Իգոր Կուրչատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Վասիլի Կուրչատով
И́горь Васи́льевич Курча́тов
ԽՍՀՄ ականավոր գիտական ղեկավար
Ծնվել է1903 թ. հունվարի 12
Չելյաբինսկի մարզ Սիմ քաղաք
Մահացել է1960 թ. փետրվարի 7
Մոսկվա Կրեմլի պատի դամբարան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Բնակության վայր(եր)Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՈւԽՍՀ ՈւԽՍՀ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
Դավանանքաթեիստ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ա․ Ֆ․ Իոֆեի անվան ԼՖՏԻ
Լաբորատորիա № 2
Ատոմային էներգիայի ինստիտուտ
այժմ՝ Կուրչատովի ինստիտուտ
Գործունեության ոլորտպինդ մարմնի ֆիզիկա, Միջուկային ֆիզիկա և ferroelectricity?
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԱբրամ Իոֆեի անվան Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
Վլադիմիր Վերնադսկու անվան Տավրիյան համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱբրամ Իոֆե
Եղել է գիտական ղեկավարKonstantin Petrzhak?, Evgeny Babulevich?, Q4169487?, Georgiy Kruzhilin? և Q20891931?
Հայտնի աշակերտներVladimir Fyodorov?
Ինչով է հայտնիԽՍՀՄ ատոմային ռումբի «հայր» (1949 թ.)
Եվրոպայում առաջին ատոմային ռեակտոր ստեղծող(1946 թ.)
Ազդվել էԳեորգի Ֆլյորով
Կոնստանտին Պետրժակ
Ազդել էԱնդրեյ Սախարով
Պարգևներ

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951) Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954)
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան
‎Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան ‎Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան ‎«Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Լենինյան մրցանակ(1957) Ստալինյան մրցանակ(1942) Ստալինյան մրցանակ(1949) Ստալինյան մրցանակ(1951) Ստալինյան մրցանակ(1954)
ԽՍՀՄ ԳԱ Լեոնարդ Էյլերի անվան ոսկե մեդալ
Ժոլիո-Կյուրիի անվան Խաղաղության արծաթե մեդալ(1959)


ԽՍՀՄ Պատվավոր քաղաքացի(1949)[2]
Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Մարինա Սինելնիկովա (1895-1969)[3]
 Igor Kurchatov Վիքիպահեստում

Իգոր Վասիլիի Կուրչատով (ռուս.՝ И́горь Васи́льевич Курча́тов, հունվարի 8 (21), 1903[7] կամ դեկտեմբերի 30 1902 (հունվարի 12 1903), Սիմ, Սիմսկի ծխական համայնք, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 7, 1960(1960-02-07)[4][5][6][…], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆիզիկոս և գիտական ղեկավար, ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1943 թվականից Կուրչատովը գլխավորել է ատոմային խնդիրների հետ կապված գիտական աշխատանքները ԽՍՀՄ-ում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը (1946) և խորհրդային առաջին ատոմային ռումբը (1949

Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկների, նեյտրոնների ազդեցությամբ առաջացող միջուկային ռեակցիաների, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականի հունվարի 12-ին (նոր տոմարով) Ուրալում, նախկին Ուֆայի գուբերնիայի Սիմի Գործարան գյուղում (ներկայումս Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքում)։ Հայրը՝ Վասիլ Կուրչատովը (1869-1941), անտառտնտեսության հողաչափական-հողաբաշխական աշխատանքերի աշխատակից էր։ Մայրը՝ Մարիյա Կուրչատովան (1875-1942), մինչև ամուսնությունը Ուֆիմի Զլատոուստովյան գուբերնիայի վարժարանի ուսուցչուհի էր։

1908 թվականին երեխաների միջնակարգ կրթությունն ապահովելու նպատակով ընտանիքը տեղափոխվում է Սիմբիրսկ քաղաք, որտեղ 1911 թվականին Իգոր Կուրչատովը սկսում է հաճախել հանրային դպրոց։ 1912 թվականին քրոջ՝ Անտոնինայի հիվանդության (պալարախտ) հետ կապված ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Անտոնինային փրկել չի հաջողվում, բայց ընտանիքը մնում է Սիմֆերոպոլում։ Եղբոր՝ Բորիս Կուրչատովի հետ Իգորը հաճախում է տեղի հանրային վարժարանը։ Ամառային արձակուրդների ընթացքում ընտանիքի կարիքները հոգալու համար տղաները աշխատում էին գերմանացիների մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմի և Քաղաքացիական պատերազմի տարիներին ընտանիքի կարիքներից ելնելով Իգորը Սիմֆերոպոլի արական հանրային վարժարանում ուսանելուն զուգընթաց ավարտում է երեկոյան արհեստագործական դպրոցը։ Ստանալով փականագործի մասնագիտություն, աշխատանքի է անցնում Տիսենի մեխանիկական ոչ մեծ գործարանում։ Նաև գումար վաստակելու համար երբեմն կրկնուսույցի աշխատանք էր կատարում, հոր գեոդեզիական արշավներին էր մասնակցում՝ ոտքի տակ տալով ամբողջ Ղրիմը[8]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվական գերազանցությամբ ավարտում է ութնամյակը։ Նույն տարում ընդունվում է Ղրիմի (այն ժամանակ Տավրիյան) համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին։ Այն ժամանակ համալսարանում աշխատում էին Ն. Մ. Կռիլովը, Ն. Ս. Կոշլյակովը, Վ. Ի. Սմիռնովը, ֆիզիկոս և էլեկտրտեխնիկ Ս. Ն. Ուսատին, երիտասարդ ֆիզիկոսներ Ի. Ե. Տամմը և Յա. Ի. Ֆրենկելը (1894-1952), քիմիկոս և մետաղագետ Ա. Ա. Բայկովը։ Իսկ համալսարանի ռեկտորն էր Վ. Ի. Վերնադսկին։ 1923 թվականին, չնայած սովին և կարիքին, ժամկետից շուտ հաջողությամբ ավարտում է համալսարանը և ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Պետրոգրադ։ 1923 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվում է Պետրոգրադի Պոլիտեխնիկական ինստիտուտի նավաշինարարական ֆակուլտետի երրորդ կուրս և կրթությանը զուգընթաց աշխատում է Սլուցկի (ներկայումս Պավլովսկ) Գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարանում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի փետրվարի 3-ին ամուսնանում է իր մտերիմ ընկեր, նաև գործընկեր Կիրիլ Սինելնիկովի քրոջ՝ Մարինա Սինելնիկովայի հետ[9]։

Սինելնիկնովները Ուկրաինայի Պավլոդար քաղաքից էին, ազնվական տոհմից։ Հայրը բժիշկ էր, մահացել է տիֆից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մոր առողջությունից ելնելով ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Մայրը մահանում է։ Մարինան աշխատանքի է անցնում որպես մեքենագրուհի, իսկ Կիրիլը ընդունվում է համալսարան։ Այստեղ էլ Կուրչատովը 1921 թվականին ծանոթանում է Կիրիլի, իսկ հետագայում նաև քրոջ՝ Մարինա Սինելնիկովայի (1895-1969) հետ։ Երեխաներ չեն ունեցել։

Գիտական առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1923-1924 թվականների ձմռանը նա կատարում է իր առաջին փորձարարական հետազոտությունը ձյան ալֆա-ռադիոակտիվության չափման վերաբերյալ։ Աշխատանքը հրատարակվում է 1925 թվականին «Երկրաֆիզիկայի և օդերևութաբանության ամսագիր»-ում (Журнал геофизики и метеорологии)[10] 1924 թվականի հունիսին թողնում է աշխատանքը և ուսումը, գնում է Ղրիմ ընտանիքի հետ լինելու համար, քանի որ հոր արտաքսման հետ կապված պետք է հեռանային Ղրիմից։

1924 թվականի ամռան՝ հունիսից հոկտեմբեր ամիսներին աշխատում է Թեոդոսիայում Սև և Ազովի ծովերի Կենտրոնական հիդրոօդերևութաբանական կայանում։ Շատ կարճ ժամանակում մի քանի գիտական աշխատանքներ է կատարում։ Նույն թվականին պրոֆեսոր Ուսատովի հրավերով ընդունվում է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում ասիստենտ, որտեղ հետազոտական աշխատանք է կատարում դիէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ՝ Աբրամ Իոֆեի ղեկավարությամբ։

Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ (ЛФТИ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Աբրամ Իոֆեն պրոֆեսոր Սեմյոն Ուսատինից տեղեկանալով տաղանդավոր գիտնականի մասին, հրավիրում է Կուրչատովին իր ինստիտուտ՝ որպես առաջին կարգի գիտաշխատող, իր անմիջական գլխավորությամբ աշխատելու։ Այդպիսով, 1925 թվականից աշխատանքի է անցնում Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում (ԼՖՏԻ, հիմնադիր՝ Իոֆե, 1918 թվական), որի մասին ասում էին «Իոֆե հայրիկի մանկապարտեզ»։ Այն ժամանակի ԽՍՀՄ ֆիզիկայի հիմնական կենտրոն, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող գիտական դպրոց՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և որտեղ կենտրոնացած էին երկրի խոշորագույն ֆիզիկոսներն ու տաղանդավոր երիտասարդությունը։ Հենց այստեղ էլ Ի. Վ. Կուրչատովը ձևավորվում է որպես գիտնական։ ԼՖՏԻ-ում աշխատում է 1925-1943 թվականներին։

Առաջին գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական գործունեությունը սկսում է կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների, ինչպես նաև բյուրեղների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությամբ, ստեղծում է նոր մեկուսիչ նյութեր։ ԼՖՏԻ-ում Կ. Դ. Սինելնիկովի հետ համատեղ 1925 թվականին կատարում է իր առաջին գիտական աշխատանքը՝ բարակ մետաղական թիթեղի միջով դանդաղ էլեկտրոնների անցումը։ 1930 թվականից ղեկավարում է ԼՖՏԻ-ի Ֆիզիկայի բաժինը[11]։

Սեգնետաէլեկտրիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ շրջանում հատուկ նշանակություն է ստանում սեգնետային աղի անոմալ բարձր դիէլեկտրիկ թափանցելիության հետազոտությունները։ Սեգնետաէլեկտրականության մասին նոր պատկերացումները Կուրչատովին հնարավորություն տվեցին բացատրել փորձարարական նյութի հատկությունները։ Կուրչատովը Պ. Պ. Կոբեկոյի և իր եղբոր՝ Բ. Վ. Կուրչատովի հետ համատեղ նյութերի նոր դաս հայտնագործեց և սեգնետաէլեկտրիկների ֆիզիկայի հիմքը դրեց։ 1933 թվականին Կուրչատովը թողարկեց «Սեգնետաէլեկտրիկներ» մենագրությունը, որտեղ ակնարկ կատարեց դիէլեկտրիկների ֆիզիկայի բնագավառում այդ երևույթի վիճակի մասին[11]։

Գիտական կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1933 թվական դիէլեկտրիկների և կիսահաղորդիչների, նրանց հարող թեմաների վերաբերյալ լույս են տեսել Կուրչատովի մոտ հարյուր հոդվածներ, ակնարկներ և ռեֆերատներ (համահեղինակներ՝ Ա. Ֆ. Իոֆե, Կ. Դ. Սինելնիկով, Պ. Պ. Կոբեկո, Բ. Վ. Կուրչատով և այլք)։ Արդյունքը եղավ այն, որ 1934 թվական Կուրչատովին շնորհվեց ֆիզկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում (առանց դիսերտացիայի պաշտպանության), իսկ 1935 թվականին պրոֆեսորի կոչում։ 1935 թվականին լույս տեավ Կուրչատովի «Ատոմի միջուկի բաժանումը» (Расщепление атомного ядра) գիրքը։

Հեռատես քայլ։ Կտրուկ շրջադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին միջուկային ֆիզիկայի պատմության մեջ անվանում են «ոսկե» տարի. առաջատար երկրների գիտնականները մի շարք հայտնագործություններ արեցին գիտության այդ բնագավառում (Անգլիայում Ջեյմս Չեդվիկը՝ նեյտրոն, ԱՄՆ-ում Կարլ Անդերսոնը՝ պոզիտրոն, Հարոլդ Յուրի՝ դեյտերիում

Առաջին հաջողությունը՝ սեգնետաէլեկտրականության հայտնագործումը շատ այլ գիտնականի համար բավարար կլիներ ողջ հետագա կյանքի համար։ Սակայն Կուրչատովը կտրուկ փոխելով իր աշխատանքի ուղղվածությունը ամբողջովին նվիրվեց միջուկային ֆիզիկային։ Դա հնարավոր եղավ ԼՖՏԻ-ում տիրող գիտական միջավայրի շնորհիվ։ Այդ քայլը միջազգային ճանաչում բերեց Կուրչատովին և նրա գիտական խմբին։ Միջազգային կոնֆերանսներում ընկերական հարաբերություններ հաստատեց երիտասարդ ականավոր գիտնականներ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի (Ֆրանսիա), Ռուդոլֆ Պայերլսի (Անգլիա), Պաուլ Էրենֆեստի (Նիդերլանդներ) հետ[12]։

Ատոմի միջուկի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոֆեյի նախաձեռնությամբ ստեղծված Ատոմային միջուկի ուսումնասիրության լաբորատորիայում ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը եղավ Կուրչատովը, որ սկսեց ատոմի միջուկի ֆիզիկայի՝ ռադիոակտիվության և միջուկային փոխակերպումների, միջուկի ճեղքման ուսումնասիրությունը[12][13][14]։

1932 թվականին ԼՖՏԻ-ի Ատոմի միջուկի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչն էր, 19ЗЗ թվականից՝ Միջուկային ֆիզիկայի բաժնի վարիչը։ Միաժամանակ 1935-1941 թվականներին ղեկավարում էր Լենինգրադի պետական Մ. Ն. Պոկրովսկու (այժմ՝ Գերցենի) անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնը և ԽՍՀՄ ԳԱ Ռադիումային ինստիտուտի ցիկլատրոնային լաբորատորիան։

1933 թվականից ատոմի միջուկի ֆիզիկայով է զբաղվում, 1934 թվականին հայտնաբերում է նեյտրոնների ռմբակոծմամբ պայմանավորված միջուկային շղթայական ռեակցիաների ճյուղավորումը, ուսումնասիրում է որոշ տարրերի արհեստական ռադիոակտիվությունը։

1935 թվականին Իգոր Կուրչատովը Բորիս Կուրչատովի, Միսովսկիի և Ռուսինովի հետ բացահայտում է արհեստական-ռադիոակտիվ իզոտոպների միջուկային իզոմերիաները։ Այդ երևույթի հետ կապված խորը ուսումնասիրությունները Կուրչատովին հնարավորություն տվեցին Միջուկային իզոմերիայի տեսությունը ստեղծել։

Միջուկային ռեակցիաների և միջուկի էներգետիկ կառուցվածքների ուսումնասիրության գործում կարևոր նշանակություն ունեն նեյտրոնների ռեզոնանսային կլանման և ջրածնի հետ նրանց փոխազդեցության վերաբերյալ Կուրչատովի աշխատանքները։ Կուրչատովն իրականացրել է մի շարք հետազոտություններ միջուկային ֆիզիկայի առավել հրատապ խնդիրներից մեկի՝ ծանր միջուկների տրոհման վերաբերյալ, աշխարհում առաջինը դիտել է ուրանի սպոնտան ինքնաբուխ տրոհումը։

Ցիկլատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները սկսելով միջուկային ռեակցիաների ընդունակ լիցքավորված մասնիկների արագացուցիչների նախագծումից, անձամբ մասնակցել է բարձրավոլտ արագացուցիչի շինարարությանը։

1939 թվականին անձամբ ղեկավարում է ԽՍՀՄ առաջին 6 ՄէՎ էներգիայով ցիկլատրոնի մեկնարկը։ Ղեկավարում է Եվրոպայում և ԽՍՀՄ-ում ժամանակի ամենախոշոր ցիկլատրոնի (տարրական մասնիկների արագացուցիչ) կառուցումը, որը գործարկվեց Ռադիումային ինստիտուտում (1937

1940 թվականին նրա ղեկավարությամբ Կ. Ա. Պետրժակը և Գ. Ն. Ֆյոդորովը հայտնաբերեցին ուրանի միջուկների տարերային բաժանումը[15]։

Պատերազմական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուն պես ԽՍՀՄ-ում դադարեցվում է միջուկային ֆիզիկայի բոլոր տեսակի հետազոտությունները։ Կուրչատովը սկսում է ռազմածովային նավատորմի պաշտպանական ծրագիրն իրականացնել։

Նավերի ապամագնիսացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1945 թվականներին Կուրչատովն այլ գիտնականների հետ պաշտպանական նշանակություն ունեցող մի շարք աշխատանքներ է կատարում։ 1941 թվականի օգոստոսի 9-ին Կուրչատովը մեկնում է Սևաստոպոլ, նոյեմբերին՝ Փոթի, Տուապսե (Սևծովյան նավատորմ), դեկտեմբերին՝ Բաքու (Կասպիական նավատորմ), 1943 թվականի փետրվարին՝ Պալյարնի (Հյուսիսային նավատորմ

Լինելով ռազմածովային նավատորմի նավաշինարարական կազմակերպության գլխավոր խորհրդատուն, Վ. Ի. Կուրչատովը կատարում էր խորհրդատվական, հետազոտական աշխատանքներ, կանոններ և նորմեր է մշակում, դասախոսություններ է կարդում նավաստիների համար և անձնակազմի ուսուցմամբ է զբաղվում, նաև աշխատում է նավերի ապամագնիսացման և նույնիսկ ականների ապամոնտաժման աշխատանքներին։ Հայրենակական պատերազմի ընթացքում Կուրչատովի և Անատոլի Ալեքսանդրովի ստեղծած «ԼՖՏԻ համակարգը» տեղադրվում է հարյուրավոր նավերի վրա և գերմանական մագնիսական ծովային ականներից հարյուր տոկոսանոց պաշտպանություն է ապահովում[16][17][18][19]։

