Նոր Զելանդիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր Զելանդիայի պատմությունը ըստ տարբեր աղբյուրների՝ սկսվել է մոտ յոթ հարյուր տարի առաջ։ Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը առաջին եվրոպացին էր, որը եղավ Նոր Զելանդիայի տարածքում։ Նավապետ Ջեյմս Կուկը, որը 1769 թվականի հոկտեմբերին հասավ հեռավոր երկրի սահմաններին, առաջին եվրոպացին էր, որ կարողացավ անցնել ամբողջ Նոր Զելանդիայով և անցկացնել այն քարտեզի վրա։

Նոր Զելանդիան տիեզերքից

18-րդ դարի վերջերից սկսած` պարբերաբար այստեղ են այցելել բազմաթիվ հետախույզներ, միսիոներներ, ծովագնացներ, արկածախնդիրներ և առևտրականներ։ 1840 թվականին Բրիտանիայի և մաորիների միջև կնքվեց Վայթանգիի պայմանագիրը, որի համաձայն մաորիները նույն իրավունքներն էին ստանում ինչ որ ունեին բրիտանացիները։ Մնացած դարերում Նոր Զելանդիան գաղութանում է։ Եվրոպական տնտեսական և իրավական համակարգերի արմատավորումը բերեց տեղի բնակչության (մաորիներ) աստիճանաբար աղքատացմանը, որի հետևանքով իշխանությունն անցավ եվրոպացիների (պակեհա) ձեռքը։

Նոր Զելանդիայի խորհրդարանը 1890-ական թվականներից սկսած, ընդունեց մի շարք առաջադիմական նախաձեռնություններ, այդ թվում կանանց ընտրական իրավունքի և թոշակի հետ կապված։ Երկիրը մնում էր Բրիտանական կայսրության ակտիվ անդամը, այստեղից 110 հազար գաղթականներ մասնակցեցին Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո Նոր Զելանդիան ստորագրեց Վերսալյան հաշտության պայմանագիրը և մտավ Ազգերի լիգայի մեջ։ Երկիրն ուներ անկախ ներքին քաղաքականություն, բայց միևնույն ժամանակ երկրի պաշտպանությունը առաջվա նման կազմակերպվում էր Մեծ Բրիտանիայի կողմից։

1930-ական թվականներից կարգավորվեց երկրի տնտեսությունը և սկսվեց բնակչության բարեկեցությանն ուղղված ուղղությունը։ 1850-ականներին սկսվեց խոշոր քաղաքների մաորիներով բնակեցման գործընթացը, որը զանգվածային ըմբոստությունների և Վայթանգիի պայմանագրում հավելումների պատճառ դարձավ։

Մաորիների ռազմական նավակ։ Պոլինեզիայից առաջին եկվորները՝ ըստ մեզ հասած տվյալների, հենց այսպիսի նավակներ էին օգտագործում։ 19-րդ դարի նկար:

1973 թվականին, գլոբալ էներգետիկական ճգնաժամի հետևանքով, երկրի տնտեսությունը էականորեն տուժեց։ Բացի դրանից, Նոր Զելանդիան կորցրեց իր ապրանքների վաճառքի հիմնական շուկան՝ Մեծ Բրիտանիան, որը անդամակցեց Եվրոպական տնտեսական համագործակցությանը։ 1985 թվականին Նոր Զելանդիան պաշտոնապես դարձավ առանց միջուկային զենքի պետություն, և արգելեց իր տարածքային ջրեր մտնել նավերի, որոնց վարա կար միջուկային զենք, կամ միջուկային էներգետիկական սարքավորումներ։ 2 տարի անց, 1987 թվականին օրենք ընդունվեց, ըստ որի մաորիների լեզուն ճանաչվեց երկրի պետական լեզու, հավասար անգլերենին։

Պոլինեզյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորզելանդական տարածքային պատերազմներ: 1868 թվականի նկար:

