Ֆիլատելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական նամականիշերի հավաքածու ալբոմի մեջ

Ֆիլատելիան դրամի փոխարեն փոստային վճարումների համար նախատեսված դրոշմաթղթերի (փոստային նամականիշներ, ծրարներ ու բացիկներ՝ տպագրված կամ սոսնձված նամականիշերով) օրացուցային, հատուկ փոստային մարումների և փոստային ու ֆիլատելիստական այլ նյութերի հավաքածուների ստեղծումն է:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլատելիա անվանումը (ֆր.՝ philatélie, հուն.՝ φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ), առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թ. նոյեմբերի 15- ին «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում: Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան («τέλος» -թելոս) էին դնում: Դա նշան էր, որ նամակի ուղղարկման համար վճարված է և այլևս վճարել պէտք չէ: Այդ նշանը ժամանակակից փոստային նամականիշի նախահայրն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուների առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է 1840- ական թվականներին, երբ որ փոստային նամականիշերը մտան շրջանառության մեջ: Հայտնի է, որ 1840 թ. մայիսի 6- ին Լոնդոնի «Օլիվերսոն, Դենբի և Սեվի» փաստաբանական գրասենյակը տասը չկտրատած «Սև պեննի»- ով նախավճարված նամակ է ուղարկել Շոտլանդիա: Ծրարի վրա լավ ընթեռնելի է կնիքի դրոշմը՝ «LS.6MY6.1840»: Այսպիսով աշխարհում առաջին ֆիլատելիստական ավարտուն իրը՝ ծրարը թողարկման առաջին օրվա մարված նամականիշով, հայտնվել է առաջին նամականիշի թողարման օրը: 1992 թվականին այդ ծրարը Ցյուրիխի աճուրդում վաճառվել է 690 հազար ֆրանկով:

Արդեն 1846 թ. Անգլիայում հայտնի էին մեծ թվով փոստային նամականիշեր հավաքելու փաստեր, ընդ որում առանց որևէ սիստեմի (օրինակ՝ պատերին փակցնելու համար): Փոստային դրոշմաթղթերի, ըստ երկրների սիստեմատիկ հավաքումը սկսել է 1850- ական թվականների կեսերից: Առաջին ֆիլատելիստը համարվում է Փարիզեցի փորագրիչ Մանսենը, որը 1855 թ. վաճառել է իր հավաքածուն բուկինիստ և նամականիշ վաճառող Էդուարդ Լապլանտին: Հավաքածուն ընդգրկում էր այդ ժամանակ արդեն թողարկված համարյա բոլոր նամականիշերը: Փոստային նամականիշերի պահանջարկի պատճառով հայտնվեցին վաճառականներ, որոնք զբաղվում էին հատուկ հավաքածուների համար նամականիշ վաճառելով:

XIX դարի վերջին նամականիշ հավաքելը դարձավ հարյուր հազարավոր մարդկանց զբաղմունք, անկախ սոցիալական աստիճանից՝ սկսած աղքատների երեխաներից մինչև արքայական տների արքայազները: Որոշ կառավարություններ ունեին փոստային նամականիշերի սեփական հավաքածուները (օրինակ՝ Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բավարիան, Բուլղարիան): Այդ նպատակով որոշ երկրներում 1870- ական թվականներից կազմակերպվեցին ազգային փոստային թանգարաններ: Առաջին թանգարանները բացվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Բուլղարիա: Առաջին տեղն էր գրավում Բրիտանական թանգարանի հավաքածուն. այն հավաքել էր պառլամենտի անդամ Տապլինգը և կտակել էր թանգարանին, ժամանակին այն արժեր 800000 գերմանական մարկ: Բեռլինի կայսերական փոստային թանգարանը նույնպես ընդարձակ նամականիշերի հավաքածու ուներ: Առաջացան խոշոր անհատական հավաքածուներ: Ամենախոշորը, ամենաթանկը և իր տեսակի մեջ ինքնուրույնը պատկանում էր [Փարիզաբնակ բարոն Ֆիլիպ Ֆերրարիին (1 միլիոն գերմանական մարկ):

Քանի որ նամականիշերի թիվը գնալով ավելանում էր, նրան հավաքելը դժվարանում էր: 1880-ականների սկզբից հայտնվեցին մասնագետ հավաքողներ, որոնք սահմանափակվում էին աշխարհի որևէ մասի, կամ մի քանի երկրների նամականիշերով:

Ֆիլատելիստական ընկերություններ և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիլատելիստը» Գրիգոր Շլդյան
փոստային նամականիշի օրվան նվիրված թողարկում, Կուբա, 1968

Քանի որ նամականիշերի քանակը ավելացավ, և մեկ անձի համար դժվար էր կոլեկցիոներությամբ զբաղվել, ապա հավաքողները սկսեցին միավորվել ընկերություններում: Առաջիններն էին ԱՄՆ-ում (1868 թ.), Մեծ Բրիտանիայում («Philatelic Society», Լոնդոն, 1869 թ.), Գերմանիայում (1869 թ.), Ֆրանսիայում («Société française de timbrologie», Փարիզ, 1874 թ.): XIX դարի վերջին աշխարհում հաշվվում էր ավելի քան 400 ֆիլատելիստական ընկերություն, որոնց մեծ մասը Գերմանիայում և ԱՄՆ-ում: Գերմանական ֆիլատելիստական ընկերությունների ներկայացուցիչները, սկսած 1889 թ., հավաքվում էին ամենամյա համագումարում:

Ֆիլատելիստական ընկերությունները կազմակերպում էին նամականիշերի ցուցահանդեսներ: Առաջին անհատական հավաքածուի ցուցահանդեսը կազմակերպվել է 1852 թվականին Բրյուսելում: Առաջին ֆիլատելիստական ցուցահանդեսները կազմակերպվել են Բեռլինում (1870 թ.), Վիեննայում (1873 թ. - առաջին միջազգայինը), Փարիզում (1878 թ.), Անտվերպենում (1887 թ. - միջազգային), Նյու-Յորքում (1889 թ.): 1890 թվականին նամականիշի 50-ամյակի առթիվ երեք ցուցահանդես կազմակերպվեց Վիեննայում, Մագդեբուրգում և Լոնդոնում: Առաջին համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսը կայացել է 1962 թ. աշնանը Պրահայում: 2004 թ. օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 1Սինգապուրում կայացավ ֆիլատելիայի պատմության մեջ առաջին Նամականիշերի համաշխարհային չեմպիոնատը:

Նամականիշերի առք և վաճառքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամականիշերի առևտրով զբաղվել են հազարավոր մարդիկ, խոշոր կենտրոններում կային բորսաներ և կազմակերպվում էին աճուրդներ: Հազվագյուտ նամականիշերի համար վճարում էին մեծ գումարներ:Բրիտանական Գվիանայի առաջին թողարկման (1850 թ. վարդագույն թղթի վրա երկու ցենտ անվանագնով) համար վճարվել է 1010 դոլար: Հազվագյուտ նամականիշերի բարձր գներից ելնելով՝ հայտնվեցին մեծ թվով կեղծ նամականիշեր: Փարիզում բացվել էր կեղծ նամականիշերի տպարան: Ֆիլատելիստական ընկերությունների խնդիրներից մեկը դարձավ կեղծ նամականիշեր հայտնաբերելը: Հաճախ շատ պետություններ օգնության էին գալիս կոլեկցիոներներին: Երբ հայտնվում էր կեղծ նամականիշ, նրանք տպագրական հին տախտակներից տպում էին նոր սերիա, որը վաճառվում էր առավել մատչելի գներով: Հաճախ տպագրական տախտակները հայտվում էին մասնավոր անձանց մոտ, որոնք և՛ տպում, և՛ վաճառում էին նամականիշերը, իհարկե ավելի էժան գներով:

