Օդային զանգվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդային զանգվածներ, համեմատաբար համասեռ ֆիզիկական հատկանիշներով (ջերմային, խոնավության, թափանցիկության) օդի ծավալուն (հիմնականում հորիզոն, ուղղությամբ) մասեր ներքնոլորտում։ Զբաղեցրած տարածքները համաչափելի են մայրցամաքների ու օվկիանոսների մեծ հատվածների հետ և շարժվում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության որևէ հոսանքի ուղղությամբ։ Օդային զանգվածների ձևավորման վրա առանձնապես ազդում են տեղանքի դիրքն ու աշխարհագրական պայմանները։ Ըստ ձևավորման շրջանների՝ տարբերում են արկտիկական և բարեխառն լայնությունների, արևադարձային և հասարակածային, ըստ ջերմային հատկանիշների՝ տաք, ցուրտ օդային զանգվածներ։ ՀՀ տարածքի եղանակային ռեժիմի վրա հիմնականում ազդում են արևմտյան բարեխառն օդային զանգվածները (55 %)։ Ամռանը հարավից ՀՀ տարածք են թափանցում արևադարձային ցամաքային (55 %), առանձին դեպքերում՝ նաև մերձարևադարձային ծովային (Միջերկրական և Սև ծովեր) օդային զանգվածներ։ Ձմեռային ամիսներին հանրապետության տարածքը ենթակա է սիբիրական անտիցիկլոնի և եվրոպական մասում ձևավորվող բարձր ճնշման մարզից թափանցող օդային զանգվածների ազդեցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png