Նոր Զելանդիան ամենից ուշ բնակեցված վայրերից մեկն է։ Ռադիոածխածնային հետազոտությունը, անտառահատման վկայությունը[1] և մաորիների միտոքոնդրիումային ԴՆԹ-ի փոփոխականությունը[2] թույլ են տալիս ենթադրել, որ առաջին արևելյան պոլինեզիացիները Խաղաղ օվկիանոսի հարավային կղզիներով երկարատև ճանապարհորդություններից հետո՝ այստեղ են հաստատվել 1250-1300 թվականներին[3][4][5]։ Նորաբնակների մոտ աստիճանաբար ձևավորվեց սեփական մշակույթը և լեզուն, նրանք բաժանված էին իվաների (ցեղերի) և խապուների (տոհմերի, կլանների)։ Այս խմբերը համագործակցում էին, մրցում էին և պատերազմում։ Մաորիների մի մասը գաղթեց Չաթեմ կղզիներ, որտեղ վերածվեցին ուրիշ մշակույթ ունեցող մորիորիների[6][7]։ Մորիորիները 1835-1862 թվականներին գրեթե ամբողջությամբ ոչնչացան Թառանակի իվայի մաորիների կողմից նվաճվելով և եվրոպացիների կողմից բերած հիվանդությունների պատճառով։ 1862 թվականին կենդանի մնաց ընդամենը 101 մորիորի, իսկ վերջին հայտնի, զտարյուն մորիորին՝ Թոմմի Սոլոմոնը, մահացավ 1933 թվականին[7]։

Գաղութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի առաջին քարտեզը՝ կազմված Ջեյմս Կուկի կողմից

Նոր Զելանդիա հասած առաջին եվրոպացիները եկել էին նավով՝ հոլանդացի Աբել Թասմանի հետ, 1642 թվականին[8]։ Տեղացիների հետ ընդհարումների արդյունքում անձնակազմից 4 հոգի զոհվեց, իսկ ամենաքիչը մեկ մաորի վիրավորվեց մանրագնդակի արկից[9]։ Հաջորդ այցը եղավ 1769 թվականին, երբ հետազոտող Ջեյմս Կուկը կազմեց կղզիների գրեթե ամբողջ ափագծերի քարտեզը[8]։ Կուկից հետո Նոր Զելանդիա եկան բազմաթիվ եվրոպացի և հյուսիսիամերիկացի կետորսիչներ և փոկերի որսորդներ[10]։ Սկսեցին այստեղ գալ նաև առևտրական նավեր, որոնք փոխանակում էին սնունդը, երկաթյա իրերը, զենքը և այլ ապրանքներ այլ սնունդի, անտառափայտի, արհեստական սարքած իրերի և ջրի հետ։ Այդ առևտրականները մաորիներին բերեցին կարտոֆիլ և մուշկետ, սրանք արմատապես փոխեցին տեղացիների գյուղատնտեսական և ռազմական կենսաձևը։ Կարտոֆիլը դարձավ նրանց հուսալի սննդի աղբյուրը, ինչը հնարավորություն տվեց ավելի երկար պատերազմներ մղելու[11]։ Միջցեղային պատերազմների հետևանքով 1801-1840 թվականներին զոհվեց մոտավորապես 30-ից 40 հազար մաորի[12]։ 19-րդ դարի սկզբներից Նոր Զելանդիայում սկսեցին բնակվել քրիստոնյա միսիոներներ, որոնք բազմաթիվ աբորիգենների դավանափոխ արեցին իրենց հավատին[13]։ 19-րդ դարում տեղաբնիկների թիվը կրճատվեց՝ կազմելով ընդհամնեը 40 տոկոս, սրա հիմնական պատճառը տարբեր հիվանդություններն էին[14]։

