Հանցագործության հանցակազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանցագործությունը բնութագրող հատկանիշներն են արարքի հասարակական վտանգավորությունը և քրեական հակաօրինականությունը։ Որքան էլ վտանգավոր լինի կատարված կոնկրետ արարքը, այն չի կարող հանցագործություն համարվել, եթե նախատեսված չէ քրեական օրենսգրքով։ Օրենսդիրը ինքն է սահմանում հանրորեն վտանգավոր արարքների, դրանց համար քրեական պատասխանատվության սահմանումը։

Հանցակազմի հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական օրենսգրքում տրվում է հանցագործություն համարվող յուրաքանչյուր հանրորեն վտան‎գավոր արարքի հասկացությունը։ Հանրորեն վտանգավոր արարքի՝ քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցությունը կոչվում է հանցակազմ։
Որպեսզի հանրորեն վտանգավոր արարք կատարած անձը ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք է հավաստել, որ նրա կատարած արարքում առկա է քրեական օրենքով նախատեսված արարքի (գործողություն կամ անգործություն) հատկանիշների ամբողջությունը՝ հանցակազմը։ Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ անձը կատարել է հանցանք:
ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 35-րդ հոդվածում, որպես քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ներառված է նաև արարքում հանցակազմի բացակայությունը։

Հանցակազմի տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցակազմը հանրորեն վտանգավոր արարքի քրեական օրենքով սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների համակցություն է։ Հանցակազմի տարրերն են հանցագործության օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը։ Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, ուրեմն և հանցագործության բացակայության մասին։
Հանցակազմի յուրաքանչյուր տարրը՝ կողմը, բնութագրվում է կոնկրետ հատկանիշներով, որոնք յուրահատուկ են և, որպես կանոն, չեն կրկնվում։

Հանցագործության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության օբյեկտը իրենից ներկայացնում է այն հասարակական ինստիտուտները, որոնց հանդեպ ոտնձգություն է կատարվել տվյալ հանցավոր արարքը։ Առավել հաճախ այս ինստիտուտների թվին են դասվում հասարակական հարաբերությունները, սոցիալական արժեքները, շահերը՝ մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակական կարգը, հասարակական անվտանգությունը, շրջակա միջավայրը, պետական կառուցվածքը և իշխանությունը, խաղաղությունը, մարդկության անվտանգություը և այլն։ Տարբեր երկրների օրենսդրության մեջ այս ցուցակը կարող է տատանվել, սակայն այս օբյեկտները հիմնական են և պաշտպանվում են բոլոր երկրներում։
Հասարակական հարաբերությունների վրա ոտնձգությունը հնարավոր է երեք եղանակով.

  • Հասարակական հարաբերության մասնակցին վնաս հասցնելը /օր. սպանություն/,
  • Հասարակական հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող առարկայի վրա որոշակի ազդեցության ճանապարհով /գողություն, հափշտակություն/
  • Իրեն իսկ բացառելով հասարակական հարաբերությունից /օր. եկամուտների մասին հաշվետվություններից խուսափում/։

