Օրենքի հետադարձ ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օրենքի հետադարձ ուժ, առավել ընդհանրացված՝ նորմատիվ իրավական ակտի հետադարձ ուժ, անգլոսաքսոնական և հռոմեական իրավունքներում՝ «էքս պոստ ֆակտո» կանոն (լատ.՝ Ex post facto) կամ օրենքի ռետրոակտիվություն, իրավաբանական սկզբունք, որը նախատեսում է նորմատիվ իրավական ակտի գործողության տարածումը այն հասարակական հարաբերությունների վրա, որոնք առաջացել են մինչ այդ ակտի ընդունումն ընկած ժամանակամիջոցում։ Օրենքի հետադարձ ուժի ինստիտուտը ժամանակակից իրավագիտությունում կարևորվում է այն համատեքստում, որ արդի պոզիտիվ իրավունքը բացառում է իրավական ակտի գործողության տարածումը մինչ դրա օրինական ուժ ստանալը ծագած իրավահարաբերությունների վրա[1]։

«Օրենքը հետադարձ ուժ չունի» գաղափարի բովանդակային հիմքը Հին Հռոմում մշակված «ex post facto» սկզբունքն է՝ համաձայն որի «ընդունված օրենքը տարածվում է ապառնի ժամանակի վրա»։ Ներկայումս, աշխարհի շատ երկրներ պաշտպանում են այն սահմանադրական սկզբունքը, որը մատնանշում է՝ «անձի իրավիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենքի հետադարձ ուժի բացառումը կայուն իրավակարգի կարևորագույն երաշխիքներից է, քանզի հակառակ պարագայում այն կարող է առաջացնել իրավակարգավորման մի շարք բարդույթներ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածը վերաբերում է օրնքի հետադարձ ուժի հայեցադրույթին։ Օրենքին հետադարձ ուժով օժտելու ոչ իրավաչափությունը պարզագույնս դրսևորվում է քրեական իրավունքում․ հետադարձ ուժը կարող է ծանրացնել հանցագործությունը, փոխել պատժաչափը, ավելացնել նոր պատժամիջոցներ կամ երկարաձգել այն։ Միևնույն ժամանակ այն կարող է չարարկել իրավախախտման իրավաբանական կազմը (հանցագործության հանցակազմը)՝ նախկինում ոչ դատապարտելի արարքը դարձնելով քրեորեն պատժելի։

Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական պետություններ (ի թիվս Հայաստանի) մարդասիրական նկատառումներից ելնելով իրականացնում են պատիժների «մեղմացմում»՝ «lex mitior» սկզբունքի կիրարկմամբ։ Այսօրինակ փոփոխությունները կարող են մեղմացնել հնարավոր պատժամիջոցները․ օրինակ ՝ մահապատժի դատապարտումը ցմահ բանտարկության փոխարկելով: «Lex mitior»-ի ամենահանրահայտ դրսևորումներից մեկը համաներման ինստիտուտն է։

Ըստ իրավունքի ճյուղերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի հետադարձ ուժը իրավունքի տարբեր ճյուղերում դրսևորվում է տարաբնույթ ձևերով։ Օրինակ՝ քաղաքացիական իրավունքում հետադարձ ուժի կիրառումը, որպես այդպիսին, արգելված է, մինչդեռ քրեաիրավական հարաբերություններում օրենքի ռետրոակտիվությունը բացառելի է միայն անձի վիճակը վատթարացնելու միտման պարագայում։

Քաղաքացիական իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի հետադարձ ուժի (ex post facto)-ի ազդեցությունը քաղաքացիական օրենսդրության վրա և դրա առաջացրած (հնարավոր) իրավական հետևանքները։ * անձի գույքային (սեփականատիրական) վիճակի վատթարացում, * օրինական ակնկալիքների կորուստ, * պայմանագրային հարաբերությունների ապակարգավորում։

Իրավունքի տեսության համաձայն, քաղաքացիական իրավունքում հետադարձ ուժ չի կարող կիրառվել։ Դա ենթադրում է, որ օրենքները կիրառվում են բացառապես ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քաղաքացիաիրավական բնույթի օրենքները կարող են ռետրոակտիվությամբ օժտվել միայն այն դեպքում, երբ այդ ամենը ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Քաղաքացիական օրենսդրությունը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերը սահմանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային և այլ պարտավորություններ, ինչպես նաև այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:

Այսպիսով, քաղաքացիարավական հարաբերություններում ռետրոակտիվությամբ օժտված օրենքների կիրարկումը կարող է հակասել քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներին (մասնավորապես՝ գույքային ինքնուրույնություն, սեփականության անձեռնմխելիություն, պայմանագրի ազատություն, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիություն, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտություն, խախտված իրավունքների վերականգնման ապահովում և այլն), քաղաքացիաիրավական օրենքների գործողության տրամաբանությանը, ինչպես նաև անվստահություն առաջացնել իրավակարգի, և առհասարակ՝ օրենքների կարգավորիչ նշանակության նկատմամբ։Քաղաքացիական օրենսդրության մաս կազմող և հետադարձ ուժ ունեցող օրենքները, տեսականորեն, չեն կարող համարվել իրավական։ Դրանք կարող են զրկել քաղաքացիներին իրենց օրինական ակնկալիքներից և ապակարգավորել արդեն իսկ կնքված գործարքները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի (քաղաքացիական օրենսդրության և այլ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով»:

Վարչական իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքում և միջազգային կազմակերպությունների նախադեպային պրակտիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Coat of arms of Armenia.svgTransparent square.svgՍույն հոդվածը կամ ենթաբաժինը բովանդակված է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության համապատասխանությամբ։

Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության համաձայն՝ ըստ առաջացրած իրավական հետևանքների՝ հետադարձ ուժը կարող է ձևավորել․

  • Անձի վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտեր՝ այս համախմբին են պատկանում արարքի պատժելիությունը վերացնող կամ մեղմացնող օրենքները, որոնք դեպքերի մեծամասնությունում ունեն հետադարձ ուժ։ Այդպիսին է օրինակ համաներման մասին օրենքը, որը տարածվում է մինչև ակտի հրապարակվելը կատարված հանցագործություններ վրա։ Մինչև համաներումը տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերը չեն հարուցվում, իսկ հարուցվածները՝ կարճվում են։ Քրեական պատասխանատվությունից կամ պատժի կրումից ազատվող կամ պատիժը կրած, սակայն դատվածություն ունեցող անձինք ամնիստիայի ուժով կարող են ճանաչվել դատվածություն չունեցողներ։ Համաներումը սովորաբար իրականացվում է պետության համար նշանակալից իրադարձությունների, կարևոր տարեդարձերի առթիվ։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է.

Aquote1.png Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
- «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդված 78
Aquote2.png


  • Անձի վիճակը վատթարացնող նորմատիվ իրավական ակտեր՝ այս համախմբին են պատկանում արարքի պատժաչափը մեծացնող, արարքի իրականացումը սանկցավորող և պատիժը երկարաձգող օրենքները, որոնք, որպես կանոն, արդի իրավական պետություններում հետադարձ ուժ չունեն։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը ընդհանրացնելով վերոգրյալը՝ նախատեսում է հետևյալը․

Aquote1.png Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող է կիրառվել հանցագործության պահին գործող օրենքով: Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
- ՀՀ Սահմանադրություն, հոդված 42
Aquote2.png


«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի հետադարձ ուժի բացառումը կայուն իրավակարգի և իրավական կարգավորման հանրային վստահելիության կարևորագույն երաշխիքներից է։ Դեռևս հնագույն շրջանից մեզ հայտնի համապարտադիր կարգադրագրերի գործողությունը տարածվում էր ապառնի ժամանակի վրա։ Այդ մասին հավաստում են Համմուրապի օրենքները Բաբելոնում և Մանուի օրենքները Հին Հնդկաստանում։ Այնուամենայնիվ, հետադարձ ուժի բացառումը բերված օրինակներում ոչ թե եղել են իրավական մտքի նվաճում հանդիսացող օրինաչափությունների դրսևորումներ, այլ նպատակահարմարությունից (հասարակական հարաբերությունների արդյունավետ և ողջամիտ կարգավորման) ելնելով կայացված որոշումներ։

