Կնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնիքներ հին Մեքսիկաից և Էկվադորից

Կնիք, կոշտ նյութերի (քար, մետաղ, ոսկոր և այլնի) վրա փորագրված դրոշմները, ձուլամայրերը (մատրիցա), դրանց դրոշմվածքը ոսկու, արծաթի, անագի, զմռսի, մոմի, թղթի և այլնի վրա։ Կնիքը, իբրև վկայագրի իսկության վավերացման նշան, առաջացել է Հին Արևելքում (Շումեր, Եգիպտոս, Ուրարտու և այլուր), ունեցել է գլանի ձև (պատկերներով և արձանագրություններով)։ Այն գլորել են հում կավից սալիկների վրա՝ փաստաթղթի բովանդակությունը դրոշմելու նպատակով։ Միջին դարերում Արևմտյան Եվրոպայի պետություններում, Բյուզանդիայում, Ռուսիայում գործածում էին, այսպես կոչված, կախովի կնիքներ (բուլլա, կոնդակ), որոնք հատուկ ձուլամայրերի միջոցով դրոշմվել են ոսկու («խրիսովուլ»), արծաթի, կապարի, մոմի, զմռսի և այլնի վրա ու ամրացվել փաստաթղթից կախված թելից։

Թեև XIV— XV դդ. կախովի կնիքներն աստիճանաբար փոխարինվեցին մոմի, մազտաքների վրա, ապա նաև ներկանյութերի միջոցով դրոշմվողներով, սակայն առանձին տեղերում (օր. Վատիկանում) պահպանվեցին մինչև XX դ.։ Հայաստանի տարածքում հայտնաբերված հնագույն կնիքները վերաբերում են ուրարտական ժամանակաշրջանին։ Կարմիր բլուրից և ուրարտույի այլ հնավայրերից (այդ թվում՝ նաև դամբարաններից) հայտնաբերվել են քարե կոնաձև, սկավառակաձև, գլանաձև փոքր կնիքներ և դրանց դրոշմվածքով առարկաներ ու բուլլաներ։ Ուրարտական կնիքները հաճախ զարդարվել են թևավոր աստվածների, գառնանգղի, օձի, երկգլխանի կենդանիների, սրբազան ծառերի, լուսնի, խաչի և այլ պատկերներով, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ կնիքներն ունեցել են նաև պաշտամունքային նշանակություն, ծառայել են իբրև թալիսմաններ։ Վաղ հայկական և հելլենիստական ժամանակաշրջանների հնավայրերից գտնվել են փոքրասիական և, այսպես կոչված, «հունա-պարսկական» մոտ երկու տասնյակ քարե և ապակե կնիքներ։ Քարե (լազուրիտ, սարդիոն և այլն) կնիքները վերաբերում են հիմնականում մ.թ․ա. V— IV դդ., իսկ հելլենիստական դարաշրջանում գերակշռել են մանուշակագույն, բաց կանաչ, կապտավուն ապակուց, բազմանիստ, շրջանաձև, օվալաձև, երբեմն ձվածիր կնիքները (հիմնականում քարե կնիքների նմանությամբ), որոնք զարդարված են մենամարտի, որսի, պաշտամունքային տեսարաններով, կենդանիների, թռչունների սխեմատիկ պատկերներով և գործածվել են նաև որպես զարդեր։ Ուսումնասիրություններից երևում է, որ Անդրկովկասում եղել է կնիքներ ընդօրինակելու մի քանի կենտրոն (մեծ մասամբ՝ Հայաստանում)։ Հայաստանում և շրջակա երկրներում իբրև կնիքներ են ծառայել նաև թագավորների, իշխանների, բարձրաստիճան հոգևորականների հատուկ մատանիները։ Վերոհիշյալ կնիքների միջոցով պատկերացում ենք կազմում հայերի, պարսիկների, փոքրասիական հին ժողովուրդների կենցաղի, պաշտամունքի, կրոնի, զբաղմունքի, կենդանական աշխարհի, առևտրական, տնտեսական և մշակութային փոխհարաբերությունների վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png