Հայերն Ինդոնեզիայում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայերն Ինդոնեզիայում հաստատվել են 17-րդ դարում. Ճավա կղզում այդ ժամանակ բնակվել է 2000 հայ։ 17-րդ դարում հայ համայնքի գոյության փաստը հաստատում է նաև Կոստանդ Ջուղայեցին «Առևտրական մատյան»-ում։ Հոլանդական Արևելա-հնդկական ընկերության 1656 թվականի արձանագրություններից մեկում հիշվում է Մակասարում բնակություն հաստատած Խոջա Սոլիմա հայ վաճառականը, իսկ 1747 թվականի մարտի 21 թվականի հրովարտակով հոլանդացիները ինդոնեզահայերին շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք։ Հայերը Ինդոնեզիա են գաղթել հիմնականում Նոր Ջուղայից և Հնդկաստանից (Մադրասից), աննշան թվով՝ բուն հայրենիքից։ Նրանք բնակություն են հաստատել Բատավիայում (այժմ՝ Ջակարտա), Սեմարանգում, Սուրաբայայում, Ջապարայում, Չերիբոնում, Թեգալում, Բանդունգում, Սուրակարտայում, Մակասարում։ Գլխավորապես զբաղվել են վաճառականությամբ, մասամբ՝ արհեստով։ Համայնքի ազգային կյանքն աշխուժացել է 19-րդ դարում։ 1831 թվականին կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1852 թվականին՝ Սբ. Հովհաննես եկեղեցին (1927 թվականից Սուրաբայայում գործում է Սբ. Գևորգ եկեղեցին, որը համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնն է)։ 1855 թվականին Բատավիայում, Գևորգ Մանուկ Մանուչարյանի կտակած գումարով նրա քույրերը բացել են «Մանուկ և Հարություն» երկսեռ դպրոցը (գիշերօթիկ բաժնով), որը փակվել է 1872 թվականին և վերաբացվել 1923 թվականին։ Ինդոնեզահայերի ներքին կյանքը (դպրոց, եկեղեցի, միություններ) կարգավորելու համար կազմվել է կանոնադրություն (27 կետից), որը «Սահմանադրություն և կարգավորություն ժողովըրդյան հայոց ի Ճավա» վերտառությամբ հաստատել է կառավարությունը 1880 թվականի հունվարի 6թվականին։ Կարիքավոր հայրենակիցներին (Ինդոնեզիայում և Նոր Ջուղայում) օգնելու, ինչպես նաև հայ մշակույթը սատարելու նպատակով ինդոնեզահայերը հիմնել են կազմակերպություններ. 1852 թվականին՝ «Հայկական միաբանություն», 1854 թվականին՝ «Գանձակ գրավոր աշխատանաց», որի նյութական օժանդակությամբ Նոր Ջուղայում, Կալկաթայում, Երուսաղեմում և այլուր տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, հիմնվել դպրոցներ, 1858 թվականին՝ «Գանձակ Ջուղայու տնանկացը» (ցայսօր շարունակում է իր գործունեությունը) և այլն։ 1917 թվականից գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը։ Ինդոնեզահայ համայնքը հայտնի է իր հայրենասիրական գործունեությամբ։ Երբ Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվեց (1828) ինդոնեզահայերից շատերը իրենց ծատայությունները առաջարկեցին, շատերն էլ որոշեցին վերադառնալ հայրենիք։ Ինդոնեզահայերը նյութապես աջակցում էին Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի ազգային ազատագրական շարժմանը։ Այդ նպատակով 1891 թվականին կազմակերպել են «Հայոց խրախուսական միությունը» (հիմնադիր՝ Օհաննես Քյուրքչյան)։ 1894 թվականին գումար են հանգանակել Սասունի աղետյալների, 1905-1906 թվականներին՝ Կովկասի հայ սովյալների համար։ 1915-1917 թվականին ինդոնեզահայերը միջոցներ չեն խնայել եղեռնից փրկված հայրենակիցներին օգնելու։ Փոքրաթիվ լինելով՝ ինդոնեզահայերը գրական և մշակութային աշխույժ կյանք չեն ունեցել. գործել են ճավա կղզու «Հայ կանանց բարեգործական միություն» թատերախումբը, «Հայկական ֆուտբոլի ակումբ»-ը (1900 թվականից), «Հայկական մարզական ակումբ»-ը (1922 թվականից), բեյսբոլի, ռեգբիի թիմեր և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ինդոնեզիայի հայերը դիտվել են որպես ֆաշիզմի թշնամիներ, և ճապոնացիները նրանց ընտանիքներով արգելափակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մի մասը սովի և համաճարակի զոհ է դարձել։ Պատերազմից հետո շատ հայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ։ Ներկայումս հայերի թիվը Ինդոնեզիայում անհայտ է, բնակվում են հատուկենտ հայեր (հիմնականում վաճառական ընկերությոնների տերեր կամ փայատերեր)։