Ռիգայի ծոց
Ռիգայի ծոց (լատիշ․՝ Rīgas jūras līcis, էստ․՝ Liivi laht), ծովածոց Բալթիկ ծովի արևելքում՝ Լատվիայի և Էստոնիայի միջև։ Ծովից բաժանված է Էստոնիային պատկանող Արևմտա-Էստոնական արշիպելագի կղզիներով։ Ծոցը մխրճվում է մայրցամաքի մեջ 174 կմ, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 18, 1 հազ. կմ²։ Ծոցի լայնությունը կազմում է 137 կմ, առավելագույն խորությունը՝ 54 մ[1]։
Ռիգայի ծոցի ափեզրին են տեղաբաշխված Ռիգա և Պյառնու քաղաքները, հարավային ափին է գտնվում Յուրմալա քաղաքը, իսկ հյուսիսից ծոցը սահմանափակող Սաարեմաա կղզու վրա՝ Կուռեսաառե քաղաքը։ Ծոցի արևմտյան ափեզրը կոչում են Լիվական ափ, այն պաշտպանվող մշակութային գոտի է։
Աշխարհագրական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ափեզրը հիմնականում ցածրադիր է և ավազոտ։ Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 18 °C, իսկ ձմռանը իջնում է մինչև 0 - 1° С, ինչի պատճառով ծովածոցի մակերևույթը դեկտեմբերից մինչև ապրիլ ամիսները ծածկվում է սառույցով։ Աղիությունը կազմում է 3, 5 - 6 ‰։
Հոսանքը պտուտակային է, միջին արագությունը 8 սմ/վ։
Ռիգայի ծոց են թափվում՝ Արևմտյան Դվինա (Դաուգավա), Լիելուպե, Գաույա, Սալացա, Պյառնու, Ագե, Սվետուպե, Ռոյա և այլ ավելի փոքր գետերը։
Ավազանը և կղզիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզիները մայրցամաքային մասից բաժանված են Իրբենյան նեղուցով, որը գտնվում է Կոլկասռագս հրվանդանի և Սաարեմաա կղզու հարավային եզրի միջև, ինչպես նաև Վյայնամերի նեղուցով, որը բաղկացած է Սուուռվյայն (Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև) և Հարի կուրկ (Հիյումաա և Վոռմսի կղզիների միջև) նեղուցներից։
Ռիգայի ծոցում են գտնվում Էստոնական Կիհնու, Ռուհնու, Աբռուկա և Մանիլայդ կղզիները։ Հյուսիս-արևելքում առանձնանում է Պյառնուի ծոցը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռիգայի ծոց (Բալթիկ ծով) - Հոդված Առցանց Բրիտանիկա հանրագիտարանում (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռիգայի ծոց Վիքիպահեստում |
---|