Կոլեկցիոներները բարձր էին գնահատում փորձնական նամականիշերը (անգլ.՝ Essays)), որոնք պատրաստվում էին փոստային վարչության կողմից մինչև նանականիշի թողարկվելը, որպեսզի որոշեն գույնը կամ նկարը փոփոխության կարիք ունի, թե ոչ: Շատ պետություններ թողարկում էին նամականիշեր՝ ոչ թե կարիքից ելնելով, այլ կոլեկցիոներներին բարձր գներով վաճառելու համար: Առավել շատ նամականիշերը թողարկվում էին Կենտրոնական ևՀարավային Ամերիկայում: Այստեղ շուտ-շուտ փոխվում էին քաղաքական ղեկավարները, որոնցից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում նոր նամականիշեր թողարկել:

Ֆիլատելիստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թ-ից սկսեցին թողարկվել ֆիլատելիստական ամսագրեր և կատալոգներ: Առաջին ամսագիրը հայտնվեց Լիվերպուլում 1862- ից մինչև 1864 թվականը «The Stamp Collector’s Review and Monthly Advertiser» անվամբ: 1863 թ-ից լույս տեսան Բրյուսելում «Le Timbreposte»-ը և «Magazin für Briefmarken-Sammler»-ը Լեյպցիգում: 1864 թ. լույս տեսավ առաջին ֆիլատելիստական ամսագիրը ԱՄՆ-ում:

XIX դարի վերջում թողարկվում էր բավականին մեծ քանակությամբ ֆիլատելիստական գրականություն՝ 13 լեզվով 800 անուն ամսագիր: Ամենահայտնի ամսագիրը, որ թողարկում էին Զենֆ եղբայրները՝ «Illustriertes Briefmarkenjournal»-ը, ուներ 17000 բաժանորդ: Մինչև ամսագրերը սկսեցին թողարկվել կատալոգները՝ առաջինը Փարիզում 1861 թ. Ա. Պոտիկեն: Հետո լույս տեսան Ժ.-Բ. Մոէնսի (Moens Բրյուսել, 1862), Սկոտտի (Scott Նյու Յորք, 1867), «Stanley Gibbons» (Մեծ Բրիտանիա, 1879-1895), «Yvert et Tellier» (Ֆրանսիա, 1897-1913): Մինչև XIX դարի վերջը թողարկվում էր 720 կատալոգ, որոնցից ամենահայտնիներն էին՝

  • Զենֆ Եղբայրներ (Senf, Gebrüder), «Illustrierter Postwertzeichenkatalog» (Լեյպցիգ, 1892)
  • Ժ.-Բ. Մոէնս «Bibliothèque des Timbrophiles» (Բրյուսել, 1862)
  • Կարլ Լինդերբերգ «Die Briefumschläge der deutschen Staaten» (Բեռլին, 1892)

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլատելիան, որպես կոլեկցիոներական ամենաժողովրդական տեսակներից մեկը, շարունակեց զարգանալ XX դարում: «Scott», «Stanley Gibbons» և «Yvert et Tellier» շարքին ավելացան «Ցումշտեյն»-ը (Zumstein Շվեյցարիա, 1909) և «Միխել»-ը («Michel» Գերմանիա, 1910):

1926 թ. հիմնվեց Միջազգային ֆիլատելիստների ֆեդերացիան, որի ղեկավարությամբ 1929 թվականից կազմակերպվում է ամենամյա միջազգային ցուցահանդես:

XX դարի երկրորդ կեսից ֆիլատելիան փոխվեց ավելի սիրողական կոլեկցիոներության, որին նպաստեց նամակագրության աճը երկրների մեջ, շատ երկրների կողմից կոմմեմորատիվ (հիշարժան դեպքերին նվիրված), նամականիշերի գունեղ սերիաները, պատմությանը, արվեստին, ֆաունային և ֆլորային, սպորտին և այլին նվիրված թողարկումները: Մեծ դեր է խաղացել կոլեկցիոն նամականիշերի, ֆիլատելիայում օգտագործվող առարկաների ազատ վաճառքը, նամականիշերի կատալոգների հրատարակումները, ֆիլատելիստական ցուցահանդեսների կազմակերպումը, ֆիլատելիայի պրոպագանդան զանազան ամսագրերում և պարբերականներում:

Ֆիլատելիստական գրականությունը հրատարակվում էր բազմաթիվ երկրներում՝

  • «Филателен Преглед» (Բուլղարիա)
  • «Filatéliai Szemle» (Հունգարիա)
  • «Sammler Express» (ԳԴՀ)
  • «Filatelia Cubana» (Կուբա)
  • «Filatelista» (Լեհաստան)
  • «Filatelie» (Ռումինիա)
  • «Filatelie» (Չեխիա)
  • «The London Philatelist» (Մեծ Բրիտանիա)
  • «Philatelic Magazine» (Մեծ Բրիտանիա)
  • «The American Philatelist» (ԱՄՆ)
  • «Linn’s Weekly Stamp News» (ԱՄՆ)
  • «Der Sammler-Dienst» (Գերմանիա)
  • «Deutsche Zeitung für Briefmarkenkunde» (Գերմանիա)
  • «Austria-Philatelist» (Ավստրիա),
  • «Schweizer Briefmarken-Zeitung» (Շվեյցարիա)
  • «L’Echo de la Timbrologie» (Ֆրանսիա)
  • «La Philatélie française» (Ֆրանսիա)
  • «Il Collezionista» (Իտալիա)
  • «La Tribuna del Collezionista» (Իտալիա)
  • «Cronaca Filatelica» (Իտալիա)
  • «Francobolli» (Իտալիա)
  • «Il Nuovo Corriere Filatelico» (Իտալիա)
  • «Dansk Filatelistisk Tidsskrift» (Դանիա)

Եզակի հավաքածուների տեր էին Բրիտանական թանգարանը (Լոնդոն), Ստոգհոլմի, Փարիզի, Բեռնի փոստային թանգարանները: Հայտնի անհատների հավաքածուներ էին անգլիական թագավորական ընտանիքի, Ֆ. Ֆերրարիի (Ավստրիա), Մ. Բուրրուսի (Շվեյցարիա), Ա. Լիխտենշտեյնի, Ա. Հինդի և Դ. Բոկերի (ԱՄՆ) և Հ. Կանայի (Ճապոնիա) հավաքածուները:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Ֆիլատելիստների ցուցակ 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бабинцев С. Филателистическая библиография. - М., 1970.(ռուս.)
  • Филателистическая журналистика как отдельная профессия] // Независимая газета. - 2005. - № 3 (3399). - 14 января.(ռուս.)
  • Вигилев А. Из истории филателии // Филателия СССР. - 1979. - № 7. - С. 52 - 53.(ռուս.)
  • Владинец Н. И. Филателия. - М., 1975.(ռուս.)
  • Календарь филателиста на 1973 год. - М.: Связь, 1972. - 16 - 22 июля.(ռուս.)
  • Левитас И. Я. С марками в страну знаний. Заметки о почте и филателии. - К., 1987.(ռուս.)
  • Сашенков Е. П. Полярная почта. - М., 1975.(ռուս.)
  • Читатель спрашивает - отвечаем // Филателия СССР. - 1984. - № 3. - С. 42.(ռուս.)
  • Grallert W. Einführung in die Briefsmarkenkunde. - Leipzig, 1957.(գերմ.)
  • Groer M. Praktyczna filatelystika. - Warszawa, 1975.(լեհ.)
  • Hamann H. Kleine Briefsmarkenkunde. - Berlin, [1973].(գերմ.)
  • Hille Н. Moderne Philatelie. - Berlin, [1968].(գերմ.)
  • Williams L. N., Williams М. Techniques of Philately. - London, 1969.(անգլ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Кисин Б. Страна Филателия. Москва. Просвещение (1969).(ռուս.)
  2. Левитас И. Я. С марками в страну знаний. Заметки о почте и филателии. - К., 1987. - С. 35.(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]