Սեռական հանցագործություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռական կամ սեքսուալ հանցագործություններ, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես քրեական օրենսդրությամբ արգելված հասարակական վտանգավոր արարքներ, որոնց էությունը սեռական հարաբերությունների ոլորտում հասարակության մեջ ձևավորված նորմալ դիրքի, ինչպես նաև սեռերի փոխհարաբերությունների ոլորտում բարոյականության նորմերի կոպիտ խախտումն է[1]։

Սեռական հանցագործությունների մեջ ոտնձգության օբյեկտը բարդ և համալիր բնույթ ունի։ Առաջին հերթին, նրա մեջ մտնում են այնպիսի շահեր և բարիքներ, ինչպիսիք են անձի սեռական ազատությունը և սեռական անձեռնմխելիությունը, որոնք չեն կարող համարվել գիտակցված համաձայնություն՝ սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար։  Բացի այդ, սեռական հանցագործությունները ազդում են և բացասաբար են անդրադառնում նաև անչափահասների ֆիզիկական կամ հոգեկան նորմալ զարգացման վրա (դա այն դեպքում, երբ նրանց հանդեպ կիրառվում է սեռական հանցագործություն և նրանք համարվում են տուժողներ), վնաս են հասցնում անձի կյանքին ու առողջությանը, պատվին ու արժանապատվությանը[1]։ Բացի այդ, սեռական հանցագործությունների որոշ տեսակների մեջ առաջին տեղը զբաղեցնում են հասարակության բարոյական մթնոլորտի, հասարակության մեջ սեռական հարաբերությունների բնագավառում նորմալ կյանքի դեմ ուղղված ոտնձգությունները։

Սեռական հանցագործությունների կարգավորման ընդհանուր միտումները ժամանակակից քրեական իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական հանցագործությունների (մասնավորապես, բռնաբարություն և ինցեստ՝ արյունապղծություն) համար պատասխանատվությունը նախատեսված է իրավունքի ամենահին սկզբնաղբյուրներում։ Աշխարհի կրոնների, հուդայականության, քրիստոնեության և իսլամի տարածման հետ կապված, սեռական հանցագործությունները հիմնականում դիտվում էին որպես մեղք, կրոնական նորմերի խախտում[1]։

Նոր ժամանակաշրջանից սկսած՝ սեռական հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանող քրեաիրավական նորմերի համար բնորոշ է սեկուլյարիզացիան և ազատականացումը։ Սեռական հանցագործությունների ընկալումը, որպես խտրական վերաբերմունք, հիմնականում կրոնական կամ, ավելի լայն համատեքստում, բարոյական նորմերը կորցնում են իրենց դիրքերը։ Ժամանակակից քրեական իրավունքի համար բնորոշ է միայն այն սեռական հանցագործությունների քրեականացումը, որոնք անմիջականորեն ոտնահարում են կոնկրետ անձի իրավունքները։ Այնպիսի արարքներ, ինչպիսիք են անառակությունը, մեծահասակների միջև ինցեստը, կամավոր սոդոմիան շատ երկրներում ապաքրեականացված են։ Մասամբ սա վերաբերում է պոռնոգրաֆիայի շրջանառության հետ կապված գործողություններին[1]։

Մեկ այլ միտում, որն իր արտացոլումն է գտնում շատ պետությունների օրենսդրության մեջ, սեռական ոլորտի քրեաիրավական պահպանության ոլորտում գենդերային անհավասարության վերացումն է։ Այսպես, եթե ավանդաբար տարբեր իրավական համակարգերում սեռական հանցագործությունների մեծամասնությունից տուժողներ կարող էին լինել միայն կանայք, ապա ներկայումս քրեական իրավունքի համար բնորոշ է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության պաշտպանության հավասար իրավունքի ճանաչումը[1]։

Բացի այդ, ժամանակակից քրեական իրավունքի համար ընդհանուր միտումը անչափահասների բնականոն զարգացման և դաստիարակության ապահովումն է, այդ թվում ՝ նրանց սեռական բռնությունից և սեռական շահագործումից պաշտպանելը[1]։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ սեռական հանցագործությունների համար պատասխանատվության ոլորտում տարբեր պետությունների քրեական իրավունքն ունի էական տարբերություններ։ Սեռական հանցագործությունների հատկանիշներ սահմանող քրեաիրավական նորմերի ձևակերպման վրա մեծ ազդեցություն են ունենում պատմական ավանդույթները, կոնկրետ պետությունում կոնկրետ պատմական ժամանակաշրջանում ձևավորված հասարակությանը բնորոշ բարոյական նորմերի առանձնահատկությունները և այլն, որոնք բնորոշ են համապատասխան իրավական համակարգին[1]։

Որոշ երկրների քրեական իրավունքը զարգանում է վերը նկարագրված միտումներին հակառակ։ Այսպես, իսլամադավան երկրների քրեական իրավունքի վերիսլամացման ընթացքում, որը սկսվել է 1970-ական թվականներին, վերականգնվել է սեռական հանցագործությունների քրեականացման մոդելը, որը կառուցվել է Ղուրանի կրոնական կարգադրությունների վրա։ Մասնավորապես, հատկապես խիստ պատիժները, ընդհուպ մինչև մահապատիժը, սահմանվում են այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են բռնաբարությունը, արյունապղծությունը։ Միևնույն ժամանակ, հերքվում է կնոջ սեռական ազատության իրավունքը ամուսնության մեջ[1]։

Սեռական հանցագործությունների տեղը քրեաիրավական համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, ժամանակակից քրեական օրենսգրքերում սեռական հանցագործություններն առանձնացվում են որպես ինքնուրույն խումբ։ Սակայն քրեական օրենսդրության համակարգում տվյալ խմբի դիրքի վերաբերյալ հարցի ընդհանուր լուծում գոյություն չունի։ Հանցագործությունների տվյալ խմբի («սեռական հանցագործություններ» եզրույթը հիմնականում օգտագործվում է քրեաիրավական տեսության մեջ) օրենսդրական նշման նկատմամբ նույնիսկ միասնական մոտեցումներ չկան։

Աշխարհի երկրների օրենսդրությունում սեռական հանցագործություններին վերաբերվող բաժնի վերնագրերը[2]
Երկիր Անվանում
Ադրբեջան, Ղրղզստան, ՌԴ, Ուկրաինա Անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ
Հայաստան Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ
Բելառուս, Տաջիկստան Սեռական անձեռնմխելիության կամ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ
Վրաստան Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ
Լիտվա Սեռական ինքնորոշման և մարդու սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները և քրեական արարքներ
Գերմանիա, Էստոնիա Սեռական ինքնորոշման դեմ ուղղված հանցագործություններ
Բոլիվիա, Իսպանիա, Պերու, Ռումինիա, Սալվադոր Սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ
Իսրայել, Թուրքիա, Շվեյցարիա Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ
Կոլումբիա Սեռական ազատության, սեռական անձեռնմխելիության և սեռական դաստիարակության դեմ ուղղված հանցագործություններ
Կուբա Սեռական հարաբերությունների բնականոն զարգացման դեմ ուղղված հանցագործություններ
Մեքսիկա Սեռական ազատության, սեռական անվտանգության և նորմալ հոգեսեռական զարգացման դեմ ուղղված հանցագործություններ
Լատվիա Հանցավոր արարքները բարոյականության և սեռական անձեռնմխելիության դեմ
Լատվիա Սեռական ազատության և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ
Ֆրանսիա Սեռական ագրեսիայի մասին
Մակեդոնիա, Խորվաթիա Սեռական ազատության և սեռական բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ
Ավստրիա, Ալժիր, Վանուատու, Զամբիա, Ինդոնեզիա, Նիդերլանդներ, Թունիս, Եթովպիա Հանցավոր արարքները ընդդեմ (հանրային) բարոյականության
Հունգարիա Սեռական բարոյականության դեմ հանցագործություններ
Սուդան Արժանապատվության, հեղինակության և հասարակական բարոյականության հետ կապված հանցագործություններ
Բելգիա Սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մասին
Բուլղարիա Անառակություն
Ալբանիա, Դանիա, Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, ԱՄՆ որոշ նահանգներ Սեռական հանցագործություններ
Մոլդովա Սեռական ոլորտին վերաբերող հանցագործություններ
Թուրքմենստան Հանցագործություններ սեռական հարաբերությունների դաշտում
Անդորրա Սեռական վարքի հետ կապված հանցագործություններ
Նորվեգիա, Թայլանդ Սեռական բնույթի հանցագործություններ

