորցրել էր մարտունակությունը։ Ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Այդ հաշտության պայմանագրի համաձայն ռուսական բանակը և նավատորմը լքեց ծովափնյա ամրությունները` դրանք թողնելով անկախացած Ֆինլանդիային և Էստոնիային։ 1918 թվականի մայիսին տեղի ունեցավ Բալթյան նավատորմի սառցե արշավը։ Նավերը Ռևելով, Հելսինկֆորսով` սառույցների միջով շարժվեցին Կրոնշտադտ։ Տեղափոխությունը տեղի ունեցավ նավատորմի հրամանատար Ա. Մ Շաստնիի (1881-1918) նախաձեռնությամբ։

Բարենցի և Սպիտակ ծով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական նշանակության բեռները Մեծ Բրիտանիայից ծովային ուղիով ներկրվում էին Ռուսաստան` Արխանգելսկ։ Այդ ճանապարհը հաղթահարվում էր երկու շաբաթում։ Նավերը շարժվում էին առանց պաշտպանության, որի հետևանքով գերմանական սուզանավերը 3 նավ ջրասույզ այրեցին։ Գերմանական «Մետեոր» օգնական հածանավը կարողացավ մտնել Սպիտակ ծովի հյուսիսային մասը և Սվյատոյ Նոս հրվանդանի շրջանում ականապատում կատարել։ Այդ ականներից պայթեցին 10 շոգենավեր, երկու առագաստանավեր և երկու ռազմական նավեր։

Գերմանական սուզանավերը Բարենցի ծովում էին 1916 թվականից և 1916 թվականի սեպտեմբերին ջրասույզ արեցին 30 շոգենավեր և առագաստանավեր։ 1916 թվականի հոկտեմբերից մինչև 1917 թվականի հունվարը գերմանական սուզանավերից կործանվեցին միայն նորվեգական` 148 նավ։ Առևտրական նավերը սուզանավերից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը եղավ պահակախմբային (կոնվոյ) համակարգ, որը լայնորեն կիրառվել սկսեց 1916 թվականի աշնանից։ Նորվեգական սահմանից մինչև Արխանգելսկ հսկողությունն փոխեփոխ իրականացնում էին ռուսական և բրիտանական նավերը[9][10]։

Խաղաղ և Հնդկական օվկիանոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղ օվկիանոսում տեղակայված ծովային ուժերը պատերազմը սկսելուց հետո մասնակցել են ռեյդային օպերացիաների։ Գեերմանական «Էմդեն» հածանավը Պենանգայի մարտի ժամանակ հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց ռուսական «Ժեմչուգ» հածանավև ւ ֆրանսիական ականակիր «Մուշկետ» նավը և խորտակեց մոտ երեսուն առևտրային նավ ռեյդային օպերացիաների ժամանակ, որից հետո Կոկոսյան կղզիների մարտի ժամանակ ջրասույզ արվեց։

Գերմանական Արևելա-ասիական հածանավային էսկադրան Կորոնելի ճակատամարտում ռմբակոծեց հածանավային էսկադրան խորտակելով «HMS Good Hope» և «HMS Monmout» զրահակիր հածանավերը։ 1914 թվականի դեկտեմբերին Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտում էսկադրան ոչնչացվեց։

Գերմանական «Քյոնիգսբերգ» հածանավը պատերազմի սկզբում գտնվում էր Գերմանական Արևելյան Աֆրիկայի մայրաքաղաք Դար էս Սալամում։ Այս նավը իրականացրել է նաև մի քանի օպերացիաներ. Ադենյան նեղուցում գրավել է անգլիական շոգենավը, Մադագասկարի ափերն է ռնբակոծել, Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտ թվականի սեպտեմբերի 20-ին Զանզիբար կղզու նավահանգստում մարտի ժամանակ խորտակել է անգլիական «Պեգասուս» հածանավը։ 1915 թվականի հուլիսի 11-ին «Քյոնիդսբերգը» խոչտակվել է Ռուֆիջի դելտայում, երբ ծովամարտում էր չորս անգլիական մավերի դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Эдвин Грей. «Немецкие подводные лодки в Первой мировой войне 1914-1918 гг». М.: ЗАО Изд-во Центрполиграф, 2003. — 286 с. — ISBN 5-9524-0574-6.
  2. А. Тарас (Мн.: Харвест, 2003. — 336 с. — ISBN 985-13-0976-1.). «Подводные лодки Великой войны 1914 - 1918».
  3. Declaration concerning the Laws of Naval War. London, 26 February 1909. Ստորագրող պետություններ (անգլ.)
  4. Declaration concerning the Laws of Naval War. London, 26 February 1909. (անգլ.)
  5. Новиков Н. «Операции флота против берега на Черном море в 1914–1917 гг». — М.: Воениздат НКО СССР, 1937., глава III
  6. Gary Staff (Author), Tony Bryan (Illustrator) «German Battlecruisers 1914-18» էջ 19
  7. Булдыгин С. «Моонзунд. 1941». М.: ЭКСМО-Яуза, 2013. ISBN 978-5-699-68271-3
  8. Балтика. На задворках Великой войны. Операция «Альбион», октябрь 1917 года «Военная Литература»Военная история. (ռուս.)
  9. Первая Мировая война на Русском Севере
  10. В борьбе за вторые Дарданеллы. Североевропейский театр мировой войны(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին համաշխարհային պատերազմը ծովում» հոդվածին։