Սաքսաուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saksaul.JPG

Սաքսաուլ (Haloxylon), թելուկագգիների ընտանիքի ոչ խոշոր ծառերի (մինչև 12 մ) և թփերի ցեղ։ Ճյուղավորումը եղանաձև է, ընձյուղները հատվածավոր են, դյուրաբեկ։ Սաղարթը խիտ է կամ նոսր, ամռանը՝ կանաչ, աշնանը՝ մոխրագույն կամ գորշավուն։ Տերևները հակադիր են, փոքրիկ, ցողունին սեղմված անգույն թեփուկների կամ թմբիկների տեսքով։ Ծաղիկները երկսեռ են, մեկական նստած թեփուկանման ծաղկակիցների ծոցերում։ Սաքսաուլները բազմանում են սերմերով և արմատային մացառներով, երբեմն առաջացնում է անտառներ։ Ապրում է 30-60 տարի։ Հայտնի է սաքսաուլի 10 տեսակ՝ տարածված Ասիայի անապատներում և կիսաանապատներում։ ԽՍՀՄ-ում՝ Միջին Ասիայում հանդիպում է սաքսաուլի 3 տեսակ՝ սպիտակ (H․ persicum), սև (H․ aphyllum) եզայսանյան (H․ ammodendron)։ Սաքսաուլը ժողովրդական տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունի, բնափայտն ամուր է, դյուրաբեկ, ծանր (ընկղմվում է ջրում), օգտագործվում է որպես բարձրորակ վառելափայտ, ջերմատվությամբ քիչ է զիջում գորշ ածխին։ Մոխրից պոտաչ է ստացվում։ Ձմռանը կանաչ ընձյուղները կեր են ծառայում ուղտերի և ոչխարների համար։ Սաքսաուլն օգտագործվում է շարժվող օազիսների ամրացման, քաղաքների կանաչապատման համար և անփոխարինելի է միջինասիական հանրապետությունների ավազուտների անտառապատման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 252 CC-BY-SA-icon-80x15.png