Լատվիայի Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի Սահմանադրություն
լատիշ․՝ Latvijas Republikas Satversme
Լատվիայի 1922 թվականի Սահմանադրությունը լատվիական Valdības Vēstnesī թերթում
Տարածքային իրավասությունԼատվիա
Լեզուլատիշերեն
Կայքսահմանադրություն և օրենսդրական ակտ

Լատվիայի Սահմանադրություն կամ Սատվերսմե ( լատիշ․՝ Satversme, լիվ.՝ Pūojpandõks)[1] Լատվիայի Հանրապետության հիմնարար օրենք։ Սատվերսմեն Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի ամենահին սահմանադրությունն է, որը դեռ վավեր է և վեցերորդ ամենահին դեռևս գործող հանրապետական հիմնական օրենքն է աշխարհում[2]։ Այն ընդունվել է, ինչպես նշված է տեքստում, Լատվիայի ժողովրդի կողմից, որը ներկայացվել է Լատվիայի Սահմանադրական ժողովում, 1922 թվականի փետրվարի 15-ին և ուժի մեջ է մտել 1922 թվականի նոյեմբերի 7-ին։

Լատվիայի Սահմանադրության վրա մեծապես ազդել են Գերմանիայի Վայմարի Սահմանադրության և Շվեյցարիայի Դաշնային Սահմանադրության գաղափարները։ Սահմանադրությունը սահմանում է կառավարման հիմնական մարմինները ( Սեյմ, երկրի նախագահ, Նախարարների կաբինետ, դատարաններ, պետական աուդիտոր), այն բաղկացած է 116 հոդվածներից, որոնք դասավորված են ութ գլուխներով։

Թեև սկզբնական տեքստը բաղկացած է եղել երկու մասից, երկրորդ մասը, որը կարգավորում էր քաղաքացիների իրավունքները, ազատությունները և պարտականությունները, չի ընդունվել ընդամենը մի քանի ձայնի պակասով։ Մարդու հիմնարար իրավունքների մասին գլուխն ավելացվել է միայն 1998 թվականին սահմանադրական ուղղումով։

Լատվիայի վարչապետ Կարլիս Ուլմանիսի կողմից 1934 թվականին Լատվիայի պետական հեղաշրջումից հետո Սատվերսմեն կասեցվել է, և կառավարությունը ստանձնել է Սեյմի օրենսդրական գործառույթները։ Այս իրավիճակը շարունակվել է մինչև 1940 թվականի հունիսի 17-ը, երբ Խորհրդային Միությունն օկուպացրել է Լատվիան, կործանել գոյություն ունեցող ռեժիմը և օգոստոսի 5-ին Լատվիական ԽՍՀ-ն միացրել ԽՍՀՄ-ին։ Այնուհետև ընդունվել է խորհրդային կարգի նոր սահմանադրություն։

1990 թվականի մայիսի 4-ին Լատվիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր Լատվիայի Հանրապետության անկախության վերականգնման մասին, որով 1940 թվականին Լատվիայի սովետական բռնակցումն անօրինական է հայտարարվել (քանի որ միացումն արվել է անտեսելով Սատվերսմեն), հետևաբար՝ Սատվերսմեն և Լատվիայի Հանրապետությունը դեռ գոյություն ուներ դե յուրե։ Հռչակագրով այդ ժամանակ վերականգնվել են միայն Սատվերսմեի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները. Սահմանադրությունն ամբողջությամբ վերականգնվել է միայն 5-րդ Սեյմի առաջին ժողովում, 1993 թվականին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիերենում satversme-ը պաշտոնապես օգտագործվում է «սահմանադրություն» բառի փոխարեն ( konstitūcija ), մինչդեռ առօրյա խոսակցականում հաճախ օգտագործվում է «konstitūcija»: Բառը հորինել է Ատիս Կրոնվալդսը՝ 19-րդ դարում Լատվիայի Առաջին ազգային զարթոնքի առաջնորդներից մեկը։ Շարժումը փորձել է խթանել լատվիական մշակույթը բալթյան գերմանացիների դարավոր ազդեցությունից հետո և խրախուսել լատվիերենի օգտագործումը։ Կրոնվալդսը և նրա համախոհ ստեղծել և ներմուծել են բազմաթիվ նոր բառեր և տերմիններ` գերմանական փոխառությունները լատվիերենով փոխարինելու և լատվիերենն արդիականացնելու նպատակով։

