Չափաբերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափաբերումը մետաղների վերջնամշակման կատարյալ մեթոդ է, որն ապահովում է մակերևույթների ձևի և չափերի մեծ ճշգրտությունը (մինչև 0,1 մկմ) և մաքրությունը (11-ից 14-րդ դասի սահմաններում)։ Որպես կտրող գործիք չափաբերման պրոցեսում օգտագործում են հղկանյութային բարակ շերտով պատված մետաղե կամ ապակե կիպահղկիչներ կամ շատ մանրահատիկ հղկասկավառակներ։ Մշակման արտադրողականությունը բարձրացնելու նպատակով չափաբերում կատարվում է հովացնող-յուղող հեղուկների օգտագործմամբ (նավթ, մեքենայական յուղ, օլեինաթթու, բենզին, սոդայաջուր և այլն)։ Կիպահղկիչները սովորաբար պատրաստվում են ավելի փափուկ նյութերից, քան մշակվող իրն է։ Առավել կիրառում ունեն պեռլիտային և ֆերիտային կառուցվածք ունեցող թուջերը, որոնց ամրությունը գտնվում է НБ 140—200 սահմաններում։ Երբեմն կիրառվում են նաև պղնձե, իսկ ձեռքի աշխատանքի ժամանակ՝ նաև ապակե կիպահղկիչներ։ Նախնական չափաբերման ժամանակ կտրման պայմանները բարելավելու նպատակով գործիքի մակերևույթի վրա ակոսներ են արվում։ Կիրառվող հղկանյութերի հատիկները պետք է ունենան մեծ ամրություն և փոքր չափեր (2-ից 20 մկմ)։ Դրանք օգտագործվում են փոշու կամ քսուքի ձևով։ Որպես հղկանյութ կարելի է կիրառել բնական կորունդը, սպիտակ էլեկտրակորունդը, սիլիցիումի կարբիդը, քրոմի օքսիդը։ Կարծր համաձուլվածքներից պատրաստված գործիքների չափաբերման ժամանակ օգտագործվում են բորի կարբիդի և ալմաստի միկրոփոշիներ։ Կան ունիվերսալ չափաբերման հաստոցներ, որոնք մեծ մասամբ սկավառակային տիպի են, և որոնցով մշակումը տարվում է պտտվող երկու հորիզոնական սկավառակների արանքում հարթ կամ գլանաձև իրերը տեղակայելու միջոցով, և մասնագիտացված հաստոցներ, որոնք ծառայում են առանձին դետալների, ծնկաձև լիսեռների վզիկների, բաշխիչ լիսեռների բռունցքի և այլնի չափաբերման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 677 CC-BY-SA-icon-80x15.png