Ապակի
Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ:
- Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն, հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ:
- Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է: Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով: Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ` պինդ ապակու: Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային: Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի: Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի: Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն:
- Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է քվարցային ապակի:
Հատկություններ[խմբագրել]
Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի: Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է: Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով: Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ թիթեղապակիների համար: Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար:
Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն:
Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին որոշ մետաղների օքսիդներ են ավելացնում: Օրինակ՝ պղնձի(||) օքսիդն ապակին դարձնում է կապտականաչ, քրոմի (|||) օքսիդը (Cr2O3)` կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ, իսկ խիստ մանրացված ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի):
Ապակեգործության զարգացման պատմությունը[խմբագրել]
Հնագիտական պեղումներով Եգիպտոսում հայտնաբերվել են մ. թ. ա. IV–III հազարամյակներին վերագրվող ապակե զանազան զարդեր և ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ: Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր ապակեգործության կենտրոն: Եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաև միջերկրածովյան երկրներում: Ապակե իրեր պատրաստել են նաև Չինաստանում դեռևս մ. թ. ա. V–III դարերում:
Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում: Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ: 17-րդ դարում Անգլիայում և Չեխիայում երևան եկավ բյուրեղապակին:
Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները: Լճաշենի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ, Կարմիր բլուրում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ և բազմաթիվ այլ առարկաներ: Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում և Անիում: