Ավո Գյումուշխանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավո Գյումուշխանեցի (Ավետիս Պիզյան 1867 թվական, Օսմանյան կայսրություն, Գյումուշխանե քաղաք - 1917 թվական, քաղաք Տրապիզոն), հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, ՀՅԴ անդամ, հայ նշանավոր ֆիդայի:

Ավո Գյումուշխանեցի
Ավետիս Պիզյան
Դիմանկար
հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, հայ նշանավոր ֆիդայի
Ծնվել է1867 թվական
ԾննդավայրՕսմանյան կայսրություն, Գյումուշխանե քաղաք
Մահացել է1917 թվական
Մահվան վայրՕսմանյան կայսրություն, Տրապիզոն քաղաք
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
ԳործունեությունXIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ նշանավոր ֆիդայի
ԱմուսինԱլթուն Օհանյան
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թ. Գյումուշխանե քաղաքում։ Արհեստով կլայագործ էր, որ սովորել էր հորից։ 1890 թ. ծխախոտի մաքսանենգության պատճառով ծագած մի ընդհարման ժամանակ սպանում է թուրք պաշտոնյայի, որից հետո դառնում է փախստական։ Շատ չանցած միանում է Կայծակ Առաքելի (Տիգրան Աբաջյան) հայդուկային խմբին։ 1895 թ. Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կազմակերպած հայկական ջարդերից հետո Կայծակ Առաքելի հետ ծպտված անցնում է Բաքու։ 1899 թվականին Գյումուշխանեցի Ավոն ընդգրկվում է ՀՅԴ Արևելյան բյուրոյի և «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի որոշմամբ Խլաթի և Բիթլիսի շրջանում գործող Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) խումբը համալրելու նպատակով կազմավորված «Շանթ» մարտախմբի կազմում, Սեբաստացի Մուրադի (Մուրադ Խրիմյան) և Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հետ ընդգրկվում խմբի Զինվորական խորհրդի կազմում։ Խումբը 1899 թ. հոկտեմբերի 24-ին 83 հոգուց բաղկացած զինատար խումբը Կարսից Տարոն անցնելիս ռուս–թուրքական սահմանն անցնելուց հետո Ալաշկերտի Խաստուր գյուղում շրջապատվում է քրդական «Համիդիե» և թուրքական կանոնավոր զորքերի կողմից, սակայն հերոսական կռիվ մղելով` հայդուկներին հաջողվում է մի քանի զոհերի գնով դուրս գալ շրջապատումից և անհետանալ գիշերվա մթության մեջ` ծանր կորուստներ պատճառելով թշնամուն։

Խաստուրի կռվում «Շանթ» խումբն ունեցել է 15 զոհ (5 տասնապետ և 10 զինվոր)։ Թշնամու կորուստների թիվը հասել է 350–ից 400–ի։ Թեև հաղթանակը կատարյալ էր, բայց խումբն այլևս չէր կարող ճանապարհը շարունակել։ Խաստուրի կռվից հետո առաջացած աղմուկի պատճառով մարտախումբը հարկադրված իր հետ վերցնում է նաև Խաստուրի բնակիչների մի մասին և վերադառնում Կարս։

1900 թ. Բաքվից անցնում է Կարս։ 1902-1903 թթ. իր մասնակցությունն է բերում Արևմտյան Հայաստան զենք և զինամթերք փոխադրելու, մարտական և զինատար խմբեր կազմելու և Երկիր առաքելու աշխատանքին։ 1902 թվականին Գյումուշխանեցի Ավոն ընդգրկվում է Խանի ղեկավարած մեկ այլ «Շանթ» խմբում, որի նպատակն էր անցնել ռուս-թուրքական սահմանը, պատանդ վերցնել ճանապարհով անցնող որևէ նշանավոր եվրոպացու և փրկագին պահանջել` ՀՅԴ կարիքները հոգալու համար, սակայն, առատ ձյան և ձնամրրիկի պատճառով մարտախումբը կորցնում է ճանապարհը և վերադառնում Կարս։

Այնուհետև Գյումուշխանեցի Ավոն ընդգրկվում է Թորգոմի (Թուման Թումյանց) գլխավորած «Մրրիկ» ձիավոր խմբի կազմում և 1903 թ. մայիսին «Մրրիկ» խմբի հետ անցնում է Երկիր, հասնում Սասուն։ 1904 թ. մասնակցում է Սասունի ապստամբությանը, որի ընթացքում աչքի է ընկնում իր քաջագործություններով։ 1909 թ. Ավոն Տրապիզոնի ինքնապաշտպանության հանձնախմբի անդամ էր։ 1914 թ. Անդրանիկի հետ անցնում է Կովկաս, որպես հեծյալ խմբի պետ ընդգրկվում է վերջինիս գլխավորած հայկական առաջին կամավորական գնդի կազմում։ 1915 թ. ապրիլի 17-ին մասնակցելով Դիլմանի ճակատամարտին` Ավոն իր հեծելազորով և 100 կազակներով կռվով գրավում է Արաուլ լեռը։ 1916 թվականին ակտիվորեն մասնակցում է Սեբաստացի Մուրադի (Մուրադ Խրիմյան) հիմնած «Մեկ հայը մեկ ոսկի» ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի հավաքագրման աշխատանքին։ Ավոն 50 տարեկան հասակում հիվանդությունից մահացել է 1917 թվականին Տրապիզոնում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]