Մի շարք երկրներում (Վիետնամ, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Սան Մարինո, Սլովակիա) սեռական հանցագործությունները չեն առանձնանում օրենսդրության ինքնուրույն բաժնում։ Որպես կանոն, դրանք ընդգրկվում են անձի նկատմամբ իրականացվող ոտնձգություններին վերաբերող բաժնում։ Այսպես, Ղազախստանում դա «անձի դեմ ուղղված հանցագործության», Վիետնամում ՝ «մարդու կյանքի, առողջության, արժանապատվության և պատվի դեմ ուղղված հանցագործության», Հնդկաստանում ՝ «մարդու մարմնի վրա ազդող հանցագործությունների մասին» գլուխն է[3]։

Համապատասխան բաժնի անվանման ընտրության վրա ազդեցություն են ունենում ոչ միայն իրավաբանական տեխնիկայի նկատառումները և սեռական հանցագործությունների մասին իրավական ուսմունքները, այլև առանձին պետության պատմական և մշակութային զարգացման առանձնահատկությունները։ Այնպես որ, եթե սեռական ազատության նշումը որպես սեռական հանցագործությունների ոտնձգության օբյեկտ բնորոշ է եվրոպական քաղաքակրթության տեր պետություններին, ապա իսլամադավան պետությունների համար «սեռական ազատությունը» չի համարվում որպես քրեական իրավունքի պաշտպանության օբյեկտ։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 2004 թվականի քննարկման ժամանակ հասարակության պահպանողական շերտերի ճնշման ներքո ՔՕ-ի հեղինակները ստիպված են եղել հրաժարվել սեռական հանցագործությունները «սեռական ազատության դեմ հանցագործություններ» անվանելուց։

Այս կապակցությամբ գրականության մեջ նշվում էր, որ Թուրքիայի շատ քաղաքացիների համար «սեռական ազատություն» հասկացությունը դեռևս անքակտելիորեն կապված է սեռական անբարոյականության հետ[4]։

Այսպիսով, օրենսդրության համակարգում կարելի է առանձնացնել սեռական հանցագործությունների վայրի և, հետևաբար, դրանց օբյեկտի սահմանման երկու հիմնական մոտեցումներ։ Առաջինը՝ ավանդապաշտականը, գալիս է նրանից, որ այս տիպի ոտնձգությունների մեջ առաջնային է բարոյական նորմերի խախտումը։ Երկրորդը ավելի ժամանակակից է, որը ենթադրում է, որ սեռական հանցագործությունները ոտնձգություն են առաջին հերթին անձի, նրա իրավունքների և ազատությունների նկատմամբ[5]։

Ինչ վերաբերում է քրեական օրենսդրության համակարգում համապատասխան բաժնի մակարդակին, այստեղ ևս միասնականություն չկա։ Ավստրիայի, Արգենտինայի, Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնությունների, Գերմանիայի, Դանիայի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Սալվադորի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի քրեական օրենսգրքերում առանձին գլուխներ են հատկացվել սեռական հանցագործություններին։ Երկրորդ մակարդակին (տեսական օբյեկտ) տեղ են հատկացվել ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների, Ալբանիայի, Բուլղարիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Ռումինիայի քրեական օրենսգրքերում։ Ֆրանսիայում սեռական հանցագործությունները տեղադրվում են քրեական օրենսգրքի կառուցվածքի երրորդ մակարդակում (խմբակային օբյեկտ)[5]։

Որոշ երկրներում (Պարագվայ, Ուզբեկստան, Ֆրանսիա) անչափահասների սեռական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները առանձնացվում են սեռական հանցագործությունների ընդհանուր խմբից։ Այսպես, Պարագվայի ՔՕ-ում սեռային ոտնձգությունների մասին նորմերը պահվում են «սեռական ինքնորոշման դեմ ուղղված հանցագործությունների» և «անչափահասների դեմ հանցագործությունների» գլուխներում։ Ուզբեկստանի ՔՕ-ում նրանք ընդգրկված են «սեռական ազատության դեմ հանցագործության» և «ընտանիքի, երիտասարդության և բարոյականության դեմ հանցագործությունների» գլուխներում[6]։