Օրենքի հետադարձ ուժի և առհասարակ՝ ժամանակի ընթացքում օրենքի գործողության հայեցակարգը ծնել է հունահռոմեական իրավունքը։ Հին Հունաստանում (մասնավորապես՝ Աթենական պետությունում) ժողովրդական ժողովի կամ ստրատեգոսների կոլեգիայի ընդունած որոշումները, սովորաբար, չէի տարածվում հասարակական հարաբերությունների վրա, որոնք առաջացել էին մինչ այդ ակտի ընդունումն ընկած ժամանակամիջոցում։ Այնուամենայնիվ, իշխող դասակարգի կամքը անսասան դարձնելու և կառավարման ապարատը կենտրոնացնելու նպատակով աթենացի օրենսդիր Կլիսթենեսը, որի գլխավորությամբ Աթենքում տապալվել էր Պիսիստրատոսի դիկտատուրան, ժողովրդական ժողովի միջնորդավորմամբ ընդունում է «ժողովրդի թշնամիների դեմ պայքարի մասին» օրենքը՝ օստրակիսմոսը, որի արդյունքում ժողովրդավարության պաշտպանության քողի ներքո հետապդնումների և հալածանքների են ենթարկվում տապալված բռնապետության հիմնադիրներն ու ռազմակառավարչական ղեկավարությունը։

Այնուամենայնիվ, «օրենքը հետադարձ ուժ չունի» գաղափարի բովանդակային հիմքը Հին Հռոմում մշակված «ex post facto» սկզբունքն է՝ համաձայն որի «ընդունված օրենքը տարածվում է ապառնի ժամանակի վրա»։ Այս ամենը հիմնավորվում է մեկ այլ լատինական սկզբունքով, որն է՝ «Nulla poena sine lege» (թարգմանաբար՝ «ոչ ոք չի կարող պատասխանատվության ենթարկվել առանց օրենքի»։

Որպես կանոն, անտիկ շրջանում և միջնադարում (նույնիսկ ավելի ուշ) օրենքները հետադարձ ուժ ստանում էին հետևյալ հիմնական նպատակներով․

  1. Հասարակության առջև ծառացած խնդիրներն արմատախիլ անելու նպատակամղմամբ, օրինակ՝ միջնադարյան Հայաստանում բռնկված և լայն տարածում գտած Պավլիկյան աղանդավորական շարժման դեմ պայքարի նպատակով 719 թվականին գումարվում է Դվինի եկեղեցական ժողովը, որտեղ ընդունված կանոնական որոշումներն արգելում են վերջիններիս գործունեությունը Հայաստանում։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրում են պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս։
  2. Պետական իշխանության կենտրոնացման նպատակամղմամբ, օրինակ՝ «ժողովրդի թշնամիների դեմ պայքարի մասին» օրենքը Հին Աթենքում։
  3. Հանրային գերակա շահերով պայմանավորված, օրինակ՝ ծովահենության դեմ պայքարի շրջանակներում վերջիններիս մասսայական դատապարտումը միջնադարյան Անգլիայի «արդարության դատարաններում»։
  4. Արտակարգ իրադրությունների պայմաններում, օրինակ՝ Հին Չինաստանում «երկնքի որդու»՝ Ցին պետության կայսեր հրամանագրով նախկին զինապարտ չհամարվող անձանց բանակագրումը հոների և մյուս քոչվորական ցեղերի հանկարծահաս ռազմախուժմամբ պայմանավորված։

Ուշ միջնադարում և նոր շրջանում ի հայտ են գալիս կոդիֆիկացված օրենքներն ու օրենսդրությունները, որի պայմաններում «օրենքը հետադարձ ուժ չունի» կանոնն իր ամրագրումն է գտնում մի շարք երկրների Սահմանադրություններում և սահմանադրական օրենքներում, այդ թվում՝ «Ազատությունների մեծ խարտիայում», ԱՄՆ անկախության հռչակագրում, Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում, 1850 թվականի Պրուսիայի Սահմանադրությունում և այլուր։

Անգլոսաքսոնական ընդհանուր իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր պետությունների ներպետական օրենսդրությունները նախատեսում են օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ տարաբնույթ մոտեցնումներ։ Ստորև ներկայացված են այն հիմնական օրինակները, որոնք մյուսների համեմատությամբ ունեն որոշակի առանձնահատկություններ։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ջեֆերսոն՝ ԱՄՆ հիմնադիր-հայրերից մեկը, Միացյալ Նահանգների թվով երրորդ նախագահը։

Ամերիկյան իրավական միտքը օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ մշակել է բազմաթիվ հայեցակարգեր, որոնցից առաջինը հեղինակել է ԱՄՆ հիմնադիր-հայրերից Թոմաս Ջեֆերսոնը դեռևս 1813 թվականին։ Այս կապակցությամբ վերջինս ասել է․

Aquote1.png Միացյալ Նահանգներում մենք բացահայտորեն ի ցույց են դնում մեր այն հաստատակամությունը, որ հետադարձ ուժի ունեցող օրենքները ուղղված են բնական իրավունքի դեմ։ Մեր երկրի նահանգային սահմանադրություններից քչերն են պարունակում այդօրինակ դրույթներ, եթե, իհարկե, այդպիսինները դեռևս պահպանվել են։ Հետադարձ ուժ ունեցող օրենքը հավասարապես անարդարություն է մտցնում ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերի քննության շրջանակներում։ Aquote2.png


Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրագույն օրենսդիր մարմինն արգելում է հետադարձ ուժով օրենքների վկայակոչումը և կիրառումը՝ հիմք ընդունելով ԱՄՆ Սահմանադրության 1-ին գլխի 9-րդ հոդվածի 3-րդ կետը։ Սա այն եզակի սահմանափակումներից է, որը տասնչորսերորդ փոփոխությունից ի վեր գործում է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային մակարդակներում։ Թոմաս Ջեֆերսոնը հետադարձ ուժ ունեցող օրենքները որակում էր «անարդարացի ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործերում», մինչդեռ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Սեմուել Չեյսը 1798 թվականին տեղի ունեցած «Քոլդերն ընդդեմ Բալլի» նախադեպային գործի շրջանակներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ հետադարձ ուժ չեն կարող ունենալ միայն քրեաիրավական օրենքները և դա, բնավ, չի վերաբերվում քաղաքացիական վարույթներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներում ոչ բոլոր դեպքերում է հետադարձ ուժով օժտված լինելու բացահայտ իրողություն օրենքը դարձնում հակասահմանադրական։ Հետադարձ ուժով անձի վիճակը վատթարացնող օրենքի ընդունման վերջին դեպքն այս երկրում գրանցվել է 2006 թվականին՝ ի դեմս Ադամ Ուոլշի երեխաների պաշտպանության և անվտանգության մասին ակտի։ Այս օրենքը նոր պատժաչափեր էր սահմանում սեռական հանցագործության մեղադրանքով դատապարտված մի շարք անձանց նկատմամբ։

Վարչաիրավական հարաբերություններում դաշնային գործակալությունները կարող են հետադարձ ուժ կիրառել բացառապես Կոնգրեսի թույլտվությամբ, քանզի հակառակ դեպքում այն կարող է ստեղծել հակասահմանադրական իրավիճակ։ Այսօրինակ նախադեպ գրանցվել է 1988 թվականին՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից քննված Բոուինն ընդդեմ «Ջորջթաունի համալսարանական հիվանդանոցի» գործի շրջանակներում։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում հետադարձ ուժ ունեցող օրինագծերը որպես կանոն չեն հաստատվում, մինչդեռ խորհրդարանական ինքնիշխանության դոկտորինի համաձայն՝ դրանք թույլատրելի են: Պատմականորեն, մինչև 1793 թվականը Բրիտանական պառլամենտի կողմից ընդունված բոլոր օրենքներն օժտված էին հետադարձ ուժով, քանի որ դրանց գործողության սկիզբը համարվում էր նստաշրջանի առաջին օրը։ Այս իրավիճակը հանգուցալուցվում է 1793 թվականին՝ «Պառլամենտի գործողությունները» («Սկսելու» մասին) վերտառությամբ օրինագծի ընդունումից հետո։ Այնուամենայնիվ, ցայսօր ՄԹ-ում օրինական ուժ են ստանում են հետադարձ ուժով օժտված մի շարք օրենքներ։ Այդպիսի օրինակ է 1990 թվականին ընդունված «Պակիստանի ակտը», որով Պակիստանի Իսլամական Հանրապետությունը վերականգնում էր իր անդամությունը Ազգերի բրիտանական համագործակցությունում։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել էր 1990 թվականի հունիսի 29-ին՝ օրինագծի 2-րդ ենթաբաժնի 3-րդ կետը նախատեսում էր, որ այդ օրենքը ուժի մեջ էր մտել 1989 թվականի հոկտեմբերի 1-ից՝ ընդունումից 9 ամիս առաջ։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 7-րդ հոդվածը արգելում է հետադարձ ուժ ունեցող և քրեաիրավական հարաբերություններ կարգավորող օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։ Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Թագավորությունը ստորագրել է վերոնշյալ կոնվենցիան՝ մի շարք բրիտանացի իրավաբաններ արտահայտում են այն համոզմունքը, որ ՄԹ խորհրդարանական ինքնիշխանության կայացրած վճիռը գերակայություն ունի միջազգային պայմանագրի իրավազորության նկատմամբ։ ՄԹ խորհրդարանական ինքնիշխանության ներքո ընդունված և հետադարձ ուժով օժտված իրավական ակտի վառ օրինակ է 1991 թվականին օրինական ուժ ստացած օրենքը «Պատերազմական հանցագործությունների մասին»։ Օրենքի հիմնանպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների հետ համագործակցած և պատերազմական հանցանքների մեջ մեղադրվող բրիտանացիների դատավարությունների կազմակերպումն էր։ Վեստմինստերյան Լորդերի պալատը հավանություն չի տալիս օրինագծին, մինչդեռ այն ընդունվում է Համայնքների պալատում։

Մայրցամաքային եվրոպական իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք վավերացրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։     Պայմանագիրը վավերացրած պետություններ     Այլ պետություններ

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 7-րդ հոդվածը արգելում է հետադարձ ուժ ունեցող քրեական օրենքների ընդունումը, մինչդեռ պայմանագիրը վավերացրած Եվրոպական միության անդամ մի շարք պետություններ այս հարթությունում ունեն իրենց յուրօրինակ մոտեցնումները։ Մասնավորապես ասվում է․

Aquote1.png Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործության չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։ Aquote2.png


Գերմանիայի Դաշնային Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքի 103-րդ հոդվածը նախատեսում է, որ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքը կամ անգործությունը կարող է պատժվել միայն այն դեպքում, երբ հանցանքի կատարման պահին այն սանկցավորված է եղել օրենքով (մասնավորապես՝ գրավոր օրենքով, քանի որ Գերմանիան որպես օրենսդրության բաղադրատարր ընդունում է նաև քաղաքացիական իրավունքի հիմնական սկզբունքները):

ԱՄՆ Օհայո նահանգի սենատորներից Ռոբերտ Ալֆոնսո Թաֆթը պնդում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած Նյուրնբերգյան դատավարությունները հիմնված են եղել օրենքի հետադարձ ուժ ունենալու տրամաբանության վրա, քանի որ Հակահիտլերյան խմբավորման ներկայացուցիչները չեն բանակցել Լոնդոնի կանոնադրության շուրջ: Այդ կանոնադրությունը սահմանում էր մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հասկացությունը և կանխարգելիչ նպատակներով ստեղծում միջազգային ռազմական տրիբունալ։ Ի հակադրություն սենատորի պնդումներին՝ մյուս շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Միջազգային ռազմական տրիբունալը, պաշտպանում էին այն դիրքորոշումը, որ Լոնդոնի կանոնադրությունն իր բնույթով կրկնաբանություն էր և, ըստ երևույթի, հնարավորություն էր ընձեռում հետապնդել այն հանցագործությունները, որոնք հակաօրինական էին ճանաչվում Փարիզում ստորագրված Բրիան-Քելոգ պակտով, Ազգերի լիգայի կանոնադրությամբ, ինչպես նաև 1899 և 1907 թվականների Հաագայի կոնվենցիաներով։ 1990-ական թվականներին՝ Գերմանիայի վերամիավորումից հետո, ընդունվում են հետադարձ ուժով օժտված միի շարք օրենքներ, որով Բեռլինի պատն անցնելու համար դատապարտված անձինք ազատ էին արձակվում։

Ֆրանսիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի շենքը մայրաքաղաք Փարիզում։

Օրենքի հետադարձ ուժի կանոնը, որը Ֆրանսիայում հայտնի է որպես «ռետրոակտիվ օրենք», գործնականում արգելված է քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն։ Մասնավորապես նշվում է․ «Ընդունված օրենքները նախատեսված են ապագայի համար և դրանք հետադարձ ուժ չունեն»։ Այնուամենայնիվ, քաղաքացիական օրենսգիրքը չունի սահմանադրական օրենքի կարգավիճակ, ուստի և այն կարող է ստորադասվել Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումներին։ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը գերակա շահերից ելնելով ժամանակ առ ժամանակ օրենքներին օժտում է հետադարձ ուժով, հիմնականում՝ ֆինանսական և հարկային հարաբերությունների կարգավորման նպատակահարմարություններից ելնելով։

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական օրենքը չի կարող հետադարձ ուժ ստանալ, եթե այն կոչված է վատթարացնելու անձի վիճակը, մասնավորապես՝ նպաստելու պատժի սահմանմանը կամ խստացմանը։ Քրեական օրենքներում այն կարող է կիրարկվել ի բացառությունս այն դեպքերի, երբ այն ծառայում է հօգուտ մեղադրյալի օրինական շահերի։ Անձի վիճակը վատթարացնող քրեական օրենքները Ֆրանսիայում առերևույթ հակասահմանադրական են, քանի որ արգելված են Ֆրանսիական հեղափոխության ծրագրային փաստաթղթով՝ բարձրագույն սահմանադրական կարգավիճակ ունեցող Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի 8-րդ հոդվածով։