«Սատվերսմե» (Satversme) տերմինը նա ստացել է -տվերտ- («բռնել») արմատից՝ այն միացնելով «սա-» նախածանցի հետ, որից ստացվում է սատվերտ- (satvert- ըմբռնել) բառը՝ ավելացնելով -սմ- (-sm-) վերջածանցը և իգական սեռի բառափոխ վերջավորությունը «-e»՝ ստեղծելով բառ, որն իր իմաստով նման է «բռնելու հարամարանք» կամ տեր՝ ցույց տալու համար, թե ինչպես է սահմանադրությունը միավորում մնացած բոլոր օրենքները[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը մշակվել է Լատվիայի սահմանադրական ասամբլեայի կողմից ( Satversmes sapulce ), որը բաղկացած է եղել 150 անդամից (հետագայում՝ 152), որոնք ընտրվել են 1920 թվականի ապրիլին համընդհանուր ընտրություններում։ Նախնական տեքստը մշակվել է սահմանադրական հանձնաժողովի կողմից ( Satversmes komisija ) և բաղկացած է եղել երկու մասից։ Այն կրել է Վայմարյան Սահմանադրության և Շվեյցարիայի դաշնային սահմանադրության գաղափարների ազդեցությունը[4]։ Առաջինը կարգավորում էր պետության ինստիտուտները, երկրորդը՝ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։

Կոմիտեն իր աշխատանքը ներկայացրել է 1921 թվականի սեպտեմբերի 20-ին։ Օրինագծի առաջին մասն ընդունվել է 1922 թվականի փետրվարի 15-ին, իսկ երկրորդ մասը՝ 1922 թվականի ապրիլի 5-ին. ստացել է 62 «կողմ», 6 «դեմ» և 62 ձեռնպահ ձայն, որոնք հաշվվել են որպես «ոչ» և, հետևաբար, չի ընդունվել, հիմնականում այն պատճառով, որ Լատգալիայի կուսակցությունները դեմ են եղել[5]։ 1922 թվականի հունիսի 20-ին ընդունվել է օրենք, որով նոր սահմանադրությունն ուժի մեջ է մտնելու 1922 թվականի նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 12-ին[6][7]։

1934 թվականի մայիսի 15-ին Լատվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջում Կարլիս Ուլմանիսիգլխավորությամբ. Ուլմանիսի կաբինետն ընդունել է հռչակագիր, որով խորհրդարանի գործառույթները վերապահվել են Լատվիայի Նախարարների կաբինետին` մինչև նոր սահմանադրության մշակումը, ինչը երբեք տեղի չի ունեցել[8]։

1940 թվականին, երբ Խորհրդային Միության օկուպացիոն զորքերի կողմից ստեղծվել է Լատվիական ԽՍՀ, ընտրվել է «Լատվիայի ժողովրդական Սեյմ» կոչվող խորհրդարանը։ Այս խորհրդարանի և նրա որոշումների օրինականությունը կասկածի տակ է դրվել. Խորհուրդները համարել են, որ սահմանադրությունը չեղյալ է հայտարարվել Ուլմանիսի պետական հեղաշրջմամբ, այդ պատճառով էլ նորընտիր Ժողովրդական Սեյմն այն երբեք պաշտոնապես չեղյալ չի հայտարարել[9]։ Այնուամենայնիվ, լատվիացի իրավաբաններն ու պատմաբանները նշում են, որ սահմանադրությունը շարունակել է ուժի մեջ մնալ, քանի որ Ուլմանիսի հռչակագիրն ընդամենը Նախարարների կաբինետին վերապահել է Սեյմի գործառույթները, բայց չի չեղարկել սահմանադրության որևէ մասը, և որ Ժողովրդական Սեյմն ընտրվել է օրենքին համաձայն։ Ռուսաստանի ԽՖՍՀ սահմանադրությունը չի համապատասխանել Լատվիայի սահմանադրությանը, և, հետևաբար, նա չէր կարող ունենալ օրենսդրական օրինական իրավունք, իսկ հայտարարելով Խորհրդային Միությանն անդամակցելու մասին, խախտել է Լատվիայի Սահմանադրության առաջին հոդվածը[7][8]։

ԽՍՀՄ-ին միանալու մասին հայտարարելուց հետո Ժողովրդական Սեյմը 1936 թվականի Խորհրդային Սահմանադրության հիման վրա մշակել է ԼԽՍՀ Սահմանադրությունը։ Այն ընդունվել է մեկ ամիս անց՝ 1940 թվականի օգոստոսի 25-ին։ 1978 թվականի ապրիլի 18-ին ԽՍՀՄ կառավարությունն ընդունել է 1977 թվականի Խորհրդային Սահմանադրության օրինակով նոր սահմանադրություն[9]։

1990 թվականի մայիսի 4-ին Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակել է Լատվիայի անկախության վերականգնման մասին և ընդունել է 1922 թվականի սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները։ Սահմանադրության մնացած մասը մնացել է սառեցված, մինչև այն վերանայվել է՝ համապատասխանեցնելով ժամանակակից իրավիճակին[10]։

Սահմանադրությունն ամբողջովին հաստավել է 5-րդ Սեյմի կողմից 1993 թվականի հուլիսի 6-ին[11]՝ համաձայն «Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի Աշխատանքի կազմակերպման մասին» օրենքի 14 հոդվածի[4][12]։ 1992 թվականին հարևան Էստոնիան քվեարկել է Էստոնիայի նոր Սահմանադրության համար, ինչպես և Լիտվան` Լիտվայի նոր Սահմանադրության համար, քանի որ նրանց նախապատերազմական սահմանադրությունները գրվել և փոփոխվել էին այդ երկրների ավտորիտար ռեժիմների ժամանակ, մինչդեռ Ուլմանիսի ռեժիմը ոչինչ չէր փոխել 1922 թվականի դեմոկրատական Սատվերսմեում։

Ծագումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի սահմանադրական ասամբլեայի բացումը 1920 թվականի մայիսի 1-ին

Լատվիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջին երկրներից մեկն է, որը որոշ գաղափարներ է ընդունել Վայմարյան 1919 թվականի սահմանադրությունից։

Վայմարյան Ազգային ժողովի ընդունած սահմանադրության նախագծի հեղինակը համարվում է գերմանացի լիբերալ իրավաբան Հյուգո Պրեյսը[13]։ Պատմաբան Ուիլյամ Լ Շիրերը Վայմարյան սահմանադրությունը որակել է որպես «քսաներորդ դարի իր տեսակի մեջ ամենաազատական և ժողովրդավարական փաստաթուղթը, որը երբևէ տեսել է... լի հանճարեղ և հնարամիտ միջոցներով, որոնք կարծես երաշխավորում էին գրեթե անթերի դեմոկրատիայի աշխատանքը»[14]։ Լատվիայում որոշ վաղ իրավունքի փորձագետներ, ինչպիսիք են Կառլիս Դիշլերսը, Ֆելիքս Ցիելենսը, ինչպես նաև ժամանակակից իրավաբանները համաձայն են, որ Վայմարյան Սահմանադրությունը ընկած է Լատվիայի Սահմանադրության (Satversme) ձևակերպման հիմքում, և որոշ առումով Վայմարյան Սահմանադրության և Միացյալ Թագավորությունում օգտագործվող Վեստմինստերյան համակարգի սինթեզ է[15][16]։

Վայմարյան Սահմանադրության հետ զուգահեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վայմարյան Հանրապետության և Լատվիայի Հանրապետության «պետական սոցիալական ինստիտուտների» ստեղծում, որը սկսվել է նախախորհրդարանի ստեղծմամբ.
    • Գերմանիայում Ժողովրդական պատգամավորների խորհուրդ
    • Լատվիայում՝ Լատվիայի ժողովրդական խորհուրդ։
  • Ընտրական օրենքի ընդունում.
    • Գերմանիայում` «Ժողովրդական պատգամավորների խորհրդի 1918 թվականի նոյեմբերի 29-ի օրենքը Ազգային ժողովի ընտրությունների մասին»
    • Լատվիայում` «Ժողովրդական խորհրդի 1919 թվականի օգոստոսի 19-ի օրենքը Սահմանադրական ժողովի ընտրությունների մասին»
  • Կառավարական ինստիտուտի ստեղծում, որի անդամներն ընտրվում են այն մարդկանց կողմից, որոնց նպատակը սահմանադրության մշակումն է.
    • Գերմանիայում դա եղել է Վայմարյան Ազգային ժողովը, որը գումարվել է 1919 թվականի փետրվարի 6-ին
    • Լատվիայում` Սահմանադրական ասամբլեան, որը գումարվել է 1920 թվականի մայիսի 1-ին։
  • Լատվիան, ինչպես և Վայմարյան Հանրապետությունը, ընդունել է ժամանակավոր սահմանադրական օրենքներ, որպեսզի կարգավորեն հարաբերությունները պետության մեջ մինչև սահմանադրության ընդունումը.
    • Վայմարյան Հանրապետությունում «Օրենք ժամանակավոր պետական իշխանության մասին» ( Das Gesetz über die vorläufige Staatsgewalt )
    • Լատվիայում՝ «Լատվիայի պետության մասին հռչակագիր» և «Լատվիայի պետության դրույթներ»,
  • Սահմանադրության մշակման գործընթացում ստեղծվել է հատուկ հանձնաժողով.
    • Գերմանիայում՝ «Ազգային ժողովի սահմանադրական հանձնաժողով» ( Verfassungskommission )
    • Լատվիայում՝ «Սահմանադրական ժողովի սահմանադրական հանձնաժողով»։
  • Սոցիալ-դեմոկրատները լայնորեն ներկայացված են եղել ինչպես Վայմարյան Ազգային ժողովում, այնպես էլ Լատվիայի Սահմանադրական ժողովում։ «Լատվիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը» սերտ կապերի մեջ է եղել Գերմանիայի հետ, ինչը հեշտացրել է նորաստեղծ Վայմարյան Հանրապետության հետ գաղափարների հասանելիությունը և տեղեկատվության փոխանակումը։ Այդ մասին երբեմն վկայում են Սահմանադրության մշակման գործընթացում սոցիալ-դեմոկրատների շատ նմանատիպ փաստարկները
    • «Գերմանիայի Անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» զգուշացրել է, որ նախագահին չպետք է տալ անսահմանափակ լիազորություններ, քանի որ նախագահը ընկալվում էր որպես մի տեսակ` «կայզերին փոխարինող»
    • Լատվիայում լատվիացի սոցիալ-դեմոկրատները պնդել են, որ նախագահը գաղափարապես միապետի ժառանգորդն է։

Լատվիայի Սահմանադրության մշակման ժամանակ Վայմարյան Սահմանադրությունը սահմանադրական վերահսկողության ամենաժամանակակից և առաջադեմ համակարգն է եղել այդ ժամանակ։ Վայմարյան Սահմանադրություն ընտրած Գերմանիայի հանրապետական համակարգը համապատասխանել է նաև Լատվիայի ազգային և պետական գաղափարներին։ Լատվիայի տարածքում Գերմանիայի պատմական ազդեցությունը` հանձինս բալթյան գերմանացիների, ինչպես նաև իրավական ազդեցությունը, որը զգալի է եղել լատվիացի ժողովրդի իրավական գիտակցության մեջ, թույլ են տվել վերցնել Վայմարյան Սահմանադրության նորմերը ոչ միայն ֆորմալ` իրավական առումով, այլև կանխատեսել բնակչության և հասարակության լայն շրջաններում դրանց կարգավորումը։ Գերմաներենը, լինելով Լատվիայի Սահմանադրական ասամբլեայի աշխատանքային լեզուներից մեկը և որպես այդ վայրում և ժամանակին լայնորեն հայտնի լեզու, նպաստել է Վայմարյան Սահմանադրության ընտրությանը որպես Լատվիայի Սահմանադրության համակարգ։

Ըստ Սահմանադրական ժողովի նիստերի սղագրությունների՝ Սահմանադրական ժողովի պատգամավորները երբեմն Սատվերսմեն վկայակոչել են որպես Վայմարյան Սահմանադրության ածանցյալ, հատկապես Սատվերսմեի II մասի նախագիծը։ Համեմատելով Վայմարյան Սահմանադրությունը և 1922 թվականին ընդունված Լատվիայի Սահմանադրությունը, կարելի է նկատել, որ Սահմանադրությունը չի պարունակում մարդու հիմնարար իրավունքներ։ Միևնույն ժամանակ, Սատվերսմեի II մասը չընդունելը Վայմարյան Սահմանադրության մոդելից դիտավորյալ հրաժարում չի եղել. այն չընդունելու պատճառը խմբային իրավունքների բովանդակության շուրջ քաղաքական վեճն էր։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի Սահմանադրության` Սատվերսմե 90-ամյակի հրատարակություն լատգալերեն, լիվոներեն և այլ լեզուներով հրատարակություններով

Լատվիայի Սահմանադրությունը կոդավորված սահմանադրություն է և ներկայումս բաղկացած է 116 հոդվածից, որոնք դասավորված են ութ գլուխներով[17].

  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ (հոդվածներ 1-4)
  • Գլուխ 2. Սեյմը (հոդվածներ 5-34)
  • Գլուխ 3. Նախագահը (35-54-րդ հոդվածներ)
  • Գլուխ 4. Կաբինետը (հոդվածներ 55-63)
  • Գլուխ 5. Օրենսդրություն (64-81 հոդվածներ)
  • Գլուխ 6. Դատարաններ (82-86 հոդվածներ)
  • Գլուխ 7. Պետական աուդիտի գրասենյակը (87-88 հոդվածներ)
  • Գլուխ 8. Մարդու հիմնարար իրավունքներ (89-116 հոդվածներ)

Այսպիսով, սահմանադրությունը սահմանում է հինգ կառավարական մարմիններ՝ Սեյմ, Նախագահ, Կառավարություն, Դատարաններ և Պետական Վերահսկիչ Գերատեսչություն։

Հիմնական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության վերականգնումից հետո առաջինն ընդունվել են 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածները, որոնք սահմանում են պետության քաղաքական համակարգի իրավական հիմքը։ Այս հոդվածները, 4-րդ և 77-րդ հոդվածների հետ մեկտեղ, կարող են փոփոխվել միայն համապետական հանրաքվեի ներկայացնելու դեպքում.

1. «Լատվիան անկախ ժողովրդավարական հանրապետություն է։»

2. «Լատվիայի պետության ինքնիշխան իշխանությունը վերապահված է Լատվիայի ժողովրդին»

3. «Լատվիայի Պետության տարածքը, միջազգային պայմանագրերով սահմանված սահմաններում, բաղկացած է Վիձեմեյից, Լատգալիայից, Կուրզեմեից և Զեմգալեից»:

4. «Լատվիերեն լեզուն Լատվիայի Հանրապետության պաշտոնական լեզուն է։ Լատվիայի ազգային դրոշը պետք է լինի կարմիր՝ սպիտակ շերտով։»

6. «Սեյմն ընտրվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրություններով և գաղտնի քվեարկությամբ՝ համամասնական ընտրակարգով»:

77. «Եթե Սեյմը փոփոխություններ է կատարել Սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ կամ յոթանասունյոթերորդ հոդվածներում, ապա այդպիսի փոփոխությունները, որպես օրենք ուժի մեջ մտնելու համար, պետք է ներկայացվեն համապետական հանրաքվեի»[18]։

Սեյմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի Սեյմի խորհրդարանը բաղկացած է 100 անդամից, որոնք սահմանադրությամբ նշանակված են որպես ժողովրդի ներկայացուցիչներ։ Այն ընտրվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրություններով՝ չորս տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ՝ յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողների համամասնական ընտրակարգով։ Սահմանադրությունն ընդհանուր առմամբ նկարագրում է, թե ինչպես պետք է աշխատի Սեյմը՝ նշելով, որ Սեյմը պետք է նաև կանոնակարգեր սահմանի՝ իր ներքին գործառնություններն ու կարգուկանոնը կարգավորելու համար[17]։

Գործադիր մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր իշխանությունը վերապահված է Լատվիայի նախագահին և նախարարների կաբինետին։ Նախագահը, սակայն, քաղաքականապես պատասխանատու չէ իր պարտականությունների կատարման համար, և նրա բոլոր հրամանները պետք է ստորագրվեն վարչապետի կամ համապատասխան նախարարի կողմից, որն այդպիսով պատասխանատու է դառնում այս հրամանի համար։ Այս կանոնից երկու բացառություն կա. նախագահը կարող է Սեյմը ցրելու մասին ինքնուրույն որոշում կայացնել, և երբ նոր կառավարություն ձևավորվի, նոր վարչապետի ընտրությունը նրա գործն է։ Կառավարության կաբինետը ձևավորում է վարչապետը[17]։

Դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը սահմանում է շրջանային (քաղաքային) դատարաններ, Շրջանային դատարաններ, Գերագույն դատարան և Սահմանադրական դատարան, և սահմանում է, որ պատերազմի կամ արտակարգ դրության դեպքում կարող են ստեղծվել նաև զինվորական դատարաններ։ Դատավորները պետք է նշանակվեն Սեյմի կողմից, և այս որոշումն անշրջելի է, Սեյմը կարող է ստիպողաբար դատավորին պաշտոնանկ անել միայն Դատական կարգապահական խորհրդի որոշմամբ կամ քրեական գործով դատարանի վճռով[17]։

Օրենսդրիր մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության համաձայն՝ օրենսդրական իշխանությունը տրվում է Սեյմին։ Օրենքների նախագծերը Սեյմը կարող է ներկայացվել Սեյմիի նախագահի, կաբինետի կամ կոմիտեների կողմից, հինգից ավելի պատգամավորների կամ ընտրողների մեկ տասներորդի կողմից, եթե դրա համար սահմանված դրույթները պահպանվում են Սահմանադրությամբ։ Օրենքներն ընդունում է Սեյմը և հռչակում է Նախագահը[17]։

Պետական աուդիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի Հանրապետության պետական աուդիտի գրասենյակն անկախ կոլեգիալ բարձրագույն աուդիտորական հաստատություն է, որը պետության ֆինանսական վերահսկողության համակարգի հիմնական տարրն է, որը ծառայում է հանրային շահերին՝ տրամադրելով անկախ երաշխիք կենտրոնական և տեղական կառավարման ռեսուրսների արդյունավետ և օգտակար օգտագործման վերաբերյալ[17]։

Սահմանադրությունը սահմանում է «Լատվիայի Հանրապետության պետական աուդիտի գրասենյակը» որպես անկախ կոլեգիալ հաստատություն և նկարագրում է Գլխավոր աուդիտորների նշանակման գործընթացը. ընթացակարգը, ըստ էության, նույնն է, ինչ դատավորներին նշանակելիս, բացառությամբ, որ գլխավոր աուդիտորն ունի լիազորությունների որոշակի ժամկետ[17]։ Պետական աուդիտի գրասենյակը վերահսկում է, թե ինչպես են օգտագործվում պետական ֆինանսական միջոցները[19]։

Մարդու հիմնարար իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև սահմանադրական օրինագիծը ներառել է մի գլուխ, որը պետք է կարգավորեր քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, այն ի սկզբանե չի ընդունվել։ Մարդու հինարար իրավունքների գլուխն ավելացվել է որպես սահմանադրական ուղղումների մաս 1998 թվականին[17]։

Ուղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Satversme-ի և Saeima- ի կարգի կանոնների համակցված հրատարակություն

Սահմանադրության մեջ փոփոխությունների մասին դրույթներն ամրագրված են սահմանադրության 76-79-րդ հոդվածներում։ Հոդվածների մեծ մասում փոփոխություններ կարող են կատարվել Սեյմի կողմից։ Բացառություն են կազմում 1, 2, 3, 4, 6, 77 հոդվածները, քանի որ 77-րդ հոդվածը պահանջում է հանրաքվե՝ այս հոդվածներում փոփոխություններ կատարելու համար[17]։ Միջպատերազմյան ժամանակաշրջանում փոփոխություններ հազվադեպ են եղել. միայն մեկ ուղղում է արվել, և մեկ հիմնական ուղղում գրեթե ընդունվել է, բայց երբեք չի ընդունվել հեղաշրջման պատճառով։ Անկախության նորացումից ի վեր, սակայն, կատարվել է ութ փոփոխություն։

1994 թվականին ընտրական տարիքը 21-ից իջեցվել է 18-ի։ 1996 թվականին ստեղծվել է Սահմանադրական դատարանը։ 1997 թվականին խոշոր փոփոխություններ են կատարվել ընտրությունների ընթացքը և Սեյմի, Նախագահի (այդ թվում՝ նրանց պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը 3-ից 4 տարի) և Կառավարության գործառույթները կարգավորող հոդվածներում։ 1998 թվականին սահմանադրության 8-րդ գլուխը (մարդու հիմնարար իրավունքներ) ավելացնելուց բացի, լատվիերենին ապահովվել է պաշտոնական կարգավիճակ, դրվել հանրաքվեի պահանջ՝ 4-րդ և 77-րդ հոդվածները փոխելու համար, իսկ 82-րդ հոդվածը ամբողջությամբ փոխվել է[20]. այժմ սահմանում է դատարանների տեսակները Լատվիայում։ 2002 թվականին ավելացվել է Սեյմի անդամներին իրենց մանդատը ձեռք բերելու հանդիսավոր խոստում տալու պահանջը։ Լատվիերենի պաշտոնական կարգավիճակը հետագայում ապահովվել է՝ այն դարձնելով պետական և քաղաքային կառույցների աշխատանքային լեզու։ 2003 թվականին Լատվիայի Եվրամիությանն անդամակցելու համար մի քանի փոփոխություններ են կատարվել։ 2004 թվականին փոփոխություններ են կատարվել նախագահի և քաղաքացիների որոշակի իրավունքներում։ 2006 թվականին լրացվել է փոփոխություն, որը սահմանում է, որ ամուսնությունը մեկ տղամարդու և մեկ կնոջ միություն է։ 2007 թվականին 40-րդ հոդվածը փոփոխվել է, իսկ 81-րդ հոդվածը վերացվել է։ 2009 թվականին ընտրողների համար մտցվել է խորհրդարանը ցրելու հնարավորությունը։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 19-ին Սեյմի կողմից ընդունվել է Լատվիայի Սահմանադրության նախաբանը[21]։ Նախաբանի տեքստը, որն ի սկզբանե ներկայացված էր Եվրոպական դատարանի (Եվրոպական միության) դատավոր Էգիլս Լևիտսի կողմից 2013 թվականին, նկարագրում էր Լատվիայի Հանրապետության և լատվիացիների բոլոր հիմնարար արժեքները[22] Սատվերսմեի նախաբանի Լևիտսի նախագծում ասվում է հետևյալը.

  • Դարերի ընթացքում լատվիացի ազգի գոյությունն ապահովելու, լատվիական լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը, [և] յուրաքանչյուր մարդու և ամբողջ ժողովրդի [Լատվիայի]՝ լատվիացի ժողովրդի բարգավաճումն ապահովելու համար,
  • հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1918 թվականի նոյեմբերի 18-ին ազգի համախմբման և ազգային գիտակցության ձևավորման արդյունքում Լատվիայի Հանրապետությունը, որը հռչակվել է պատմականորեն լատվիացիներին պատկանող հողերում, ստեղծվել է Լատվիայի անփոփոխ կամքի հիման վրա, Լատվիական ազգը և նրա ինքնորոշման անմարելի իրավունքը՝ ազատորեն ինքնորոշվելու և որպես ազգային պետություն՝ ապագան սեփական պետության մեջ կառուցելու համար,
  • նկատի ունենալով, որ ժողովուրդը գրավել է իր պետությունը Լատվիայի ազատագրական պատերազմի ժամանակ, որ նա չի ընդունել օկուպացիոն իշխանություններին և դիմադրել է նրանց, և պետական շարունակականության հիման վրա՝ վերականգնելով պետական անկախությունը, վերականգնել է իր ազատությունը,
  • երախտագիտություն հայտնելով պետության հիմնադիրներին, հարգելով նրա ազատամարտիկներին և ոգեկոչելով զավթիչ ուժերի վրեժխնդրության զոհերի հիշատակը,
  • գիտակցելով, որ Լատվիայի պետության հիմնական խնդիրն է նպաստել հոգևոր, սոցիալական, մշակութային և նյութական բարեկեցությանը, ապահովել իրավական կարգը, անվտանգությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և բնության պահպանությունը և տնտեսական զարգացումը համադրել մարդկային արժեքների և անհրաժեշտությունների հետ,
  • ընդունելով, որ լատվիական ժողովրդավարության ավանդույթները քաղաքացիների անմիջական մասնակցությունն են հասարակական գործերի և խորհրդարանական հանրապետության վարմանը, և պայմանով, որ Լատվիայի պետությունն իր գործունեության մեջ հատկապես հարգում է ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները և ազգային և սոցիալական սկզբունքները, պետությունը [հենց լատվիական պետությունը] ճանաչում և պաշտպանում է մարդու իրավունքները, ներառյալ փոքրամասնությունների իրավունքները,
  • ճանաչելով Լատվիայի պետության անկախության անձեռնմխելիությունը, նրա տարածքը, նրա տարածքային ամբողջականությունը, ժողովրդի ինքնիշխանությունը, լատվիերենը որպես միակ պետական լեզու, [և] պետության ժողովրդավարական կառուցվածքը, և որ դա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ պաշտպանել այս արժեքները,
  • նշելով, որ բոլորը պարտավոր են հոգ տանել իրենց, իրենց հարազատների և հասարակության ընդհանուր բարիքի մասին և պատասխանատվությամբ վարվել իրենց մերձավորների, հասարակության, պետության, շրջակա միջավայրի, բնության և ապագա սերունդների հանդեպ,
  • գիտակցելով, որ լատվիական էթնոմշակութային Weltanschauung [ dzīvesziņa, բառացիորեն «կյանքի իմաստություն»] և քրիստոնեական արժեքները զգալիորեն ձևավորել են մեր ինքնությունը, որ հասարակության արժեքներն են ազատությունը, ազնվությունը, արդարությունը և համերաշխությունը, և որ ընտանիքը հասարակության հիմնական միավորն է, և այդ աշխատանքը հիմք է բոլորի և ամբողջ ազգի աճի և բարգավաճման համար,
  • ընդգծելով, որ Լատվիան ակտիվորեն մասնակցում է միջազգային գործերին, պաշտպանում է իր շահերը և նպաստում Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի մարդկային, կայուն, ժողովրդավարական և պատասխանատու զարգացմանը՝ «Աստված օրհնի Լատվիային» ազգային օրհներգին համահունչ, որն արտահայտում է ազատ ազգային պետության գաղափարը իր ազատ ընտրված Սահմանադրական ժողովում, ամրապնդել են Լատվիայի ազգային սահմանադրական կարգը և ընդունել են պետության հետևյալ Սահմանադրությունը[2]։

Նախաբանի մասին հակասական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայում զգալի քննարկումներ են եղաել Նախաբանի նախաձեռնության և դրա բովանդակության վերաբերյալ[23]։ Օրինակ՝ որոշ կազմակերպություններ հայտարարել են, որ տեքստը նպատակ ունի պետական Սահմանադրության մեջ խարսխել «Էթնիկ լատվիացի ազգը»՝ որպես ինքնիշխանության առաջնային սկզբունք՝ ի տարբերություն ներկայիս բազմազգ երկրի, որը կազմված է «Լատվիայի ժողովրդից»[24]։ Մյուսները դեմ էին «քրիստոնեական արժեքների» և «լատվիական կյանքի իմաստության» հիշատակմանը որպես հնացած և 21-րդ դարին ոչ հարիր։ Իրավաբան Քրիստինե Յարինովսկան նշում է, որ Լևիտսի առաջարկած գաղափարն է՝ նկարագրել Լատվիայի Հանրապետության բոլոր հիմնական արժեքները, որպեսզի վերջ դրվի ժողովրդական կամքի չարաշահմանը[25]։ Լատվիայի Հանրապետության Սահմանադրության մեջ անբեկանելի նախաբան ավելացնելու նախաձեռնությունը վավերացնելու կամ չվավերացնելու համար հանրաքվե անհրաժեշտ չէ, հայտարարել է Լատվիայի արդարադատության նախարար Յանիս Բորդանսը[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Latvijas Republikas Satversme = Latvejis Republikys Satversme = Leţmō Republik Pūojpandõks = Constitution de la République de Lettonie = The Constitution of the Republic of Latvia = Verfassung der Republik Lettland = Läti Vabariigi põhiseadus = Latvijos Respublikos Konstitucija = Konstitucija Latvijskoj Respubliki | WorldCat.org». search.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
  2. 2,0 2,1 Jarinovska, K. "Popular Initiatives as Means of Altering the Core of the Republic of Latvia", Juridica International. Vol. 20, 2013. p. 152 ISSN 1406-5509
  3. Atis Kronvalds Արխիվացված 2007-06-03 Wayback Machine (retrieved on 2007-05-26)
  4. 4,0 4,1 4,2 Politics in Latvia Արխիվացված 2007-07-05 Wayback Machine (retrieved on 2007-05-26)
  5. Šodien priekš 90 gadiem — Satversmes sapulce balso par Satversmes 2.daļas pieņemšanu
  6. (lv) The Constitutional Assembly: The first elected parliament of Latvia Արխիվացված 2007-01-03 Wayback Machine (Retrieved on 24 December 2006)
  7. 7,0 7,1 (lv) Freibergs J. (1998, 2001) Jaunāko laiku vēsture 20. gadsimts Zvaigzne ABC 9984-17-049-7
  8. 8,0 8,1 (lv) Resolution of Five senators of Senate of Latvia on validity of Constitution of Latvia and authority of Saeima in conditions of occupation Արխիվացված 2007-02-24 Wayback Machine (Retrieved on 24 December 2006)
  9. 9,0 9,1 (lv) Editorial board of chief editorial office of encyclopedias (1987) Politiskā enciklopēdija Chief editorial office of encyclopedias
  10. (lv) Declaration of independence of 4 May 1990 Արխիվացված 5 Սեպտեմբեր 2007 Wayback Machine (Retrieved on 24 December 2006)
  11. (lv) First sitting of 5th Saeima (transcript) Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (Retrieved on 2 January 2007)
  12. (lv) Law "On organisation of job of Supreme Council of Republic of Latvia" (Retrieved on 2 January 2007)
  13. «The Weimar Constitution and its "Father" Hugo Preuss». The National Library of Israel (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  14. Shirer, William L. (1990). Rise And Fall Of The Third Reich: A History of Nazi Germany (անգլերեն). Simon and Schuster. էջ 56. ISBN 978-0-671-72868-7.
  15. Potjomkina, Diāna; Sprūds, Andris; Ščerbinskis, Valters (2016). The centenary of Latvias's foreign affairs: Ideas and personalities (English). ISBN 978-9984-583-99-0. OCLC 1012747806.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Apsītis, Romāns; Pleps, Janis (2012). «About The Constitution of the Republic of Latvia: History and Modern Days» (PDF). The Constitution of the Republic of Latvia. Latvijas Vēstnesis. ISBN 978-9984-840-20-8.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 (lv) Constitution of the Republic of Latvia with amendments and revisions (Official english translation) Արխիվացված 2007-07-13 Wayback Machine (Retrieved on 24 December 2006)
  18. 4. և 77. հոդվածներն ի սկզբանե ներառված չեն եղել, այս հոդվածում լրացում կատարելով դրանք կատարվել է 1998 թվականի հոկտեմբերի 15-ին։
  19. (en) About the State Audit Office (Retrieved on 3 January 2008)
  20. Originally, article 82 stated that all citizens of Latvia are equal before the law and the courts. Article 91 now makes a similar statement but, unlike the original article 82, it refers to all human beings in Latvia and states that human rights should be enforced with no discrimination
  21. «Saeima expands the Constitution with a preamble». saeima.lv (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  22. Jarinovska, K. "Popular Initiatives as Means of Altering the Core of the Republic of Latvia", Juridica International. Vol. 20, 2013. p. 152 ISSN 1406-5509
  23. «Kā tikt pie kvalitatīvas un leģitīmas Satversmes preambulas?, politika.lv, 31.10.2013». Politika.lv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  24. «Latvia is Following the Undemocratic Footsteps of Hungary With its Proposed Preamble to the Constitution, PRNewswire, October 2, 2013» (Press release). Prnewswire.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  25. «Jarinovska, Kristine. "Popular Initiatives as Means of Altering the Core of the Republic of Latvia", Juridica International. Vol. 20, 2013. p. 152». Juridica International. Juridicainternational.eu. ISSN 1406-5509. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  26. BNN (2013 թ․ սեպտեմբերի 27). «Justice Minister: approval of preamble to Constitution will not need a referendum». Baltic News Network. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի Սահմանադրություն» հոդվածին։