Սեռական հանցագործությունների բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշվեց վերևում, սեռական հանցագործությունների քրեականացման տարբեր մոտեցումները, տարբեր պետություններում ընդունված դրանց օբյեկտի ըմբռնումը որոշում են սեռական հանցագործություններին վերաբերող քրեական օրենսդրության ձևակերպումներում էական տարբերությունների առկայությունը։ Տարբեր հասարակություններում և պետություններում յուրովի են կարգավորվում այս կամ այն սեռական վարքի արգելքները[6]։

Այսպես, մի շարք երկրների քրեական օրենսգրքերի առանձին հոդվածներում առանձնանում է իգական սեռի անձանց բռնաբարությունը արական սեռի կողմից։  Միաժամանակ, այդ երկրներում կա հոդված, որը պատիժ է նախատեսում տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության, ինչպես նաև կանանց կողմից բռնության իրականացման համար։

Մի շարք երկրներում էլ «բռնաբարություն» հոդվածը բացակայում է, նախատեսվում է պատիժ երկու սեռերի անձանց, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ ցանկացած սեռական բռնության համար։

Երկրների մի խմբի քրեական օրենսգրքերում պատասխանատվություն է նախատեսվում միայն կնոջ նկատմամբ սեռական բռնության համար։ Օրինակ, Մավրիտանիայի քրեական օրենսգրքում գրված է՝ «Քրեական օրենսգիրքը որպես բռնաբարություն համարում է կնոջ հետ առանց նրա համաձայնության կատարված ցանկացած գործողություն»։

Որոշ երկրներում բռնաբարության տակ հասկանում են նաև սեռական հարաբերություն խաբեության միջոցով։ Օրինակ, ամուսնության խոստում տալը և չկատարելը, հավասար է, որ մարդը օգտվել է կնոջ վստահությունից՝ իրեն ընդունելով որպես ամուսին։ Իսլամական ֆունդամենտալիստները հանցագործ են համարում ամուսնությունից դուրս ցանկացած սեռական հարաբերություն։ Պետությունների մի մասը բռնաբարության փորձը հանցագործություն չի համարում։

Երբեմն «բռնաբարություն» տերմինը ներառում է պենիլա-հեշտոցային կապ կամ պենիլի ներթափանցում որոշակի տարիքի անձի մարմնի մեկ այլ բնական բացվածք[7]։

Միևնույն ժամանակ, պետությունների մեծամասնության համար տարածված է հետևյալ արարքների որակավորումը[6]՝

  • բռնաբարություն և (կամ) սեռական բնույթի այլ բռնի գործողություններ
  • սեռական հարաբերություն համապատասխան տարիքի չհասած անձի հետ։

Բացի այդ, շատ երկրների օրենսդրության մեջ հանդիպում են նաև այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են սեռական բնույթի գործողությունների հարկադրումը և անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունները։ Սակայն այստեղ օրենսդրական տարբերությունները բավական մեծ են։ Այն երկրներում, որտեղ այդ հանցագործությունների ինքնուրույն կապերի կազմերը բացակայում են, հաճախ ավելի ընդհանուր նորմեր են կիրառվում[6]։

Այն պատճառով, որ աշխարհում սեռական հանցագործությունների հիմնական օբյեկտի ընկալման մեջ որոշակի տարբերություններ կան, մի շարք երկրներում սեռական հանցագործությունների մեջ են մտնում նաև մարմնավաճառությամբ զբաղվելը (Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Լեհաստան, Պորտուգալիա, Թաիլանդ, Թուրքմենստան, Շվեյցարիա), պոռնոգրաֆիայի տարածումը (Ավստրիա, Արգենտինա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Թաիլանդ) և այլն, մյուս երկրներում դրանք սեռական հանցագործույթուն չեն համարվում, այլ կոչվում են բնակչության առողջության և հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ[8]։