1944 թվականին՝ «Վիշի» ֆաշիստական պրոհիտլերյան վարչակարգի անկումից և Փարիզի ազատագրումից հետո, Ֆրանսիայում իրականացվում են անցումային արդարադատական մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում էլ հետադարձ ուժի կիրառմամբ, խստացված պատժատեսակներով դատապարտվում են բազմաթիվ ֆրանսիացիներ, որոնք մեղադրվում են հանցավոր վարչակարգի հետ գործակցության մեջ։

ԵՄ անդամ այլ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալիայի Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ «ոչ ոք չի կարող պատժվել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված արարքների համար»։ Սա ենթադրում է, որ օրենքի հետադարձ ուժի վրա հիմնված մեղադրական եզրակացությունը ևս, ինքնին, գործնականում արգելված է։ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հիմունքային դրույթների 11-րդ հոդվածով, ինչպես և Հարկ վճարողների իրավունքների մասին կանոնադրության 3-րդ հոդվածի 1-ի կետով արգելվում է հետադարձ ուժ պարունակող օրենքների գործնական կիրարկումը։
  • Իսպանիայի Գերագույն դատարանի շենքը մայրաքաղաք Մադրիդում։ ԻԳԴ-ն իր նախադեպային իրավունքում ամրագրել է հետադարձ ուժի արգելքը անձի վիճակը վատթարացնելու միտված օրենքներում։
    Իսպանիայի Թագավորության Սահմանադրության 9․3-րդ հոդվածը երաշխավորում է օրենքի հետադարձ ուժի բացառման սկզբունքը այն դեպքերում, երբ դրանք նպաստավոր չեն կամ կոչված են սահմանափակելու անհատի իրավունքները։ Այսպիսիով, «ex post facto» քրեական օրենքները կամ հետադարձ ուժով անձի վիճակը վատթարացնող ցանկացած այլ դրույթ սահմանադրորեն արգելված է: Իսպանիայի Գերագույն դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում 2006 թվականին դատավճիռ է կայացրել «Ex post facto» կանոնի կիրառմամբ, որի արդյունքում առաջ է եկել, այսպես կոչված, «Պարոտի վարդապետությունը»։ Իսպանիայի քաղաքացի Հենրի Պարոտը բասկ ազգայնական էր, որը մեղադրվում է 1987 թվականին տեղի ունեցած Սարագոսայի ահաբեկչական հարձակման կազմակերպման, ինչպես և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Իսպանիայի Գերագույն դատարանը վերջինիս դատապարտում է 30 տարի ազատազրկամ՝ հիմնավորման մեջ հիմք ընդունելով հանցագործության կատարման պահին իրավաբանական ուժ չունեցող օրենք։ «Բասկերի երկիր և ազատություն» անջատողականների կազմակերպության անդամ Ինես դել Ռիո Պրադան ի պաշտպանություն Պարոտի դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ արձանագրում է Գերագույն դատարանի գործողությունների ոչ իրավաչափ և անհապատասխան լինելու փաստը՝ այն դիտարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 7-րդ հոդվածների խախտում։
  • Պորտուգալիայի Սահմանադրության 18-րդ հոդվածն արգելում է մարդու և քաղաքացու իրավունքների սահմանափակման նկատառումներով օրենքի հետադարձ ուժի կիրարկումը։ Սահմանադրության ուժով (ՊՀ Սահմանադրություն, համապատասխանաբար՝ հոդված 29 և հոդված 103) արգելվում է օրենքի ռետրոակտիվության կիրառումը քրեական օրենսդրությունում և հարկային իրավահարաբերություններում։
  • Ռումինիայի Սահմանադրության 15-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ օրենքն ընդունվում է ապագայի համար, միևնույն ժամանակ նշելով, որ բացառություն են կազմում անձի վիճակը լավացնող քրեական և վարչական օրենքները։
  • Նիդերլանդների Թագավորության «Ընդհանուր դրույթների մասին» օրենքի 4-րդ հոդվածը (ուժի մեջ է 1838 թվականին) ամրագրում է, որ «օրենքը հետադարձ ուժ չունի»: Ի հավելումն սահմանադրական օրենքի՝ Նիդերլանդների քրեական օրենսգրքի 1-ին հոդվածում ասվում է, որ առանց գործող օրենքի որևէ գործողություն պատժելի չէ, բացառությամբ այն դեպքի, երբ նոր ընդունված կամ փոփոխված օրենքը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից «առավել բարենպաստ» է։ Այս սկզբունքը քաղաքացիական իրավունքում չի գործում։
  • Օրենքի հետադարձ ուժի կիրառումն արգելվում է Լեհաստանի քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ «Lex retro non agit» («Օրենքը հետադարձ ուժը չի կիրառվում») լատինական ասացվածքի մեջբերմամբ: Նշված հոդվածը, սակայն, Լեհաստանի բարձրագույն օրենսդիր մարմնին թույլ է տալիս որոշ դեպքերում հետադարձ ուժ կիրառել՝ ընդունված իրավական ակտի նպատակային ուղղվածությամբ պայմանավորված։

