Jump to content

Լատվիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի Հանրապետություն
Latvijas Republika
Latvejas Republika
Latvijas Republika
Լատվիայի դրոշ
Դրոշ
Լատվիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ 
«Աստված օրհնի Լատվիան»
Dievs, svētī Latviju!
Լատվիայի դիրքը
Լատվիայի դիրքը
Լատվիայի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Ռիգա
Լեզուներ լատիշերեն (պետական լեզու)
լիվերեն
լատգալերեն
Էթնիկ խմբեր (2024[1])
Կրոն (2022) Լատվիայի բնակչության կրոնական կազմ
Կառավարում ունիտար խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Էդգարս Ռինկևիչս
 -  Վարչապետ Էվիկա Սիլինյա
 -  Խորհրդարանի խոսնակ Դայգա Միերինյա
Անկախություն Գերմանիայից և Ռուսաստանից 
 -  Անկախության հռչակում[2] նոյեմբերի 18, 1918 
 -  Անկախության ճանաչում հունվարի 26, 1921 
 -  Սահմանադրության ընդունում նոյեմբերի 7, 1922 
 -  Վերաանկախացում և խորհրդային կարգերի տապալում օգոստոսի 21, 1991 
 -  ԵՄ անդամակցություն մայիսի 1, 2004 
 -  Ջրային (%) 2.09 (2015)[3]
Բնակչություն
 -  2022 նախահաշիվը 1,842,226  (146-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2023 գնահատում
 -  Ընդհանուր $76.550 մլրդ[4] (104-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $40,891[4] (51-րդ)
ՀՆԱ (անվանական) 2023 գնահատում
 -  Ընդհանուր $46.668 մլրդ[4] (96-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $24,929[4] (42-րդ)
Ջինի (2024) 35.7 
ՄՆԶԻ (2024) 0.879 (37-րդ)
Արժույթ Եվրո (€) (EUR)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .lvc
Հեռախոսային կոդ +371

Լատվիա (լատիշ․՝ Latvija), պաշտոնապես` Լատվիայի Հանրապետություն[5], պետություն Հյուսիսային Եվրոպայում, որն Էստոնիայի և Լիտվայի հետ միասին ձևավորում է Մերձբալթյան տարածաշրջանը։ Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևելքում՝ Բելառուսին, իսկ արևմուտքում տարածվում է Լատվիայի ծովային սահմանը Շվեդիայի հետ։ Լատվիան զբաղեցնում է 64,589 կմ քառակուսի տարածք՝ շուրջ 1,9 միլիոն բնակչությամբ։ Երկրին բնութագրական են բարեխառն սեզոնային կլիմայական պայմանները[6]։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռիգան է, որի պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Լատվիացիները կամ լատիշները պատկանում են բալթական էթնոլեզվաբանական խմբին և մեծապես խոսում են լատիշերեն լեզվով, որը հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող երկու բալթյան լեզուներից մեկն է։ Երկրի խոշորագույն ազգային փոքրամասնության համայնքը ձևավորում են ռուսները, որոնք կազմում են Հանրապետության բնակչության գրեթե մեկ քառորդը։

Դարեր շարունակված տևտոնական, շվեդական, լեհ-լիտվական և ռուսական տիրապետություններից հետո, որը գլխավորապես ուղեկցվել է բալթագերմանական արիստոկրատիայի կողմից երկրամասի կառավարմամբ, 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ Առաջին աշխարհամարտի հետևանքով Գերմանական կայսրությունից մասնատման արդյունքում, ձևավորվել է Լատվիայի անկախ հանրապետությունը[2]։ 1934 թվականի պետական հեղաշրջման արդյունքում երկրում հաստատվել է Կարլիս Ուլմանիսի դիկտատուրան[7]։ Լատվիայի անկախությունը փաստացիորեն ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնամասում՝ Լատվիայի ԽՍՀՄ կազմ բռնի ընդգրկմամբ, որին հաջորդել է 1941 թվականի գերմանական ներխուժումն ու նացիստական Գերմանիայի կողմից երկրի ամբողջական բռնազավթումը։ Լատվիան վերջնականապես կորցրել է իր անկախությունը 1944 թվականին, երբ խորհրդային վերանվաճման արդյունքում երկրում հաստատվել են խորհրդային և կոմունիստական կարգեր՝ ի դեմս Լատվիական ԽՍՀ-ի կազմավորման։ Սոցիալիստական հասարակարգն ու կոմունիստական վարչաձևը Լատվիայում պահպանվել է առաջիկա 45 տարիների ընթացքում։ Խորհրդային տիրապետության ժամանակահատվածում սկզբնավորված լայնածավալ ներգաղթի արդյունքում արմատապես փոխվել է Լատվիայի ժողովրդագրական պատկերը և էթնիկ ռուսները դարձել են երկրի խոշորագույն ազգային փոքրամասնությունը: Երգող հեղափոխությունը Մերձբալթիկայում սկզբնավորվել է 1987 թվականին և ավարտվել Լատվիայի, ինչպես նաև Լիտվայի և Էստոնիայի անկախության վերականգնմամբ՝ 1991 թվականի օգոստոսի 21-ին: Այդ ժամանակվանից ի վեր Լատվիան հանդիսանում է ժողովրդավարական ունիտար խորհրդարանական հանրապետություն:

Լատվիան զարգացած երկիր է՝ բարձր եկամուտ ունեցող, զարգացած տնտեսությամբ, որը 39-րդն է զբաղեցնում մարդկային ներուժի զարգացման միջազգային վարկանշային աղյուսակում: Այն Եվրամիության, Եվրագոտու, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, Բալթիկ ծովի պետությունների խորհրդի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Սկանդինավյան-Բալթյան ութնյակի, Հյուսիսային ներդրումային բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն և Առևտրի համաշխարհային կազմակերպություն լիիրավ անդամ է:

Անվան ծագում և ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի Լատվիացու «Ժամանակագրություն» աշխատությունից էջ։

«Լատվիա» («Latvija») երկրանունը ծագել է հնագույն հնդեվրոպական բալթյան չորս ցեղերից մեկի (կուրոնացիների, սելոնացիների և սեմիգալիացիների հետ միասին)՝ լատգալացիների անվանումից, որոնք ֆիննական լիվոնացիների հետ միասին կազմում են ժամանակակից լատիշների էթնիկ միջուկը[8]։ Հենրի Լատվիացին իր «Ժամանակագրություն» աշխատությունում (որտեղ նկարագրում է գերմանացի միջնադարյան ասպետների պայքարն ընդդեմ Յերսիկայի իշխան Վիսլավդիսի) առաջ է քաշել երկրի անվանման լատինականացված տարբերակները՝ «Lettigallia» և «Lethia», որոնք երկուսն էլ բխում են լատգալական ժառանգությունից։ Այս եզրույթներն ազդել են տարբեր ռոմանական լեզուներում երկրի անվան ժամանակակից ձևակերպման վրա՝ «Լետոնիայից» («Letonia») մինչև որոշ գերմանական լեզուներում շրջանառվող «Լետլանդ» («Lettland»)[9]։

«Լատվիա» բառը 17-րդ դարում առաջին անգամ օգտագործել է Վիլյանդա քահանա Դիոնիսիուս Ֆաբրիցիուսը՝ իր «Livonicae historiae compediosa series» տարեգրության մեջ։ Այն լայն տարածում է գտել Լիվոնիա և Կուրլանդիա նահանգներում ճորտատիրության վերացումից հետո, երբ ազգային ինքնությունը սկսել է ծաղկում ապրել լատվիալեզու գյուղացիության շրջանում։ Յուրիս Ալունանն առաջարկել է օգտագործել «Լատվա» անունը 1857 թվականին, այնուհետև, հարևան Լիտվայի անվանման հետ ունեցած նմանությամբ պայմանավորված առաջարկվել է ավելացնել «ija» վերջածանցը: Գերմանացիների ազդեցության տակ հայտնված լատիշները հաճախ նկատի ունենալով իրենց երկիրը օգտագործում էին «Բալթիկա» երկրանվանումը, որը բխում էր գերմաներեն «Baltenland» նեոլոգիզմից: «Լատվիա» տերմինը քաղաքական նշանակություն է ձեռք բերել 1905 թվականի հեղափոխության ժամանակ, այնուհետև արտասահմանյան պետություններում տարածում գտել լատիշ արտագաղթյալների ջանքերով։ Այն վերջնականապես ձևակերպվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում՝ լատվիական հրաձգային ստորաբաժանումների կազմավորման և անկախության համար պայքարի համատեքստում։

Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ՝ բալթիկ ցեղերի կողմից։ Այդ ցեղերը գլխավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։

Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին։ Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը, և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ։ Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918 թվականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական կարմիր բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին բարձր թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր՝ հեռու իրենց հայրենիքից։ Հետո երկիր է մտնում Նացիստական Գերմանիան և զանգվածային սպանդի ենթարկում Լատվիայում բնակվող հրեաներին։ Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը։ Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի օգոստոսի 24-ին ՌԽՖՍՀ-ը ընդունեց Լատվիայի Հանրապետության անկախությունը, իսկ հոկտեմբերի 4-ին Լատվիան և Ռուսաստանը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ 1991 թվականի սեպտեմբերի 6-ին ԽՍՀՄ-ը ճանաչեց Լատվիայի անկախությունը։

Լատվիան հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր 1991 թվականի սեպտեմբերի 17-ից սկսած։ Այն նաև հանդիսանում է ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԱՄՀ, ԱՀԿ,, Եվրոպայի խորհրդի և Բալթիկ ծովի պետությունների խորհրդի անդամ։ 1921-1940 թվականներին եղել է Ազգերի Լիգայի անդամ։

Լատվիան հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 160 երկրների հետ և ունի դեսպանատներ 35 երկրում։ 37 պետություն ունի դեսպանատում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 22-ին։

2011 թվականի նոյեմբերի 24-ին Արմեն Ղասաբօղլյանը նշանակվել է Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս։ 2012 թվականի մարտի 23-ին Արա Այվազյանը նշանակվել է Լատվիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ ք. Վիլնյուս)։

2013 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Լատվիան իր արտաքին քաղաքականության մեջ առավել կենտրոնացած է Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։ 2004 թվականի մարտի 29-ին այն անդամակցել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն տարվա մայիսի 1-ին դարձել է Եվրամիության անդամ։

2005 թվականի մայիսին և 2006 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի վեհաժողովների շրջանակներում Լատվիա է այցելել ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշը։

16 տարվա ընթացքում առաջին անգամ կայացել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի այցը Ռուսաստան 2010 թվականի դեկտեմբերի 19-22-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Social Statistics Department of Latvia. «Pastāvīgo iedzīvotāju etniskais sastāvs reģionos un republikas pilsētās gada sākumā». Արխիվացված օրիգինալից 28 September 2023-ին. Վերցված է 8 November 2021-ին.
  2. 2,0 2,1 Ģērmanis, Uldis (2007). Ojārs Kalniņš (ed.). The Latvian Saga (անգլերեն) (11th ed.). Riga: Atēna. էջ 268. ISBN 9789984342917.
  3. «Surface water and surface water change». Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD). Արխիվացված օրիգինալից 24 March 2021-ին. Վերցված է 11 October 2020-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «World Economic Outlook Database, October 2023 Edition. (Latvia)». IMF.org. International Monetary Fund. 10 October 2023. Արխիվացված օրիգինալից 3 November 2023-ին. Վերցված է 13 October 2023-ին.
  5. «Լատվիայի Հանրապետության Սահմանադրություն (Latvijas Republikas Satversme)». Likumi.lv (անգլերեն). Արխիվացված օրիգինալից ապրիլի 27, 2021-ին. Վերցված է հունիսի 20, 2024-ին.
  6. «Weather information in Latvia». www.travelsignposts.com. 14 March 2015. Արխիվացված օրիգինալից 2 April 2015-ին. Վերցված է 14 March 2015-ին.
  7. «History of Latvia 1918-1940». [Latvia.eu] (անգլերեն). 3 December 2015. Արխիվացված է օրիգինալից 8 June 2021-ին. Վերցված է 28 January 2021-ին.
  8. «Latvia in Brief» (PDF). Latvian Institute. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 November 2012-ին. Վերցված է 12 May 2011-ին.
  9. «Baltic Online». The University of Texas at Austin. Արխիվացված օրիգինալից 5 August 2011-ին. Վերցված է 12 May 2011-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 498