Ատոմային նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում ԽՍՀՄ միջուկային հետազոտությունները դադարեցնելուց հետո 1941 թվականի սեպտեմբերից հետախուզական տեղեկատվություններ եղան այն մասին, որ ԱՄՆ, Անգլիան և Գերմանիան աշխատում են ատոմային զենքի պատրաստման ուղղությամբ[20][21]։

1942 թվականի ապրիլին Իոֆեն և ՊՊԿ-ի հանձնակատար Կաֆտանովը (ավելի վաղ Ֆլյորովը[22]) ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները վերսկսելու անհրաժեշտությամբ դիմում են Ստալինի։ Իոֆեն խիստ անհանգստացած էր, քանի որ ատոմի միջուկի ուսումնասիրությունների վերաբերյալ արևմտյան հրապարակումները դադարեցվել էին։ Հետազոտությունների գաղտնիությունը լուրջ վտանգ էր պարունակում։

Այդ ինֆորմացիան հաստատող տվյալներ ստանալուց հետո, պատերազմի դաշտում իրավիճակը մի փոքր կարգավորվելուն պես 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Պետական պաշտպանության կոմիտեն[23] որոշում կայացրեց «կազմակերպել ուրանի վերաբերյալ աշխատանքները»։ Լավրենտի Բերիայի խորհրդով Ստալինը խորհրդակցություն է հրավիրում ակադեմիկոսներ Իոֆեի, Սեմյոնովի, Խլոպինի մասնակցությամբ[24]։ Որոշում է ընդունվում ատոմային ռումբի ստեղծման նախագիծը անվանել Ծրագիր համար մեկ և աշխատակազմ ընտրել, հսկողությունը հանձնարարել Մոլոտովին[25]։

1943 թվականի փետրվարի 11-ին ՊՊԿ-ը որոշում ընդունեց ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները սկսելու մասին։ Այդպիսով «Մանհեթենյան նախագծի» սկսումից մեկ ու կես ամիս անց խորհրդային «Ատոմային նախագիծ» ստեղծելու որոշում կայացվեց։ Սակայն աշխատանքները գործնականորեն կազմակերպելը որոշակի ժամանակ էին պահանջում։ Նախագիծը իրականացվում էր Լավրենտի Բերիայի անմիջական հսկողությամբ։

Ղեկավարի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլյորովն ատոմային ռումբի ստեղծման անհրաժեշտության մասին զեկուցագիր ներկայացրեց ֆիզիկոսներին։ Տեսակետները ֆիզիկոսներին բաժանեցին երկու խմբի. ավագ սերունդը Իոֆեյի ղեկավարությամբ նախկինի պես ատոմային ռումբի ստեղծումը ապագայի գործ էր համարում, նաև պատերազմի պայմաններում ֆինանսական միջոցների վատնում[26], իսկ երիտասարդ սերունդը՝ Կուրչատովը, Ալիխանովը Ֆլյորովի տեսակետը արդիական էին համարում։

Որոշում կայացնելու նպատակով Ստալինն իր ամառանոց է հրավիրում ատոմային գործում ամենահեղինակավորներին։ Քննարկումների արդյունքում առաջադրվում են Իոֆեի, Ալիխանովի և Կուրչատովի թեկնածությունները։ Ստալինին շնորհակալություն հայտնելով՝ Իոֆեն հրաժարվում է[27] (Կապիցան նախապես հրաժարվել էր[28]

Ատոմային գործերին առավել մոտ են Իոֆեն և Կապիցան, բայց նրանք արդեն համաշխարհային համբավ ունեն, նաև մեծ գիտա-հետազոտական ինստիտուտների տնօրեններ են։ Եթե այս լուրջ խնդիրը հանձնարարենք նրանց, ապա այն կխանգարի իրենց ամենօրյա աշխատանքին։ Պետք է փնտրել տաղանդավոր և համեմատաբար երիտասարդ այնպիսի ֆիզիկոս, որի համար ատոմային խնդրի լուծումը լինի նրա կյանքի միակ գործը։ Իսկ մենք նրան իշխանություն կտանք, կդարձնենք ակադեմիկոս և իհարկե ուշադիր կհսկենք նրա աշխատանքը:[29]
- Ի. Ստալին. ՊՊԿ-ի խորհրդակցություն

Ատոմային նախագծի աշխատանքների գիտական ղեկավարի առաջադրված թեկնածուները նախնական ցուցակով հիսունն էին։ 1942 թվականի աշնանը մնացին երկուսը՝ Ալիխանովը և Կուրչատովը։ Առավել իրական թեկնածուն Իոֆեյի աշակերտ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, գիտական աշխարհում ճանաչում ստացած 37 ամյա պրոֆեսոր Ալիխանովն էր։

Իոֆեն՝ խորհրդային ֆիզիկայի հիմնադիրը, համարում էր, որ ատոմային նախագծի գիտական ղեկավարի ամենահարմար թեկնածուն Կուրչատովն էր։

Հակասական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովի մասին Մոսկվայում լուրեր էին տարածվել, որ երիտասարդ պրոֆեսորը շատ ցրված է, Իոֆե հայրիկի ուշադրությունից երես առնելով մի մոդայիկ գիտական թեմայից թռչում է մեկ այլ թեմայի։ Սակայն Կուրչատովն իր բոլոր ձեռնարկումներում արագ հաջողության էր հասնում, նկատելի գիտական արդյունքներ էր ունենում։ Ստեղծագործական բնույթի խնդիրները լուծում էր մոցարտյան տաղանդի նման՝ նույն արտաքին, թվացյալ թեթևությամբ, որը հիմնված էր հսկայական աշխատասիրության, ինտելեկտի վրա։ Նա տեսնում էր այն, ինչը ուրիշ գիտնականներ խնդիր չէին համարում։

Կուրչատովն իր տաղանդով նյարդայնացնում էր հատկապես պահպանողական գիտնականներին, որոնք Գիտությունների ակադեմիայի ընտրություններում Կուրչատովի թղթակից-անդամի թեկնածությունը դրեցին՝ ցանկանալով վրեժխնդիր լինել։ Նաև ներքին պայքար էր գնում Լենինգրադի և Մոսկվայի գիտնականների միջև[25]։

Ըստ Իոֆեի Կուրչատովի մոտ առավել ներդաշնակ միահյուսված էին գիտնականի և ղեկավարի տաղանդը, նա ուներ առաջնորդի վառ արտահայտված հատկություններ։ Կուրչատովը հեշտությամբ լեզու էր գտնում ցանկացած մարդու հետ, ում հետ շփվում էր՝ բառացիորեն հմայվում էին նրանով։ Այդուհանդերձ, սկզբունքային էր, անհրաժեշտության դեպքում՝ կտրուկ, ոչ դաժան, բայց պահանջկոտ ղեկավար էր։ Բարձր պահանջկոտությունը անկեղծության հետ համահունչ էր։ Շրջապատի նկատմամբ դրսևորում էր ոչ ցուցադրական հարգանք։ Հավանաբար այդ էր պատճառը, որ առանց գոռալու, «ճամբարի փոշի դարձնել» սպառնալիքների նա կարողացավ ստիպել իր գործընկերներին ուժերի ողջ նվիրումով աշխատել։ Մարդիկ մինչև վերջ գնում էին Կուրչատովի հետևից՝ հավատալով նրան[25]։

Նրան հնարավոր չէր չսիրել. սև, փայլուն աչքերը, ասես անհավանական մագնիսականությամբ էին օժտված։ Իր հմայիչ ժպիտով, առողջ լավատեսությամբ, հումորի զգացումով զրուցակցի վրա վառ տպավորություն էր գործում[25]։

ԳԱ №2 լաբորատորիայի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովի ինստիտուտ Ազգային հետազոտական կենտրոն, որը ստեղծվել է 1943 փետրվարի 15-ին որպես միասնական գիտական գաղտնի կենտրոն ԽՍՀՄ ատոմային զենք ստեղծելու նպատակով և կոչվել է «Գիտությունների ակադեմիայի №2 լաբորատորիա», հետագայում՝ Գիտությունների ակադեմիայի ինստիտուտ (1944), Գիտությունների ակադեմիայի չափիչ սարքերի լաբորատորիա (1949)[30], Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտ (1960), «Կուրչատովի ինստիտուտ» Ռուսաստանի գիտական կենտրոն (2012):[31]

1942 թվականի սեպտեմբերի 28 Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Իոսիֆ Ստալինի հրահանգով ուրանի վերաբերյալ աշխատանքները վերականգնվեցին։

1943 թվականի հունվարին Կուրչատովը, Ալիխանովը և պրոֆեսոր Կիկոինը (Սվերդլովսկից) քիմիական արդյունաբերության ժողկոմ Պետվուխինի մոտ ընդունելության ժամանակ հանձնարարական ստացան. ատոմայի զենք ստեղծելու պլանի վերաբերյալ զեկուցագիր կազմել[32]։

