Կլինիկական մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլինիկական մահ, օրգանիզմի վիճակ, բնորոշվում է կյանքի արտաքին նշանների բացակայությամբ։ Կլինիկական մահի ժամանակ մարում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, տեղի է ունենում գիտակցության կորուստ, ինքնաբուխ շնչառության և սրտի գործունեության բացակայություն, աչքերի բիբերի առավելագույն լայնացում, սակայն հյուսվածքներում որոշ ժամանակ պահպանվում են փոխանակության պրոցեսները։ Սովորական ջերմաստիճանի պայմաններում Կլինիկական մահը տևում է 4–6 ր, որից հետո անհնարին է դառնում վերականգնել կենտրոնական նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։ Կլինիկական մահվան դեպքում անհապաղ կատարվող սրտի մերսումը, արհեստական շնչառությունը, արյան փոխներարկումը երբեմն հնարավոր են դարձնում վերականգնել օրգանիզմի հիմնական կենսական ֆունկցիաները։ Որոշ դեպքերում (էլեկտրատրավմա, շնչահեղձություն ևն) արյան շրջանառության կանգը կարող է սկսվել փորոքային ֆիբրիլյացիայի հետևանքով։ Այս դեպքում սրտի մերսման և արհեստական շնչառության հետ միասին անհրաժեշտ է դեֆիբրիլյացիա։ Արյան հոսքի հանկարծակի ընդհատումից մահացման ժամանակը երկարում է մինչև 8–10 ր, որից հետո կենսական ֆունկցիաների լիարժեք վերականգնումը այլևս հնարավոր չէ։

Քանի որ ժամանակակից վերակենդանացման միջոցները (որոնցից են անհրաժեշտ նվազագույն զարկերակային ճնշման սատարումը, արյան մաքրումը, թոքերի արհեստական օդափոխությունը, արյան փոխներարկումը կամ արյան դոնորական արհեստական շրջանառությունը և այլն) հնարավորություն են տալիս պահպանել նյարդային հյուսվածքների կյանքը բավականաչափ երկար, ապա հաջող վերակենդանացման միջոցառումների իրականացման դեպքում որպես կլինիկական մահվան միջակայք են դիտարկում սրտի աշխատանքի դադարից մինչև վերակենդանացման սկիզբն ընկած ժամանակահատվածը[1]։

Սովորաբար կլինիկական մահը տևում է հինգից վեց րոպե։ Տևողության վրա ազդում են մահվան պատճառը, պայմանները, մահացման տևողությունը, մահացողի տարիքը, նրա գրգռվածության աստիճանը, մարմնի ջերմաստիճանը և այլ գործոններ։ Եզակի դեպքերում կլինիկական մահը կարող է ձգվել մինչև կես ժամ՝ օրինակ սառը ջրում ջրահեղձման դեպքում, երբ ցածր ջերմաստիճանի շնորհիվ նյութափոխանակությունը (այդ թվում և գլխուղեղում ընթացող) նշանակալիորեն դանդաղում են։ Մարմնի պրոֆիլակտիկ արհեստական սառեցման շնորհիվ (հիպոթերմիա) կլինիկական մահվան ընթացքը կարելի է երկարացնել մինչև երկու ժամ։ Կլինիկական մահվան տևողության վրա մի շարք գործոններ կարող են նաև բացասաբար ազդել. օրինակ արյան ծանր կորուստներից մահացման դեպքում նյարդային հյուսվածքներում տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունները վերակենդանացումը կարող են դարձնել անհնար մինչ սրտի աշխատանքի ընդհատումը։

Տեսականորեն մահը հակադարձելի է՝ վերակենդանացման ժամանակակից միջոցները որոշ դեպքերում հնարավորություն են տալիս վերակենդանացնել կենսականորեն կարևոր օրգանների ֆունկցիաները, որից հետո վերակտիվանում է կենտրոնական նյարդային համակարգը, և վերադառնում է գիտակցությունը։ Սակայն իրականում լուրջ հետևանքներից զերծ մնացած կլինիկական մահ ապրած մարդիկ այդքան էլ շատ չեն։ Կլինիկական մահվանից հետո ստացիոնար խնամքի պայմաններում լիովին ապաքինվում է խնամառուների 4-6%-ը, ևս 3-4%-ը ողջ է մնում, բայց ստանում է բարձրագույն նյարդային գործունեության ծանր խանգարումներ, իսկ մնացածը մահանում են։

Որոշ դեպքերում տարաժամ վերակենդանացման միջոցառումների, կամ խնամառուի թերծանր վիճակի պատճառով նման միջոցառումների անարդյունավետության հետևանքով խնամառուն անցնում է այսպես կոչված վեգետատիվ վիճակի։ Ընդ որում դեկորտիկացիան պետք է տարբերել մահվան վիճակից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Н. Г. Губин. Терминальные состояния и клиническая смерть». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482