Սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կայսր Հուլիոս Կեսարի սպանությունը Հռոմեական սենատում։ Սա պատմությանը հայտնի արքայասպանության վառ օրինակներից է։ Ներկայիս քրեաիրավական իմաստով այն կարող է որակվել մի խումբ անձանց կողմից քաղաքական գործունեությամբ պայմանավորված առանձնակի դաժանությամբ սպանություն։

Սպանություն (լատ.՝ -cidium, մարդասպանություն՝ homocidium), քրեական իրավունքում՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը հանդիսանում է անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն։ Սպանություն կարող է համարվել բացառապես դիտավորությամբ կատարված արարքը, ուստի դիտավորության մեղքի ձևի բացակայության պայմաններում արարքը կարող է որակվել որպես անզգուշությամբ կյանքից զրկում։ Քրեաիրավական իմաստով սպանություն չի կարող համարվել նաև օրենքի սահմաններում (օրինակ՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում) մեկ ուրիշին կյանքից զրկելը կամ ինքնասպանությունը (ինքնասպանության փորձը)։

Սպանությունը կարող է կատարվել ծանրացուցիչ և մեղմացուցիչ հանգամանքներում։ Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված է համարվում, օրինակ, հղի կնոջ, անօգնական վիճակում գտնվողի, ընտանեկան դրությամբ և հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը, առանձնակի դաժանությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակներով, շահադիտական կամ խուլիգանական դրդումներով կամ պատվերով կատարված սպանությունը։ Մեղմացուցիչ հանգամանքներում է աֆեկտի պահին կատարված սպանությունը, ծննդկանի կամ ծննդաբերողի կողմից երեխայի սպանությունը, օրինական միջոցների սահմանանցմամբ կատարված սպանությունը և այլն։ Սպանություն է համարվում նաև, այսպես կոչված, «մահանպաստ», «մահաբեր» գաղափարախոսությունների տարածման հետևանքով ինքնասպանության հակելը։

Սպանությունը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ։ Ի տարբերություն ուղղակի դիտավորությամբ սպանության, որի պարագայում մարդը հանցավոր արարքը կատարելիս նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորություն, անուղղակի դիտավորության պարագայում հանցավորը անտարբերություն է ցուցաբերում որպես իր գործողության հետևանք՝ մահվան առաջացման նկատմամբ։ Սպանության քրեագիտական գնահատականի համար կարևոր է ուսումնասիրել նաև վերջինիս սուբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշները։ Այս տեսանկյունից, սպանությունը կարող է լինել խուլիգանության, շահ ստանալու խանդի, վրեժի և այլ շարժառիթներով։

Սպանության հանցակազմի սուբյեկտ կարող է լինել միայն մեղսունակ ֆիզիկական անձը։ Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հարցում տարբեր պետություններում մոտեցումները տարբեր են։ Օրինակ՝ Հայաստանում սպանության հանցակազմի սուբյեկտ կարող է հանդիսանալ 14 տարին լրացած, մեղսունակ, ֆիզիկական անձը։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 54 CC-BY-SA-icon-80x15.png