Հողի դեգրադացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողի դեգրադացում, հողի աստիճանական վատթարացում, հողերի կամ հողառաջացման պայմանների վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունների հետևանքով և բնական ճանապարհով (սելավ, ողողում, աղակալում) հողերի վատթարացման և քայքայման շարժընթաց։ Առաջանում է հողերը ոչ ճիշտ օգտագործելիս, հողային ծածկույթի կառուցվածքի ու հողի բերրիության պահպանման միջոցառումները չապահովելիս։ Հողի դեգրադացում բացասաբար է ազդում շրջակա բնական միջավայրի, հողային պաշարների վրա։ Հողի դեգրադացման տեսակները բազմազան են, և դրանց թիվն աճում է գիտատեխնիկական առաջընթացի հետ, երբ խախտվում է հողառաջացման բնականոն շարժընթացը՝ անտառների և այլ բնական բուսածածկույթի վերացման, հողերի հերկման, ինտենսիվ մշակման հետևանքով։

Հողի դեգրադացում

Հողի դեգրադացումն է առաջանում նաև տարբեր տեսակի ազդեցություններից՝ քիմիական և ֆիզիկաքիմիական (հողը հանքային պարարտանյութերով, պեստիցիդներով պարարտացնելիս, արդյունաբերական ձեռնարկություններից արտահոսած, տրանսպորտի արտանետած նյութերից թունավորվելիս), ֆիզիկական (հողածածկույթի կարծրացումից, դրա կառուցվածքի քայքայումից, հողի ջրաթափանցելիության և օդաթափանցելիության նվազումից, հողի էրոզիայից, հողի անապատադեգրադացված հողերցումից), կենսաբանական (ստեղծված կենսացենոզի խախտումներից, հրդեհված հողերի ստերջացումից, հումուսի կորստից), հողերի ջրային և աղային ռեժիմների վատթարացում՝ հողերի ջրատնտեսական և այլ շինարարության հետևանքով (ջրահոսքերի կառուցվածքի, լանդշաֆտի տարրերի և գետերի ավազանի առանձին մասերի ջրային ու աղային հավասարակշռությունը խախտելիս)։ ՀՀ-ում շինարարության համար նպաստավոր հողատարածքների սակավության պատճառով յուրացվում են մեծ թեքության լանջեր, կտրտված ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա տեղամասեր, որի հետևանքով տեղի է ունենում հողի դեգրադացում։ ՀՀ-ում հողի դեգրադացման դեմ պայքարը շրջակա բնական միջավայրի պահպանման միջոցառումների համակարգի գլխավոր օղակներից է և գնալով ավելի մեծ նյութական և էներգետիկ միջոցներ է պահանջում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png