Լատվիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լատվիայի պատմություն, պատմական իրադարձություններ, որոնք կատարվել են ժամանակակից Լատվիայի տարածքում` սկսած այնտեղ մ. թ. ա. X—IX դարերում մարդկանց` բնակություն հաստատելուց մինչև մեր օրերը:

Նախապատմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 16.000 տարի առաջ ներկայիս Լատվիայի տարածքից սառույցը սկսել է հետ քաշվել, սակայն այստեղ առաջին անգամ մարդիկ բնակություն են հաստատել մոտ 11.000 տարի առաջ[1]: Նախամարդուն վեաբերող գտածոները վերաբերում են կունդայի մշակույթին, որի հիման վրա ձևավորվել է նարվայի մշակույթը[2]: Մ. թ. ա. 3-րդ հազարամյակում այս տարածք են ներթափանցել սանրավոր կերամիկայի ցեղախմբերը, որոնց լեզուն կրող հետնորդներն են համարվել լիվերը[3]: Հնդեվրոպական ցեղախմբերի գալուստը կապվում է մարտական կացինների մշակույթի ցեղերի հետ: Մ. թ. ա. 1-ին հազարամյակից ոչ ուշ այստեղ հաստատվել են գծավոր կերամիկայի մշակույթի բալթյան ցեղերը: Նրանց արդեն հայտնի էին անասնապահությունը, հողագործությունը, ցանքսը: Մոտավորապես նույն ժամանակ սկսել են կիրառվել աշխատանքի երկաթյա առաջին գործիքները: Մինչև 5-րդ դարը տարածում է ունեցել մարկեղային հողագործությունը:

Միջնադարյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

IX դարում լատգալների կացարանների վերականգնված տարբերակ, Արայշի

7-րդ դարում Լատվիայի արևմուտքում` Կուրզեմեում, հայտնվել են սկանդինավները[4]:

8-րդ դարում Լատվիայի տարածքի բնակիչները հողափոր տներից տեղափոխվում են փայտաշեն խրճիթներ, իսկ 10-րդ դարում տիրապետում են բրուտի անիվի տեխնոլոգիային: Արաբական դրամների` դիրհամների գտածոներն այս տարածքում (սկսած 9-րդ դարի երկրորդ կեսից) վկայում են առանձին երկրների հետ առևտրի ու տնտեսական կապերի զարգացման մասին[5]: Հռոմեական դրամներ Լատվիայի տարածքում հայտնվել են դեռևս մ. թ. 2-րդ դարում[6]:

Միջնադարյան ձեռագրերը վկայում են, որ Լատվիայի տարածքում ապրել են ֆիննական (լիվեր), բալթյան (կուրշի, զեմգալներ, սելեր, լատգալներ), ինչպես նաև սլավոնական ցեղեր[7]:

12-րդ դարում գոյություն են ունեցել պետական մի շարք կազմավորումներ` Մեժոնտե, Տերվետե, Երսիկա, Տալավա, Կոկնեսե և այլն: Սրանցից յուրաքանչյուրում եղել է առնվազն մեկ լավ պաշտպանված ամրոց:

11-12-րդ դարերում հին լատիշական հողերի վրա քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու պայքարի մեջ են մտել ռուսական իշխանությունները: Ժամանակակից Լատվիայի տարածքում այս շրջանում զգացվել է ռուսական քաղաքական ազդեցությունը: Այնպիսի ուժեղ իշխանություններ, ինչպիսիք են Երսիկայի ու Կոկնեսեի իշխանությունները, վասալային կախվածություն են ունեցել Պոլոցկու իշխանությունից: Լիվերը, ովքեր ապրել են Դվինայի գետաբերանի մոտ, նույնպես հարկ են վճարել Պոլոցկու իշխանությանը, իսկ Տալավան ու Ատզելեն հարկատու են եղել Պսկովի իշխանությանը: Նույն շրջանում հարաբերականորեն անկախ են եղել զեմգալների, կուրշիների իշխանները, չնայած կուրշիների որոշ իշխաններ հարկ են վճարել Շվեդիայի թագավորներին[8]:

12-րդ դարի երկրորդ կեսից արևելյան Լատվիայի տարածք են թափանցել ուղղափառ քրիստոնեության քարոզիչները, սակայն տեղի բնակչությունը դժվարությամբ է թողել հեթանոսական հավատը: Այս հարցում հաջողության են հասել գերմանացիները. խաչակրաց արշավանքների շրջանում Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները ուղևորվել են քրիստոնեություն տարածելու հյուսիսում բնակվող հեթանոսների շրջանում: 1185 թվականին հիմնվել է առաջին եպիսկոպոսությունը, իսկ 1201 թվականին Ալբերտ եպիսկոպոսի հրամանով հիմնադրվել է Ռիգան: 1198 թվականին Իննոկենտիոս III պապը հրովարտակ է հրատարակել մեձբալթյան հողերում խաչակրաց արշավանք սկսելու մասին:

Օրդենի շրջան (1202—1561)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ливонская Конфедерация 1260.png

12-րդ դարի վերջից 13-րդ դարի վերջը Լատվիան նվաճվել է Խաչակիրների օրդենի կողմից (1237 թվականից` Լիվոնիայի օրդեն)` դառնալով Լիվոնիայի մի մասը: Լիվոնիայի տարածքում կառուցվել են քարե ամրոցներ, որոնք նվաճողների կողմից օգտագործվել են որպես հենակետեր: Խաչակիրներն իրենց հետ բերել են կաթոլիկություն. այստեղ բնակություն հաստատած գերմանացիներից ձևավորվել են իշխող դասակարգերը (ազնվականություն ու հոգևորականություն), իսկ գերմանացիները դարձել են քաղաքային բնակչության հիմքը: Տեղի գյուղացիները մինչև 15-րդ դարը պահել են հարաբերական անկախությունը` հաճախ վարձակալվելով օրդենի ռազմական կառույցների համար, սակայն 16-րդ դարի վերջին բոլոր գյուղացիները դարձել են ճորտեր[9]:

Ռեչ Պոսպոլիտայի ու Շվեդիայի տիրապետության շրջան (1561—1721)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի մերձբալթյան նահանգները 17-րդ դարում

Լիվոնյան օրդենի թուլացման գործոններից մեկը դարձել է Ռեֆորմացիան: Օրդենը ենթարկվում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, սակայն նրա անդամների մեծ մասը գերմանացիներ էին, որոնք ոգևորվել էին իրենց հայրենակցի` Մարտին Լյութերի գաղափարախոսությամբ: Լիվոնիան անկում ապրեց Լիվոնյան պատերազմի արդյունքում, որ սկսվել էր ռուս արքա Իվան Ահեղի հարձակումով 1558 թվականին[1]:

Միաժամանակ Լեհաստանը իրեն հռչակում է որպես Հակառեֆորմացիայի կենտրոն: Իրեն լյութերականների պաշտպան է հռչակում Շվեդիայի արքան: Այդպիսով, Հակառեֆորմացիան Լատվիայում վերափոխվում է լեհա-շվեդական հակամարտության, որն իր գագաթնակետին է հասնում լեհ-շվեդական պատերազմների ժամանակ (1600—1629): Պատերազմի արդյունքում ժամանակակից Լատվիայի տարածքը բաժանվում է երկու երկրների միջև. Ռիգան ու Լիվոնիան ընկնում են շվեդական, իսկ Կուրլյանդիան ու Լատգալիան` Ռեչ Պոսպոլիտայի ազդեցության տակ:

Հակամարտության վերջը դրվում երրորդ ուժի` Ռուսական կայսրության հայտնվելով, որը Հյուսիսային պատերազմի ժամանակ 1710 թվականին Նիշտադտի հաշտության պայմանագրով իրավաբանորեն ամրապնդում է ներկայիս Լատվիայի մի մասի նկատմամբ իշխանությունը, որ պատկանում էր Շվեդիային (ներառյալ Ռիգան):

Ռուսական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1721 թվականի պայմանագրով ստանալով շվեդական Լիվոնիայի տարածքները (նրա մեջ մտնում էր ժամանակակից Լատվիայի հյուսիսային մասը և ժամանակակից Էստոնիայի հարավային մասը)` Ռուսական կայսրությունն այն ներառում է Ռիգայի նահանգի մեջ, ապա ստեղծում առանձին Լիֆլանդիայի նահանգ: 1772 թվականին Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանման ժամանակ Ռուսաստանին է միանում Լատգալիան, իսկ 1795 թվականին` Կուռլանդական դքսությունը:

Նապոլեոնի արշավանքների ժամանակ ֆրանսիական զորքերը ժամանակավորապես զավթում են Կուռլանդական դքսությունը, սակայն նրանց չի հաջողվում նվաճել Ռիգան: 1812 թվականի պատերազմից հետո Լատվիայի տարածքի մեծ մասում վերացվում են ճորտատիրական կարգերը:

19-րդ դարի երկրորդ կեսին տեղի է ունեցել մերձբալթյան հողերի ինդուստրացում: 1861 թվականին առաջին երկաթգիծն է անցկացվել Ռիգայի ու Դինաբուրգի միջև, որը հետագայում շարունակվել է մինչև Վիտեբսկ: 1862 թվականին հիմնվել է Ռիգայի պոլիտեխնիկումը: Ռիգան դարձել է արդյունաբերական կենտրոն, որտեղ կառուցվել են շատ գործարաններ: Սակայն տեղական էլիտայի գլուխը դեռևս կազմում էին գերմանացիները: Նույն ժամանակաշրջանում Եվրոպայում տարածվում է ռոմանտիկ ազգայնականության ալիքը, որը շոշափում է նաև Լատվիան: Ձևավորվում են երիտլատիշների խմբավորումներ: Գործարաններում ի հայտ են գալիս մարքսիստական խմբակներ:

Պայքար անկախության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի սեպտեմբերին գերմանական զորքերի կողմից զավթված Ռիգայում լատիշական քաղաքական կուսակցությունները ձևավորել են կոալիցիա` Ժողովրդավարական բլոկ: Դեկտեմբերի սկզբին Վալկայում լատվիական կազմակերպությունները վերջնականապես ձևավորել են Լատիշական ժամանակավոր ազգային խորհուրդը:

1917 թվականի դեկտեմբերի 24-ին (նոր տոմարով` 1918 թվականի հունվարի 6) գերմանական զորքերի կողմից չօկուպացված Լիֆլյանդիայում և Վիտեբսկի նահանգում հռչակվել են խորհրդային կարգեր (Իսկոլատա հանրապետություն), սակայն գերմանական զորքերը շուտով գրավում են Լատվիայի ամբողջ տարածքը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանական կայսրության կապիտուլյացիան 1918 թվականի նոյեմբերի 5-ին, բալթյան գերմանացիների ազնվական էլիտայի նախաձեռնությամբ օկուպացված տարածքներում հռչակվում է Բալթյան հերցոգությունը` Գերմանիայի հովանավորության տակ գտնվող պետություն[10]:

1918 թվականի նոյեմբերի 18-ին Ժողովրդական խորհուրդը, որը ներկայացնում էր լատվիական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, հռչակել է Լատվիայի անկախությունը: Ձևավորվել է ժամանակավոր կառավարություն` Կարլիս Ուլմանիսի ղեկավարությամբ:

1918 թվականի դեկտեմբերի 7-ին Մերձբալթիկայում Գերմանիայի լիազոր Ավգուստ Վիննիգը Լատվիայի տարածքը խորհրդային բանակից ներխուժումից պաշտպանելու նպատակով Կարլիս Ուլմանիսի կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերել բալթյան կամավորական ուժերը Լատվիայի հանրապետության զինված ուժեր հռչակելու մասին: Պայմանագրի համաձայն` այն պետք է բաղկացած լիներ լատիշական, գերմանական ու ռուսական դասակներից, ընդ որում լատիշները պետք է կազմեին 2/3 մասը (պայմանը, սակայն, չի կատարվել): Լատվիայի ժամանակավոր կառավարությունը գերմանացիների հետ գործարքի է գնացել, քանի որ այդ պահին միջոցներ չի ունեցել զենք գնելու, իսկ լատիշական փոքրաթիվ ջոկատներն ի զորու չէին կարմիր բանակի դեմ կռվելու:

1918 թվականի դեկտեմբերի 17-ին լույս է տեսնում Լատվիայի ժամանակավոր բանվորա-գյուղացիական կառավարության հռչակագիրը` խորհրդային կարգերի հաստաման մասին: Դեկտեմբերի 22-ին Լենինը ստորագրել է դեկրետ` «Լատվիայի խորհրդային հանրապետության անկախության ճանաչման մասին»: 1919 թվականի հունվարի 3-ին հանրապետության մայրաքաղաք Ռիգան գրավում են կարմիր բանակի զորքերը: Հռչակվում է Լատվիայի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը:

Գերմանական ղեկավարության կողմից բավարար աջակցություն չստանալով` Ուլմանիսի կառավարությունը սկսել է լատիշական ռազմական կազմավորումների ձևավորումը: 1919 թվականի հունվարի 5-ին կազմակերպվել է լատվիական առանձին զորագունդը` Օսկար կ Կալպակսի ղեկավարությամբ: Հարավային Էստոնիայում ստեղծվել են լատիշական խմբեր, որոնք ներառում էին մոտ 9.800 զինվոր և սպա. դրանք հետագայում միացել են Էստոնիայի զինված ուժերին հյուսիսլատվիական բրիգադի կազմում: Սրան զուգահեռ ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարարությունը լատիշական գնդերը սկսում է դուրս բերել լանդեսվերի կազմից:

1919 թվականի փետրվարի սկզբին կարմիր բանակը, որի կազմում եղել է նաև լատվիական նետաձիգների ջոկատը, գրավում է Լատվիայի տարածքի մեծ մասը` բացառությամբ նավահանգստային Լիեպայա քաղաքի շրջակայքի, որը շարունակում էր մնալ Կարլիս Ուլմանիսի վերահսկողության տակ: Այնտեղ էին կենտրոնացել նաև Ուլմանիսի կողմնակիցները:

1919 թվականի ապրիլի 16-ին Լիեպայայում լանդեսվերի գերմանական ջոկատները Ուլմանիսի կառավարությանը զրկեցին իշխանությունից, քանի որ այն համարում էին հակագերմանական: Մի քանի օրից Ուլմանիսի պաշտոնազուրկ կառավարությունը հեռանում է Տալլինից հատուկ ժամանած «Սարատով» նավով, որը Լիեպայայի նավահանգստում գտնվում էր անգլիական զինվորականների հսկողության տակ: Բրիտանական ու ֆրանսիական ռազմանավերի հսկողությամբ նավը դուրս է գալիս ծով` մոտ երկու ամիս այնտեղ անցկացնելով:

1919 թվականի ապրիլի 26-ին լանդեսվերի ղեկավարությունը Լատվիայի վարչապետ է նշանակում լյութերական հոգևորական Անդիևս Նիեդրային, ով ազգությամբ լատիշ էր և ճանաչում էր ձեռք բերել լատիշական թերթերում իր սուր հոդվածներով:

Մայիսի 22-ին լանդեսվերը, գերմանական Երկաթյա դիվիզիան և սպիտակ գվարդիականները Լիվենի իշխանի ղեկավարությամբ Ռիգան ազատագրում են կարմիր բանակից, և այնտեղ է տեղափոխվում Նիեդրայի կառավարությունը: Ռիգան գրավելուց հետո գերմանական ռազմական ու քաղաքական ղեկավարությունը փորձում էր Լատվիայւմ քաղաքական գերմանամետ նոր իշխանություն ձևավորել և զենքն ուղղում է էստոնական բանակի ու լատիշական ազգայնական զինված խմբերի դեմ, որոնց հսկողության տակ էր գտնվում Վիձեմեի հյուսիսը: Սակայն 1919 թվականի հունիսի 23-ին էստոնական բանակը և լատիշական գնդերը Ցեսիսի մոտ ջարդում են լանդեսվերի ու Երկաթյա դիվիզիայի ջոկատներին, որի արդյունքում հունիսի 29-ին Նիեդրայի գերմանամետ կառավարությունը ցրվում է, իսկ Նիեդրան ստիպված փախչում է արտասահման: 1919 թվականի հունիսի 27-ին Ուլմանիսի կառավարությունը վերսկսում է իր գործունեությունը Լիեպայայում:

Հուլիսի 2-ին Անտանտի ներկայացուցիչների մասնակցությամբ էստոնական բանակի և լատիշական ջոկատների կողմից Ռիգայի պաշտպանության ճեղքման արդյունքում հաշտության պայմանագիր է կնքվել, որի համաձայն 1919 թվականի հուլիսի 5-ին Երկաթյա դիվիզիայի վերջին հատվածները լքել են Ռիգան, իսկ լանդեսվերի ստորաբաժանումներն ընդգրկվել են լատվիական բանակի կազմում:

1919 թվականի սեպտեմբերին գերմանական կորպուսի նախկին ղեկավար կոմս Ռյուդիգեր ֆեն դեր Հոլցը ռևանշիստական ուժերի հետ Գերմանիայում գերիների համար նախատեսված ճամբարներում հավաքագրում է կատարում ռուս զինվորներից ու սպաներից` ձևավորելով Արևմտյան կամավորական բանակը և նրանց ուղարկելով Լատվիա գնդապետ Բերմոնդտ-Ավալովի ղեկավարությամբ: Արևմտյան բանակի կազմի մեջ ներառվել էին նաև Ռյուդիգեր ֆեն դեր Հոլցի ղեկավարած գերմանական զորացրված կորպուսի ստորաբաժանումները: Սեպտեմբերի 20-ին Բերմոնդտ-Ավալովը հայտարարել է Մերձբալթիկայում ամբողջությամբ իր իշխանության հաստատման մասին` հրաժարվելով ենթարկվել սպիտակ բանակի ուժերին` գեներալ Նիկոլայ Յուդենիչին: Արևմտյան կամավորական բանակը Անտանտի օդուժի աջակցությամբ 1919 թվականի նոյեմբերին ջախջախվում է լատվիական զորքերի կողմից, իսկ Բերմոնդտ-Ավալովը փախչում է Պրուսիա:

1920 թվականի սկզբին լատվիական ու լեհական բանակների համատեղ գրոհի արդյունքում կարմիր բանակը դուրս է շպրտվել Լատգալիայից: 1920 թվականի օգոստոսի 11-ին Լատվիայի կառավարությունը ՌԽՍՖՀ-ի հետ ստորագրել է հաշտության պայմանագիր, որով խորհրդային կառավարությունը աշխարհում առաջինը ճանաչել է Լատվիայի անկախ հանրապետության գոյությունը[11]: 1921 թվականի հունվարի 26-ին Լատվիայի անկախությունը Լիտվայի ու Էստոնիայի անկախության հետ պաշտոնապես ընդունել էին Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող երկրները, և Լատվիան մտել էր Ազգերի լիգայի մեջ:

Լատվիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի անկախության առաջին փուլը ձգվում է 1918 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 1940 թվականի հունիսի 17-ը: 1917 թվականին ձևավորվել են քաղաքական երկու ուժեր, որոնք պայքարում էին Լատվիայի անկախության համար` Լատիշական ժամանակավոր ազգային խորհուրդը և Ժողովրդավարական բլոկը: 1918 թվականի նոյեմբերի 17-ին այս կազմակերպությունները ստեղծել են Ազգային խորհուրդ, որն իր հերթին 1918 թվականի նոյեմբերի 18-ին հռչակել է Լատվիայի անկախությունը:

Սակայն Ազգային խորհրդի հիմնական նպատակը քաղաքական խորհրդատվության անցկացումն էր Սահմանադրական հավաքում: Ազգային խորհուրդը` որպես Լատվիայի իշխանության գերագույն մարմին, գործել է մինչև Հիմնադիր հավաքը (մայիսի 1, 1920):

Խորհրդարանական Հանրապետություն (1920—1934)[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի փետրվարի 7-ին «Valdības Vēstnesis» («Կառավարական լրատու») թերթում հրապարակվել են Հիմնադիր հավաքի կենտրոնական ու շրջանային ընտրական հանձնաժողովների կազմերը:

Հիմնադիր հավաքի ընտրությունները կայացել են 1920 թվականի ապրիլի 17-18-ին: Դրանց մասնակցել է ընտրողների 84.9 %-ը (677.084 ընտրող)[12]:

Հիմնադիր հավաքի առաջին նիստը կայացել է 1920 թվականի մայիսի 1-ին: Հավաքի նախագահի պաշտոնում առաջադրվել է իրավաբան Յանիս Չակստեն, ով հետագայում դարձել է Լատվիայի Հանրապետության նախագահը:

1920 թվականի մայիսի 5-ին Հիմնադիր հավաքը ստեղծել է պատգամավորական 26 հանձնաժողով: Հավաքը Սահմանադրությունն ընդունել է 1922 թվականի փետրվարի 15-ին: Դրանով հռչակվում էր, որ Լատվիան ազատ, անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, իսկ պետական կառուցվածքի ու միջազգային կարգավիճակի մասին (անկախությունից հրաժարում, այլ երկրին միացում) որոշում կարող է կայացնել միայն Լատվիայի ժողովուրդը հանրաքվեի միջոցով:

Նոր իշխանության առաջին խնդիրներից էին խոշոր հողային կալվածքների բաժանումը և անհող գյուղացիներին հողով ապահովելը: Արդեն 1920 թվականին Հիմնադիր հավաքը ստեղծել է հանձաժողով ագրարային բարեփոխում անցկացնելու նպատակով: Հողային կալվածքի առավելագույն չափ է սահմանվում 50 հա տարածքը, իսկ դրանից ավել բոլոր հողերը անվճար փոխանցվում էին հող չունեցողներին: Առանձին հատվածներ չէին կարող լինել 10 և 22 հեկտարներից ավել: Ռեֆորմը շարունակվել է մինչև 1937 թվականը և ընդհանուր առմամբ հաջողվել է` ապահովելով գյուղատնտեսության արագ զարգացում: Եթե 1920 թվականին հող չունեցողների թիվը 61.2 % էր, ապա 1930-ական թվականների կեսերին` արդեն 18 %: 1923 թվականին ցանքսային տարածությունների չափը հասել է մինչպատերազմյան տարիների ցուցանիշին:

Իր հերթին անտառների 84 %-ը դարձել է պետական սեփականություն, ինչը թույլ էր տալիս պետությանը վերահսկել փայտամշակման արդյունաբերությունը:

1922 թվականի հունիսի 9-ին օրենք է ընդունվել ընտրությունների մասին: Դրանով նախատեսվում էր ամեն երեք տարին մեկ կազմակերպել Սեյմի ընտրություններ: Ընտրական շեմը կուսակցությունների համար սահմանվել է 2.5 %: Արդյունքում սկսվել է քաղաքական կուսակցությունների, ուղղությունների գոյացման, միավորման ու անջատման ակտիվ գործընթաց, ինչն ուժեղացնում էր քաղաքական ներքին անկայունությունը և ստեղծում քաղաքական ճգնաժամ:

Ուլմանիսի ավտորիտար ռեժիմ (1934—1940)[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի մայիսի 15-ին Լատվիայի կառավարության ղեկավար Կարլիս Ուլմանիսը պետական հեղաշրջում է իրականացրել` հաստատելով ավտորիտար ռեժիմ: Նա ցրել է խորհրդարանը, պատգամավորների մի մասը ժամանակավորապես ձերբակալվել է, արգելվել է քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը: Նա սկսել է վարել վառ ընդգծված ազգայնական քաղաքականություն: Արագ կերպով կառուցվում էին նոր գործարաններ, աջակցություն էր ցուցաբերվում գյուղատնտեսությանը, ազգային մշակույթին, հանրապետական նշանակության հաստատություններ էին կառուցվում (Կեգումի հէկ, Կեմերի առողջարան)[13]: Կարլիս Ուլմանիսին ժողովրդի առաջնորդ էին համարում:

1939 թվականի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ն ու Գերմանիան ստորագրել են Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի` իրար վրա չհարձակվելու խորհրդա-գերմանական պայմանագիրը և գաղտնի փաստաթուղթ` Արևելյան Եվրոպայում տարածքային-քաղաքական վերաձևումների պարագայում ոլորտների սահմանափակման մասին: Գաղտնի փաստաթուղթը ներառում էր Լատվիայի ընդգրկումը ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակում: 1939-1941 թվականներին խորհրդա-գերմանական համաձայնություններով Գերմանիա է տեղափոխվել Լատվիայի տարածքում ապրող գերմանացիների մեծ մասը:

Բռնակցում ԽՍՀՄ-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային զորքերի մուտտքը Լատվիա` Ռիգա, հունիս, 1940

1940 թվականի հունիսի 15-ին ԽՍՀՄ-ը հարձակվել է լատվիական սահմանապահ երկու կետերի վրա` Մասլենկի և Շմայլի: Երրորդ հարձակումը` Ժուգուրիի ուղղությամբ, չեղարկվել է: Շմայլիում սահմանապահները չեն հասցրել որևէ դիմադրություն ցույց տալ. նրանք գերվել են և տարվել ԽՍՀՄ: Մասլենկիում սահմանապահները դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով մահացել են երեք զինվոր, երկու խաղաղ քաղաքացի: Այրվել է պահպանության շենքը, մի քանի մարդ գերվել է: Ընդհանուր առմամբ, մահացել է 5, գերվել 37 մարդ: Մահեր են գրանցվել և հարձակվող կողմում:

Հունիսի 16-ին` ժամը 14:00-ին, արտաքին գործերի խորհրդային կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը Լատվիայի դեսպան Ֆ. Կոցինշին է ներկայացրել ԽՍՀՄ կառավարության վերջնագիրը, որով պահանջվում էր Լատվիայի կառավարության հրաժարականը և խորհրդային զինված ուժերի մուտքը Լատվիա` ավելացնելով, որ եթե մինչև 23:00 ժամը պատասխան չլինի, ԽՍՀՄ զինված ուժերը կմտնեն Լատվիա և կճնշեն ցանկացած դիմադրություն:

Կարլիս Ուլմանիսը դիմել է Լատվիայում Գերմանիայի դեսպան Ուլրիխ ֆոն Կոցին` խնդրելով բացել Կլայպեդայի ճակատ բանակի իշխանությունն էվակուացնելու համար: Խնդրանքը մերժվել է: Բանակը ռազմական դիմադրություն ցույց տալու հրաման չի ստացել և անգործության է մատնվել: Նախարարների կաբինետը ևս ռազմական դիմադրությունը հետաձգել է, քանի որ կարծել է, որ այն արյունահեղության պատճառ կդառնա, սակայն չի փրկի Լատվիայի Հանրապետությունը:

Հունիսի 17-ին` ժամը 9:00-ին, Կարմիր բանակի ներկայացուցիչները գեներալ-գնդապետ Դ. Պավլովի ղեկավարությամբ Յոնիշկի երկաթուղային կայարանում հանդիպել են Լատվիայի բանակի ներկայացուցիչ Օտտո Ուդենտինյշի հետ: Ժամը 13:00-ին ստորագրվել է Լատվիայի կապիտուլյացիայի ակտը:

Չսպասելով Լատվիայի իշխանությունների պատասխանին և բանակի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքներին` ԽՍՀՄ զորքերը հատել են լատվիա-խորհրդային սահմանագիծը: Ժամը 22:15-ին նախագահ Ուլմանիսը ելույթ է ունեցել ռադիոյով` մարդկանց կոչ անելով մնալ իրենց տեղերում և դիմադրություն ցույց չտալ:

Օգոստոսի 5-ին ԽՍՀՄ իշխանությունները ստորագրել են հատուկ հրաման Լատվիան ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկելու մասին` Լատվիայի ԽՍՀ անունով:

Նացիստական բռնազավթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիս-հուլիսին Լատվիական ԽՍՀ-ի տարածքը բռնզավթվել է գերմանական զորքերի կողմից: Օկուպացիայի հենց առաջին օրերից տեղի է ունեցել Լատվիայի հրեական բնակչության և կոմունիստական ակտիվիստների զանգվածային ոչնչացում:

1941 թվականի սեպտեմբերի 1-ին Լատվիայի տարածքը ընդգրկվել է Օսթլանդի ռեյխկոմիսարիատի կազմի մեջ որպես Լատվիայի գլխավոր շրջան: Տեղացի կողմնակիցներից և էթնիկ գերմանացիներից (ֆոլքկսդոյչե) սկսվել է ձևավորվել քաղաքացիական օկուպացիոն վարչություն, աջակցող ոստիկանության և ռազմականացված զինված այլ բաժանմունքներ (երկաթուղային պահպանություն, գործարանային պահպանություն և այլն):

1943 թվականին գերմանական օկուպացիոն իշխանությունները սկսել են տեղի բնակիչներին մոբիլիզացնել ՍՍ-ի Լատիշական լեգեոնի մեջ: Լեգեոնի ստեղծումը Լատվիայում կատարվել է այն ժամանակ, երբ գերմանական զորքերն ընկալվում էին որպես ազատարարներ: Չնայած դրան` շատ լատիշներ ձևավորված պատմական հանգամանքներում լեգեոնի ստեղծումն ընդունելի էին համարում: Գերմանական որոշ փաստաթղթեր վառ կերպով ներկայացնում են լատիշական 15-րդ դիվիզիայի զինվորների տրամադրությունները: Դրանցից մեկում ասվում է. «Նրանք ցանանում են լատիշական ազգային կայուն պետություն: Լինելով ընտրության առաջ` Գերմանիա՞, թե՞ Ռուսաստան` նրանք ընտրում էին Գերմանիան..., քանի որ գերմանական տիրապետությունը նրանց թվում է չարյաց փոքրագույնը: Ռուսաստանի նկատմամբ ատելությունը խորացել է Լատվիայի բռնակցումից հետո: Նրանք Ռուսաստանի դեմ պայքարը ազգային պարտք են համարում»[14]:

1944 թվականի հոկտեմբերի 13-ին Կարմիր բանակի զորքերը մտել են Ռիգա:

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական օկուպացիայից ազատվելուց հետո Լատվիայի տարածքում վերստեղծվել են Լատվիայի ԽՍՀ-ի վարչական կառույցներ: Սկսվել է արտադրության ու ժողովրդական տնտեսության այլ ճյուղերի վերականգնումը: Խորհրդային բռնաճնշող մարմինների կողմից Լատվիայի ավելի քան 42.000 բնակչի` ՌԽՖՍՀ-ի առանձին հեռավոր շրջաններ արտաքսելուց հետո 1949 թվականին սկսել է զանգվածային կոլեկտիվացման գործընթաց[15]:

Ստեղծվել ու նորցավել են արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ: Շատ գործարաններ աշխատել են պաշտպանական գերատեսչության ներքո, կառուցվել են Ռիգայի ու Պլյավինսկի հէկերը, բարելավվել է ավտոճանապարհային համակարգը, զարգացել են զբոսաշրջային ենթակառուցվածքները. Յուրմալան դարձել է ԽՍՀՄ-ի ամենահայտնի առողջարաններից մեկը: Ստեղծվել է աշխատավորների արհեստական պակասուրդ, որը լրացվել է ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների բնակիչների հաշվին:

Խորհրդային Լատվիայի կուսակցական շատ գործիչներ ղեկավար պաշտոնների են անցել Մոսկվայում:

Անկախության վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Լատվիան դարձել է Եվրամիության անդամ, իսկ 2007 թվականին ստորագրել Լիսաբոնի պայմանագիրը:

Վերակառուցման հռչակման հենց սկզբում` 1987 թվականին, Մերձբալթիկայում սկսվել են զանգվածային ելույթներ: 1988 թվականին ձևավորվել են վերակառուցման առաջին շարժումները: Դրանցից խոշորագույնը` Լատվիայի ազգային ճակատը, աստիճանաբար իշխանության է գնացել 1989-1990 թվականներին[16]:

Լատվիայի ազգային ճակատին հակադրվել է Ինտերճակատը, որը հանդես էր գալլիս Լատվիայի` ԽՍՀՄ-ի կազմում մնալու օգտին, սակայն չուներ հանրային լայն աջակցություն[17]:

Լատվիայի ազգային ճակատը համագործակցել է Էստոնիայի ազգային ճակատի և Լիտվայի «Սայուդիս» շարժման հետ: 1989 թվականի օգոստոսի 23-ին բոլոր երեք շարժումները իրականացրել են համատեղ ակցիա` Բալթյան ճանապարհ, որը նվիրված էր Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի 50-ամյակին: Շղթան, որ կազմված էր իրար ձեռք բռնած մարդկանցից, ձգվել է Մերձբալթիկայի ողջ տարածքով` Տալլինի Հասակով Հերման աշտարակից մինչև Վիլնյուսի Գեդիմինի աշտարակ:

1990 թվականի մայիսի 4-ին Լատվիայի ԽՍՀ-ի նորընտիր գերագույն խորհուրդը ընդունել է Լատվիայի Հանրապետության անկախության հռչակագիրը: Միաժամանակ ստեղծվել է Լատվիայի Հանրապետության Քաղաքացիական կոնգրեսը, որի ընտրություններում, ի տարբերություն Գերագույն խորհրդի ընտրությունների, մասնակցել են մարդիկ, ովքեր Լատվիայի քաղաքացի են եղել մինչև Լատվիայի` ԽՍՀՄ-ին միանալը, և նրանց սերունդները: 1991 թվականի մարտի 3-ին կատարված հարցման արդյունքներով Լատվիայի բնակչության 74 %-ն արտահայտվել է պետականորեն անկախ ու ժողովրդավարական Լատվիայի Հանրապետության օգտին[18]:

Իրական անկախությունը վերականգնվել է 1991 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայում Արտակարգ դրության պետական կոմիտեի հեղաշրջման անհաջող փորձից հետո:

1991 թվականի սեպտեմբերի 6-ին Լատվիայի անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ պետական խորհուրդը: 1991 թվականի սեպտեմբերի 17-ին հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի անդամ:

Լատվիայի բնակիչները, ովքեր Լատվիայի քաղաքացի էին եղել մինչև հանրապետության` ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելը, և նրանց սերունդները Լատվիայի քաղաքացիություն են ընդունել 1991 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ` «Լատվիայի Հանրապետության քաղաքացիների իրավունքների վերականգնման ու նատուրալիզացիայի հիմնական պայմանների մասին»: Որոշման համաձայն` չեղյալ է համարվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` 1940 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը «Լատվիայի Հանրապետության քաղաքացիության ընդունման մասին», իսկ Լատվիայի քաղաքացի են հռչակվել այն մարդիկ, ովքեր Լատվիայի քաղաքացիություն են ունեցել 1940 թվականի հունիսի 17-ի դրությամբ, ու նրանց ժառանգները (երկրի բնակչության մոտ 2/3-ը): Արգելվել է երկքաղաքացիությունը: 1992 թվականի հոկտեմբերին ընդունվել է Գերագույն խորհրդի որոշումը «Լատվիայի քաղաքացիների իրավունքների ճանաչման մասին»: ԽՍՀՄ քաղաքացիները, ովքեր Լատվիա են տեղափոխվել հանրապետության` ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվելու ժամանակ, ստացել են ոչ քաղաքացու կարգավիճակ, ինչը նրանց զրկել է քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքից:

1991 թվականի աշնանը սկսվել է ապապետականացման գործընթացը. անշարժ գույքը վերադարձվել է նախկին սեփականատերերին, որի արդյունքում Լատվիայի 220.000 բնակիչներ կորցրել են «իրենց» բնակարաններում վարձակալությամբ ապրելու իրավունքը:

1994 թվականի օգոստոսի 31-ին ավարտվել է ռուսական զորքերի դուրսբերումը Լատվիայից:

1995 թվականի փետրվարի 10-ին Լատվիան դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ:

1999 թվականի փետրվարի 10-ին Լատվիան դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի 19 անդամ-երկրներ իրենց համաձայնությունն են տվել Լատվիայի մուտքին կազմակերպություն, նույն թվականի մայիսին հանրապետությունը մտել է Եվրամիության կազմի մեջ:

2007 թվականի դեկտեմբերի 21-ին Լատվիան մտել է կազմի մեջ, իսկ 2008 թվականի մարտի 30-ից ամբողջությամբ կիրառել Շենգենյան համաձայնության դրույթները: 2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան դարձել է Եվրագոտու 18-րդ անդամը:

2015 թվականի առաջին կիսամյակին Լատվիան նախագահել է Եվրամիության խորհուրդը:

2016 թվականի հունիսի 2-ին Լատվիան դարձել է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության 35-րդ անդամը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]