Հրթիռային զենք
Հրթիռային զենք | |
---|---|
Տեսակ | զենքի ֆուկցիոնալ դաս |
Ենթատեսակ | Բարձր ճշգրտության զենք, հրթիռ և Նետող մեքենաներ |
Հրթիռային զենք, համակարգ, որտեղ ոչնչացման միջոցները նպատակակետին են հասցվում կառավարվող կամ չկառավարվող հրթիռներով, ներառում է միջուկային կամ սովորական լիցքով հրթիռ, արձակման տեղակայանք, ստուգման արձակման սարքավորումներ, նշանառության, հրթիռի թռիչքի կառավարման, տրանսպորտային և այլ միջոցներ։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրթիռային զենքի հիմնական հատկություններն են.
- թռիչքի մեծ հեռավորությունն ու արագությունը, որը հնարավորություն է տալիս մի քանի տասնյակ րոպեում անցնել հազարավոր կիլոմետրեր
- ահռելի կործանիչ ուժ ունեցող լիցքը նպատակակետին հասցնելու կարողությունը
- մեծ դիպուկությունը
- մանևրայնությունը
- նվազ խոցելիությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրթիռային զենքի նախատիպերը, ըստ երևույթին, եղել են Հնդկաստանում և Չինաստանում (X-XII դարերերում) ամրոցների պաշարման ժամանակ օգտագործվող հատուկ նետերը, որոնց ամրացվում էին թղթե պարկուճներ՝ լցված բաղադրությամբ վառոդայինին մոտ պայթուցիկ նյութով։ XVIII դարերում հնդկական զորքը անգլիական գաղութարարների դեմ Սերինգապատամի պաշարման ժամանակ օգտագործում էր մետաղյա պարկուճով հրթիռներ՝ 3-6 կգ զանգվածով, 1, 5 - 2, 5 կմ հեռահարությամբ։
XIX դարում շատ երկրներ մշակեցին և զինվեցին զանազան կառուցվածքի վառոդային հրթիռներով։ Հրթիռներ օգտագործվել են անգլո-դանիական պատերազմում (1807-1814), Լայպցիգի (1813) և Վաթեռլոոյի (1815) ճակատամարտերում, ռուս-թուրքական պատերազմներում (1828—-1829 և 1877-1878), Ղրիմի պատերազմում (1853-1856)։ Սակայն ակոսավոր հրետանու արագ զարգացման հետևանքով հրթիռները հանվեցին սպառազինությունից և մոռացվեցին։
XX դարերի 20-30-ական թվականներին խորհրդային և արտասահմանյան գիտնականների նվաճումները հանգեցրին հրթիռային տեխնիկայի բուռն զարգացմանը։ 30-ական թվականներին ԽՍՀՄ-ում մշակվեցին հրթիռներ (ռեակտիվ արկեր), որոնք ավիացիան կիրառեց Խալխին-Գոլի ճակատամարտում 1939 թվականին։ Միաժամանակ ցամաքային զորքերի համար մշակվեցին արձակման բազմալիցք տեղակայանքներ, այսպես կոչված «Կատյուշաներ», որոնք լայնորեն օգտագործվեցին Հայրենական մեծ պատերազմում (1941-1945)։ 1942 թվականից հրթիռներով սկսեցին զինվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, իսկ 1943 թվականից՝ նաև Գերմանիայի ռազմաօդային ուժերը։ Գերմանիան օգտագործում էր նաև կառավարվող բալիստիկ հրթիռ՝ Ա-4 (ՖԱՈԻ-2), որի մարտական մասը պարունակում էր 1000 կգ պայթուցիկ նյութ։ 1944 թվականներին նա այս հրթիռներով ռմբակոծում էր Եվրոպայի մի շարք քաղաքներ, հիմնականում Լոնդարերինը։ 1950-1960 թվականներին ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ավելի ուշ Չինաստանը ստեղծեցին և զինվեցին զանազան նշանակության հրթիռներով։ Հրթիռային զենք ստացան նաև ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի երկրները։
Հրթիռների դասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված մեկնարկի և նպատակակետի տեղերից՝ հրթիռները բաժանվում են հետևյալ դասերի.
- «երկիր֊երկիր»
- «երկիր-օդ»
- «օդ-երկիր»
- «օդ-օդ»
Յուրաքանչյուր նշված դասի հրթիռ արձակվում է համապատասխանաբար երկրի մակերևույթից կամ ինքնաթիռից՝ վերերկրյա կամ օդային օբյեկտներ խոցելու համար։ Ամեն մի դաս իր հերթին բաժանվում է ենթադասերի։ Հրթիռները կարող են կրել միջուկային կամ սովորական լիցք։ Հրթիռային զենք ըստ նշանակության, օգտագործվող հրթիռի դասի, լիցքի հզորության և կատարելիք խնդրի ընդունված է բաժանել.
- ստրատեգիական
- օպերատիվ տակտիկական
- տակտիկական դասերի։
Խորհրդային բանակում ստրատեգիական հրթիռային զենքով զինվում էին ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերը, ռազմաօդային ուժերը, ռազմածովային նավատորմը։ Այն նախատեսված էր հակառակորդի կարևոր ստրատեգիական օբյեկտներ (միջուկային հարձակման միջոցներ, վարչաքաղաքական և ռազմարդայունաբերական կենտրոններ, զորքերի խոշոր միավորումներ) ոչնչացնելու համար։ Ստրատեգիական հրթիռները կարող են արձակվել ստորերկրյա հորաններից, ինքնաթիռներից, ստորջրյա և վերջրյա ռազմանավերից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրթիռային զենք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 631)։ |