Մյուս արարքը, որը մի շարք երկրներում դասվել է սեռական հանցագործությունների թվին (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Պորտուգալիա, Շվեյցարիա), իսկ այլ երկրներում հանցագործություն է հասարակական բարոյականության դեմ, անպարկեշտ գործողությունների հրապարակային կատարումն է։ Օրենսդրական տարբերություններն այստեղ նույնպես մեծ են։ Օրինակ՝ Ավստրիայում պատժվում է անառակաբարո գործողությունների հրապարակային իրականացումը,եթե նրանց կատարող անձը տեղյակ է այն հանգամանքների առկայությանը, որոնք հիմք են տալիս հավատալ, որ նրա պահվածքը, այլ մարդկանց կողմից կատարվածի անմիջական ընկալման միջոցով, կհանգեցնի հիմնավորված հասարակական վրդովմունքի։ Իսկ Ֆրանսիայում պատժելի է ցանկացած սեռական էքսգիբիցիա, որը հատուկ կատարվում է այլոց աչքի առաջ՝ հանրային վայրում[8]։

Սեռական վարքի այս կամ այն ձևի քրեականացման անհրաժեշտության մասին որոշումը հաճախ կախված է կրոնական և մշակութային տարբերություններից, որոնք կապված են տարբեր քաղաքակրթական ընդհանրությունների զուգահեռ էվոլյուցիայի հետ։ Ներկայումս արևմտյան քաղաքակրթության գրեթե բոլոր երկրները կամավոր արյունապղծությունը և այլ անբարո արարարքներ ապաքրեականացրել են, թեև մուսուլմանական երկրներում դրանք միևնույն է համարվում են հանցավոր արարքներ[8]։

Կամավոր արվադիտությունը հանցագործություն է համարվում Ալժիրում, Աֆղանստանում, Բանգլադեշում, Բահրեյնում, Բոթսվանայում, Բրունեյում, Բութանում, Եգիպտոսում, Զամբիայում, Զիմբաբվեում, Հնդկաստանում, Իրանում, Եմենում, Լիբիայում, Կամերունում, Քաթարում, Քենիայում, Քուվեյթում, Լիբանանում, Մավրիկիոսում, Մավրիտանիայի, Մալայզիայում, Մարոկկոյում, Մոզամբիկում, Մյանմայում, Նամիբիայում, Նեպալում, Նիգերիայում, ԱՄԷ-ում, Օմանում, Պակիստանում, Պապուա Նոր Գվինեայում, Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում, Սիրիայում, Սուդանում, Տանզանիայում, Տոնգայում, Տոգոյում, Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետությունում, Տուվալուում, Թունիսում, Թուրքմենստանում, Ուգանդայում, Ուզբեկստանում, Էկվադորում, Եթովպիայում և Ճամայկայում[8]։ Կամավոր լեսբիականությունը հանցագործություն է համարվում Իրանում, Օմանում, ինչպես նաև Նիգերիայի հյուսիսային որոշ նահանգներում[9]։

Սեռական հանցագործությունների քրեականացման մոտեցումներում որոշ տարաձայնություններ կապված են ոչ թե պատմական կամ մշակութային, այլ իրավական ավանդույթների հետ։ Այսպես, համընդհանուր դատապարտելի և հանրության համար վտանգավոր համարվող արյունապղծությունը հանցավոր արարք է համարվում աշխարհի շատ երկրներում։ Սակայն մի շարք երկրներում (ԱՊՀ երկրներ, բացի Մոլդովայից, Լատվիայից, Լիտվայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից) որոշում է կայացվել հրաժարվել ինցեստի քրեականացումից, հավանաբար այն հիմքով, որ սեքսուալ-դեվիանտ վարքագծի տվյալ տեսակը հազվադեպ է, և դրա զսպման համար բավական սոցիալական արգելքներ են անհրաժեշտ։