Հանցագործության ընդհանուր օբյեկտը հասարակական հարաբերությունների ողջ համակցությունն է, որը գտնվում է քրեական իրավունքի պաշտպանության ներքո։ Ընդհանուր օբյեկտի առանձնացումը թույլ է տալիս առավել խորը ընկալել այն կոնկրետ հասարակական հարաբերությունները, որոնց վնասում է հանցավոր արարքը։ Հանցագործության ընդհանուր օբյեկտը կոնկրետացվում է սեռային, տեսակային և անմիջական օբյեկտների սահմանման միջոցով։
Հանցագործության սեռային օբյեկտը դա միասեռ հասարակական հարաբերությունների համակցությունն է, որոնք գտնվում են քրեական օրենքի պաշտպանության ներքո։ Հանցագործությունների սեռային օբյեկտները բացվում են ՀՀ քր.օր հատուկ մասի VII-XIII բաժինների անվանումների մեջ։
Հանցագործության տեսակային օբյեկտը միատեսակ հասարակական հարաբերությունների, արժեքների համեմատաբար նեղ խումբ է։ Ըստ հանցագործության տեսակային օբյեկտի ձևավորվում են քրեական օրենսգրքի գլուխները, իսկ տեսակային օբյեկտները բացվում են գլուխների անվանումների մեջ։
Հանցագործության անմիջական օբյեկտը դա քրեական օրենսդրությամբ պաշտպանվող կոնկրետ հասարակական հարաբերությունն է, որը վնաս է կրում կոնկրետ հանցագործության կատարման հետևանքով։ Անմիջական օբյեկտները բնորոշում են առանձին հանցագործությունների յուրահատկությունները, որոնք ուղղված են միևնույն սեռային և տեսակային օբյեկտին։
Երբեմն հանցագործությամբ ոտնձգություն է կատարվում ոչ թե մեկ, այլ երկու կամ ավելի օբյեկտների վրա։ Այս պատճառով քրեական իրավունքում հանցագործության օբյեկտները դասակարգվում են նաև հորիզոնական ձևով։ Այն է՝ հիմնական, լրացուցիչ և ֆակուլտատիվ։
Հանցագործության հիմնական օբյեկտ ասելով հասկացվում է այն հասարակական հարաբերությունը, որը համապատասխան քրեաիրավական նորմի ստեղծման ժամանակ դրվել է դրա հիմքում։ Այլ կերպ ասած, հանցագործության հիմնական օբյեկտ է ճանաչվում են այն հասարակական հարաբերությունը, որը որոշակի հանցագործության կատարման ժամանակ միշտ, առանց բացառությունների, խախտվում է կամ գտնվում է իրական վտանգի տակ։
Հանցագործության լրացուցիչ օբյեկտը դա այն հասարակական հարաբերությունն է, որը անխուսափելիորեն վտանգի է ենթարկվում հիմնական օբյեկտի դեմ հանցավոր ոտնձգություն կատարելիս, սակայն տվյալ նորմով պաշտպանվում է զուգահեռաբար, իսկ այլ պարագայում այդ օբյեկտը ունի ինքնուրույն քրեաիրավական պաշտպանման կարիք։
Հանցագործության ֆակուլտատիվ օբյեկտը դա այն հասարակական հարաբերությունն է, որը ունի ինքնուրույն քրեաիրավական պաշտպանման կարիք, բայց տվյալ քրեական նորմում պաշտպանվում է զուգահեռաբար, ընդ որում կոնկրետ հանցավոր արարքի ժամանակ ֆակուլտատիվ օբյեկտին վնաս պատճառելը պարտադիր պայման չէ, այսինքն անխուսափելի չէ։
Ֆակուլտատիվ օբյեկտի տարբերությունը հիմնական և լրացուցիչ օբյեկտներից այն է, որ այն հանցակազմի պարտադիր տարր չէ։ Օբյեկտի այս տեսակը կարող է և բացակայել կոնկրետ հանցավոր արարքի դեպքում։ Այստեղից հետևում է, որ տվյալ ֆակուլտատիվ օբյեկտը տվյալ հանցագործության «հասարակ» հանցակազմի պարտադիր հատկանիշ չէ, սակայն դրա առկայությունը կարող է ազդել հանցագործության որակման ժամանակ, եթե այն նախատեսված է օրենքով որպես ծանրացնող հանգամանք։
Անհրաժեշտ է տարբերել հանցագործության օբյեկտը հանցագործության առարկայից։
Հանցագործության առարկան դա հանցագործության տարր է, որի վրա ազդելով հանցանք կատարող անձը վնաս է պատճառում հասարակական հարաբերություններին։

Հանցագործության օբյեկտիվ կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության օբյեկտիվ կողմը դա հանցակազմի տարրերից երկրորդն է, որը ներառում է իր մեջ հանցագործության արտաքին դրսևորումների բնութագիրը, որոնք հասանելի են ուսումնասիրման համար։ Օբյեկտիվ կողմը կարող է նաև բնութագրվել որպես «օրենքով պաշտպանվող շահերի նկատմամբ հանրորեն վտանգավոր, հակաիրավական ոտնձգության պրոցեսի արտաքին դրսևորում այս կամ այն իրադարձությունների և երևույթների զարգացման տեսանկյունից, որը սկսվում է սուբյեկտի հանցավոր գործողություններով կամ անգործությամբ և ավարտվում է հանցավոր արդյուքով»։
Հանրորեն վտանգավոր վարքագիծը նախ և առաջ ենթադրում է հանրորեն վտանգավոր արարքի առկայություն։
Հանրորեն վտանգավոր /հանցավոր/ արարքը դա մարդու գիտակցված վարքագիծ է։
Հանցագործության օբյեկտիվ կողմը ունի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշներ։
Օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են.

