Բելգիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մ․ թ․ ա․ մոտ 300-ին Բելգիայում բնակություն են հաստատել բելգերի կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը)։ Մ․ թ․ ա․ 57-ին Բելգիան գրավվեց Հուլիոս Կեսարի կողմից։ Մ․ թ․ 3—5 դդ․ Բելգիայի տարածքը բնակեցրին գերմանական ցեղերը (ֆրանկներ, ֆրիզներ, սաքսեր)։ V—IX դդ․ Բելգիան մտնում էր Ֆրանկական պետության կազմի մեջ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում Բելգիայի տարածքում առաջացան Ֆլանդրիա, Նամյուր, Գեննեգաու (Էնո) կոմսությունները, Լիեժ եպիսկոպոսությունը, Բրաբանտ դքսությունը։

XII— XIII դդ․ բելգիական տարածքները, հատկապես Ֆլանդրիան, վերածվեցին Եվրոպայի «արհեստանոցի» և միջազգային առևտրի կարևոր հանգույցի։ Բարգավաճեցին քաղաքները, որոնցից շատերը ձեռք բերեցին ինքնավար իրավունք։ Երկար ժամանակ Բելգիան Ֆրանսիայի, Անգլիայի և այսպես կոչված «Սրբազան Հռոմեական կայսրության» մրցակցության ասպարեզ էր։ 1384 թ.-ին Ֆլանդրիան, 1430 թ.-ին Բրաբանտը մտան Բուրգունդական պետության կազմի մեջ։ Բրաբանտը դարձավ այդ պետության միջուկը, Բրյուսելը՝ բուրգունդական դքսերի նստավայրը։

1477 թ.-ին (վերջնականապես 1482 թ.-ին) Բելգիայում հաստատվեց Հաբսբուրգների դինաստիան։ «Սրբազան Հռոմեական կայսրության» բաժանումից հետո (1555 թ.) Բելգիան անցավ Իսպանիային։ Բելգիայում կապիտալիստական հարաբերությունները ծնունդ առան շատ վաղ։

XVI դ․ Անտվերպենը դարձավ համաշխարհային առևտրի խոշորագույն կենտրոն։ Սակայն կապիտալիստական հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտում էր իսպանական բացարձակ միապետությունը։ Այդ հակասությունները հանգեցրին Նիդերլանդներում, որի բաղկացուցիչ մասն էր կազմում նաև ժամանակակից Բելգիայի տարածքը, վաղ բուրժուական հեղափոխության ծավալմանը, որի շնորհիվ անկախություն ստացան միայն Հյուսիսային Նիդերլանդները (Հոլանդական Հանրապետություն)։

Հարավային Նիդերլանդները՝ Բելգիայի տարածքը, մնալով իսպանական տիրապետության տակ, տնտեսական անկում ապրեցին։ Իսպանական ժառանգության համար պատերազմների (1702—1714) հետևանքով Իսպանական Նիդերլանդները (Բելգիա) անցան Ավստրիային (կոչվելով Ավստրիական Նիդերլանդներ)։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ 1789 թ.-ի հոկտեմբերին Բրաբանտում բռնկված ապստամբությունը հռչակեց (1790 թ.-ի հունվարի 11) Բելգիայի Միացյալ Նահանգների անկախությունը։ Սակայն 1795 թ.-ին Բելգիան միացվեց Ֆրանսիային։ Նապոլեոնյան կայսրության անկումից հետո, Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, բելգական նահանգները Հոլանդիայի հետ միավորվեցին միասնական Նիդերլանդական թագավորության մեջ՝ Վիլհելմ I թագավորի գլխավորությամբ։ Նոր պետության մեջ բելգիական նահանգների տնտեսական և քաղաքական շահերի ոտնահարումը խթանեց բելգիական բնակչության ազգային-ազատագրական շարժմանը։ Վիլհելմ I-ի կառավարությունը փորձեց բելգիական բուրժուազիայի ընդդիմադրությունը թուլացնել հովանավորական օրենքներով (1820 թ.), որի շնորհիվ բելգիական արդյունաբերությունն ստացավ արագ զարգացման հնարավորություն և որպես վաճառահանման շուկաներ յուրացրեց հոլանդական գաղութները։

1820—1830 թթ.-ին բելգիական նահանգներում սկսվեց արդյունաբերական հեղաշրջում։ 1830 թ.-ի օգոստոսի 25-ին Բրյուսելում սկսված բուրժուկան հեղափոխությունը վերջ դրեց հոլանդական տիրապետությանը։ 1830 թ.-ի նոյեմբերի 10-ին Ազգային կոնգրեսը հռչակեց Բելգիայի անկախությունը։

1830—1831 թթ.-ին Լոնդոնի կոնֆերանսում հինգ մեծ տերությունները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա և Պրուսիա) պարտավորվեցին երաշխավորել Բելգիայի ինքնիշխանությունն ու չեզոքությունը։ Բելգիայի թագավոր հռչակվեց Անգլիայի թագուհու ազգական, արքայազն Լեոպոլդ Սաքսեն-Կոբուրգսկին՝ Լեոպոլդ I անունով (1831—1865 թթ.)։ 1831 թ.-ին Ազգային կոնգրեսում ընդունված սահմանադրությամբ երկրում հաստատվեց սահմանադրական միապետություն։ XIX դ․ կեսին Բելգիան Եվրոպայի զարգացած արդյունաբերական երկրներից էր։ 1860-ական թթ․ նկատվում էր տնտեսական բուռն վերելք, որով ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։

Սկսած XIX դ․ 70-ական թթ․ Բելգիայի կառավարող շրջանները Լեոպոլդ 11-ի (1865—1909) գլխավորությամբ մասնակցեցին Աֆրիկայի գաղութային բաժանմանը։ 1884—1885 թ.-ի Բեռլինի կոնգրեսը ճանաչեց Բելգիայի հատուկ շահերը «Կոնգո ազատ պետությունում» (1908 թ.-ից՝ Բելգիայի գաղութը)։

XX դ․ սկզբներին Բելգիան փոքր իմպերիալիստական երկիր էր՝ գաղութային ընդարձակ տիրապետություններով։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Գերմանիան խախտեց Բելգիայի չեզոքությունը և օկուպացրեց երկիրը մինչև 1918 թ.-ը։ Բելգիական կառավարությունը փախավ Հավր (Ֆրանսիա)։ Այդ նույն ժամանակ բելգիական զորքերը անգլիական և ֆրանսիական զորամասերի հետ միասին մասնակցում էին Գերմանիայի աֆրիկյան տիրապետությունների զավթմանը։

Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) Գերմանիայից Բելգիային անցան Էյպենը, Մալմեդին, Մորենեն։ Բելգիան ստացավ նաև Ռուանդա-Ուրունդիի մանդատը և Գերմանիայից ռազմատուգանք ստանալու իրավունք։ 1920 թ.-ին Բելգիան ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի, 1921 թ.-ին մաքսային դաշինք՝ Լյուքսեմբուրգի հետ։ Բելգիական մոնոպոլիաները կարևոր դիրքեր գրավեցին Լեհաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի, ինչպես նաև Աֆրիկայի ու Ասիայի մի շարք երկրների տնտեսության մեջ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բելգիայում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1921 թ.-ին հիմնադրվեց Բելգիայի կոմունիստական կուսակցությունը (ԲԿԿ)։ Բանվորական շարժման վերելքը կառավարող շրջաններին ստիպեց 1919—1921 թթ.-ին զիջումներ կատարել (ընտրական ռեֆորմը, 8-ժամյա աշխատանքային օր սահմանելու մասին օրենքը ևն)։

