Ալկոհոլային հարբեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկոհոլային հարբեցում
Michelangelo drunken Noah.jpg
Միքելանջելոյի Նոյի հարբեցումը
Ենթադաս հարբեցում
Պատճառ ալկոհոլի օգտագործում
Բժշկական մասնագիտություն medical toxicology
ՀՄԴ-9 305.0 և 980
ՀՄԴ-10 F10.0 և T51
MedlinePlus 002644
MeSHID D000435
Drunken people Վիքիպահեստում

Ալկոհոլային հարբեցում, սպիրտային խմիչքների ընդունման հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական և հոգեկան գործընթացների փոփոխություններ։ Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և զվարթության զգացում։ Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում Են գրգռվածությամբ, ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորստով, զսպող ազդեցությունների թուլացմամբ, հաճախ՝ չարակամությամբ, հարձակվողականությամբ կամ ընկճվածությամբ ու տրամադրության անկումով։ Հատկապես այդպիսի վիճակներում հարբածը կատարում է հակասոցիալական արարքներ՝ ընդհուպ մինչև հանցագործություններ (խուլիգանություն, բռնաբարություն, սպանություն)։ Ընկճված ու ճնշված վիճակը, իր արարքների հետևանքները քննադատաբար չգնահատելու հետ մեկտեղ, երբեմն հարբեցողին հանգեցնում է ինքնասպանության։ Հակասոցիալական գործողություններ կարող են կատարել նաև միայն 1 անգամ ալկոհոլ օգտագործած մարդիկ, որոնք սթափ վիճակում միշտ եղել են հանգիստ ու հավասարակշռված։ Բացի այդ, ալկոհոլի մեծ չափաքանակի միանվագ օգտագործումը կարող է հանգեցնել ալկոհոլային ծանր թունավորման։

Ալկոհոլի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելու ստիմուլյատոր Մոնրեալում

Ալկոհոլի չափից ավելի և մշտական ընդունումը կարող է նրա հանդեպ հիվանդագին հակման պատճառ դառնալ։

Սպիրտային խմիչքներ ընդունելիս, ստամոքսաղիքային համակարգով ալկոհոլի ներծծման չափից կախված, դրա կոնցենտրացիան արյան մեջ ավելանում է՝ 2-րդ ժամում հասնելով առավելագույնի (միանգամյա ընդունման դեպքում)։ Ալկոհոլի 10 %-ն օրգանիզմից արտազատվում է թոքերի, երիկամների և մաշկի միջոցով՝ անփոփոխ ձևով, մնացած քանակությունը դանդաղ օքսիդանում է հատուկ ֆերմենտներով։ Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4-5 ժ անց։ Ալկոհոլի ամենամեծ կոնցենտրացիան սկզբնական շրջանում նկատվում է լյարդում և մկաններում, այնուհետև այն թափանցում է կենտրոնական նյարդային համակարգ, նախ՝ ենթակեղևային գոյացություններ և ուղեղիկ, ապա՝ գլխուղեղի կեղև, ուր ամենաերկարն է պահպանվում։ Փոքր չափաքանակները թողնում են խթանող ազդեցություն, մեծ չափաքանակներն արգելակում են կեղևի և երկարավուն ուղեղի կենսական կարևոր կենտրոնները (շնչառական, անոթաշարժ և այլն), որով և պայմանավորված են շնչառության ու արյան շրջանառության ծանր խանգարումները (սուր ալկոհոլային թունավորման ծանր ձևերի ժամանակ մահվան հիմնական պատճառն են)։

Ալկոհոլային հարբեցման նախանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլային հարբեցման առաջին նշանների դրսևորման արագությունը կախված է խմիչքի թնդությունից և ստամոքսում առկա սննդի քանակից։ Հարբեցողության աստիճանը որոշվում է մարմնի 1 կգ քաշին ընկնող ալկոհոլի քանակով, մարդու անհատական հանդուրժողականությամբ, ինչպես նաև օրգանիզմի վիճակով։ Հոգնածության, հյուծվածության դեպքերում ալկոհոլի փոքր չափաքանակներից կարող Են ուժեղ հարբել, իսկ հոգեկան լարվածության ժամանակ այդ ազդեցությունը թուլանում է։ Ալկոհոլի հանդեպ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, լյարդի, ստամոքսի, ներզատիչ որոշ խանգարումներով հիվանդները։