Շատ երկրներ նաեւ սեռական հանցագործություն են համարում անասնապղծությունը (զոոֆիլիա)։ Այս արարքի համար ավանդաբար պատասխանատվություն է նախատեսված անգլո-ամերիկյան իրավական ընտանիքի պետություններում (այսպես, համապատասխան հոդվածները առկա են Բրունեյի, Բութանի, Մեծ Բրիտանիայի, Զամբիայի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Կանադայի, Կիրիբատիի, Նիգերիայի, Նոր Զելանդիայի, Սամոայի, Սենթ Լյուսիայի, Սինգապուրի, Տոնգայի, Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության, Տուվալուի, Ֆիջիի, ՀԱՀ-ի և ԱՄՆ-ի զգալի թվով նահանգների օրենսդրություններում), ինչպես նաև ռոմանո-գերմանական համակարգի (Էկվադոր, Եթովպիա) որոշ երկրներում։

Սեռական հանցագործությունները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

(Հեղինակ՝ Martin van Maële 1905)

Սեռական հանցագործությունների մասին ՀՀ ժամանակակից օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում սեռական հանցագործությունների քրեաիրավական կարգավորման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ներկայիս քրեական օրենսգրքում սեռական հանցագործությունների թվին դասվում են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները (2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի նորմերը` սեռական հանցագործությունների վերաբերյալ)[10]։

  • Բռնաբարությունը (Հոդված 138)
  • Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները (Հոդված 139)
  • Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (Հոդված 140)
  • Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ (Հոդված 141)
  • Անառակաբարո գործողությունները (Հոդված 142)

2015-17 թվականների ընթացքում Հայաստանում կատարված բոլոր հանցագործությունների ընդամենը 1 տոկոսն են կազմել սեռական հանցագործությունները, ինչի զգալի մասն իրականացվել է երեխաների նկատմամբ[11]։

Սեռական հանցագործությունների համար դատաբժշկական փորձաքննության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական հանցագործությունների, խախտումների կամ վարչական ստուգումների վերաբերյալ գործերի քննության ժամանակ կարող են նշանակվել դատաբժշկական փորձաքննությունների հետևյալ տեսակները՝

  • Սեռի ստույգ հաստատումը,
  • Սեռական հասունության հաստատում,
  • Կուսության հաստատում,
  • Սեռական հարաբերությունների, բեղմնավորման և հղիանալու ունակության հաստատում,
  • Հղիության և դրա ժամկետի հաստատում,
  • Նախկին ծննդաբերության և վիժեցման (ինչպես նաև քրեական վիժեցման) հաստատում,
  • Դատաբժշկական փորձաքննություն՝ բռնաբարության դեպքում,
  • Դատաբժշկական փորձաքննություն՝ անառակաբարո գործողությունների դեպքում,
  • Դատաբժշկական փորձաքննություն՝ միասեռականությունը (տղամարդկություն) ստուգելու համար,
  • Սեռական հանցագործությունների մեջ կասկածվող անձանց դատաբժշկական փորձաքննություն,
  • Փորձաքննություն վեներական հիվանդություններով կամ ՁԻԱՀ-ով վարակվելու կասկածանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 122. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  2. Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 123-124. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  3. Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 124. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  4. Телленбах С. О новом уголовном кодексе Турции // Уголовное право. — 2006. — № 2. — С. 72-77.
  5. 5,0 5,1 Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 123. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  6. 6,0 6,1 6,2 6,3 Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 125. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  7. Дерягин Г. Б. Криминальная сексология. Курс лекций для юридических факультетов. М., 2008. С. 126. ISBN 978-5-93004-274-0.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 126. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  9. Сравнительное уголовное право. Особенная часть: Монография / под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2010. — С. 127. — 544 с. — ISBN 978-5-93295-617-5
  10. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=69646
  11. https://iravaban.net/185132.html

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агафонов А. В. Половые преступления. — М.: Издательство «Юрлитинформ», 2009. — 376 с.
  • Дерягин Г. Б. Расследование половых преступлений. Руководство для юристов и врачей. — М.: ООО Издательство «Юрлитинформ», 2008. — 528 с.
  • Игнатов А. Н. Квалификация половых преступлений. — М.: Юрид. лит., 1974. — 256 с.
  • Исаев Н. А. Сексуальные преступления как объект криминологии. СПб., Юридический центр Пресс., 2007. — 486 с.
  • Каменева А. Н. Ответственность за изнасилование по уголовному законодательству Российской Федерации и различных зарубежных государств. — М.: Издательство Московского университета, 2011. — 160 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական հանցագործություններ» հոդվածին։