Արշակ Ներսիսյան (Սեպուհ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեպուհ (այլ կիրառումներ)
Արշակ Ներսիսյան | |
---|---|
1872 թվականի ապրիլի 20 - 1940 թվականի հուլիսի 31 | |
Ծննդավայր | Արևմտյան Հայաստան, Բաբերդ, գյուղ Թոմնա |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Զորատեսակ | կամավորական զորքեր, Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժեր |
Ծառայության տարիներ | 1895-1920 թթ. |
Մարտեր/ պատերազմներ | Սասունի ապստամբություն (1904) Առաջին համաշխարհային պատերազմ, Թուրք-հայկական պատերազմ (1920) |
Պաշտոնաթող | 1921 թվական |
Արշակ Ներսիսյան, ավելի հայտնի է որպես Սեպուհ (ապրիլի 20, 1872, Բաբերդ, Բայբուրթի մարզ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 31, 1940, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է ՍԴ Հնչակյան, հետագայում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականի ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի Թոմնա գյուղում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա)։
1895 թվականի սկզբին անցել է Կարս։ Այստեղ մտել է Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոսի վերջին անցել թուրքական Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է Տարոն։ 1896 թ. վերադարձել է Կովկաս։
1899 թ. Խանի (Բարսեղ Թիրաքյան) խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ «քար»-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է Սասուն։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Վանա Իշխանի (Նիկոլ Պողոսյան) հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, արգելափակվել Մուշի բանտում։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թվականը գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում մղվող կռիվներին։ Այդ ընթացքում Սեբաստացի Մուրադի հետ հիմնադրել է «Մեկ հայը, մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։
1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի (Սրվանձտյան) հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ, ճնշել է 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը։
1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երկու հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։ Մահացել է Ամերիկայի միացյալ նահագների Նյու Յորք քաղաքում 1940 թվականի հուլիսի 31-ին 68 տարեկան հասակում։ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր Դետրոյթում՝ ՀՅԴ կուսակցության ակումբում[1], ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեպուհ (Արշակ) Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմագրութիւն Հայ յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք, նուիրւում է ՀՅԴ հիմնադրման 100 ամյակին), հատ. Բ., Գ., Աթէնք, 1991։
- Անդրանիկի յուշերը, Պէյրութ, 1935, 448 էջ։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ, Է, Երևան, 1991։
- Վահան Փափազեան, Իմ յուշերը, հատ. Ա., Պոսթըն, 1950, 600 էջ։
- Սեպուհ, Դրուագներ Սասունի կռիւներէն. դէպի Սասուն (Աւօյի պատմութիւնը), Կ. Պոլիս, 1910, 36 էջ։
- Սեպուհ, Իր կեանքը և յուշերը, գրի առաւ Ա. Միքայելեան, Հայրենիք՛՛ ամսագիր, Բոստոն, 1943, թիւ 4, էջ 83-88, թիւ 5, էջ 93-98, 1944, թիւ 1, էջ 93-96, թիւ 2, էջ 97-99, թիւ 3, էջ 76-80, թիւ 5, էջ 91-93։
- Ներսիսյան Աշոտ, Զորավար Սեպուհ, Երևան, 2006, 346 էջ։
- Ներսիսեան Աշոտ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. (1898-1908 թուականներ), Պէյրութ, 2008, 400 էջ։
- Վրացեան Սիմոն, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, 2-րդ հրատ., Պէյրութ, 1968, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 4-րդ հրատ., Երևան, 1993։
- Սեպուհ, Էջեր իմ յուշերէն, հատ. Ա., Պոսթըն, 1925, հատ. Բ.., Պոսթըն, 1929։
- Ներսիսյան Աշոտ, Զորավար Սեպուհ, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, 2014, 340 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր մեծերը. Սեպուհ - https://www.youtube.com/watch?v=SPrMNMQYHuU
- Ժամանակի վկան. Զորավար Սեպուհ - https://www.youtube.com/watch?v=hsRYv_Wjnco
- Աշոտ Ներսիսյան, Զորավար Սեպուհ, Երևան, 2014 - http://www.armin.am/images/menus/2004/Zoravar_Sepuh.pdf
|
- Եռաբլուր պանթեոնում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Բաբերդ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 31 մահեր
- 1940 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Հայ ֆիդայիներ
- Ֆիդայական կեղծանուններ
- Հայ ազատագրական շարժում
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում