Լյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյոս

Լյոս (գերմ.` Löß կամ Löss - ոչ կարծր, փխրուն), ոչ շերտավոր, միատարր կրաքարային նստվածքային ապար։ Գույնը՝ բաց դեղին։ Գերակշռում են 0,01-0,05 միլիմետր չափի մասնիկները։ 0,005 միլիմետրից մեծ կավի մասնիկները կազմում են 5-30%, ծակոտկենությունը՝ 40-55%։ Լյուսն ունի նուրբ փոսիկներ (մակրոծակոտիներ), որոնք բուսական մնացորդների հետքեր են։ Ըստ կազմության` սովորաբար դասվում է ավազակավերի, երբեմն կավավազների շարքը։ Խոշոր մասնիկները ներկայացված են գլխավորապես քվարցով կամ դաշտային սպաթով, սակավ՝ փայլարներով, եղջերախափով և այլն, իսկ մանր մասնիկները` կավային զանազան միներալներով (հիդրոփայլար, կաոլին, մոնտմորիլլոնիտ)։ Լյոսի առաջացումը կապում էին երկրաբանական տարբեր պրոցեսների (ցամաքում՝ քամու, անձրևային և ձնհալքի ջրերի գործունեության, հողմահարման, տիեզերական փոշու նստեցման, իսկ լճերում և ծովերում՝ նստվածքագոյացման) և ապարագոյացման փուլերի հետ։ 1877 թվականին գերմանացի գիտնական Ֆ. Ռիխտհոֆենն ապացուցել է չինական լյոսերի սուբարեալ (ցամաքում՝ ջրի սահմանափակ դերի պայմաններում) ծագումը։ Հանրաճանաչ են լյոսերի առաջացման էոլային (Վ. Օբրուչև), հողային (լյոս Բերգ) և այլ տեսություններ։ Ն. Կրիգերը լյոսի առաջացման գլխավոր գործոններ է համարում փոշու էոլային ներբերումը, դելյուվիալ լիթոգենեզը, հողմահարման և հողառաջացման սինգենետիկ պրոցեսները՝ չոր տափաստանային կլիմայի պայմաններում։ Լյոսը սևահողերի և մոխրագույն հողերի մայր ապարն է։ Օգտագործվում է աղյուսի և ցեմենտի պատրաստման համար։ Լյոսերը տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, գլխավորապես բարեխառն գոտու տափաստանային և կիսաանապատային շրջաններում։ Լյոսը տեղադրվում է մի քանի մետրից մինչև 50-100 մետր հաստությամբ ծածկոցի ձևով՝ ջրբաժանների, լանջերի և հովիտների հին դարավանդների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 642 CC-BY-SA-icon-80x15.png