Չինաստանի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
Երկիր Չինաստան
Քարտեզ
Քարտեզ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, պետություն Արևելյան Ասիայում։ Արևելքում ողողվում է Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերի և Կորեական ծոցի ջրերով։ Աշխարհում առաջինն է բնակչության թվաքանակով (1,4 մլրդ մարդ), և 3-րդը՝ տարածքի մեծությամբ (9,5 մլն կմ²)։ Ձգվածությունը արևմուտքից արևելք (Պամիրից Շանհայ) 4500 կմ է, հյուսիսից հարավ (Ամուր գետի շրջանից մինչև Հայնան կղզի)՝ 4100 կմ։ Չինաստանի տարածքն հյուսիսից հարավ ընդգրկում է Ամուր գետի ավազանից(53°33′ հս․ լ. 123°16′ ավ. ե.HGЯO) մինչև Սփրաթլի կղզի(10°44′ հս․ լ. 115°49′ ավ. ե.HGЯO), արևմուտքից արևելք՝ Պամիրի լեռնաշխարհից(39°15′ հս․ լ. 73°34′ ավ. ե.HGЯO) մինչև Մեծ Ուսուրական կղզիներ(48°21′ հս․ լ. 134°38′ ավ. ե.HGЯO):

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանը սահմանակից է 14 երկրների. ՌԴ (40 կմ հյուսիս-արևմուտքում և 3605 կմ հյուսիս-արևելքում), Մոնղոլիա (4677 կմ), Հյուսիսային Կորեա (1416 կմ), Վիետնամ (1281 կմ), Լաոս (423 կմ), Մյանմա (2185 կմ), Հնդկաստան(3903 կմ), Բութան(470 կմ), Նեպալ (1236 կմ), Պակիստան (523 կմ), Աֆղանստան (76 կմ), Տաջիկստան (414 կմ), Ղրղզստան (858 կմ), Ղազախստան (1533 կմ)՝ ընդհանուր 22 117 կմ սահմանագծով։ Ափագծի երկարությունը 14 500 կմ է՝ հաշված Հյուսիսային Կորեայից մինչև Վիետնամ։ Տերիտորիալ ջրերի լայնությունը 12 ծովային մղոն է կամ 22 կմ, տնտեսական գոտին՝ 200 ծովային մղոն կամ 370 կմ՝ ներառյալ մայրցամաքային ծանծաղուտը։ Նրան է պատկանում նաև Թայվան կղզին, որը մայրցամաքից բաժանվում է Թայվանի նեղուցով[1]։

Վիճելի տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թայվան կղզի
  • Սենկակու կղզի
  • Սփրաթլի Պարասելյան կղզիներ
  • Արունաչալ-Պրադեշ
  • Շաքսգամայի հովիտ
  • Աքսայչին
  • Ույղուրստան

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի լեռնագրությունը

Չինաստանի մակերևույթի ձևերը շատ բազմազան են. բարձր լեռներ, սարահարթեր, իջվածքներ, անապատներ և ընդարձակ հարթավայրեր։ Առանձնացնում են լեռնագրական 3 մարզեր.

  • Տիբեթի բարձրավանդակ, բարձրությունը 2000մ և ավելի, զբաղեցնում է Չինաստանի հարավ-արևմուտքը
  • Լեռնաշղթաների և բարձրադիր հարթավայրերի գոտի, 200-2000մ բարձրության տարածք երկրի հյուսիսում
  • Ցածրադիր գետաբերուկային դաշտավայրեր և ցածր լեռներ, մինչև 200մ բարձրության դաշտավայրերը գտնվում են արևելքում, իսկ ցածր լեռները՝ հյուսիս-արևելքում և հարավում[2]։

Տիբեթի բարձրավանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթի բարձրավանդակ

Տիբեթի բարձրավանդակը կամ լեռնաշխարհը համարվում է ամենաբարձրն ու ամենամեծը Չինաստանում և աշխարհում։ Միջին բարձրությունը 4877մ է, զբաղեցրած մակերեսը՝ 2.5 մլն կմ²։ Բարձրավանդակի տարածքում են գտնվում Տիբեթի Ինքնավար մարզը, Չինական Ցինհայ պրովինցիայի մի մասը, Քաշմիրի Լադակհ պրովինցիայի մի մասը։ Լեռնաշխարհից հարավ ձգվում են Հիմալայան (Էվերեստ՝ 8848մ), արևմուտքում՝ Կարակորում և Պամիր, հյուսիսում՝ Կունլունի, Ալթինթաղի և Ցիլյանշանի լեռաշղթաները (Նանշանի լեռների մի մասը), որոնց հյուսիսահայաց լանջերը շատ զառիթափ են և կտրտված։ Տիբեթի բարձրավանդակի հյուսիս-արևելքում, Ալթինթաղ և Ցիլյանշան լեռնաշղթաներից հարավ, 2700-3000մ բարձրության վրա գտնվում է Ցայդամի իջվածքը։ Այն իրենից ներկայացնում է ավազային և ճահճային մակերևույթով տարածք, որտեղ հանդիպում են բազմաթիվ աղի լճեր։ Այստեղ հայտնաբերված նավթի, քարածխի, երկաթաքարի, կերակրի աղի հսկայական պաշարները հանդիսանում են ազգային տնտեսության ճյուղերի հիմնական հումքային բազան։ Կունլունի հարավային լեռնաճյուղերը ջրբաժանի դեր են կատարում Հուանհե և Յարքենդ գետերի համար, իսկ Հուանհե գետից արևմուտք ձգվող Գանսուի միջանցքը բնական կապող օղակ է Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև։