  • Հանրորեն վտանգավոր արարքը,
  • Հանրորեն վտանգավոր հետևանքները,
  • Պատճառահետևանքային կապը,

Հանրորեն վտանգավոր արարքը կարող է արտահայտվել ինչպես գործողությամբ, այսինքն ակտիվ վարքագծով, այնպես էլ անգործությամբ, այսինքն պասիվ վարքագծով։ Անգործության իմաստն այն է, որ անձը չի կատարում որոշակի գործողություններ, որոնք պարտավոր էր և կարող էր կատարել տվյալ կոնկրետ իրավիճակում։ Շատ հանցակազմերում հանցագործության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր տարր են հանցավոր հետևանքները, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով։ Հանրորեն վտանգավոր հետևանքները դա քր.օր-ով պաշտպանվող հասարակական հարաբերությունների բացասական փոփոխությունն է։ Այդ փոփոխությունը պետք է պատճառահետևանքային կապ ունենա արարքի հետ։
Օբյեկտիվ կողմի տարրերից է նաև պարտադիր պայմանը։ Այսինքն այնպիսի գործողություն կամ անգործություն, առանց որի չէր կարող ծագել հանցավոր հետևանքը։
Պատճառահետևանքային կապը դա հանրորեն վտանգավոր արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքի միջև օբյեկտիվ կապն է, որի առկայությունը պարտադիր պայման է անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Հանցագործության սուբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության սուբյեկտը ներառում է հանցանք կատարած անձի ընդհանուր հատկանիշները /նրա տարիքը, մեղսունակությունը/, ինչպես նաև նրա հատուկ հատկանիշները /պաշտոնատար անձ, զինծառայող/։
Հանցագործության սուբյեկտի, որպես հանցակազմի տարրի, բովանդակությունը բացվում է դրա հատկանիշների բովանդակությամբ։ Սուբյեկտի պարտադիր հատկանիշներն են.

Հանցագործության սուբյեկտիվ կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործության սուբյեկտիվ կողմը անձի վերաբերմունքն է իր կողմից կատարած հանրորեն վտանգավոր արաքի նկատմամբ։ Հանցագործության սուբյեկտիվ կողմը ձևավորում են հետևյալ հատկանիշները՝ մեղքը, նպատակը, դրդապատճառը և անձի հոգեկան վիճակը։ Պարտադիր նշանակություն ունի այստեղ մեղքը։
Մեղքը դա անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարած արարքին և դրա հետևանքներին, որն արտահայտվում է դիտավորությամբ և անզգուշությամբ։
Դիտավորությունը մեղքի ամենատարածված տեսակն է, և արտահայտվում է նրանով, որ անձը գիտակցում է իր արարքի հանրորեն վտանգավորությունը, կանխատեսում է վտանգավոր հետևանքների ի հայտ գալը և ցանկանում է դրանք /ուղղակի դիտավորություն/ կամ չի ցանկանում հետևանքների ի հայտ գալը, բայց գիտակցորեն թույլ է տալիս դրանց ի հայտ գալը /անուղղակի դիտավորություն/։
Հետևանքների ի հայտ գալու ցանկություն՝ ուղղակի դիտավորությունը նշանակու է կոնկրետ արդյունքի ձգտել։ Այսինքն՝ երբ հանցագործության վերջնական նպատակը այդ հետևանքների առաջացումն է։
Հետևանքների առաջացման գիտակցված թույլ տալը, անուղղակի դիտավորույունը նշանակում է որ անձի համար այդ հետևանքների ի հայտ գալը անհրաժեշտ չէ, ուղղակի դա այն արժեքն է, որը անձը համաձայն է վճարել իր նպատակներին հասնելու համար։
Անզգուշությունը ևս մեղքի ծանր տեսակ է։ Անզգուշությունը բաժանվում է հետևյալ խմբերի.

  • թեթևամտություն, երբ անձը կանխատեսում է, որ նման իրավիճակում հնարավոր է վտանգավոր հետևանքների ի հայտ գալը, բայց թեթևամտորեն, առանց բավարար հիմքերի հույս ունի որ դրանք ի հայտ չեն գա, սակայն անձի այդ հույսերը չեն արդարացվում։
  • անփութություն, երբ անձը չի կանխատեսում հետևանքները, բայց պարտավոր էր և կարող էր դրանք կանխատեսել։ Այսինքն, երբ իրավիճակը ստեղծում էր օբյեկտիվ հնարավորություն կանխատեսել հետևանքները, անձը ուներ հնարավորություն գնահատելու իրավիճակը և կանխատեսելու և չկա որևէ հանգամանք որը կխանգարեր նրան կանխատեսել այդ հետևանքները։

