Jump to content

Արարատ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արարատ
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ
Հիմնադրված է1828 թ.
ԲԾՄ856 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն8275 մարդ (2012)
Կրոնական կազմքրիստոնեություն
Ժամային գոտիUTC+4
Արարատ (գյուղ) (Հայաստան)##
Արարատ (գյուղ) (Հայաստան)
Արարատ (գյուղ) (Արարատի մարզ)##
Արարատ (գյուղ) (Արարատի մարզ)

Արարատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Երևան-Նախիջևան մայրուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հարավ-արևելք։ Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դեվրլու անվանումները։ Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Վերանվանվել է 1935 թվականին։ Արարատը՝ նախկին Դավալուն, Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գտնվում է գեղատեսիլ վայրում։ Արևելքից տարածվում են Ուրծի լեռները, դիմացը՝ բիբլիական Մասիսներն են։ Ոչ շատ հեռվից, Հայաստանի պետական սահմանի երկայնքով ձգվում է Արաքս գետը։ Արարատ գյուղի հին դպրոցում (ներկայիս 3-րդ միջնակարգ դպրոց) դասավանդել է մանկագիր Աթաբեկ Խնկոյանը[1]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։ Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել, զենք գործածելու մեջ՝ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են` ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։

Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 856 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 26-ից 28 աստիճան, իսկ առավելագույնը՝42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում կան կվարցի և օնիքսային սև մարմարի պաշարներ, որի մշակումից ստացվում է դեկորատիվ սալիկներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը ձևավորվել է գերազանցապես 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արարատի մշտական բնակչությունը կազմել է 7609, առկա բնակչությունը՝ 7331 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 661 2176 3367 1894 2515 4240 5625 6227 6974 7609[2]

Ըստ 2010 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` համայնքի բնակչությունը կազմում է 8275 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 61%, հետաշխատունակները՝ 16%։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 2315 տնտեսություն։ Ունի 3 դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, ամբուլատորիա, Սպարապետի անվան թանգարան։

Ոռոգումը կատարվում է Ազատ և Արաքս գետերի ջրերով, խմելու ջուրը բերվում է Գառնուց։ Ունի գինու գործարան, որը հիմնադրել է Շուստովը 1906 թվականին, հետագայում կողոպտվել է և վերաբացվել է 1925 թվականին։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքեր։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջուրն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ գյուղի հարավ - արևելյան մասում է գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցին (1866

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սամվել Հակոբյան, Արարատի մարզ, Երևան 2010
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 28» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]