Ռուսաստանի Դաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 54-րդ հոդվածն արգելում է հետադարձ ուժ պարունակող օրենքների ընդունումը քրեական և վարչական օրենսդրություններում, իսկ 57-րդ հոդվածը՝ հարկային իրավահարաբերություններում։

Հետադարձ ուժ ունեցող օրենքների զանգվածային կիրառմամբ ամենահայտնի դեպքերից մեկը գրանցվել է 1961 թվականին Խորհրդային միությունում՝ ի դեմս «Ռոկոտովա-Ֆայբիշենկո-Յակովլեվա» դատական վարույթի։

Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է հետևյալը․

Aquote1.png Ոչ ոք չի կարող պատասխանատվության ենթարկվել այնպիսի արարքի համար, որը հանցագործություն չի հանդիսացել այն կատարելու պահին: Ոչ մի օրենք չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե իհարկե չի մեղմացնում կամ վերացնում պատասխանատվությունը:
- Վրաստանի Սահմանադրություն, հոդված 31, մաս 9
Aquote2.png

2008 թվականին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը ներխուժում են Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և օկուպացիայի ենթարկում նախկինում Վրացական ԽՍՀ-ի մաս կազմած Աբխազիայի ԻՀ-ը և Հարավային Օսիան։ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին Վրաստանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունում է «գրավյալ տարածքների մասին» օրենքը, որը հոկտեմբերի 31-ին ստորագրվում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից:

2009 թվականի օգոստոսին հայտարարվում է օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստանի քաղաքացիների տարանցիկ երթևեկությունը թույլատրելու նպատակով:

2013 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է մտցնում օրենքում: Ըստ այդ փոփոխությունների՝ «գրավյալ տարածքների մասին» օրենքի առաջին խախտումը որակվում է որպես վարչական իրավախախտում, որի համար նախատեսվում է 400 լարի տուգանք: Օրենքով քրեական պատասխանատվություն նախատեսվում է միայն իրավախախտման կրկնվելու պարագայում: Արդյունքում, իրավախախտների համար կարող է սահմանվել մինչև մեկ տարի ազատազրկում: Նշյալ բոլոր դեպքերում Խորհրդարանի կողմից օրենքները ստացել են հետադարձ ուժ։

Հայաստանի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ ստացել է միայն առաջին հանրապետության գոյության ժամանակահատվածում՝ 1918-1920 թվականներին։ Մասնավորապես, Դաշնակցական կառավարությունը Թուրքիայի ռազմական սպառնալիքի պայմաններում ստիպված է լինում նախատեսվածից առավել խիստ քաղաքականություն որդեգրել դասալքության դեմ պայքարի շրջանակներում։ Արդյունքում՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը դասալքության վերաբերյալ օրենքին հաղորդում է հետադարձ ուժ։

Օրենքի ռետրոակտիվություն և անցումային արդարադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցումային արդարադատության շրջանակներում արտառոց երևույթ չէ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ժամանակառժամանակյա խախտումներն ու անտեսումները[2]։ Այդ ամենը շատ հաճախ դիտարկվում է օրենքի ռետրոակտիվության համատեքստում։ Անցումային արդարադատության պատժողական գործառույթի հիմնանպատակը վաղեմության ժամկետի սահմաններից դուրս պատասխանատվության սահմանումն է։ Իրավունքի պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անցումային արդարադատությունն ուղեկցվում է հետադարձ ուժ ունեցող օրենքներ ընդունմամբ և կենսագործմամբ[2]։