Վայթանգիի պայմանագրի կրկնօրինակը

1788 թվականին կապիտան Արթուր Ֆիլլիպը նշանակվեց Նոր Հարավային Ուելսի նահանգապետ։ Նոր Հարավային Ուելսն այն ժամանակ իր մեջ էր ներառում Նոր Զելանդիան։ 1832 թվականին բրիտանական կառավարությունը՝ ստանալով հյուսիսային մաորիների թույլտվությունը, Ջեյմս Բասբիին նշանակեց իր լիազոր ներկայացուցիչը Նոր Զելանդիայում[15]։ 3 տարի հետո իմանալով ֆրանսիական բնակավայր ՝ Շարլ դը Թերիի մասին, մաորի ցեղերի կոնֆեդերացիան, Վիլհելմ IV-ին ուղարկեց անկախության հռչակագիր՝ խնդրելով պաշտպանություն։ Այնուհետև Գաղութների գործերի նախարարությունը Նոր Զելանդիա է ուղարկում կապիտան Ուիլյամ Գոբսոնին, որպեսզի նա հաստատի Նոր Զելանդիայում Բրիտանիայի գերիշխանությունը և հաշտություն հաստատի մաորիների հետ[16]։ Վայթանգիի պայմանագիրը կնքվել է 1840 թվականի փետրվարի 6-ին Բեյ օֆ Այլենդս նեղուցում։ Նորզելանդական կամպանիայի՝ Վելինգտոնում, անկախ բնակավայր ստեղծելու և ֆրանսիացի նորաբնիկների Ակարոայում տարածքներ ձեռք բերելու փորձերին ի պատասխան Գոբսոնը 1840 թվականի մայիսի 21-ին ողջ Նոր Զելանդիայի վրա հաստատեց Բրիտանիայի գերիշխանությունը, չնայած, որ այդ պահին՝ մաորիների կողմից, պայմանագրի ոչ բոլոր կրկնօրինակներն էին ստորագրված։ Սրանից հետո, հատկապես բրիտանացի, էմիգրանտների թիվը սկսեց աճել։

Շքանշան՝ Նոր Զելանդիային մատուցած ծառայության համար:

Նոր Զելանդիան 1841 թվականի հուլիսի 1-ին[17] առանձնացավ Նոր Հարավային Ուելսից և դարձավ նույնանուն առանձին գաղութ։ 1852 թվականին գաղութը ստացավ ներկայացուցչական ղեկավարություն, իսկ 2 տարի անց հավաքվեց առաջին խորհրդարանը[18]։ 1856 թվականին գաղութը ստացավ ինքնուրույնություն և բոլոր ներքին հարցերն այնտեղ՝ բացի տեղացիներին վերաբերվող քաղաքականությունից, որոշվում էր ինքնուրույն։ Գաղութային քաղաքականության վրա հսկողությունը Նոր Զելանդիան ստացավ 1860-ական թվականներին[18]։ Վախենալով, որ Հարավային կղզին կարող է անկախություն ցանկանալ՝ գաղութի ղեկավար Ալֆրեդ Դոմեթը որոշում կայացրեց մայրաքաղաքը Օքլենդից տեղափոխել Կուկի նողուց[19]։ Վելինգտոնն ընտրվեց նոր մայրաքաղաք, քանի որ այն տեղակայված էր երկրի կենտրոնում և ուներ հարմարավետ խութ։ Խորհրդարանն առաջին անգամ նստաշրջան անցկացրեց Վելինգտոնում 1865 թվականին։ Միգրանտների թվաքանակի ավելացման հետ հողի համար ծագեցին կոնֆլիկտներ, որոնք 1860-ական 1870-ական թվականներին վերածվեցին նորզելանդական տարածքային պատերազմների։ Սրա արդյունքում մաորիներից առգրավեցին բազմաթիվ տարածքներ[20]։

1891 թվականին իշխանության գլուխ եկավ առաջին կուսակցություն՝ Լիբերալ կուսակցությունը, որի ղեկավարն էր Ջոն Բալանսը։ Լիբերալ իշխանությունը, որն ավելի ուշ գլխավորում էր Ռիչարդ Սեդոնը, ընդունեց բազմաթիվ կարևոր սոցիալտնտեսական օրենքներ։ Նոր Զելանդիան 1893 թվականին դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ընտրության ձայնի հնարավորություն տվեց կանանց։ 1894 թվականին առաջին անգամ աշխարհում Նոր Զելանդիան ընդունեց օրենք, որը կարգավորում էր գործատուների և պրոֆմիությունների միջև առաջացած վեճերը։ 1898 թվականին Սեդոնի կառավարությունը ծերության թոշակների մասին օրենք ընդունեց, դառնալով առաջինը Բրիտանակն կայսրությունում[21]։