Կուրչատովը Կառավարությանը ներկայացրեց «Ուրանի խնդիրները» թեմայով զեկուցագիր և 1943 թվականի փետրվարի 15-ին ՊՊԿ որոշում ընդունեց Կուրչատովի ղեկավարությամբ ստեղծել միասնական գիտական գաղտնի կենտրոն ԽՍՀՄ ատոմային զենք ստեղծելու համար[33]։ Կենտրոնը կոչվեց ԽՍՀՄ «Գիտությունների ակադեմիայի №2 լաբորատորիա»[34], Կուրչատովը նշանակվեց №2 լաբորատորիայի վարիչ։

Մասնագետների ներգրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովը ստացավ արտակարգ լիազորություններ և Կառավարության համակողմանի աջակցություն։ Աշխատանքի համար լրացուցիչ մասնագետներ էին հարկավոր և Կուրչատովը երիտասարդ տաղանդավոր գիտնականների է ներգրավում՝ Յակով Զելդովիչ (28 տարեկան), Յուլիյ Խարիտոն (34 տարեկան), Գեորգի Ֆլյորով (29 տարեկան), Իսահակ Կիկոին (34 տարեկան) և այլն։ Այդ նախագծի մեջ ներգրավում է Զինաիդա Երշովային, որը Մարի Կյուրիի լաբորատորիայի դպրոցն էր անցել։ Նրա գլխավորությամբ ստեղծվում է № 1 լաբորատորիան, որի առջև խնդիր էր դրված ստանալ ուրանի կարբիդ և մետաղական ուրան[35]։

Գերմաքուր գրաֆիտի ստացումը Կուրչատովը հանձնարարեց № 2 լաբորատորիայից Գոնչարովին և Պրավդյուկին, իսկ գրաֆիտի արտադրության պատասխանատվությունը՝ Եֆիմ Պավլովիչ Սլավսկիին (գունավոր մետալուրգիայի ժողկոմի տեղակալ), որը հետագայում մասնակցեց ատոմային խնդրի աշխատանքներին։

Կուրչատովին հաջողվում է Կարմիր բանակի և Ռազմածովային նավատորմի ծառայությունից ետ կանչել ԽՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիան (որտեղ 1943-1945 թվականներին բացառապես հետազոտական աշխատանքներ էր կատարվում) անհրաժեշտ մասնագետների բանակն ուժեղացնելու նպատակով։

1943 թվականին Կուրչատովը ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ լիիրավ անդամ։

Միջուկային ռեակտորի տեսությունը տալիս էր ուրանի միջուկի քայքայման շղթայական ռեակցիաների բացատրությունը։ Այդ գործում նշանակալից ներդրում ունեցան Ի. Ի. Գուրևիչը, Յու. Բ. Խարիտոնը, Ի. Յա Պոմերանչուկը, Ա. Ի. Ախիեզերը, Վ. Ս. Ֆուրսովը, Ս. Մ. Ֆեյնբերգը, Ի. Մ. Ֆրանկը, նաև Միգդալը, Կոզոդաևը, Ի. Ս. Պանասյուկը[36]։

Նեյտրոնների արագությունը մեղմելու արդյունավետ միջոցներից՝ գրաֆիտ, սովորական ջուր թե ծանր ջուր, ընտրություն կատարելու նպատակով երեք սեկտոր ձևավորվեց․

  • № 1 սեկտոր - ուրանա-գրաֆիտային, որը ղեկավարում էր Ի. Վ. Կուրչատովը, Ի. Ս. Պանասյուկի, Ե. Ն. Բաբուլաևիչի Բ. Գ. Դուբովսկիի, Ի. Ֆ. Ժեժերունի, Վ. Ա. Կուլակով Ն. Մ. Կոնոպատկին։
  • № 2 սեկտորը - ծանր ջուր, որը ղեկավարում էր Ա. Ի. Ալիխանովը։ Իրոք, այդ տիպի ռեակտորի համար 15 անգամ ավելի քիչ ուրան էր անհրաժեշտ, քան գրաֆիտային դանդաղացուցիչի դեպքում (դա, իրոք այդ պահին արդիական հարց էր)։ Սակայն ծանր ջուր ամբողջ ԽՍՀՄ-ում 2 կգ-ից էլ քիչ կար, բայց տասնյակ տոննաներ էր անհրաժեշտ և շատ էներգատար էր։ Տասը տարի հետո երկու տիպի ռեակտորների աշխատանքի փորձից պարզվեց, որ այս տարբերակի առավելությունները ավելի մեծ են, բայց այդ ժամանակ առավելությունը տրվեց Կուրչատովի սեկտորին։
  • № 3 սեկտորը - եթե պլուտոնիումային ռումբը երեք մեթոդով կարելի էր ստանալ, ապա ուրանային ռումբը՝ երկու. գազադիֆուզիոն և էլեկտրամագնիսական։ Գազադիֆուզիոն ուրանային ռումբի ստացումը Կուրչատովը հանձնարարեց ղեկավարել Ի. Կ. Կիկոինին։ Էլեկտրամագնիսական ուրանային ռումբի ստացման աշխատանքները մշակում էր Լ. Ա. Արցիմովիչի ղեկավարած խումբը։

Պլուտոնիումի հատկություններն ուսումնասիրելու համար Կուրչատովը Լ. Մ. Նեմերովին պատվիրեց Լենինգրադից բերել ցիկլատրոնի հիմնական մասերը։

Նեյտրոններով ճառագայթված ուրանից պլուտոնիումի անջատման արտադրական տեխնոլոգիաները մշակելու համար ներգրավվեց Վ. Գ. Խլոպինը, որը մինչ պատերազմը «Ուրանի հանձնաժողովի» նախագահն էր[37], բայց 1943 թվականի գարնանը նույնիսկ տեղյակ չէր ՊՊԿ-ի նոր որոշման մասին։ Ռադիումային արտադրության հիմնադիրը կարողացավ զսպել իր ամբիցիաները և այս իրավիճակին ըմբռնումով մոտենալով (հանուն ընդհանուր գործի), նոր տեխնոլոգիայի մշակման գործին անցավ գլխավորելով Ռադիումային ինստիտուտի առաջատար մասնագետներ Բ. Ա. Նիկիտինին, Ի. Ե. Ստարիկին, Վ. Մ. Վդովենկոյին, Ա. Պ. Ռատներին, Գ. Մ. Տոլմաչովին[38]։

Կուրչատովի բոլոր առաջարկությունները, հայտնագործությունները և նորարարությունները գրեթե միանգամից կիրառություն էին ստանում, մտնում էին արտադրություն։ Ժամկետներն այնքնան սեղմ էին, որ մասնագետների ներգրավումը երբեմն մոբիլիզացիա էր հիշեցնում։

«Ատոմային նախագծի» մասնակիցներից Ի. Ն. Գոլովինը հետագայում գրել է.

«Բ. Լ. Վաննիկովն ու Ի. Վ. Կուրչատովը հրաշալի լրացնում էին միմյանց։ Կուրչատովը պատասխանատու էր գիտական խնդիրների լուծման, ինժեներներին և հարակից գիտաշխատողներին ճիշտ կողմնորոշելու համար, իսկ Վաննիկովը՝ արդյունաբերական պատվերների շտապ կատարման և աշխատանքների կոորդինացման համար»:

Այդ տեսակետի հետ համամիտ էր նաև հրթիռա-տիեզերական արդյունաբերության ստեղծման աշխատանքների մասնակից, նշանավոր գիտնական, կոնստրուկտոր Բ. Ե. Չերտոկը[39]։

Առաջին միջուկային ռեակտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոմային նախագծի առաջին գլխավոր փուլը միջուկային ռեակտորի ստեղծումն էր և ուրանի բաժանման կարգավորվող շղթայական ռեակցիայի իրականացումը։ Կուրչատովի ղեկավարությամբ ԽՍՀՄ ԳԱ Իոֆեյի անվան ԼՖՏԻ-ի (Գ. Ն. Ֆլյորով) և ԽՍՀՄ ԳԱ Վ. Գ. Խլոպինի անվան Ռադիումային ինստիտուտի (Կ. Ա. Պետրժակ) աշխատակիցների շնորհիվ հայտնաբերվեց ուրանի միջուկի ինքնաբերաբար տրոհումը։

Պլուտոնիում-239[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովը առաջինը կանխատեսեց, որ պայթյունով միջուկային շղթայական ռեակցիան կարելի է իրականացնել ոչ միայն հարստացված ուրանով, այլ նաև միջուկային ռեակտորներում ստացված արհեստական պլուտոնիումով, ընդ որում էականորեն ավելի արագ[40]։

«Ուրանի խնդրի վերաբերյալ աշխատանքների վիճակը 1944 թվականի մայիսի 20-ի դրությամբ» Իոսիֆ Ստալինին ուղղված զեկուցագրում ասվում է․