Մեղքը դիտավորության կամ անզգուշության արտահայտմամբ հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր պայման է։
Սուբյեկտիվ կողմը ունի նաև ֆակուլտատիվ հատկանիշներ։ Դրանք են՝ հանցագործության շարժառիթները /դրդապատճառները/ և նպատակները։ Որոշ դեպքերում ֆակուլտատիվ հատկանիշներից էական նշանակություն ունինաև հոգեճնշող վիճակը, հոգեկան խիստ հուզմունքը /աֆեկտ/։

Հանցակազմի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցակազմի տեսակները ըստ արարքի հանրային վտանգավորության աստիճանի դասակարգվում են երեք տեսակի.

  • Հիմնական
  • Ծանրացնող հանգամանքներով
  • Մեղմացնող հանգամանքներով

Հիմնական- հանցակազմի այն տեսակն է, որը արտահայտում է հանցագործության տվյալ տեսակին բնորոշ հիմնական հատկանիշները։ Սրա հիմնական նշանակությունը այն է, որ դրա գլխավոր հատկանիշները հանդես են գալիս բոլոր դրսևորումներում։ Հիմնական ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նեխատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարբած այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը։
Ծանրացնող-սա հանցակազմի այն տեսակն է, որը բացի հիմնական հատկանիշներից, նկարագրվում է նաև այնպիսի հատկանիշներ, որոնք բարձրացնում են այդ արարքի վտանգավորության աստիճանը։ Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը։
Մեղմացնող- սա այն հանցագործությունն է, որը բացի հիմնական հատկանիշներից, նկարագրվում են նաև հատկանիշներ, որոնք իջեցնում են արարքի վտանգավորության աստիճանը։
Որպեսզի ապացուցվի ծանր կամ մեղմ հանգամանքներով հանցագործության առկայությունը, պետք է ապացուցվի հիմնական հանցակազմի առկայությունը։ Դրանից հետո միայն այն հատկանիշների առկայությունը, որոնք մեղմացնում կամ ծանրացնում են այդ հանցագործությունը։
Ըստ նկարագրության եղանակի հանցակազմերը լինում են պարզ և բարդ։
Պարզ են կոչվում այն հանցակազմերը որտեղ օրենսդիրը մատնանշում կամ նկարագրում է մեկ կոնկրետ գործողություն կամ մեղքի մեկ ձև, օրինակ՝ անզգուշությանբ մահ պատճառելը։
Բարդ են կոչվում երկու գործողությամբ, մեղքի երկու ձևով, երկօբյեկտ հանցակազմերը, օրինակ՝ ավազակային հարձակման ժամանակ վտանգի տակ է դրվում ինչպես սեփականությունը, այնպես էլ տուժողի անձը՝ երկօբյեկտ հանցակազմ, երկու գործողությամբ հանցակազմի մեջ բարդեցված է հանցագործության օբյեկտիվ կողմը, մեղքի երկու ձևով հանցակազմերում՝ սուբյեկտիվ կողմը երկօբյեկտում՝ հանցավոր արարքը ոտնձգում է միաժամանակ երկու օբյեկտի դեմ։
Ըստ կառուցվածքի հանցակազմերը լինում են նյութական՝ մատերիալ, ձևական՝ ֆորմունալ և հատված։
Նյութական են համարվում այն հանցակազմերը, որոնք ավարտված ճանաչելու համար օրենսդիրը պահանջում է հանրորեն վտանգավոր արարքի առկայությունը, օրինակ՝ սպանության հանցակազմը ավարտված է համարվում միայն տուժողի մահվան փաստով։ Ձևական են համարվում այն հանցակազմերը, որոնց ավարտման պահը օրենսդիրը չի կապում հանրության համար վտանգավորության հետևանքի առաջացման հետ և արարքը ավարտված է համարվում օրենքով նախատեսված գործունակության կամ անգործունակության բուն փաստով, օրինակ՝ Բանդիտիզմը, սա ձևական հանցակազմի տարատեսակ է։
Հատված հանցակազմերը ձևական հանցակազմի տարատեսակ են, սակայն սրանցում հանցագործության ավարտն օրենսդիրը կապում է ավելի վաղ պահի հետ։ Հատված հանցակազմերով նկարագրված է հանցագործությունը ավարտված ճանաչելու համար բավական է օրենքում նկարագրված այն գործողությունների կատարումը, որոնք, փաստորեն հանցագործության նախապատրաստություն են ներկայացնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]