Նոր Զելանդիայի խորհրդարանի հայցով 1907 թվականին Էդուարդ VII-ն այն հռչակեց Բրիտանական կայսրության դոմինիոն, որն արտահայտում էր նրա փաստացի ինքնիշխանությունը[22][23]։ Վեստմինիստերյան կանոնադրաությունն ընդունվել է 1947 թվականին, այն Նոր Զելանդիային հանեց բրիտանական խորհրդարանի որոշումների պարտադիր կատարման պարտականությունից[18]։

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքլենդի կենտրոնական մասի ափամերձ գոտին:

Նոր Զելանդիան մասնակցել է համաշխարհային քաղաքականությանը, մասնավորապես մասնակից է եղել Առաջի և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, որպես Բրիտանական կայսրության մաս[24]։ Այն նաև տուժել է Մեծ դեպրեսիայից[25]։ Դեպրեսիայի արդյունքում ընտրվեց առաջին լեյբորիստական կառավարությունը և սկսվեց պրոտեկցիոնիստական տնտեսությամբ համընդհանուր բարեկեցության պետության կառուցումը[26]։ Նոր Զելանդիայի ծաղկման շրջանը սկսվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, այդ ժամանակ մաորիները, աշխատանք գտնելու նպատակով, սկսեցին գյուղերից տեղափոխվել քաղաքներ[27][28]։ Առաջացավ մաորիների դժգոհության ալիք, նրանք բողոքում էին եվրոպակենտրոնության դեմ և զբաղվում էին այնպիսի հարցերով ինչպիսին են մաորիների մշակույթի ճանաչողության բարձրացման, Վայթանգիի պայմանագրի հետ կապված վեճերի կարգավորման հարցերը։ 1975 թվականին ստեղծվեց Վայթանգիի տրիբունալը, որի նպատակն էր պայմանագրի պայմանների ենթադրյալ խախտումների հետաքննությունը։ Կառավարությունը հաստատում է բազմաթիվ իվերի հետ վեճերի կարգավորման մասին, սակայն 2000-ական թվականներին անհամաձայնություններ առաջացան ափագծերի մակընթացային մասերի և ծովի հատակի պատկանելիության հետ կապված։ Նոր Զելանդիան աշխարհում առաջինն էր, որ 1987 թվականին օրենսդրորեն իր տարածքը հռչակեց ոչ միջուկային գոտի։ Այս կարգավիճակի ընդունման արդյունքն այն եղավ, որ Նոր Զելանդիան արգելեց իր տարածքային ջրեր մուտք գործել միջուկային զենքով զինված և միջուկային ուժային սարքավորումներ ունեցող նավերին։ Սա զգալիորեն սահմանափակեց ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող նավերի մուտքը նորզելանդական նավահանգիստներ։

2013 թվականին Նոր Զելանդիայում օրինականացվեցին միասեռական ամուսնությունները։

Նոր Զելանդիայի խորհրդարանի շենքը Վելինգտոնում

Նոր Զելանդիան շարունակում է զարգանալ, որպես ժողովրդավարական երկիր, որը մասնակիցն է միջազգային տնտեսական և քաղաքական հարաբերություններին։ Նոր Զելանդիան մեծ ուշադրություն է դարձնում նաև խաղաղօկիանոսաասիական գոտու պետությունների հարաբերություններին։

Նոր Զելանդիայի պատմական տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1642 թվական դեկտեմբերի 13 - Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը (առաջին եվրոպացին ով հասավ այնտեղ) տեսավ Նոր Զելանդիայի ափերը։ Դա Հարավային կղզու արևմտյան ափերն էր։

1769 թվական հոկտեմբերի 6 - Բրիտանացի ծովագնաց Ջեյմս Կուկի ղեկավարած նավից տեսան Նոր Զելանդիայի ափերը։

1769 թվականի հոկտեմբերի 8 - Ջեյմս Կուկի արշավախմբի անդամները իջան Նոր Զելանդիայի ափ։ Ջեյմս Կուկն այս տարածքները հռչակում է Գեորգ III-րդի սեփականություն։