Ատոմային ռումբի համար պայթուցիկ նյութ կարող է ծառայել ուրանի հատուկ տեսակը՝ ուրան-235-ը (իզոտոպ, որը բնության մեջ առկա է սովորական ուրանի հետ խառնված վիճակում) կամ ցիկլատրոնի միջոցով ստեղծված նոր քիմիական էլեմենտը՝ պլուտոնիում-239-ը, որը բնության մեջ վաղուց արդեն չկա, բայց այն հնարավոր է ստանալ ատոմային կաթսաներում․․․ Պայթյունի իրականացման համար անհրաժեշտ է իրար միացնել երկու բաժին ուրան-235-ը կամ պլուտոնիում-239-ը, որը հնարավոր կլինի իրականացնել երկու կողմից փակ խողովակում վառոդային գազերի ճնշմամբ նրանց հանդիպակաց արագ շարժման շնորհիվ։ ․․․ Այդպիսի ռումբի կործանարար ուժը հավասարազոր է 1000 տ․ ՏՆՏ-ով (тротил) լիցքավորված ռումբի։
- Ի․ Վ․ Կուրչատով․ 1944 թ․ մայիսի 19

Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացնելով աշխատանքների բարդությունը և կարևորությունը Կուրչատովը խնդրում է հանձնարարել ընթացք տալ այդ աշխատանքների հետագա զարգացմանը[41]։

1944 թվականի դեկտեմբերին Ստալինը հաստատեց ՊՊԿ-ի առաջադրած նախագիծը։ Որոշման մեջ մանրամասն հանձնարարականներ էր տրված ԽՍՀՄ НКВД-ին №2 լաբորատորիային անհրաժեշտ ճանապարհային և շինարարական բոլոր աշխատանքների իրականացման համար։ Որոշումը նախատեսում էր №2 լաբորատորիայի մասնաճյուղը Լենինգրադից Մոսկվա տեղափոխել[41]։

Որոշումը Կուրչատովին պարտավորեցնում էր ուրանի կիրառման շուրջ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վերաբերյալ մեկամսյա ժամկետում կազմել 1945 թվականի պլանը և ներկայացնել ՊՊԿ-ի հաստատմանը։ Որոշման վերջին կետում ասված էր․

Ուրանի աշխատանքները Ընկ․ Բերիայի հսկողությանը հանձնել[41]։

Ֆ-1 ռեակտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

№2 լաբորատորիային տրամադրվեց 120 հա հողատարածք Մոսկվայի ծայրամասում (Պակրովսկի-Ստրեշնև) ատոմային ռեակտոր կառուցելու համար։ Ճառագայթման խնդիրը մեղմելու նպատակով նրա մեծ մասը գետնի մակարդակից ցածր նախագծվեց։ 1946 թվականի նոյեմբերին սկսվեց ռեակտորի հավաքումը։ Ռեակտորի ակտիվ գոտու վերջին 62-րդ շերտը տեղադրվեց 1946 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան[40]։

Կուրչատովն անձամբ մանրակրկիտ ուշադրությամբ ղեկավարում էր միջուկային շղթայական հսկվող ռեակցիայի գործնական իրականացման աշխատանքները և ԽՍՀՄ առաջին փորձարարական ուրան-գրաֆիտային Ֆ-1 ռեակտորի ներդրման աշխատանքները։ Ռեակտորի աշխատանքը իրականացվում էր բնական ուրանի և գրաֆիտային նեյտրոնային դանդաղեցուցիչի հիմքի վրա։ Պետք էր բացարձակ մաքուր գրաֆիտ և մետաղական ուրան, քանի որ աննշան անմաքրությունը կլանում էր նեյտրոնները և շղթայական ռեակցիան խափանվում էր[42]։

Մի վերջին անգամ անվտանգության համակարգերը ստուգելուց հետո Կուրչատովը հանձնարարեց լարի մոտ, որից կախված էր անվտանգության համակարգի կադմիումային ձողը, դնել ամենասովորական կացին. եթե անվտանգության համակարգերը չաշխատեն և ստեղծվի վթարային իրավիճակ, լարը կտրելով ձողը կընկներ ակտիվ գոտի և շղթայական ռեակցիան կընդհատվեր։

Ղեկավարման վահանակի մոտ մնացին միայն ռեակտորի հիմնական աշխատանքների պատասխանատուները, Մինիստրների խորհրդից լիազորված Ն. Ի. Պավլովը, իսկ Կուրչատովը անձամբ նստեց ղեկավարման վահանակի մոտ և ակտիվ գոտուց սկսեց հանել կադմիումային ձողերը։ Համակարգը աշխատեց չորս ժամ։ Փորձարկումը հաջողությամբ ավարտվեց։ Հաջորդ օրը ռեակտորը գործարկվեց Բերիայի ներկայությամբ։

Կուրչատովն անձամբ մասնակցում էր բոլոր աշխատանքներին և 1946 թվականի դեկտեմբերի 25-ին հայրենական գիտության և տեխնիկայի մեծագույն նվաճումը եղավ ԽՍՀՄ և Եվրոպայի առաջին միջուկային ռեակտորի (Ֆ-1՝ առաջին ֆիզիկական) գործարկումը։ Այն էական կարևորություն էր ներկայացնում ամբողջ ատոմային նախագծի համար։ Հետագայում Կուրչատովը ղեկավարեց միջուկային մի շարք ռեակտորների նախագծման և ստեղծման աշխատանքները։

Կուրչատովի կառուցած այդ ռեակտորն առ այսօր աշխատում է առանց վերանորոգման և վառելանյութը փոխելու, և կգործի ևս 300 տարի, եթե որևէ «խելոք» չպահանջի ապամոնտաժել այն[43]։
- «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոնի նախագահ ակադեմիկոս Եվգենի Վելիխով

Ամերիկյան Ֆերմի միջուկային ռեակտորը ապամոնտաժվեց, իսկ Ֆ-1 շարունակում է աշխատել։ Շնորհիվ նեյտրոնային հոսքի բարձր կայունության, այն էտալոն է ծառայում նոր ԱԷԿ-երի ռեակտորների համար նախատեսված սարքավորումների չափաբերման (կալիբրովկայի) համար[40]։

Արզամաս-16[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովը 1946 թվականին միաժամանակ № 2 լաբորատորիայի КБ-11 մասնաճյուղի (Արզամաս-16 գիտավան, այժմ՝ Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք) ստեղծման աշխատանքների գիտական ղեկավարն էր, որտեղ մշակվում էին միջուկային ռումբի առաջին նմուշները։

Կուրչատովի հուշարձանը Կուրչատովի ինստիտուտի առջև Մոսկվայում

Ուրան-238-ի բլոկները, որոնք վերածվել էին պլուտոնիումի, ուղարկվեց Ա. Ա. Բոչկարի НИИ-9 լաբորատորիա՝ միջուկային և ֆիզիկա-քիմիական հատկությունները ուսումնասիրելու համար, առանց որի հնարավոր չէր ատոմային ռումբ կառուցել[40]։ Լաբորատոր պայմաններում պլուտոնիում-239-ի ստացումը (1947) հնարավորություն տվեց մշակել արդյունաբերական արտադրության մեթոդները։ Այդ ընթացքում ստեղծվել էր ճառագայթված ուրանից պլուտոնիումի անջատման տեխնոլոգիական սխեման, լուծվել էին մետաղական պլուտոնիումի ստացման և ատոմային ռումբի բաղադրիչների պատրաստման խնդիրները։

Առաջին ատոմային ռումբի նախագիծը սկզբում տարվում էր միաժամանակ մի քանի նախագծային բաժիններում, բայց երբ պարզ դարձավ, որ Ստալինի նշանակած ժամկետը (1948 թվականի սկիզբ) իրատեսական չէ, Հատուկ կոմիտեն ողջ ուժերը կենտրոնացրեց КБ-11-ում. ստեղծվեց հզոր փորձարարական բազա, անհրաժեշտ գիտական և մաթեմատիկական մտքի ապահովմամբ՝ կիրառելով այդ ժամանակի համար չտեսնված ԷՀՄ-ներ։

Արզամաս-16-ի կոնստրուկտորները հենց առաջին տարում արդեն ռումբի առավել էֆեկտիվ տարբերակ գտան, բայց Բերիան կատեգորիկ դեմ էր նորարարությանը, թեկուզ որոշ տարրերի ամենաչնչին արդիականացմանը, քանի որ ռումբի փորձարկումը անվրեպ պետք է լիներ։ Իսկ ամերիկյան ռումբն արդեն փորձարկված լինելով առավել հուսալի էր։

...Առաջին խորհրդային ատոմայի ռումբի նախագծի համար օգտագործվեց Կ․ Ֆուկսի[44] և հետախուզության շնորհիվ մեզ հասած ամերիկյան արդեն փորձարկում անցած ատոմային ռումբի մանրամասն սխեման և նկարագրությունը[45]։

Կուրչատովի գիտական ղեկավարությամբ, Ֆ-1-ի փորձի հիման վրա Հարավային Ուրալում (Չելյաբինսկ-40, ներկայումս՝ Օզյորսկ) սկսեց 100 հազ. Կվտ հզորությամբ Ի-1 առաջին արտադրական ռեակտորի շինարարությունը։ 1949 թվական այստեղ ճառագայթված ուրանից անջատվեց մոտ 4 կգ պլուտոնիում։ Այսպիսով, երկրի առաջին պլուտոնիումային գործարանը սկսեց արտադրանք տալ։

1949 թվական պլուտոնիումային գործարանի տված արտադրանքով Արզամաս-16-ում Յու. Բ. Խարիտոնի ղեկավարությամբ պատրաստվեց առաջին միջուկային լիցքը և խորհրդային առաջին միջուկային զենքը։

Այսպիսով, № 2 լաբորատորիայի ստեղծման օրվանից չորս տարվա ընթացքում գիտնականներին հաջողվեց ստեղծել ատոմային ռեակտորում միջուկի գործընթացների տեսության հիմքերը, կարգավորել ուրանի ջերմարձակող տարրերի արտադրությունը, ստանալ գերմաքուր գրաֆիտ, նախագծել և կառուցել շղթայական ռեակցիաները հսկող և ղեկավարող սարքեր և, ամենակարևորը՝ կառուցել ռեակտոր։ Կուրչատովն ըստ էության կարողացավ ստեղծել և՛ գրաֆիտի, և՛ մետաղական ուրանի արդյունաբերական արտադրությունը։

Սեմիպալատինսկի ռազմաբազայի կենտրոնական շտաբի դիմաց Իգոր Կուրչատովի հուշարձանը․ Ղազախստան, Սեմիպալատինսկի շրջան

№ 2 լաբորատորիայի մասնաճյուղի (КБ-11) ջանքերով 1949 թվականի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի բազայում Կուրչատովի ղեկավարությամբ իրականացվեց ԽՍՀՄ առաջին РДС-1 (Россия Делает Сама) պլուտոնիումային միջուկային ռումբի փորձարկումը՝ առաջին միջուկային պայթյունը (ամերիկյան ռումբի կրկնօրինակը)[46]։

Չնայած ամերիկյան նախագիծն ավելի արագ էր առաջ գնում և 1945 թվականին Ճապոնական քաղաքների՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներով ԱՄՆ մենաշնորհային դիրք ձեռք բերեց, սակայն 1949 թվականի օգոստոսի 29-ին ավարտվեց ԱՄՆ մենաշնորհի կարգավիճակը Սեմիպալատինսկի բազայում խորհրդային առաջին ատոմային ռումբի փորձարկմամբ։ Այդպես ավարտվեց ԱՄՆ մոնոպոլիան և սկսվեց միջուկային և հրթիռային սպառազինության մրցավազքը Արևելքի և Արևմուտքի միջև։

ԱՄՆ ատոմային մենաշնորհի չեզոքացումը էական նշանակություն ունեցավ «սառը պատերազմի» սկզբնական շրջանում միջազգային իրավիճակի կարգավորման գործում։ Ինքը՝ Իգոր Կուրչատովը ատոմային խնդրի լուծումը համարում է իր մեծագույն ներդրումը խաղաղության գործում։

ԽՍՀՄ ՄԽ Հրամանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային էներգիայի կիրառության խնդիրների լուծման գործում Խորհրդային Հայրենիքի առջև բացառիկ վաստակը հաշվի առնելով և ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի 1946 թ. մարտի 21-ի № 627-258 որոշման համաձայն, ԽՍՀՄ ՄԽ ՈՐՈՇՈՒՄ է՝
  • Ակադեմիկոս, միջուկային ռեակտորների և ատոմային զենքի ստեղծման աշխատանքների գիտական ղեկավար Իգոր Վասիլիի Կուրչատովին.
  • - ներկայացնել Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման,
  • - պարգևատրել 500.000 ռուբլի գումարով (ի հավելումն նախկինում տրված 500.000 ռուբլի պարգևավճարի մասի (50 %) և ЗИС-110 ավտոմեքենայի)։
  • Ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովին շնորհել առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկրի կոչում։
  • Պետության հաշվին կառուցել առանձնատուն և ամառանոց, և սեփականության իրավունքով հանձնել ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովին համապատասխան պայմաններով։
  • Հաստատել ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովի աշխատավարձի կրկնապատիկ վճարումը միջուկային էներգիայի կիրառման ոլորտում նրա ողջ հետագա աշխատանքի ընթացքում։
  • Կուրչատովին տրամադրել
  • -ԽՍՀՄ սահմաններում երկաթուղային, ջրային և օդային փոխադրամիջոցների անվճար երթևեկության իրավունք (ցմահ՝ իր և իր կնոջ համար)[47]։
    - Ի. Ստալին, ԽՍՀՄ ՄԽ № 5070-1944 հրամանագիր 1949 թ. հոկտեմբերի 29

Ջրածնային ռումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոմային ռումբի ստեղծման ընթացքում հայտնաբերվեցին թեթև տարրերի սինթեզի իրականացման սկզբունքային հնարավորություններ, որը ստացավ ջրածնային (ջերմամիջուկային) ռումբ անվանումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում էին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԽՍՀՄ-ում։ 1951 թվականին ատոմային ռումբերի հայրենական նախագծերը ստուգումն անցան և ԽՍՀՄ գործարանները այդ ընթացքում լիովին յուրացրեցին միջուկային վառելիքի արտադրության տեխնոլոգիաները։ Խորհրդային միության Կառավարության որոշմամբ ջրածնային ռումբի ստեղծման աշխատանքները շարունակվեց իրականացնել Ի. Վ. Կուրչատովի գիտական ղեկավարությամբ, որը Կուրչատովն իրականացրեց (նախագիծը՝ Յուլիյ Խարիտոնի, գաղափարը՝ Անդրեյ Սախարովի) անհավանական կարճ ժամկետներում։ 1953 թվականի օգոստոսի 12-ին ԱՄՆ-ից մեկ տարի շուտ ԽՍՀՄ-ը հայտարարեց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը իրականացնելու մասին։

Կուրչատովի կոլեկտիվը հետագայում մշակեց АН602 ջերմամիջուկային ռումբը (արքա-ռումբ) 52 000 կտ ռեկորդային հզորությամբ, որը արտադրվեց նրա մահից մեկ տարի անց։ 1950-ական թվականներին Կուրչատովը հետևողականորեն աշխատում էր հսկվող ջերմամիջուկային սինթեզի խնդրով։ 1956 թվականին մի խումբ խորհրդային գիտնականների հետ այցելեց Մեծ Բրիտանիայի «Հարուել» (Harwell) անգլ.՝ Ատոմային էներգիայի հետազոտական կենտրոն, որտեղ միջազգային գիտնականներին առաջարկեց համագործակցել այդ բնագավառում և ատոմային էներգիան ծառայեցնել խաղաղ նպատակներին[48]։

Գիտությունը խաղաղ նպատակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրածնային ռումբի փորձարկումից հետո Կուրչատովն ասել է Ալեքսանդրովին.

Դա այնպիսի հրեշավոր տեսարան էր. չպետք է թույլ տալ, որ այս զենքը կիրառություն գտնի։

Գիտական և գիտա-կազմակերպչական հսկայական զբաղվածության պայմաններում, խոշոր գիտական, գիտա-տեխնիկական և արտադրական կոլեկտիվներ ղեկավարելով հանդերձ, Կուրչատովը ժամանակ էր գտնում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար։ Նա ելույթներ էր ունենում ԽՍՀՄ Գերագույն խուրհուրդների նիստերում, Կոմկուսի համագումարներում, լրատվամիջոցներում՝ ներկայացնելով հայրենական գիտության նվաճումները, զարգացման հեռանկարները։ ԽՍՀՄ Կոմկուսի 1956 թվականի, 1959 թվականի համագումարներում, Գերագույն խորհրդի նիստերում (1958)՝ որպես պատգամավոր (1950 թվականից մինչև մահը), հոդվածներում, հարցազրույցներում, տպագիր հրատարակումներում, կոլեգաների և ուսանողների շրջանում, միջազգային կոնֆերանսներում և այլուր, ամենուրեք Կուրչատովը մատնացույց էր անում ատոմային և ջերմամիջուկային զենքի համընդհանուր արգելման հասնելու անհրաժեշտությունը։ Նա ղեկավարում էր ատոմային էներգիայի խաղաղ նպատակներին ծառայեցնելու խնդիրների լուծման աշխատանքները։ Կոլեկտիվի աշխատանքի արդյունքը եղավ Օբնինսկի ԱԷԿ-ի նախագծումը, շինարարությունը և 1954 թվականի հունիսի 26-ին թողարկվեց Օբնինսկի ԱԷԿ-ը՝ աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը։

Մենք՝ խորհրդային գիտնականներս, խորապես վրդովված ենք, որ առ այսօր միջազգային համաձայնագիր չկա ատոմային և ջրածնային զենքի անվերապահ արգելման մասին։
- ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստում Կուրչատովի զեկույց․ 1958 թ. մարտի 31

1955 թվականին գլխավորում է Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Առաջին Միջազգային կոնֆերանսում խորհրդային պատվիրակության զեկուցների պատրաստումը (Ժնև, Շվեյցարիա

1955 թվականին անցկացնում է Համամիութենական գիտաժողով հսկվող ջերմամիջուկային ռեակցիաների վերաբերյալ։

1956 թվականին խորհրդային պետական պատվիրակության կազմում զեկուցումով հանդես է գալիս Հարուելի ատոմային հետազոտական կենտրոնում (Անգլիա) հսկվող ջերմամիջուկային ռեակցիաների խնդրի և ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ։

1958 թվականին Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Երկրորդ Միջազգային կոնֆերանսում գլխավորում է խորհրդային պատվիրակության զեկուցների պատրաստումը (Ժնև, Շվեյցարիա

1958 թվականին Կուրչատովի առաջարկով Անդրեյ Սախարովը մթնոլորտում ջերմամիջուկային փորձարկումների հետևանքների վերաբերյալ գիտական գնահատական է պատրաստում։ Արդյունքն եղավ այն, որ Սախարովը հետագայում կանգնեց մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելման մասին Համաձայնագրի կնքման նախաձեռնողների շարքերում (1963 թվական)։

Տաղանդավոր ղեկավար և գիտական կազմակերպիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին ամիսը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Վասիլևիչ Կուրչատովի կյանքը դինամիկ և սրընթաց է եղել։ Իսկ հատկապես վերջին ամիսը առավել հագեցած էր։ Նոր գաղափարներով տոգորված, նա եղավ Ուկրաինայում, ծանոթացավ Խարկովի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի և Ուկրաինայի ԳԱ Միջուկային հետազոտությունների ինստիտուտի աշխատանքներին, պլանավորում էր միջուկային ֆիզիկայի և ջերմամիջուկային ռեակցիաների նոր աշխատանքների զարգացումը։ Վերադառնալով Մոսկվա, նա մեծ վերելքով առավոտից իրիկուն աշխատում էր, անտեսելով բժիշկների բոլոր արգելքները, սահմանափակումներն ու խորհուրդները։

Կյանքի վերջին օրը Կուրչատովը Բարվիխա առողջարանում բուժվող իր ընկերոջ՝ ակադեմիկոս Յուլիյ Բարիսովիչ Խարիտոնին այցելության էր գնացել։ Նստարանին նստած զրույցի ժամանակ մի պահ դադար եղավ, Խարիտոնը նայեց Կուրչատովի կողմը․ նա արդեն մահացած էր։ Մահը վրա էր հասել տրոմբից առաջացած սրտի էմբոլիայի հետևանքով 1960 թվականի փետրվարի 7-ին, ժամը 12-ն անց 15 րոպ։

Գիտնականի մարմինը դիակիզման է ենթակվել, իսկ փոշին Մոսկվայի Կարմիր հրապարակի Կրեմլյան պատի տակ է հանգչում։

Պատգամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձեր աշխատանքում կատարեք միայն ամենակարևորը, հակառակ դեպքում երկրորդականները, որոնք նույնպես էական են, հեշտությամբ կխլեն ձեր ամբողջ ժամանակը, ողջ ուժերը և ամենակարևորին չեք հասնի»[12]։
- Իգոր Կուրչատով

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Կուրչատովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովի 100-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում թողարկված 2 ռուբլի արժողությամբ արծաթե դրամ «Ռուսաստանի Ճանաչված անհատներ» շարքից

Քաղաքներ, մարզեր և փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳԱ Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտ (վերանվանված է 1960 թվականից, ներկայումս՝ «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային հետազոտական կենտրոն)[50]։ «Կուրչատովի ինստիտուտ»ում հունվարի 12-ին (ծննդյան օրը) ամենամյա Կուրչատովյան ընթերցումներ է անցկացնում[53]։
  • Մոսկվայում Կուրչատովի անվան № 1189 միջնակարգ դպրոց
  • Ծննդավայրում Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքի Կուրչատովի անվան № 1 միջնակարգ հանրակրթական դպրոց։ Դպրոցի առաջին հարկում նրա հուշարձանն է կանգնեցված։
Կուրսկի ԱԷԿ վարչական մասնաշենք․ Ռուսաստանի Կուրսկի շրջանի Կուրչատով քաղաք

Ատոմակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքի «Ագրեգատ» գործարանի գլխավոր մասնաշենքի առջև հուշարձան է կանգնեցված
  • Վոլգոդոնսկ քաղաքի «Ատոմմաշ» գործարանի գլխավոր մասնաշենքի առջև
  • Մոսկվայում Կուրչատովի անվան հրապարակում
  • Մոսկվայի մարզի Դուբնե քաղաքի Կուրչատով փողոցի սկզբում
  • Չելյաբինսկի Հարավ-Ուրալյան պետական համալսարանի շենքի մոտ
  • Չելյաբինսկի մարզի Օզյորսկ քաղաքի Երմոլաևի և Լենինի պողոտաների միջև գտնվող պուրակում
  • Սևաստոպոլի առափնյա Հոլանդիա բուխտայում Ի. Վ. Կուրչատովի և Ա. Պ. Ալեքսանդրովի հուշարձանն է կանգնեցված՝ ի պատիվ 1941 թվականին նավերի ապամագնիսացման նրանց կատարած աշխատանքների
  • Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի Խուրչատով փողոցում
  • Սնեժինսկ քաղաքում
  • Ուկրաինայի Նիկոլաևսկի մարզի Յուժնոուկրաինսկ քաղաքում
  • Կուրսկի մարզի Կուրչատով քաղաքի Ազատութան հրապարակում
  • Ղազախստանի Արևելա-Ղազախստանյան մարզի Կուրչատով քաղաքի Կուրչատով փողոցում...

Փոստային նամականիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 թվականին Կուրչատովի ծննդյան 60-ամյակին նվիրված նրա դիմանկարով անվանական նամականիշ (ЦФА[55] (ИТЦ «Марка») № 2829)
  • 1979 թվականին Կուրչատովի պրոֆիլը (կիսադեմ) «Ակադեմիկոս Կուրչատով» գիտահետազոտական նավի հետ միասին
  • 2003 թվականին Ռուսաստանի փոստային նամականիշ Կուրչատովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ[56]։

Հետաքրքիր է իմանալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրչատովին մականունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատակիցները Կուրչատովին իր երկար մորուքի համար Բարադա (Борода-մորուք) մականունն էին տվել։ Այդ մորուքն իր նախապատմությունն ունի։

Կինը՝ Մարինա Սինելնիկովան, պատերազմի առաջին շաբաթներին իսկ տարհանվել էր Կազան։ 1942 թվականի հունվարին, խիստ սառնամանիքին Կուրչատովը մեկնում է Կազան։ Նրա բարակ ծովային բաճկոնը չի պաշտպանում ցրտից և նա հիվանդանում է թոքերի բորբոքումով։ Վիճակն այնքան ծանր էր, որ մի կերպ ողջ է մնում։ Հիվանդությունը երեք ամիս է տևում։ Այդ ընթացքում մորուք էր աճել։ Հիվանդությունից ոտքի կանգնելով նա հայելու մեջ տեսնում է իր խիստ հյուծված դեմքը։ Կնոջ հարցին՝ կսափրվե՞ս, պատասխանում է․ «հաղթանակից հետո»։

Մոսկվայի Կուրչատովի տուն-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռաիսա Կուզնեցովայի խոսքերով․

Այդ օրվանից նա չսափրեց մորուքը։ Գուցե կսափրեր, ինչպես խոստացել էր հաղթանակից հետո, բայց այդ ընթացքում փաստաթղթերի բոլոր լուսանկարներում մորուքով էր։ Չսափրվելու համար կար ևս մի կարևոր հանգամանք․ Կուրչատովի հետ աշխատող ակադեմիկոսները տարիքով մեծ էին նրանից, իսկ մորուքը ծանրակշիռ տեսք էր տալիս[57]։
- Իգոր Օսիպչուկ

Ծնողների մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկզբում, երբ Կուրչատովը Սևաստոպոլ գործուղման էր, 1941 թվականի օգոստոսի 29-ին մայրը նամակ է ուղարկում հոր մահվան մասին։ Ի դեպ, 1949 թվական հենց այդ օրն էլ Կուրչատովը նշանակել է առաջին խորհրդային ատոմային ռումբի փորձարկման օրը։ Ամենայն հավանականությամբ այդ օրվա ընտրությունը Վասիլ Կուրչատովի հիշատակին է նվիրված[57]։

1942 թվականի փետրվարին Կուրչատովի մորը շրջափակված Լենինգրադից տեղափոխում է Կուրչատովի ասպիրանտներից մեկը։ Մարիյա Կուրչատովան երկարատև սովից խիստ հյուծված էր և մահանում է ապրիլի 12-ին, Վոլոգդայում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կուրչատով Իգոր Վասիլևիչ [18] Արխիվացված 2015-03-08 Wayback Machine «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոն (ռուսերեն)
  2. Դարաշրջանին համահունչ կյանք [19] Արխիվացված 2014-10-27 Wayback Machine «Наука в России» ամսագիր (ռուսերեն)
  3. В. Новоселов, В. Толстиков․ Атомный проект: ТАЙНЫ "СОРОКОВКИ"[20] Արխիվացված 2011-11-09 Wayback Machine 23 Апрель 2007 ISBN 5-85383-102-X.
  4. Асташенков П. Т., Академик И.В. Курчатов, М., 1971
  5. Головин И. Н., Курчатов, 3 изд., перераб и доп., М., 1978
  6. Собрание научных трудов академика И.В. Курчатова в 6-ти томах [21] Արխիվացված 2015-04-05 Wayback Machine
  7. Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թվական, «Լույս» հրատարակչություն
  8. Гончаров Г.А. Михайлов В.Н. Атомная энергия (1999)
  9. Рябев Л.Д., Кудинова Л.И., Работнов Н.С. в сб. Труды Международного симпозиума «Наука и общество История советского атомного проекта (40-50-е годы)» Т 1 (Отв. ред. Е.П. Велихов) (М.: ИздАТ, 1997)
  10. Г. А. Гончаров, Л. Д. Рябев․ О создании первой отечественной атомной бомбы [22] Արխիվացված 2010-02-23 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Указы Президиума Верховного Совета СССР от 29 октября 1949 года
  3. Ընտանեկան պատմություններ [1] (ռուսերեն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Курчатов Игорь Васильевич (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Norris R. S., Cochran T. B. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  7. Метрическая запись о рождении академика И.В. Курчатова.
  8. Игорь ОСИПЧУК. «Курчатов подарил квартиру детям своего сотрудника, умершего от голода в блокадном Ленинграде»[2] ИЗ ЖИЗНИ ЗАМЕЧАТЕЛЬНЫХ ЛЮДЕЙ «ФАКТЫ»12.01.2013
  9. Асташенков П. Т. - «Курчатов» (из цикла «Жизнь замечательных людей») - Москва, «Молодая гвардия», 1968.
  10. Կուրչատով Իգոր Վասիլևիչ [3] Արխիվացված 2015-03-08 Wayback Machine «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոն (ռուսերեն)
  11. 11,0 11,1 Собрание научных трудов академика И.В. Курчатова Том 1. "Ранние работы. Полупроводники. Диэлектрики. Сегнетоэлектрики." (2005) ISBN 5-02-033700-5
  12. 12,0 12,1 12,2 12,3 Դարաշրջանին համահունչ կյանք [4] Արխիվացված 2014-10-27 Wayback Machine «Наука в России» ամսագիր (ռուսերեն)
  13. КУРЧАТОВ Игорь Васильевич [5] Центральная городская библиотека им. В.Маяковского, г. Саров
  14. Асташенков П. Т. Подвиг академика Курчатова// М., Знание, 1979, с. 23.
  15. Е. И. Парнов. Проблема// 92, М., "Молодая гвардия", 1973.
  16. Александров А. П. Годы с Курчатовым // Наука и жизнь, 1983, № 2
  17. Коптев Ю. И. Виза безопасности. - СПб.: Изд-во Политехнического Университета, 2008. - 66 стр.
  18. Регель В. Р. Размагничивание кораблей в годы Великой Отечественной войны // Природа. 1975, № 4
  19. Ткаченко В. А. История размагничивания кораблей советского военно-морского флота. - Л.: Наука, 1975
  20. Феклисов Л.С. За океаном и на острове. Записки разведчика.// М., 1994, с. 13.
  21. С. Пестоа Бомба. Тайны и страсти атомной преисподней.// Санкт-Петербург, Шанс, 1995, с. 48-51.
  22. Флеров Г.Н. Начальный этап исследования деления ядер (1920-1942 гг.).//Вестник Российской Академии Наук. 1993, № 63, т. 63, с. 220.
  23. Իոսիֆ Ստալին (նախագահ), Լ. Պ. Բերիա (փոխնախագահ), Վ. Մ. Մոլոտով, Կ. Ե. Վորոշիլով, Գ. Մ. Մալենկով
  24. Академик В.Г. Хлопин. Очерки, воспоминания современников// А., Наука, 1987, с. 119.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 В. Новоселов, В. Толстиков․ Атомный проект: ТАЙНЫ "СОРОКОВКИ"[6] Արխիվացված 2011-11-09 Wayback Machine 23 Апрель 2007 ISBN 5-85383-102-X.
  26. А.И. Иойрыш. О чем звонит колокол.// Наука, 1987, с. 18.
  27. Чуев Ф. Сто сорок бесед с Молотовым.// М.: Терра, 1991, с. 81
  28. Капица П.Л. Письма о науке.// М., J989, с. 268.
  29. Антонов-Овсеенко Лаврентий Берия.// Краснодар: Советская Кубань, 1993, с. 357.
  30. ЛИПАН-Лаборатория измерительных приборов Академии наук
  31. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  32. Первухин М.Г. Как была решена атомная проблема в нашей стране.// Родина, 1992, № 8-9, с. 67
  33. Берия С.Л. с. 269.
  34. Գաղտնիությունը պահպանելու նպատակով
  35. Зинаида Васильевна Ершова [7](չաշխատող հղում) Росатом : Официальный сайт. - М..
  36. Жежерун И.Ф. Строительство и пуск первого в Советском Союзе атомного реактора.// М.: Атомиздат, 1978, с. 13.
  37. М. Г. Мещеряков "В. Г. Хлопин: восхождение на последнюю вершину".//"Природа", 1993, 3, с. 99.
  38. Феклисов Л․ С. За океаном и на острове. Записки разведчика.// М., 1994, с. 13.
  39. Բ. Ե. Չերտոկ, Գլուխ 4. Կազմավորումը հարազատ հողում։ Երեք նոր տեխնոլոգիաներ՝ երեք պետական կոմիտեներ [8] Արխիվացված 2017-12-03 Wayback Machine Հրթիռներ և մարդիկ [9] Արխիվացված 2012-10-06 Wayback Machine. - Մ.: Մեքենաշինություն, 1999. - հ. 1. Հրթիռներ և մարդիկ (ռուսերեն)
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 Ի․ Լարին, Ռեակտոր Ֆ-1 եղել և մնում է առաջինը [10] Գիտություն և կյանք ամսագիր №8, 2007
  41. 41,0 41,1 41,2 Г. А. Гончаров, Л. Д. Рябев, О создании первой отечественной атомной бомбы [11] Արխիվացված 2010-02-23 Wayback Machine
  42. Асташенков Л.Т. Подвиг академика Курчатова.// М.: Знание, 1979, с. 75.
  43. Академик Евгений ВЕЛИХОВ, ГОРДОСТЬ РОССИЙСКОЙ НАУКИ [12] Արխիվացված 2014-10-27 Wayback Machine президент Национального исследовательского центра «Курчатовский институт» (Москва)
  44. Կլաուս Ֆուկս (1911-1988), գերմանա-բրիտակական ֆիզիկոս, խորհրդային «ատոմային լրտես»
  45. Այդ նյութերը հայտնի էին 1945 թ. երկրորդ կեսից։
  46. М. Хализева. Бомба, изменившая мир. - Наука в России, 2009, № 6
  47. Атомный проект CCСР. Под общ. ред. Л. Д. Рябева. Т. 2. Кн. 1. - М.: Наука. 1999. - С. 530, 544, 605. - ISBN 5-85165-402-3
  48. Черты эпохи // Научное сообщество физиков СССР. 1950-е-1960-е годы. Документы, воспоминания, исследования / Составители и редакторы П. В. Визгин и А. В. Кессених. - СПб.: издательство РХГА, 2005. - Т. I. - С. 23. - 720 с.
  49. Севастополь, бухта Голландия, памятник в честь подвига ученых и воинов-черноморцев [13]
  50. 50,0 50,1 50,2 Первый в России Национальный исследовательский центр - "Курчатовский институт" Արխիվացված 2015-03-16 Wayback Machine Видеоматериалы студии НИЦ (2012 г.)
  51. «ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա (2352) Կուրչատով». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. (անգլերեն)
  52. «фонд «Наследие»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  53. 53,0 53,1 Կուրչատովի ինստիտուտ [14] Արխիվացված 2015-04-28 Wayback Machine գիտա-կազմակերպչական գործունեություն
  54. Սակայն հետագայում այդ տարր անվանվել է ռեզերֆորդիում, համարելով որ ամերիկյան կողմն ավելի նշանակալից ներդրում ունի այդ հայտնաբերման գործում
  55. Կենտրոնական ֆիլատելիստական գործակալություն (Центральное филателистическое агентство)
  56. Давыдов П. Г. Доквра, Уильям [15] Знаменитые люди / Персоналии почты и филателии. Мир м@рок; Союз филателистов России (25 октября 2009)(ռուս.)
  57. 57,0 57,1 >Իգոր Օսիպչուկ․ Կուրչատովը Լենինգրադի շրջափակման ժամանակ սովամահ եղած իր աշխատակցի երեխաներին բնակարան նվիրեց:[16] Նշանավոր մարդկանց կյանքից «ФАКТЫ» 12.01.2013
  58. Կարեն Գեորգիի Շահնազարով [17] kino-teatr.ru կայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 32