Արյան մեջ 0,5-1,5 % ալկոհոլի առկայությունը համապատասխանում է հարբեցման թեթև, 1,5-2,5 %-ը՝ միջին, 2,5-3 %-ը՝ ծանր աստիճանին, 5-6 %-ը՝ մահացու թունավորման։ Սակայն արյան մեջ ալկոհոլի հավասար կոնցենտրացիաների դեպքում հարբեցման աստիճանը տարբեր մարդկանց համար տարբեր է։

Ալկոհոլային հարբեցման թեթև աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև աստիճանում աչքերը փայլում են, դեմքը՝ կարմրում, լինում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի գերարտադրություն, անոթազարկը դանդաղում է։ Հարբածն զգում է ջերմություն և հաճելի թուլություն, ախորժակը լավանում է։ Առաջանում է հոգեկան և ֆիզիկական ընդհանուր բավարարվածություն (այսպես կոչված՝ լավազգացություն), տրամադրության բարձրացում, հոգեկան և շարժողական ակտիվության անկում։

Որոշ ժամանակ (10-30 ր) անց բբերը լայնանում են, անոթազարկը և արյան ճնշումը հավասարվում են։ Ալկոհոլի չափաքանակի ավելացման աստիճանից կախված՝ ֆունկցիաների որակի իջեցման ֆոնի վրա հոգեկան և շարժողական ակտիվությունն աճում է, շարժումները դառնում են լայնաթափ և անհամաձայնեցված, խոսքն՝ անհարկի բարձր, հաճախ՝ ճապաղած, դիմախաղը՝ խանգարված, ուշադրության կենտրոնացումը՝ դժվարացած, նկատվում է սեփական արժանիքների և հնարավորությունների գերագնահատում, կորչում է սեփական խոսքերի և արարքների վերաբերյալ քննադատությունը։ Արգելակվում են բնազդները, և ի հայտ են գալիս անձի թաքնված առանձնահատկություններն ու ապրումները, որոնք սթափ վիճակում վերահսկելի են։

Ալկոհոլային հարբեցման միջին աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին աստիճանի ալկոհոլային հարբեցմանման դեպքում առաջանում են շշմածություն և գիտակցության ոլորտի նեղացում, շարժողական արգելակում, համաձայնեցման խանգարում, քնկոտություն, թորշոմածություն, ջարդվածություն, ապա վրա է հասնում խոր քունը։ Արթնանալիս դրսևորվում են խումարաթողի երևույթները՝ թորշոմածություն, ջարդվածություն, ախորժակի բացակայություն կամ վատացում, գլխում ծանրության զգացում, տրամադրության անկում, գրգռվածություն, հիվանդը դժգոհ է ինքն իրենից և շրջապատից։ Հոգեկան և ֆիզիկական աշխատունակությունը ցածր է, մտածողությունը և ուշադրության կենտրոնացումը՝ դժվարացած, շարժումների համաձայնեցումը՝ խանգարված, հոգեկան գործընթացները՝ դանդաղած։

Ալկոհոլային հարբեցման ծանր աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարբեցման ծանր ձևի ժամանակ կորչում է շրջապատում կոդմնորոշման ունակությունը, խոսքը դանդաղում է և ընդմիջվում դադարներով, խզվում է ապրումների միջև կապը, հուզական և դիմախաղային արտահայտչությունը։ Մեծ մասամբ, որպես օրգանիզմի պաշտպանական հակազդեցություն, առաջանում է փսխում։ Թունավորման առաջացման հետ մեկտեղ գիտակցության խանգարումն ուժեղանում է, դանդաղում է շնչառությունը, սիրտանոթային համակարգի տոնուսը՝ իջնում, առաջանում է անշարժություն, շշմածությունն անցնում է կոմայի։ Մահը կարող է վրա հասնել շնչառության կամ անոթաշարժ կենտրոնի լուծանքի, ինչպես նաև ալկոհոլային կոմայի առաջացման հետևանքով։

Ալկոհոլային ծանր հարբեցումից հետո խումարաթողի երևույթներն ուժեղ են արտահայտվում։ Մարդը չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ հարբած ժամանակ։ Մի քանի օր հնարավոր է քնի խանգարում, սակայն քնաբեր դեղանյութերի ընդունումը կարող է առաջացնել ծանր բարդություններ։ Երբեմն առաջանում է, այսպես կոչված, ախտաբանական հարբեցում, որն ընթանում է գիտակցության ծանր խանգարումներով, զառանցանքներով և զգայախաբություններով։ Այն վտանգավոր է ինչպես շրջապատի, այնպես էլ հարբեցողի կյանքի համար։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլային հարբեցման ժամանակ պետք է նախ փսխում առաջացնել, որպեսզի հեռացվի ստամոքսում մնացած ալկոհոլը, և ընդհատվի հետագա ներծծումն արյան մեջ։ Որպես փսխեցուցիչ միջոց ըմպելիքները քիչ արդյունավետ են (ստամոքսի պատերի գերձգվածությունը ոչ միշտ է առաջացնում փսխման ռեֆլեքս), երբեմն այն նույնիսկ վտանգավոր է (հեղուկը կարող է ընկնել շնչափող և առաջացնել շնչահեղձություն կամ շնչառական համակարգի օրգանների բորբոքումներ), բացի այդ, ոչ միշտ է հաջողվում հարբածին խմեցնել բավարար քանակությամբ ջուր, իսկ խմած ջուրը նույնիսկ արագացնում է ստամոքսից ալկոհոլի ներծծումն արյան մեջ և խորացնում հարբածությունը։ Փսխում առաջացնելու առավել անվնաս միջոցը լեզվի արմատի գրգռումն է։ Այդպիսի դեպքերում հարկավոր է հարբածին օգնել, որպեսզի փսխազանգվածը շնչուղիներ չընկնի։ Հարկավոր է իրանի վերին մասն իջեցնել, իսկ գլխին հորիզոնական դիրք տալ։

Եթե հարբածը պառկած է, փսխման ժամանակ հարկավոր է գլուխն իջեցնել և թեքել կողքի։ Գրգռվածությունը վերացնելու և սրտամկանի լարվածությունն ուժեղացնելու համար կարելի է տալ կորդիամին, կորվալոլ, վալոկորդին կամ կատվախոտի (վալերիանա) կաթիլներ, հաբեր։ Սրտի պսակային անոթները լայնացնող միջոցները (նիտրոգլիցերին, հատկապես վալիդոլ) հակացուցված են. դրանք կարելի է տալ միայն սրտի շրջանի ցավերի և այն դեպքում, եթե հարբածը դրանք օգտագործել է նախկինում՝ բժշկի նշանակմամբ։ Հետագա գործողությունները կախված են հարբածի վիճակից, եթե մաշկը կարմիր է, շոշափելիս՝ տաք, հարկավոր է հանգստացնել և պառկեցնել քնելու, եթե գունատվել է, մաշկը սառն է, պետք է շտապ ծածկել տաք վերմակով, ոտքերին ջեռակ դնել, քթին անուշադրի սպիրտ մոտեցնել, տալ ադոնիզիդ կամ կորդիամին և բժիշկ կանչել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bales, Robert F. "Attitudes toward Drinking in the Irish Culture". In։ Pittman, David J. and Snyder, Charles R. (Eds.) Society, Culture and Drinking Patterns. New York։ Wiley, 1962, pp. 157–187.
  • Gentry, Kenneth L., Jr., God Gave Wine: What the Bible Says about Alcohol. Lincoln, Calif.։ Oakdown, 2001.
  • Rorabaugh, W.J. "The Alcoholic Republic," Chapter 2 & 5, Oxford University Press.
  • Sigmund, Paul. St. Thomas Aquinas On Politics and Ethics. W.W. Norton & Company, Inc, 1988, p. 77.
  • Walton, Stuart. Out of It. A Cultural History of Intoxication. Penguin Books, 2002. ISBN 0-14-027977-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png