1773 թվական - Ջեյմս Կուկի երկրորդ արշավախումբն այցելում է Նոր Զելանդիա։

XIX-րդ դարի սկիզբ - Հրաձգային զենքերի ներմուծման արդյունքում տեղի ցեղերի միջև տեղի են ունենում Մուշկետային պատերազմներ։ 1814 թվական - Ստեղծվեց առաջին քրիստոնեական միսիոներական բնակավայրը։

1815 թվական - Երկրում ծնվեց առաջին եկվոր եվրոպացիների նորածինը։

1820 թվական - Մաորիների ցեղերից մեկի առաջնորդ Օի Հիկան առաջինն էր, ով այցելեց Մեծ Բրիտանիա։

1821 թվական - «Մուշկետային» անվանումը ստացած պատերազմի սկիզբը։

1823 թվական - Բրիտանական գաղութ Նոր Հարավային Ուելսի հրավասությունները, Նոր Զելանդիայում բնակվող, բրիտանացիների վրա մեծացավ։

1834 թվական - Մաորիների 34 ցեղերից բաղկացած «Միավորված ցեղերի կոնֆեդերացիան» (անգլ.՝ Confederation of United Tribes) ստորագրում են «Նոր Զելանդիայի անկախության հռչակագիրը» (անգլ.՝ Declaration of Independence of New Zealand): Ավելի ուշ նրանց են միանում ևս 18 ցեղ։

1840 թվական - Առաջին անգամ նորաբնիկները մաորիների «Te Whanganui a Tara» բնակավայրի տարածքում հիմնում են Պորտ Նիկոլսոնը։ Ավելի ուշ այստեղ հիմնվում է Հյուսիսային Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը։ Կնքվեց Վայթանգիի պայմանագիրը, ըստ որի մաորիները հրաժարվեցին անկախության համար պայքարից, փոխարենը ստանալով իրենց իրավունքների ճանաչում կենտրոնական կառավարության կողմից։

1845 թվական - Պատերազմ դրոշաձողի համար (ավարտվեց հաջորդ տարում)։

1846 թվական - Նոր Զելանդիայի ջրային տարածք է գալիս առաջին շոգենավը։

1846 թվական - Հաստատվեց առաջին «Նորզելանդական կոնստիտուցիոնալ հրամանագիրը» (անգլ.՝ New Zealand Constitution Act):

1848 թվական - Երկրում հայտնաբերվեց ածխի առաջին հանքավայրը։

1848 թվական - Հզոր երկրաշարժը գրեթե ամբողջությամբ ավերեց Վելինգտոն քաղաքը։

1852 թվական - Հաստատվում է երկրորդ «Նորզելանդական կոնստիտուցիոնալ հրամանագիրը» (անգլ.՝ New Zealand Constitution Act), որն ամրապնդում էր Գլխավոր Ասամբլեյայի և 6 պրովինցիաների ընտրվաց կառավարման ձևը։

1854 թվական - Նոր Զելանդիայի Գլխավոր Ասամբլեյայի առաջին նստաշրջանի բացումը Օքլենդում։

1858 թվական - Ընտրվում է մաորիների առաջին թագավորը, ով թագադրումից հետո ստանում է Պոտատաու I (մաորիների լեզվով՝ Pōtatau I) անունը։

1859 թվական - Երկրում բացվեցին ոսկու առաջին հանքավայրերը։

1861 թվական - Ստեղծվեց «Նոր Զելանդիայի բանկը» (անգլ.՝ Bank of New Zealand), որը մինչ այսօր գոյություն ունի։

1862 թվական - Երկրում բացվեց առաջին ներքին էլեկտրական հեռագրական հաղորդագրության գիծը։

1862 թվական - Նոր Զելանդիան սկսում է ոսկի արտահանել։ Նոր Զելանդիայում հանված ոսկու առաջին խմբաքանակը ուղարկվում է Լոնդոն։

1863 թվական - Բացվում է առաջին երկաթուղային գիծը, որն ուներ առաջնային շոգեքարշ։

1865 թվական - Երկրի ղեկավարության նստատեղը Օքլենդից տեղափոխվեց Վելինգտոն։

1866 թվական - Կուկի նեղուցով անցկացվեց հեռագրական մալուխ։

1870 թվական - Մեծ Բրիտանիայի զինված ուժերի վերջին ստորաբաժանումները լքում են Նոր Զելանդիան։