Լեռնաշղթաների և բարձրադիր հարթավայրերի գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարիմի իջվածքը

Կունլունից հյուսիս գտնվում է Թարիմի անհոսք ավազանը, որի կենտրոնական մասը զբաղեցնում է Տակլա Մական անապատը։ Լեռներից սկիզբ առնող Թարիմ գետը և նրա վտակները կորչում են անապատային ավազուտներում կամ թափվում են Լոբնոր աղի լիճ։ Այս տարածքը նաև հանդիսանում է Չինաստանի միջուկային հետազոտությունների գլխավոր կենտրոնը։ Լոբնոր լճից հյուսիս գտնվում է Արևելյան Ասիայի ամենացածր կետը Տուրֆանի իջվածքը՝ -154մ։ Իջվածքն ունի 100 կմ երկարություն և 50 կմ լայնություն։ Թարիմում ջերմաստիճանի տարեկան տատանման լայնույթը մեծ է. +52 °C ամռանը և −18 °C ձմռանը։ Հսկա ավազանի հիմքում օազիսներն առաջացրել են առանձին գոտիներ՝ կազմելով հայտնի Մետաքսի ճանապարհի մի հատվածը։ Թարիմի ավազանը Ջունգարական իջվածքից բաժանվում է դեպի հյուսիս ձգվող Տյան-Շան լեռնաշղթայով։ Ջունգարիայի արևմուտքում, Կարամայ քաղաքի մոտ հայտնաբերվել են նավթի, իսկ ավելի հարավ՝ Ուրումչիում՝ քարածխի և երկաթաքարի հսկայական պաշարներ։ Ջունգարական իջվածքի հիմքը մասնատվել է դեպի արևմուտք հոսող Իլի և Իրտիշ գետերով։ Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզը գտնվում է Մոնղոլական պլատոյում, մոտ 1000մ բարձրության վրա։ Մարզը հարավից և արևելքից եզրավորվում է 900-1000մ բարձրության Ցիլյանշանի, Լանշանի, Ինշանի և Մեծ Խինգանի լեռներով, իսկ արևմտյան և կենտրոնական հատվածները զբաղեցնում են Ալաշան և Գոբի անապատները։Տիբեթի բարձրավանդակից արևելք և Ներքին Մոնղոլիայից հարավ ընկած գոտին եզրավորվում է միջին բարձրության լեռներով, որոնք ձգվում են Մեծ Խինգանի հյուսիս-արևելքից, Թայհանշանի լեռներով դեպի Մեծ Չինական դաշտավայր և Յունան-Գույչժոու պլատո՝ երկրի հարավում։ Այս գոտուց արևելք ձգվում է Չինաստանի ցածրադիր և հարթավայրային գոտին, որտեղ տեղաբաշխված է երկրի բնակչության մեծ մասը։ Հարավն առանձնանում է 200-2000մ բարձրության մակերևույթի ձևերով, որոնցից հայտնի են Ցինլինի լեռները, Սիչուանի խզվածքը, Յունան-Գույչժոու սարահարթը, Ուիշանի լեռները։

Ցածրադիր գետաբերուկային դաշտավայրեր և ցածր լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյոսային հարթավայր, Շանսի նահանգ
Տանշանի երկրաշարժ, 1976 թվական
Տանշանի երկրաշարժի առաջացրած ավերածությունները

Արևելյան հարթավայրերը կազմում եմ Չինաստանի տարածքի մոտ 10%-ը, սակայն այստեղ բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Ցածրադիր հարթավայրերն իրենից ներկայացնում են գետերի ողողատներ, որոնք լցված են մեկ կամ մի քանի գետերի գետաբերուկներով։ Ցածրադիր գոտին իր հերթին բաժանվում է մի քանի հատվածների.

  1. Մանջուրական դաշտավայր, որը ողողվում է Լյաոդունի ծոցի ջրերով
  2. Մեծ Չինական դաշտավայր, զբաղեցնում է արևելյան հարթավայրային շրջանի կենտրոնական մասը, ողողվում է Բոհայ ծոցի և Դեղին ծովի ջրերով
  3. Յանցզի գետի միջին և ստորին հոսանքի շրջան կամ դելտա
  4. Մարգարտյա գետի ավազան և դելտա։

Մեծ Չինական դաշտավայրը, Հուայհե գետի ավազանը և Յանցզիի դելտան միախառնվում են առափնյա գոտում՝ ձգվելով Պեկինից մինչև Շանհայ։ Մարգարտյա գետի ավազանը (իր Սիցզյան վտակով) Յանցզիի ավազանից բաժանվում է Նանլինի և Ուիշանի լեռնաշղթաներով՝ ձևավորելով հարավային հարթավայրային գոտին։

Տեկտոնիկա և սեյսմիկ ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմալայների և Տիբեթի բարձրավանդակի ձևավորումը պայմանավորված է Եվրասիական և Հնդկական սալերի բախման հետ, որի արդյունքում Եվրասիականը սալը բարձրացել է Հնդկական սալի վրա։ Այս պրոցեսը շարունակվում է նաև մեր օրերում, որի պատճառով սեյսմիկ և տեկտոնական ակտիվություն այժմ դիտվում է միայն խզվածքի գոտում գտնվող բնակավայրերում։ Հայտնի երկրաշարժերից են.

  • 1556 թվականի Շէնսիի երկրաշարժը
  • 1976 թվականի Տանշանի երկրաշարժը
  • 2008 թվականի Սիչուանի երկրաշարժը։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրագրությունը

Չինաստանի բոլոր խոշոր գետերը սկիզբ են առնում լեռներից։ Տիբեթի բարձրավանդակի արևելյան շրջաններից սկիզբ առնող Յանցզի, Հուանհե, Մեկոնգ և Սալուին գետերն ունեն ձնահալոցքային և սառցադաշտային սնում։ Խոշոր ջրային զարկերակ է Մեծ ջրանցքը, որը ձգվում է երկրի արևելյան առանփյա մասով՝ միացնելով Յանցզի, Հուայհե և Հուանհե գետերի գետաբերանային շրջանները։ Ջրանցքը կառուցվել է 7-13-րդ դարերում, ունի 2470 կմ երկարություն։ Հիմալայների հյուսիսահայաց լանջերից սկիզբ է առնում Բրահմապուտրան, որը Չինաստանի տարածքում հայտնի է Մացանգ, այնուհետև՝ Ցզանգբո անուններով։ Հոսելով դեպի արևելք ուղղությամբ մոտ 970կմ դեպի (Չինաստանի տարածքում), անցնում է միջլեռնային գոգավորություններով և թեքվում հարավ (դեպի ՀնդկաստանԲրահմապուտրայի տեղափոխած գետաբերուկների շնորհիվ հնարավոր է դարձել զբաղվել հողագործությամբ, իսկ Լհասա, Գյանգձե և Շիգաձե բնակավայրերը դարձել են խտաբնակ։ Տիբեթի բարձրավանդակի հյուսիսային և արևելյան շրջանները և Ցայդամ խզվածքը գտնվում են անհոսք ավազանի շրջանում։ Այստեղ հաշվում են հարյուրավոր աղի լճեր, մակերևութային հոսքը չնչին է։ Չինաստանի ներքին հոսքի ամենամեծ ավազանը Թարիմի ավազանն է, որի ձգվածությունը արևելքից արևմուտք կազմում է 1500 կմ, հյուսիսից հարավ՝ 600 կմ։ Խոշոր լճերն են Պոյանհուն (Ցզյանհի պրովինցիա), Տայհուն, Ցինհայ (Տիբեթ), Ցինհայհու կամ Կուկունոր (Ցինհայ պրովինցիա), Սիհու (Չժեցզյան պրովինցիա)[3][4]։

Բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական գոտիները և մարզերը
Տեղումների տարեկան բաշխումը

Չինաստանը հարուստ է բազմատեսակ բնական ռեսուրսներով։ Ծարիրի, գրաֆիտի, վոլֆրամի և ցինկի գլխավոր արդյունահանողն ու արտահանողն է աշխարհում։ Առաջատար է նաև բոքսիտների, քարածխի, նավթի, ալմաստի, ոսկու, երկաթաքարի, կապարի, մագնետիտի, մանգանի, սնդիկի, մոլիդբենի, բնական գազի, ֆոսֆատների, անագի, ուրանի և վանադիումի պաշարներով։ Անագի և վոլֆրամի պաշարներով աշխարհում առաջինն է։ Լեռնային արագահոս գետերի շնորհիվ Չինաստանն աշխարհում առաջատարներից է հսկայական ջրաէներգետիկ պաշարներով և ներուժով։ Ջրային ռեսուրսների ծավալը կազմում է մոտ 2821,4 մլրդ մ³, որը մեծ մասը՝ 2711,5 մլրդ մ³, կազմում է մակերևութային հոսքը։ 2005 թվականի տվյալներով, գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում է Չինաստանի տարածքի 14,86%(1.4 մլն կմ²)։ Դրա մոտ 1,3%-ը զբաղեցված են հիմնական մշակաբույսերով (բրինձ, եգիպտացորեն, ցորեն), իսկ մնացած տարածքներում կիրառվում է ցանքաշրջանառությունը։ Ինտենսիվ գյուղատնտեսության շնորհիվ կարողանում են ոչ միայն ապահովել երկրի ներքին պահանջարկը, այլև՝ արտահանել։ Ըստ 2004 թվականի տվյալների, ոռոգովի հողատարածքները կազմում են մոտ 544 784 կմ²։ Հողահանդակների մոտ 42,9%-ը կազմում են արոտավայրերը, անտառապատ է տարածքի 17,5%-ը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք մեծ ձգվածության շնորհիվ Չինաստանի կլիման շատ բազմազան է[5]։ Հարավ-արևելքում կլիման խոնավ մերձարևադարձային է, հյուսիս-արևմուտքում՝ բարեխառն խիստ ցամաքային։ Արևելյան խոնավ շրջաններում կլիման մուսոնային տիպի է՝ հստակ արտահայտված խոնավ ամառային և չոր ձմեռային սեզոններով։ Չնայած նրան, որ երկիրը հիմնականում գտնվում է բարեխառն ջերմային գոտում, այստեղ օդերևութաբանական և ջերմային պայմանները շատ տարբեր են։ Հանդիպում են կլիմայի ցամաքային, խիստ ցամաքային, մուսոնային, ծովային տիպերը, արևմուտքում պարզ արտահայտված է վերընթաց գոտիականությունը[6]։ Ամենահյուսիսային Հայլունցզյան նահանգը գտնվում է բարեխառն, իսկ ամենահարավային Թայվան կղզին՝ արևադարձային օդային զանգվածների ազդեցության տակ։ Ջերմաստիճանային տարբերությունն առավել ցայտուն է արտահայտվում հյուսիսային շրջաններում, ձմռանը դիտվում է 0- -30 °C, իսկ ամռանը՝ +20 °C: Հարավում ավելի տաք է, ձմռանը դիտվում է +10 °C, ամռանը՝ +28 °C: Չինաստանի տարածքին բնորոշ կլիմայի տիպերը.

1. Բարեխառն ցամաքային կլիմայի տիպ

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Հյուսիս-արևելյան շրջաններ, Հարբին
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) −13 −9 2 13 21 26 28 26 21 12 0 −10 9,8
միջին ջերմաստիճանը (°C) −19 −15 −4 6,5 14,5 20 23 21 15 6 −5,5 −15 4,05
միջին նվազագույնը (°C) −25 −21 −10 0 8 14 18 16 9 0 −11 −20 −1,7
տեղումների քանակը (մմ) 4 6 17 25 45 90 165 120 55 35 15 8 585
Աղբյուր՝ https://www.climatestotravel.com/climate/china

2. Բարեխառն խիստ ցամաքային կլիմայի տիպ

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արևմտյան անապատային շրջաններ, Թուրֆան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) −2 6 16 26 33 38 40 38 32 22 10 −1 21,5
միջին ջերմաստիճանը (°C) −7,2 0 9,8 19,4 26 30,6 32,3 30,4 24,1 14,4 3,7 −5,2 14,9
միջին նվազագույնը (°C) −12 −6 3 12 19 23 25 23 16 7 −2 −10 8,3
տեղումների քանակը (մմ) 1 2 3 5 8 10 12 8 4 5 3 1 52
Աղբյուր՝ https://www.climatestotravel.com/climate/china

3. Վերընթաց գոտիականության տարածման շրջաններ

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արևմտյան և հարավային լեռնային գոտի, Յունան
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 16 18 21 24 25 25 24 25 23 21 18 16 21,2
միջին ջերմաստիճանը (°C) 9,7 11,4 14,6 17,7 19,6 20,8 20,8 20,8 19,2 16,8 13 9,8 16,15
միջին նվազագույնը (°C) 4 5 8 11 15 17 17 17 15 13 8 4 11,2
տեղումների քանակը (մմ) 10 10 15 25 90 175 205 205 120 90 40 15 1005
Աղբյուր՝ https://www.climatestotravel.com/climate/china

4. Մուսոնային կլիմայի տիպ

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արևելյան շրջաններ, Գուանչժոու
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 18 18 22 26 29 31 33 33 31 29 24 21 26,3
միջին ջերմաստիճանը (°C) 14 14,5 18,5 22,5 26 28 29 29 27,5 25 20 16 22,5
միջին նվազագույնը (°C) 10 11 15 19 23 25 25 25 24 21 16 11 18,8
տեղումների քանակը (մմ) 45 65 85 180 285 260 230 220 170 80 40 25 1685
Աղբյուր՝ https://www.climatestotravel.com/climate/china

Տեղումների տարեկան բաշխումը հիմնականում պայմանավորված է կլիմայի տիպերով։ Տեղումների առավելագույն քանակ ստանում են Ցինլինի հարավահայաց լանջերը մուսոնային սեզոնին՝ 1500մմ։ Տեղումների քանակը նվազում է դեպի հյուսիս և արևմուտք ուղղությամբ շարժվելիս, որի պատճառով երկրի հյուսիսարևմտյան շրջաններն ամենաչորայինն են։ Տեղումների նվազագույն քանակ՝ 0-100մմ, դիտվում է Տակլա Մական, Գոբի և Օրդոս անապատներում։

2008 թվականի առատ ձնից տուժած տարածքները

Հարավային և արևելյան շրջանները հաճախ են տուժում ուժեղ փոթորիկների պատճառով։ Տարվա մեջ մի քանի անգամ գրանցվում են թայֆուններ, ջրհեղեղներ, մուսոններ, ցունամիներ և ձմեռային երաշտ։ Հյուսիսային շրջաններին բնորոշ դեղին ավազային փոթորիկները, որոնք ձևավորվում են հյուսիսային անապատային շրջաններում և շարժվում դեպի արևելք, մեծ վնաս են հասցնում ոչ միայն Չինաստանի, այլև՝ Կորեայի և Ճապոնիայի տնտեսությանը։ Չինաստանում ձյան տեսքով տեղումներն ավելի հազվադեպ են։ Հիմնականում բնորոշ են արևմտյան լեռնային շրջաններին։ Հարավային և կենտրոնական շրջաններում ձնառատ ձմեռներ լինում են հազվադեպ, սակայն շատ ձնառատ՝ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը։ Հայտնի է 2008 թվականի ձնառատ ձմեռը։ Հունվար ամսին դիտված առատ տեղումների պատճառով առավել տուժել են կենտրոնական և հարավային շրջանները, որտեղ ջերմաստիճանը իջել էր մինչև −25 °C: Ձյան տեսքով տեղումներ դիտվել էին նույնիսկ Տակլա Մական անապատում։ Առատ ձյան, ձնաբքի, մերկասառույցի և սառցապատման պատճառով վնասվել էին էլեկտրահաղորդման գծերը, խաթարվել էր կապը, իսկ առաջացած թանձր մառախուղի պատճառով պարալիզացվել էին երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտը։ Վնասվել կամ քանդվել են 485 000 տներ, անօթևան են մնացել 1.66 միլիոն մարդ, մահացել՝ 129 000 մարդ։ Մեծ վնասներ է կրել նաև գյուղատնտեսությունը. 44 600 գլուխ խոշոր եղջերավորների կորուստ Սինզցյանի շրջանում և ավելի քան 2100 վնասված ջերմոցներ՝ Կաշգար քաղաքում[7]։

Հողային ծածկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակլիմայական պայմանների բազմազանությունը անդրադարձել է նաև հողածածկի վրա՝ նպաստելով հողերի տասնյակ տեսակների ձևավորմանը։ Սակայն ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը հանգեցրել է նրան, որ ցածրադիր շրջանների հողերը դեգրադացվել են՝ փոխելով հողի որակական կազմը։ Հյուսիս-արևելյան Չինաստանում տարածված են մուգ մարգագետնային հողերը, որոնք աչքի են ընկնում բարձր բերքատվությամբ, հումուսի և հանքային նյութերի՝ ազոտի, ֆոսֆորի, կալիմումի բարձր պարունակությամբ։ Սունգարի և Նունցզյան գետերի գետերի միջին հոսանքի շրջանում տարածված են կուլտուր-ոռոգելի մարգագետնային սևահողերը։ Մարգագետնաճահճային և գլեյան տիպի հողերը բնորոշ են Սունգարի և Ուսուրի գետերի ստորին հոսանքի շրջաններին, սակայն գյուղատնտեսական նպատակով օգտագործվում են միայն ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու դեպքում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում տարածված են գորշ անտառային հողերը։ Քանի որ այս հողերը հիմնականում բնորոշ են զառիթափ լանջերին և հարմար չեն գյուղատնտեսական օգտագործման համար, հանդիսանում են անտառատնկման հիմնական շրջանները։ Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում տարածված են մոխրագույն և գորշ անապատային հողերը, իսկ նախալեռնային գոտիներում՝ մոխրագորշ, շագանակագույն, բաց լեռնատափաստանային և լեռնամարգագետնային հողերը։ Չորային կլիմայի պայմաններում այս հողերը պիտանի են միայն ինտենսիվ ոռոգման դեպքում, որի պատճառով էլ հաճախ աղակալած են։ Սակայն ոչ միշտ է հողերի աղակալումը կապված մարդու տնտեսական գործունեության հետ։ Օրինակ, Բոհանի ծոցի և Դեղին ծովի ափամերձ գոտու հողերի աղակալումը կապված է ծովի կատարած քայքայիչ աշխատանքի հետ։ Այստեղ Հուանհեի գետաբերուկները այնքան են հագեցած ծովային աղերի նստվածքներով, որ առանց լվացման հնարավոր չի դրանց գյուղատնտեսական օգտագործումը։ Հողերի որակի վատթարացմանը նպաստում է նաև հողային էրոզիան, և դրա արդյունքում առաջացող լյոսը։ Քայքայման արդյունքը կուտակվում է մի քանի մետրից մինչև 50-100 մետր հաստությամբ ծածկոցի ձևով՝ ջրբաժանների, լանջերի և հովիտների հին դարավանդների վրա՝ խոչընդոտելով գյուղատնտեսության զարգացմանը։ Հարթավայրերում տարածված են կարմրահողերը, որոնք աչքի են ընկնում օրգանական և հանքային նյութերի ցածր պարունակությամբ, բարձր թթվայնությամբ և թանձր մածուցիկությամբ։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով շատ շրջաններում դիտվում է հողի որակի վատթարացում, բուսածածկի վերացում, բերրիության ակում։ Դա կապված է արդյունաբերական թափոնների սխալ կառավարման, ակտիվ ոռոգման, զառիթափ լանջերի հերկման, անտառահատումների և գերարածեցման հետ։

Բուսածածկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական պնդուկ

Ըստ կենսաշխարհագրական գոտիների, Չինաստանը բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Բուսական բազմազանության վրա մեծ ազդեցություն են թողել հին և նոր դարերում բնատարածքի ինտենսիվ շահագործումը և մշակումը։ Բնական անտառներ պահպանվել են միայն լեռնային շրջաններում, մինչդեռ ցածրադիր շրջաններն ամբողջությամբ կուլտուրականացված են։ Չնայած դրան, Արևելյան Չինաստանի բուսական աշխարհը շատ բազմազան է. այստեղ հաշվում են մոտ 25000 բուսատեսակներ։ Գետահովտային շրջաններում հանդիպում են Երրոդական ժամանակաշրջանի ռելիկտային տեսակներ։ Բնական զոնաները ևս բազմազան են։ Հյուսիսից հարավ ուղղությամբ իրար են հաջորդում.

  • տայգա կամ փշատերև անտառ (Ամուր գետի ավազան)
  • խառը և լայնատերև անտառ (Ցինլին լեռնաշղթայի շրջան)
  • մերձարևադարձային անտառներ (Ցինլինից հարավ)
  • անապատներ և կիսաանապատներ (արևմտյան շրջան)
  • տափաստաններ (կենտրոնական շրջաններ, Մեծ Խինգանի նախալեռներ)
  • լեռնանտառային(հարավային և արևմտյան լեռնային շրջաններ)
  • փոփոխական խոնավ անտառներ (հարավ-արևելյան շրջաններ)
  • սավաննաներ (հարավային կղզիներ)։

Փշատերև տեսակներից լայն տարածված են դաուրյան խեժափիճին, կորեական մայրին։ Լայնատերև անտառներում տարածված են կաղնին, լորենին, թխկին և ընկուզենին։ Ցինլինի լեռներից հարավ, մերձարևադարձային գոտու սահմաններում տարածված են մերձարևադարձային փոփոխական անտառները, որտեղ աճում են դափնին, մագնոլիան, կամելիան։ Արժեքավոր փայտանյութ ունեն Մասսոնի սոճին և կունինգամիան։ Արևմտյան չորային շրջաններում բնորոշ են քսերոֆիտ և չորադիմացկուն տեսակները, թփերը և թփուտները։ Տարածված են սորուն ավազային և քարային անապատները, բուսականությունը աղքատ է։ Բնորոշ են գոբիական սեզը, օշանը, դեղին ակացիան, սաքսաուլը, կարմրանը, ելաբույսը, զուգատերևազգիները, բազմամյա և միամյա խոտաբույսերը։ Ջունգարական իջվածքից մինչև Ալաշան, գետահովիտներում՝ տուգայներում, հանդիպում են լեռնային օազիսներ, որտեղ աճում են խեժափիճի, կեչի, խայտաբղետ բարդի, ուռենի, անապատային սիսեռ։ Տիբեթի բարձրավանդակում տարածված են բարձրլեռնային ցուրտ անապատները, որտեղ աճում են խիստ չորասեր բուսատեսակներ՝ հարմարված ուժեղ քամիներին և արեգակնային ճառագայթման բարձր մակարդակին։ Միայն արևելյան շրջաններում, որտեղ կլիման դառնում է ավելի մեղմ և խոնավ, տարածվում են լեռնամարգագետնային լանդշաֆտները, իսկ միջին լեռնային գոտիներում՝ փշատերև տեսակները։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառների զանգվածային հատումը և վայրի կենդանիների որսը զգալիորեն կրճատել են Չինաստանի կենդանական աշխարհի տեսակային կազմը։ Արդյունագործական նշանակություն ունեցող կենդանատեսակները պահպանվել են միայն դժվարամատչելի լեռնային շրջաններում։ Հյուսիս-արևելյան շրջաններում տարածված խոշոր գիշատիչներից են գայլը, ենոտանման շունը, կզաքիսը, սկյուռը, նապաստակը։ Հյուսիս-արևմտյան Չինաստանում տարածված են անապատային և կիսաանապատային տեսակի կենդանիները։ Շատ են կրծողները, ավազամուկը, ձերենը կամ մոնղոլական գազելը, ջեյրանը։ Էնդեմիկներից են Պրժևալսկու ձին, տիբեթյան օրոնգո այծքաղը, կիանգ վայրի էշը, տիբեթյան արջամուկը, հիմալայան արջը, կարմիր գայլը։ Չինաստանի հարավ-արևմտյան շրջաններն աչքի են ընկնում հարուստ բուսակենդանական աշխարհով։ Այստեղ հանդիպում է կապկանման լեմուր լորի, չղջիկ, ընձառյուծ, տուփայա։ Էնդեմիկ տեսակներից են հսկա պանդան և փոքր պանդան։ Արգելոցներում և լճերում շատ են թռչնատեսակները։ Հայտնի տեսակներից են կռունկը, բադը, մեծ արոսը, Մեծ սպիտակ ձկնկուլը, մոխրագույն ձկնկուլը, կարապը, մոխրագույն հավալուսնը, գանգրափետուր հավալուսնը, հսկա ձկնկուլը, Ուսուրական ձկնկուլը, Բերինգի ձկնկուլը, հնդկական օձաթռչունը, քաջահավը, ֆլամինգոն, ջրարծիվը, սև ցինը, կաքավը, փասիանը և այլն։ Չինաստանի ափերը ողողող ծովերի ջրերը բարենպաստ միջավայր են ձկնատեսակների և ծովային բուսատեսակների համար։ Բացառություն է կազմում միայն Բոհայի ծոցը, որը ձմռանը սառցապատվում է։ Ֆիտոպլանկտոնի և զոոպլանկտոնի զարգացմանը նպաստում են նաև օրգանական նյութերով հարուստ գետաբերուկները։ Դրա շնորհիվ կղզիների ծանծաղուտները և հատակային ջրերը հարուստ են ջրիմուռներով և ձկնատեսակներով[8]։

Չինաստանի ֆիզիկաաշխարհագրական շրջանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկաաշխարհագրական շրջանացման քարտեզ

Հիմք ընդունելով Չինաստանի տարածքի բնակլիմայական բազմազանությունը, առանձնացնում են 7 ֆիզիկաաշխարհագրական շրջաններ։

Հյուսիս-արևելյան Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է Սունլյաո հարթավարը, Մեծ Խինգան, Փոքր Խինգան և Չանբայշան լեռնաշղթաների գոտին։ Կլիման բազմազան է, հստակ արտահայտված են չոր և խոնավ սեզոնները։ Չոր սեզոնը տևում է մոտ 6 ամիս՝ հոկտեմբերից մայիս, որի ընթացքում թափվում են տարեկան տեղումների մոտ 20 %-ը։ Ձմռանը ցուրտ է, Մեծ Խինգանի շրջանում դիտվում է −25 °C, հազվադեպ՝ −40 °C-ից −50 °C: Չանբայշանում ձմռանն ավելի տաք է՝ −14 °C: Խոնավ սեզոնը համընկնում է մուսոնների հետ, ափամերձ գոտում՝ Յալուցզյան գետի ավազանում, տեղումների տարեկան քանակը 1500մմ է, մինչդեռ Մեծ Խինգանի ներքին լանջերին՝ 250-500մմ։ Ամռանը Սունլյաո հարթավայրում հաճախակի են ջրհեղեղները՝ պայմանավորված հորդացումներով, վարարումներով և ձնհալով։

Հյուսիսային Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Չինաստանն ընդգրկում է Լյաոհէ գետից միչև Յանզցիի գետաբերան ընկած շրջանը։ Այս տարածաշրջանն առանձնանում է չորայնությամբ, տեղումների տարեկան քանակը 600-900մմ է, երբեմն՝ 400մմ։ Տեղումների զգալի մասը թափվում են խոնավ ամռանը՝ հունիսից սեպտեմբեր ամիսներին։ Ամառային հորդացումների պատճառով հաճախ են ջրհեղեղները, սելավները, ջրամբարների և դամբերի պատռվածքները։ Գետերն իրենց հետ տեղափոխում են մեծ քանակի լյոսային գետաբերուկներ, որոնք կուտակվում են գետերի ստորին հոսանքի շրջանում՝ նպաստելով Չինական Մեծ դաշտավայրի ընդարձակմանը։

Հարավ-արևելյան Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգունյանշան ազգային պարկը

Շրջանը տարածվում է Ցինլինի և Խուայանշան լեռներից հարավ ընկած գոտում, որը համընկնում է մերձարևադարձային մուսոնային կլիմայական գոտու տարածման շրջաններին։ Ռելիեֆը խիստ մասնատված է, գետերի և նրանց վտակների կողմից քայքայված միջին և ցածր լեռների կողքին հանդիպում են գետաբերուկային ծագման հարթավայրեր։ Տարածաշրջանի հիմնական առանձնահատկությունը ձմռանը տիրապետող սառը և չոր մուսոններն են, որոնք փչելով ցամաքի խորքից դեպի ծով ուղղությամբ, նպաստում են օդ ջերմաստիճանի նվազմանը և չորայնության աճին։ Ամռանը հակառակն է. ծովային մուսոնների շնորհիվ տաք և խոնավ է, հաճախ դիտվում է ավելցուկային խոնավություն՝ 1100-2000մմ տեղումներով։ Յանցզիի հովտում գրեթե բացակայում են բնական լանդշաֆտները։ Տարածքի 2/3-ը արհեստականորեն հարթեցվել է՝ վերածվելով գյուղատնտեսական հողահանդակների։ Բնական լանդշաֆտներ հանդիպում են միայն Սիգունյանշան ազգային պարկի տարածքում։

Հարավային Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական կակաչի ծառ Հայնան կղզում

Այս շրջանը զբաղեցնում է Չինաստանի տարածքի 1 %-ը՝ ընդգրկելով Հայնան և Թայվան կղզիները, Լէյչժոու թերակղզին, Յունան պրովինցիայից մինչև Գունասի-Չժուանի ինքնավար մարզ և Գուանդուն պրովինցիան։ Այստեղ կլիման ավելի մեղմ է, ջերմաստիճանային տատանումները քիչ են, տեղումներն առատ են և հավասարաչափ բաշխված՝ հյուսիսում 800-900 մմ, հարավում՝ 2500-2800 մմ։ Յունան պրովինցիայի հյուսիսում ձմռանը տիրապետում է Սիբիրական անտիցիկլոնը՝ առաջացնելով չոր և ցուրտ եղանակ։ Փետրվարից մարտ և նոյեմբերից դեկտեմբեր ցուրտ է, ջերմաստիճանը միշտ ցածր է 0 °C-ից։

Հարավ-արևմտյան Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունանի բրնձի դաշտերը

Ընդգրկում է Յունան պրովինցիայի մեծ մասը և Յունանի բարձրավանդակը։ Այստեղ լեռնաշղթաներն ունեն միջօրեական տարածում, ինչի շնորհիվ այստեղ են ներթափանցում Հնդկական օվկիանոսից եկող տաք և խոնավ օդային զանգվածները։ Միևնույն ժամանակ, հյուսիս-արևմուտքի բարձր լեռները պատնեշի դեր են կատարում՝ արգելափակելով ցամաքային չոր օդային զանգվածների հոսքը։ Այստեղով են հոսում Հարավարևելյան Ասիայի խոշոր գետերը՝ Յանցզին, Սալուինը, Մեկոնգը, ինչպես նաև սկիզբ են առնում Սիցզյանը և Հոնգհան(Կարմիր գետը)։ Անձրևային սեզոնը տևում է մայիսից հոկտեմբեր՝ տեղումների մեծ մասը թողնելով լեռների հողմահայաց լանջերին։ Միջին ջերմաստիճանը +22 °C, ձմռանը համեմատաբար տաք է, ջերմաստիճանը հազվադեպ է իջնում 0 °C-ից, այն էլ՝ գիշերը։ Այստեղ մուսոնային անձրևների սեզոնը համընկնում է ձնհալի սեզոնի հետ, ինչի պատճառով մինչև աշուն հաճախ են գետերի վարարումները, հորդացումները և ջրհեղեղները։ Յունանի բարձրավանդակի կլիման բավականին մեղմ է, Կունմինում հունվարին դիտվում է +9,6 °C, հուլիսին՝ +20,8 °C, տեղումների տարեկան քանակը՝ 1000 մմ։

Տիբեթի բարձրավանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբեթյան բնապատկեր

Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից Տիբեթի բարձրավանդակը բաժանվում է 2 ենթաշրջանների՝ հյուսիսարևմտյան և հարավ-արևելյան։ Հարավ-արևելյան կամ արտաքին ենթաշրջանը մասնատված է բարձր լեռնաշղթաներով և խոր կիրճերով։ Բարձրությունները նվազում են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևեք ուղղությամբ՝ 7000մ-ից հասնելով 1200մ։ Բարձրավանդակի հարավ-արևելքում ձգվում են Չին-Տիբեթական կամ Հենդուանշանի լեռները՝ Գոնգա բարձր գագաթով(7590մ)։ Նանցզյանում, Յանզցի գետի վերին հոսանքի շրջանում կլիման ավելի ցուրտ է և չոր։ Ամենատաք ամսվա ջերմաստիճանը + 10 °C է, չնայած որ անգամ օգոստոսին լինում են սառնամանիքներ։ Բարձրավանդակի ամենատաք և խոնավ շրջանը Ցանգպո(Բրահմապուտրա) գետի հովիտն է, որտեղ հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է ընդամենը -4,4 °C: Հյուսիսարևմտյան կամ ներքին ենթաշրջանը ընդգրկում է Հյուսիս-Տիբեթական սարահարթը, Չանգթանի հարթավայրը և համընկնում ներքին հոսքի ավազանի հետ։ Բարձր լեռնային դիրքի պատճատով կլիման շատ խիստ է։ Օդի ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում 0 °Cից, տեղումների տարեկան քանակը չի գերազանցում 100մմ-ը։ Կլիմայի չորության պատճառով բարձր գագաթները զուրկ են ձնածածկից, սառցադաշտեր գրեթե չեն հանդիպում։ Գետերը քիչ են, հիմնականում ունեն սառցադաշտային սնում, պատկանում են ներքին հոսքի ավազանին։

Հյուսիսարևմտյան Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է Մեծ Խինգանի արևմտյան լեռնաճյուղերից արևմուտք ընկած գոտին։ Կլիման խիստ ցամաքային է, ցամաքայնությունն աճում է արևելքից արևմուտք ուղղությամբ։ Դրան զուգահեռ տեղումների տարեկան քանակը նվազում են 500-200մմ, ինչի պատճառով գերիշխում են անապատային և կիսաանապատային լանդշաֆտները։ Արևմուտքում գտնվում է Օրդոսի սարահարթը, որտեղ առանձնանում են ավազային ցածրավայրերը և քարային բարձրավայրերը։ Սակավ տեղումները թափվում էն ամռանը՝ կազմելով 150 մմ։ Ալաշանի սարահարթը բնական պայմաններով նման է Օրդոսին, սակայն մակերևույթում ավելի գերակշռում են ավազային լեռնազանգվածները և քարացրոնները, բնորոշ են դյուները։ Գրունտային ջրերի կուտակման շրջաններում և ցածրավայրերում հանդիպում են փոքր օազիսներ։ Էձին Գոլ գետից արևմուտք ձգվում է Բեյշանը կամ Բեյշանյան Գոբի անկենդան անապատը, որտեղ կլիմայի ցամաքայնության և չորայնության կտրուկ աճի պատճառով օրգանական աշխարհը բացակայում է։ Խիստ չորասեր բուսատեսակներ հանդիպում են միջլեռնային գոգավորություններում, օրինակ Թարիմի իջվածքում, որտեղ էլ գտնվում է Տակլա Մական անապատը։ Այս միջլեռնային գոգավորություններին բնորոշ են տուգայները՝ մացառուտները, որոնք հարմարված են խիստ չորային պայմաններին։ Անապատի կենտրոնական մասում, սորուն ավազուտների տարածման շրջաններում, օրգանական աշխարհը բացակայում է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. User, Super. «География Китая». www.nbchr.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. «География Китайской Народной Республики - Wikiwand». www.wikiwand.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Rivers and Lakes in China -- china.org.cn». www.china.org.cn. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «Озера Китая». Дорогами Срединного Пути (ռուսերեն). 2012 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «China climate: average weather, temperature, precipitation, when to go». www.climatestotravel.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «География Китайской Народной Республики - Wikiwand». www.wikiwand.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Снегопад в Китае (2008)». ru.freejournal.org (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Животные и растения Китая: описание, фото дикой природы Китая». webmandry.com (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 9. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]