1935 թ.-ի հուլիսի 12-ին Բելգիայի և ՍՍՀՄ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1940 թ.-ի մայիսի 10-ին գերմանական բանակը ներխուժեց Բելգիան։ Չնայած ագրեսորին դիմադրելու բելգիական ժողովրդի վճռականությանը, Լեոպոլդ III թագավորը՝ բելգիական բանակի գլխավոր հրամանատարը, 1940 թ.-ի մայիսի 28-ին ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիր։ Նույն օրը Բելգիայի կառավարությունը փախավ Լոնդոն, որտեղ մնաց մինչև 1944 թ.-ի սեպտեմբերը։ ԲԿԿ-ն միակ քաղաքական կուսակցությունն էր, որ գլխավորեց Բելգիայի հայրենասիրական ուժերը և երկրում կազմակերպեց դիմադրության շարժում։ Օկուպացիայի առաջին տարիներին ստեղծվեց «Բելգիայի Անկախության ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը։ 1944 թ.-ի սեպտեմբերին անգլո-ամերիկյան զորքերը ազատագրեցին Բելգիայի տարածքը։ 1944—1947 թթ.-ին Բելգիայի կառավարություններում ներկայացված էին նաև համայնքները։ Դեմոկրատական շարժման վերելքը, որը գլխավորում էին համայնքները, Բելգիայի կառավարող շրջաններին ստիպեց իրականացնել մի շարք բարենորոգումներ (1947 թ.-ի սոցիալական ապահովագրության օրենքը, կանանց ընտրական իրավունք տրամադրելը ևն)։ Սակայն հետադիմական ուժերը, համախմբվելով սոցիալ-քրիստոնեական կուսակցության և լիբերալ կուսակցության շուրջը, հարձակման անցան։

1947 թ.-ի մարտին կոմունիստները հարկադրված դուրս եկան կառավարությունից։ 1950 թ.-ի հուլիսին, Լեոպոլդ III-ի՝ Բելգիա վերադառնալու կապակցությամբ (1950 թ.-ի օգոստոսին թագավորական գահը հանձնեց իր որդուն՝ Բոդուենին), տեղի ունեցավ աշխատավորների համատեղ գործադուլ, որին մասնակցեց 500 հազար մարդ։

Աֆրիկայում ծավալվող ազգային-ազատագրական պայքարը Բելգիային ստիպեց անկախություն տալ Կոնգոյին (1960) և Ռուանդա-Ուրունդիին (1962)։ Սակայն բելգիական գաղութարարները Կոնգոյի Հանրապետությունում (հռչակվեց 1960 թ.-ին) հրահրեցին արյունահեղ ընդհարումներ և վարում էին երկրի անդամահատման քաղաքականություն։ Կոնգոյի ճգնաժամի հետևանքով Բելգիայում ստեղծվեց ներքաղաքական անկայուն դրություն։ Միմյանց փոխարինող կառավարություններն ընդունում էին հակադեմոկրատական օրենքներ։

Բելգիայում սրվեց նաև ազգային հարցը, որը կառավարական երկարատև ճգնաժամի պատճառ դարձավ։ 1968 թ.-ի հունիսին կաթոլիկներից և սոցիալիստներից կազմվեց կառավարություն Գ․ էյսկենսի գլխավորությամբ։

Բելգիան ՄԱԿ-ի անդամ է 1945 թ.-ից, 1949 թ.-ին՝ ՆԱՏՕ մասնակից։ 1950 թ.-ին Բելգիայի և ԱՄՆ-ի միջև կնքվեց «ռազմական օգնության» համաձայնագիր։ 1955 թ.-ին բելգիական խորհրդարանը հավանություն տվեց Փարիզի համաձայնագրերին և Բելգիան միացավ Արևմտա-եվրոպական դաշինքին։

Բելգիան Քարածխի և պողպատի եվրոպական միավորման (1951 թ.-ից), «Ընդհանուր շուկայի» (1957 թ.-ից) մասնակից է։ 1964 թ.-ին Բելգիան հրաժարվեց ՆԱՏՕ-ի բազմակողմանի միջուկային ուժերի ստեղծմանը մասնակցելուց, բայց իր տարածքը տրամադրեց Ֆրանսիայից հեռացած ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության շտաբը և ՆԱՏՕ-ի խորհուրդը տեղավորելու համար (1967ԱՄՆ-ից Բելգիան տեղափոխվեց ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն (1967

1969—1970 թթ.-ին Բելգիայի կառավարությունը բազմիցս հանդես եկավ Եվրոպայի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծման, մասնավորապես համաեվրոպական խորհրդակցություն հրավիրելու օգտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png