1873 թվական - Ստեղծվեց «Նորզելանդական շոգենավային ընկերությունը» (անգլ.՝ New Zealand Shipping Company):

1874 թվական - Երկրում կառուցվեց առաջին շոգենավը։

1876 թվական - Անցկացվեց հեռագրական հաղորդագրության մալուխը, որը կապեց Նոր Զելանդիան Ավստրալիային։

1877 թվական - Ընդունվեց «Կրթության մասին հրամանագիրը» (անգլ.՝ Education Act), որը հռչակում էր երկրում պարտադիր, անվճար աշխարհիկ կրթությունը։

1881 թվական - «Թարառուա» նավը խորտակվեց, տանելով իր հետ 131 մարդու կյանք և դարձավ երկրի խոշորագույն աղետներից մեկը։

1882 թվական - Առաջին անգամ «Դաբեդին» նավով սառեցված միս արտահանվեց բրիտանական կղզիներ, սկսվեց մսի արտահանումը, որը այսօրվա Նոր Զելանդիայի տնտեսության հիմնական ճյուղերից է։

1883 թվական - Ստեղծվեց առաջին անմիջական շոգենավային ուղին Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի նավահանգիստների միջև։

1886 թվական - Երկրում բացվեցին առաջին նավթային հանքավայրերը (նավթահորեր)։

1890 թվական - Երկրի բոլոր տղամարդիկ ստացան ընտրական հավասար իրավունքներ, հասնելով ընտրական տարիքին։

1892 թվական - Ստեղծվեց մաորիների խորհրդարանը, որը կենտրոնական իշխանություններին էր ներկայացնում տեղաբնիկների իրավունքները։ Խորհրդարանի ղեկավարի կին՝ Մերի Թե Թաի Մանգակահիան ելույթ ունեցավ կանանց ընտրական իրավունք տալու մասին։ Վարչապետ ընտրվեց Ռիչարդ Սադոնը, որը երկրի պատմության ամենաարդյունավետ նորզելանդական քաղաքական գործիչներից էր։

1893 թվական - Երկրի բոլոր կանանց տրվեց հավասար ընտրական իրավունք, սրանով Նոր Զելանդիան դարձավ առաջին երկիրն աշխարհում, որը իր բոլոր քաղաքացիներին տվեց հավասար ընտրական իրավունք։

1896 թվական - Երկրում անցկացված մարդահամարը ցույց տվեց, որ կա 743 214 մարդ։

1896 թվական - Տեղի ունեցավ ֆիլմի տեսագրության առաջին խմբակային դիտումը։

1898 թվական - Երկիր բերվեց առաջին ավտոմեքենան։

1899 - Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումները գնում են Մեծ Բրիտանիային օգնության՝ Հարավային Աֆրիկայի դեմ մղվող պատերազմում։ Այս իրադարձությունը առաջին արտագնա պատերազմն էր Նոր Զելանդիայի պատմության մեջ։

1901 թվական - Նոր Զելանդիան բռնակցեց Կուկի կղզիները։

1902 թվական - Մաորիների խորհրդարանը ցրվեց և մաորիները որոշեցին համագործակցել կենտրոնական իշխանությունների հետ։

1905 թվական - Մեծ Բրիտանիայում կայացավ Նոր Զելանդիայի ռեքբիի ազգային հավաքականի առաջին մրցափուլը։ Հենց այդ ժամանակ հավաքականը ստացավ իր «Օլլ Բլեքս» անունը, որը պահպանվել է մինչ այսօր (անգլ.՝ англ: All Blacks):

1907 թվական - Հզոր հրդեհը ավերում է խորհրդարանի շինությունը։

1908 թվական - Նոր Զելանդիայի բնակչության թիվը հատում է մեկ միլիոնի սահմանը։

1909 թվական - Երկրում մտցվում է պարտադիր ռազմական պատրաստություն։

1914 թվական - Նորզելանդական բանակային ստորաբաժանումները ուղևորվում են Եգիպտոս, այսպես սկսվում է Նոր Զելանդիայի մասնակցություն Առաջին համաշխարհային պատերազմին։

