Jump to content

Ներքին Ոսկեպար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ներքին Ոսկեպար
Aşağı Əskipara
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան/Կաղապար:Դրոշավորում/
ՇրջանՏավուշի մարզ/Ղազախի շրջան
Մակերես9,1 կմ²
Բարձր. ծովի մակ-ից764 մետր
Բնակչություն0 մարդ (2021)
Ժամային գոտիUTC+4
Ներքին Ոսկեպար (Ադրբեջան)##
Ներքին Ոսկեպար (Ադրբեջան)

Ներքին Ոսկեպար, նախկին բնակավայր հայ-ադրբեջանական շփման գծի Ոսկեպար գյուղի հատվածում։ Ներկայում բնակավայրի ավերակները գտնվում են Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջև[1]։

Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրի տարածքը հարավ-արևմուտքից սահմանակից է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար, հյուսիսից՝ Բաղանիս, հարավ-արևելքից՝ Կիրանց, հյուսիս-արևելքից՝ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Ղուշչու Այրում, հարավ-արևելքից՝ Մազամ գյուղերին։

Բնակավայրի անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին բնակավայրի հայկական անունն է Ներքին Ոսկեպար, որն առաջացել է հարևանությամբ գտնվող և առնվազն 6-րդ դարում հիմնադրված Ոսկեպար բնակավայրի անունից։ Բնակավայրի ադրբեջանական անունը հայկական «Ոսկեպար» անվան աղավաղված տարբերակն է՝ Աշաղի Ասկիպարա (ադրբ.՝ Aşağı Əskipara

Ներքին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է եղել Ոսկեպար գյուղի հետ[2]։

Հայ-ադրբեջանական կռիվներ (1920)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականից 1920 թվականը Ներքին Ոսկեպար գյուղը գտնվել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության կազմում[3]։

1920 թվականին Ներքին Ոսկեպարի տարածքում և հարակից բնակավայրերում տեղի են ունեցել հայ-ադրբեջանական և հայ-ռուսական (բոլշևիկյան) զինված բախումներ[4][5]։

Խորհրդային Միության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին գյուղն ընդգրկված է եղել Ադրբեջանական ԽՍՀ-ի Ղազախի շրջանի կազմում։

Հայ-ադրբեջանական հողային վեճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1980-ական թվականներին Վերին Ոսկեպար, Ոսկեպար և հարակից բնակավայրերում սկսվեց հայ-ադրբեջանական հողային հակամարտություն[6]։ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ընդգրկված Ներքին Ոսկեպար գյուղի ադրբեջանցիներն աստիճանաբար հողային զավթումներ էին դեպի Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղ[6]։ Ադրբեջանական էքսպանսիան կանխելու համար հայկական կողմը նախաձեռնել էր հայաբնակ Ոսկեպար և ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար գյուղերի սահմանին՝ հայկական կողմից մեկ գծով առանձնատների կառուցում[6]։ Ծրագիրն անավարտ մնաց 1988-1989 թվականներին սկսված հայ-ադրբեջանական բախումների հետևանքով[6]։

Ոսկեպարի կոտորած

[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Ոսկեպարում զոհված ոստիկաններին նվիրված հուշարձան կառուցված Նոյեմբերյան քաղաքում

1990 թվականի մարտից Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ներառված Ներքին Ոսկեպար զյուղի դպրոցը ադրբեջանցիները վերածել էին ռազմական հենակետի։

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ և փակում են Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ[7][8]։

Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերևարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերևարեցին և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնեցին նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվեցին[7][8]։

Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ են անցկացրել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել[7]։

Արցախյան Ազատամարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան Ներքին Ոսկեպարից դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հետին պլանում՝ Ոսկեպար գյուղն է

Խորհրդային Միության փլուզման և 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի հետևանքով 1992 թվականի հունիսի 14-ին գյուղը փաստացի անցել է նորանկախ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո[1]։ Հետագայում հայկական զինված ուժերը մարտական դիրքեր են տեղադրել նախկին բնակավայրի եզրին, ինչի հետևանքով այն դարձել է չեզոք գոտի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ադրբեջանցիները նոր բլինդաժներ են փորում», (արխիվացված 26․04․2021թ․
  2. Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան, 2013, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-08-31 Wayback Machine)։
  3. «Խորհրդային Հայաստանի տարածքը՝ ըստ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․03․2024 թվականին)։
  4. «Ժողովուրդ» օրգան Հայ ժողովրդական կուսակցութեան, №159, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
  5. «Յառաջ», հասարակական, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթ, №206, սեպտեմբերի 23, 1920 թվական, Երևան։
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Ոսկեպարի օրինակով. հայ-ադրբեջանական հողային կռիվը 1980-ականներին» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 18․03․2024 թվականին)։
  7. 7,0 7,1 7,2 «Ոսկեպար. Սխրագործության հիշողությունը», (արխիվացված 19․04․2021թ․
  8. 8,0 8,1 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներքին Ոսկեպար» հոդվածին։