Հունաստանի իշխանությունը ապօրինաբար յուրացրած «Սև գնդապետների» ռազմական խունտայի առաջնորդների դատավարությունն Աթենքում։ Դատարանի կողմից պատիժը սահմանվել է հետադարձ ուժ ունեցող օրենքի սանկցավորմամբ։

1990-1997 թվականների ընթացքում՝ Գերմանիայի վերամիավորումից հետո, Բեռլին քաղաքի քրեական դատարանը դատապարտում է Արևելյան Բեռլինից Արևմտյան Բեռլին անցնելիս քաղաքացիական անձանց վրա կրակոցներ արձակած Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) պաշտպանական խորհրդի և սահմանային պահպանության ծառայության շուրջ 75 աշխատակիցների[3]։ Արդյունքում՝ նախկին ԳԴՀ-ի ձերբակալված պաշտոնյաներից չորսը գանգատ են ներկայացնում Գերմանիայի Սահմանադրական դատարան՝ վկայակոչելով, որ Արևելյան Գերմանիայում գործած «Սահմանի մասին» օրենքով թույլատրելի է համարվել սահմանախախտի նկատմամբ համաչափ ուժի կիրառումը։ Միևնույն ժամանակ Արևմտյան Գերմանիայի Հիմնական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ «արարքը համարվում է պատժելի, եթե մինչև այդ արարքի կատարվելը օրենքով այն որոշարկվել է որպես քրեական իրավախախտում»: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով ԳԴՀ հիմնական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, նշել է, որ նշյալ իրավանորմն ունի բացարձակ բնույթ, բայցևայնպես, կիրարկելի չէ մարդուն կյանքի իրավունքից զրկելու՝ թեկուզև օրենքից բխող, սակայն անարդար և անմարդկային դեպքերի վրա[4]:

1993 թվականին Չեխոսլովակիայի Սահմանադրական դատարանը պատգամավորների կողմից ներկայացված դիմումի հիման վրա քննելով «Կոմունիստական ռեժիմի հանիրավության վերաբերյալ» օրենքը, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց տվյալ օրենքում տեղ գտած իրավադրույթն առ այն, որ 1948-1989 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցները գործել են քրեական հանցագործության (իշխանության յուրացում) և պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ անտեսելով վաղեմության ժամկետը[5]։ Չեխոսլովակիայի բարձր դատարանն այս ամենը հիմնավորել է ժողովրդավարական իրավակարգի հիմնարար սկզբունքների պաշտպանության հրամայականով պայմանավորված[5]։

Պատժողական արդարադատությունը՝ օրենքի ռետրոակտիվության զանգվածային կիրառմամբ, գործադրվել է նաև 1944 թվականին՝ Բելգիայում[6], Ֆրանսիայում[7] և Իտալիայում[8], 1945 թվականին՝ Դանիայում, Գերմանիայում և Ճապոնիայում,  1974 թվականին՝ Հունաստանում և Պորտուգալիայում, 1983 թվականին՝ Արգենտինայում, 1989 թվականին՝ Չիլիում և Լեհաստանում, 1991 թվականին՝ Լիտվայում, 1992 թվականին՝ Բուլղարիայում, 1987 ինթվականին՝ Հարավային Կորեայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պետության և իրավունքի տեսություն (մաս երկրորդ)», Դասախոսություններ, հեղ․՝ պրոֆեսոր Ա․ Վաղարշյան, ԵՊՀ, Եր.: Հեղինակային հրատարակություն, 2016
  2. 2,0 2,1 «Անցումային արդարադատության վերաբերյալ անհիմն մտահոգություններ»։ www.detector.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-29 
  3. mdr.de։ «Mauerschützenprozesse | Teil 1/3 | MDR.DE»։ www.mdr.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-06-29 
  4. «Das Urteil gegen Egon Krenz und andere ähnelt verblüffend der Rechtsprechung durch die DDR-Justiz (Kommentar)»։ www.tagesspiegel.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-06-29 
  5. 5,0 5,1 «YIVO // Սլանսկյան դատավարություն»։ yivoencyclopedia.org։ Վերցված է 2020-06-29 
  6. «Background & Overview of Massacre at Malmédy»։ www.jewishvirtuallibrary.org։ Վերցված է 2020-06-29 
  7. «Historia mensuel»։ web.archive.org։ 2004-09-10 (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-06-29 
  8. Victor Klemperer: Ich will Zeugnis ablegen bis zum letzten, Tagebücher 1933-1941 und 1942-1945, Aufbau-Verlag, 11. Aufl., Berlin 1995, ISBN 3-351-02340-5 (գերմաներեն)