1918 թվական - Գրիպի համաճարակը խլում է 8500 մարդու կյանք։

1920 թվական - Ազգերի լիգայի որոշմամբ Նոր Զելանդիան՝ Արևմտյան Սամոան, ղեկավարելու մանդատ էստանում։

1935 թվական - Դրվեց Նոր Զելանդիայի երկու հիմնական կղզիների միջև կանոնավոր ավիափոխադրումների սկիզբը։

1936 թվական - Նոր Զելանդիայում մտցվում է 40 ժամյա աշխատանքային շաբաթը։

1939 թվական - Նոր Զելանդիան պատերազմ է հայտարարում Գերմանիային։ Պատերազմ հայտարարելուց մի քանի օր հետո, արդեն Նոր Զելանդիայի օդաչուները, Մեծ Բրիտանիայի երկնքում, մասնակցում էին ռազմական գործողություններին։

1940 թվական - Նորզելանդական էքսպեդիցիոն կորպուսի առաջին ստորաբաժանումները ուղևորվեցին Մերձավոր Արևելք։

1940 թվական - Նոր Զելանդիան պատերազմ է հայտարարում Իտալիային։

1942 թվական - Երկրում մտցվեց պարենամթերքի առևտրի կարգավորում, քանի որ կապված պատերազմական գործողությունների հետ, դրա քանակը չէր բավարարում։

1950 թվական - Նոր Զելանդիայի բանակային ստորաբաժանումները և ռազմածովային ուժերի նավերը ուղևորվում են Կորեական թերակղզու պատերազմին մասնակցելու համար։

1953 թվական - Նորզելանդացի ճանապարհորդ Էդուարդ Հիլարին բարձրանում է երկրագնդի ամենաբարձր գագաթ՝ Էվերեստ։

1957 թվական - Նոր Զելանդիան Անտարկտիդայում ստեղծում է սեփական հետազոտական բազան։

1958 թվական - Կառուցվեց առաջին գեոթերմիկ էլեկտրակայանը։

1960 թվական - Օքլենդում բացվում է կանոնավոր հեռուստահեռարձակում։

1964 թվական - Երկրի ամենախոշոր քաղաքի՝ Օքլենդի բնակչության թիվն անցավ կես միլիոնը։

1965 թվական - Նոր Զելանդիայի բանակային ստորաբաժանումները ուղևորվում են Վիետնամ։

1969 թվական - Ընտրական իրավունքի նվազագույն տարիքը իջեցվում է 20 տարեկան։ 1973 թվական - Նոր Զելանդիայի բնակչության թիվը հասնում է 3 միլիոնի։ 1975 թվական - Բացվում է ազգային հեռուստատեսության երկրորդ ալիքը։

1981 թվական - Նորզելանդացի օպերային երգչուհի Քերի Թե Կանավան արիա է կատարում արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքին։ Հեռարձակմանը հետևում էր մոտ 600 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։

1985 թվական - Նոր Զելանդիան հռչակվեց ոչմիջուկային երկիր, և արգելեց իր տարածքային ջրեր մուտք գործել միջուկային զենքով զինված և միջուկային ուժային սարքավորումներ ունեցող նավերին, որը էականորեն սառեցրեց ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունները։

1986 թվական - Ընդունվեց «Սահմանադրական հրամանագիր» (անգլ.՝ Constitution Act), որը վերջապես արգելեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանին պարտադիր որոշումներ կայացնել Նոր Զելանդիայի համար։

1987 թվական - Մաորիների լեզուն ճանաչվեց երկրի երկրորդ պետական լեզուն (անգլերենի հետ համատեղ)։

1989 թվական - Սկսվում է հռարձակվել ազգային հեռուստատեսության երրորդ հեռուստաալիքը։

1994 թվական - Նոր Զելանդիայի 250 զինվորականներ ուղարկվեցին Բոսնիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McGlone, M.; Wilmshurst, J. M. (1999). «Dating initial Maori environmental impact in New Zealand». Quaternary International. 59: 5–0. doi:10.1016/S1040-6182(98)00067-6.
  2. Murray-McIntosh, Rosalind P.; Scrimshaw, Brian J.; Hatfield, Peter J.; Penny, David (1998). «Testing migration patterns and estimating founding population size in Polynesia by using human mtDNA sequences». Proceedings of the National Academy of Sciences. 95 (15): 9047–52. Bibcode:1998PNAS...95.9047M. doi:10.1073/pnas.95.15.9047.
  3. Mein Smith, 2005, էջ 6
  4. Wilmshurst, J. M.; Anderson, A. J.; Higham, T. F. G.; Worthy, T. H. (2008). «Dating the late prehistoric dispersal of Polynesians to New Zealand using the commensal Pacific rat». Proceedings of the National Academy of Sciences. 105 (22): 7676. Bibcode:2008PNAS..105.7676W. doi:10.1073/pnas.0801507105.
  5. Moodley, Y.; Linz, B.; Yamaoka, Y.; Windsor, H. M.; Breurec, S.; Wu, J. -Y.; Maady, A.; Bernhöft, S.; Thiberge, J. -M.; և այլք: (2009). «The Peopling of the Pacific from a Bacterial Perspective». Science. 323 (5913): 527–530. Bibcode:2009Sci...323..527M. doi:10.1126/science.1166083. PMC 2827536. PMID 19164753.
  6. Clark, Ross (1994). «Moriori and Māori: The Linguistic Evidence». In Sutton, Douglas (ed.). The Origins of the First New Zealanders. Auckland: Auckland University Press. էջեր 123–135.
  7. 7,0 7,1 Te Ara|http://www.teara.govt.nz/en/moriori/4%7CDavis, Denise|Moriori||Davis|2016-06-29
  8. 8,0 8,1 Mein Smith, 2005, էջ 23
  9. Salmond, Anne. Two Worlds: First Meetings Between Maori and Europeans 1642–1772. Auckland: Penguin Books. էջ 82. ISBN 0-670-83298-7.
  10. King, 2003, էջ 122
  11. Fitzpatrick, John (2004). «Food, warfare and the impact of Atlantic capitalism in Aotearo/New Zealand» (PDF). Australasian Political Studies Association Conference: APSA 2004 Conference Papers. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  12. Brailsford, Barry (1972). Arrows of Plague. Wellington: Hick Smith and Sons. էջ 35. ISBN 0-456-01060-2.
  13. Wagstrom, Thor (2005). «Broken Tongues and Foreign Hearts». In Brock, Peggy (ed.). Indigenous Peoples and Religious Change. Boston: Brill Academic Publishers. էջեր 71 and 73. ISBN 978-90-04-13899-5.
  14. Lange, Raeburn (1999). May the people live: a history of Māori health development 1900–1920. Auckland University Press. էջ 18. ISBN 978-1-86940-214-3.
  15. «A Nation sub-divided». Australian Heritage. Heritage Australia Publishing. 2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. McLintock, Alexander, ed. (April 2009) [originally published in 1966]. «Sir George Gipps». from An Encyclopaedia of New Zealand. Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  17. «Crown colony era – the Governor-General». Ministry for Culture and Heritage. March 2009. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  18. 18,0 18,1 18,2 Wilson, John (March 2009). «Government and nation – The constitution». Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  19. Temple, Philip (1980). Wellington Yesterday. John McIndoe. ISBN 0-86868-012-5.
  20. «New Zealand's 19th-century wars – overview». Ministry for Culture and Heritage. April 2009. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  21. Boxall, Peter; Haynes, Peter (1997). «Strategy and Trade Union Effectiveness in a Neo-liberal Environment». British Journal of Industrial Relations. 35 (4): 567–591. doi:10.1111/1467-8543.00069. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  22. Commonwealth and Colonial Law by Kenneth Roberts-Wray, London, Stevens, 1966. P. 888
  23. Proclamation of 9 September 1907, S.R.O. Rev. XVI, 867.
  24. «War and Society». Ministry for Culture and Heritage. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  25. Easton, Brian (April 2010). «Economic history – Interwar years and the great depression». Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  26. Derby, Mark (May 2010). «Strikes and labour disputes – Wars, depression and first Labour government». Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  27. Easton, Brian (November 2010). «Economic history – Great boom, 1935–1966». Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  28. Keane, Basil (November 2010). «Te Māori i te ohanga – Māori in the economy – Urbanisation». Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]