Բռնաբարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոտֆրիդ Սիբենի գործերից (1909թ․)
Բռնաբարության համար դատապարտված անձի մահապատիժ՝ կախաղանի միջոցով (Իրան)

Բռնաբարությունը ուղղված է անձի սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան անձանց սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է սեռական հարաբերությամբ զբաղվելը կամ դրան դրդելը անձի հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ անձի անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝

  1. Սեռական հարաբերություն,
  2. Ֆիզիկական բռնության գործադրում կամ դրա օգտագործման սպառնալիք, կամ տուժողի անօգնական վիճակի օգտագործում։ Բռնաբարության հանցակազմում խոսքը միայն բնական սեռական հարաբերության մասին է։ Այս տերմինն իրավաբանական չէ, ուստի այն պետք է հասկացվի այնպես, ինչպես բնորոշվում է բժշկության մեջ, ավելի կոնկրետ սեքսոլոգիայում։ Բնական է համարվում այն սեռական հարաբերությունը, որը կարող է հղիություն առաջացնել։ Հետևաբար տղամարդու և կնոջ հակաբնական սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում կնոջ կամքին հակառակ, ոչ թե բռնաբարություն, այլ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով։ Այդ արարքը նախատեսված է ինքնուրույն հանցակազմով։ Ըստ քր. օր-ի հոդված 139-ի՝ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ֆիզիկական բռնաբարությունը հանցավորի հետ սեռական կապի մեջ մտնելուց խուսափելու նպատակով կնոջ ցուցաբերած դիմադրությունը ճնշելու, հաղթահարելու, ինչպես նաև նրան օգնության կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով տուժողի կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելն է՝ նրանց ծեծելը, մարմնական վնասվածքներ հասցնելը և այլն։ Այսպիսով, բռնաբարության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ մինչև բռնության գործադրումը կամ դրա ընթացքում կնոջ դրսևորած վարքագիծը վկայի տվյալ անձի սեռական հարաբերության մեջ մտնելու՝ նրա ցանկության բացակայության մասին։ Բռնություն գործադրելու սպառնալիքն արտահայտվում է նրանում, որ հանցավորը, կնոջ կամքին հակառակ, նրա հետ սեռական հարաբերության մեջ է մտնում՝ նրա կամ այլ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու սպասռնալիքի միջոցով տուժողի դիմադրությունը հաղթահարելով։ Բռնություն գործադրելու սպառնալիքը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գործողությամբ, որի էությունը հանգում է տուժողի կամքը ճնշելուն։ Հանցավորը նաև կարող է համատեղել այս երկուսը։ Բռնաբարությունը համարվում է տուժողի անօգնական վիճակն օգտագործելով կատարած, եթե դա տեղի է ունեցել այնպիսի անձի նկատմամբ, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադչություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից։ Տուժողը համարվում է ֆիզիկապես անօգնական վիճակում գտնվող, երբ գիտակցում է իր հետ տեղի ունեցող գործողությունների սեքսուալ բնույթը, բայց ի վիճակի չի լինում դիմադրել հանցավորին՝իր ֆիզիկական թերությունների կամ հիվանդության հետևանքով և այլն։ Տուժողը համարվում է հոգեպես անօգնական վիճակում գտնվող, երբ հանցավորի գործողությունների բնույթն ու նշանակությունը չգիտակցելու կամ չզգալու հետևանքով չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը և զրկված է լինում նաև պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից։ Նման անօգնականությունը կարող է պայմանավորված լինել տուժողի մանկահասակություն, հոգեկան հիվանդություն կամ անգիտակից վիճակով։ Բռնաբարությունը տուժողի անօգնական վիճակի օգտագործմամբ կատարված որակելու համար նշանակություն չունի՝կնոջը նման վիճակի է հասցրել հանցավորը, թե նա արդեն իսկ անօգնական վիճակում է գտնվել։ Ինչպես նաև կնոջ անօգնական վիճակի օգտագործմամբ կատարված բռնաբարությունն առկա է համարվում միայն այն դեպքում, երբ հանցավորը գիտակցել է տուժողի՝նման վիճակում գտնվելու հանգամանքն ու օգտվել դրանից։ Բռնաբարությունը նախատեսված է ձևական հանցակազմով, տվյալ հանցագործությունը ավարտված է համարվում սեռական հարաբերությունը սկսելու պահից։ Բռնաբարության նախապատրաստություն է համարվում այնպիսի արարքների կատարումը, որոնցով պայմաններ են ստեղծվում տուժողին բռնաբարելու համար։ Այն դեպքում, երբ կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով հանցավորը բռնության կամ դրա սպառնալիք է գործադրում, ինչպես նաև օգտագործում է տուժողի անօգնական վիճակը, բայց իրենից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել սեռական ակտը, արարքը որակվում է որպես փորձ։ Քննարկվող հանցագործության սուբյեկտ է՝14 տարին լրացած միայն արական սեռի ներկայացուցիչը։ Բռնաբարության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ։ Այս հանցագործության շարժառիթ հանդիսանում է սեռական պահանջմունքները բավարարելու ձգտումը։ Բայց այն կարող է կատարվել նաև վրեժի, կնոջը ստորացնելու, ամուսնանալուն հարկադրելու և նմանատիպ այլ դրդումներով։ Բռնաբարությունը մի խումբ անձանց կողմից կատարելը ենթադրում է՝ հանցագործությանը երկու կամ ավելի համակատարողների մասնակցություն և համակատարողների գործողությունների համաձայնեցվածություն։ Բռնաբարության համակատարող կարող է հանդիսանալ միայն 14 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչը։ Մի խումբ անձանց կողմից բռնաբարություն որակելու համար չի պահանջվում, որ խմբի բոլոր մասնակիցները սեռական հարաբերության մեջ մտնեն տուժողի հետ, ինչպես նաև երբ երկու կամ ավելի անձինքն սեռական հարաբերության մեջ են մտնում երկու կամ ավելի տուժողների հետ։ Առանձին դաժանությամբ բռնաբարությունը որակվում է քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 2-րդ կետով։ Առանձին դաժանություն նշանակում է տուժողին կամ այլ անձի ֆիզիկական կամ հոգեկան տառապանքներ պատճառելը՝հանցավորի կողմից այդ հանգամանքը գիտակցելու պարագայում։ Անչափահասի նկատմամբ կատարված բռնաբարությունը որակվում է քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 3-րդ կետով։ Անչափահաս ասելով՝պետք է հասկանալ 14-18 տարեկան ներկայացուցիչներին։ Արարքը որպես՝ անչափահասի բռնաբարություն որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը կամ հաստատապես իմանա տուժողի 18 տարին չլրացած լինելու մասին, կամ էլ գիտակցի այդ հանգամանքը։ ՀՀ քր. օր.-ի 138-ի 2-րդ մասի 4-րդ կետը պատասխանատվություն է սահմանում բռնաբարության համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Նշվածը որակելու համար անհրաժեշտ է բացահայտել հետևանքների նկատմամբ նրա կողմից անզգույշ մեղքի դրսևորումը և բռնաբարության ու առաջացած ծանր հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում օրենքը նախատեսում է միայն տուժողին մահ պատճառելու հանգամանքը։ Տուժողի մահը կարող է առաջանալ ինչպես նրա դիմադրությունը ճնշելու նպատակով գործոդրած բռնության, այնպես էլ բռնի սեռական ահրաբերության հետևանքնով։ Այլ ծանր հետևանքներ կարող են համարվել տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառումը, նրան վեներական հիվանդությամբ կամ ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելը, տուժողի կամ նրա մերձավորի ինքնասպասնությունը, հղիության ընդհատումը և այլն։ ՀՀ քր. օր.-ի 138-ի 3-րդ մասով նախատեսվում է բռնաբարություն 14 տարին չլրացած անձի նկատմամբ։ Վերջինս կարող է իրականացվել բռնություն գործադրելով, դրա օգտագործելու սպասռնալիքով կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով։

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ քր. օր.-ի հոդված 139-ի համաձայն՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են համարվում համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ, որոնք կատարվել են տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով, կամ տուժողի անօգնական վիճակից օգտվելով։ Համասեռամոլությունը սեռական շեղում է, որի էությունը միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունենալն է։ Արվամոլությունն իրենից ներկայացնում է տղամարդու սեռական հարաբերությւոնները տղամարդու հետ, per anum (հետանցքով) եղանակով, այլ եղանակներով իրականացվող սեռական հարաբերությունները արվամոլություն չեն հանդիսանում։ Քրեորեն պատժելի լեսբոսություն ասելով՝ պետք է հասկանալ սեռական հարաբերությունների ոլորտում կնոջ բռնի շփումը կնոջ հետ՝ սեռական օրգանների, ձեռքերի և մարմնի այլ մասերի օգտագործմամբ։ Սեքսուալ բնույթի այլ գործողություններ են համարվում տղամարդու կողմից կնոջ կամ մեկ այլ տղամարդու, ինչպես նաև կնոջ կողմից տղամարդու նկատմամբ կատարվող սեքսուալ բնույթի ցանկացած բռնի գործողություն, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով։ Ասվածից երևում է, որ հանցագործությունից տուժող կարող է հանդիսանալ ցանկացած սեռի ներկայացուցիչ։ Ինչ վերաբերում է հանցագործության եղանակներին, ապա դրանք բնութագրվում են նույն կերպ, ինչ բռնաբարության դեպքում։ ՀՀ քր. օր.-ի հոդված 139-ով նախատեսված հանցագործությունն ավարտված է համարվում սեքսուալ բնույթի գործողությունը սկսելու պահից։ Նշված հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ 14 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ։ Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ։

Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքսուալ գործողություններին հարկադրելու օբյեկտն անձի սեռական ազատությունն է։ Հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է գործողություններով, որոնք դրսևորվում են շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերացնելու սպառնալիքով, կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելու մեջ։ ՀՀ քր, օր,-ի հոդված 140-ի համաձայն՝ հարկադրելն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը, ապօրինի գործողություններով տուժողի հոգեկանի վրա ներգործելով, ստիպում է նրան նահանջել իր սեռական ազատության իրավունքից և հանցավորի կամ 3-րդ անձի հետ սեռական հարաբերություն ունենալ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել։ Այդ ներգործության եղանակները նախատեսված են նշված հոդվածի դիսպոզիցիայում։ Դրանք են՝ շանտաժը, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերացնելու սպառնալիքը, կամ տուժողի նյութական կամ այլ կախվածության օգտագործումը։ Շանտաժ ասելով՝ քննարկվող հանցագործության առումով հասկացվում է տուժողին կամ նրա մերձավորին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքը, ընդ որում նշանակություն չունի՝ նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թ՞ե ոչ։ Նյութական կախվածությունը տուժողի այնպիսի վիճակն է, երբ նրա նյութական վիճակի բարելավումը կամ վատթարացումը ամբողջությամբ կամ մասամբ կախված է հանցավորից։ Այլ կախվածությունը կարող է արտահայտվել հանցավորի և տուժողի միջև որոշակի պաշտոնեական, ծառայողական և մասնագիտական բնույթի հարաբերությունների մեջ։ Քննարկվող հանցագործությունը նախատեսված է ձևական հանցակազմով։ Սուբյեկտիվ կողմից սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը կարող է տեղի ունենալ միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ սուբյեկտ կարող են հանդիսանալ 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ.Ս. Ղազինյան «ՀՀ քրեական իրավունք (հատուկ մաս)», 2006 թ.
  • ՀՀ քրեական օրենսգիրք, 2003 թ.