Արհեստական շնչառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերան-բերան արհեստական շնչառության եղանակ

Արհեստական շնչառություն, շնչառության ժամանակավոր բացակայությունը վերականգնելու նպատակով, տուժածի թոքերի մեջ՝ բերան-բերան կամ բերան-քիթ կամ բերան-քիթ-բերան եղանակով, օդի ներփչումն է տուժածի թոքերի մեջ: Արհեստական շնչառությունը կատարում են այն դեպքում, երբ տուժածը գտնվում է անգիտակից վիճակում, ունի անոթազարկ, բայց չունի շնչառություն։ Արհեստական շնչառությունը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ՝ շնչառության կանգը հայտնաբերելուց անմիջապես հետո և շարունակել մինչև տուժածիշնչառության վերականգնումը: Արհեստական շնչառություն կատարելիս տուժածը պետք է պառկած լինի գետնին, հարթ մակերեսի վրա, գլուխը պետք է լինի ետ թեքված դիրքում՝ շնչառական ուղիները բաց։ Արհեստական շնչառությունը սկսելու ցառաջ անհրաժեշտ է հիվանդի քիթը և բերանը մաքրել լորձից, թքից և օտար մարմիններից։ Արհեստական շնչառությունը կատարվում է ռիթմիկ, 1 րոպեում 12-16 անգամ[1]:

Գոյություն ունեն նաև արհեստական շնչառության «բերան-բերանի» և «բերան-քթի» եղանակներ։ Օգնություն ցույց տվողը խոր շնչառումից հետո բերանը հպելով հիվանդի շուրթերին կամ քթին ուժեղ արտաշնչում է (հիվանդի համար դա կլինիներ շնչումը), արտաշնչումը կատարվում է ինքնուրույն, պասսիվ կերպով։ Այս ձևերը հաճախ զուգակցվում են սրտի արտաքին մերսման հետ։ Գործիքային արհեստական շնչառության համար կան սարքեր, որոնց միջոցով օդը մղվում է շնչափողի մեջ անմիջապես կամ կրծքավանդակը՝ դրսից ճնշելու շնորհիվ։ [1]

Արհեստական շնչառության անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ շնչառությունը բացակայում կամ խանգարվում է այն աստիճան, որ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում։ Արհեստական շնչառություն ջրահեղձների, շնչահեղձների, էլեկտրահարության, ջերմահարության, որոշ թունավորումների ժամանակ առաջին օգնության անհետաձգելի միջոցառում է։

Կլինիկական մահվան, այսինքն ինքնուրույն շնչառության և սրտի բաբախման բացակայության դեպքում, արհեստական շնչառություն կատարում են սրտի մերսման հետ միաժամանակ։

Տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական շնչառության տևողությունը կախված է շնչառության խանգարումների ծանրությունից, այսինքն այն պետք է շարունակել մինչև, ինքնուրույն շնչառության վերականգնվելը։ Մահվան ակնհայտ նշանների (դիակային բծեր, դիակային փայտացում) առկայության դեպքում արհեստական շնչառության հարկավոր է ընդհատել։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական շնչառություն սկսելուց առաջ տուժածի քթից ու բերանի խոռոչից հեռացնում են լորձն ու թուքը, փսխման զանգվածները, սննդի մնացորդները, արյան մակարդուկները, ատամների պրոթեզները, հողը և այլն։ Տուժածի կրծքավանդակը, որովայնը և վերջույթներն ազատում են այն ամենից, ինչը կարող է խանգարել դրանց շարժումները։ «Բերան-բերանի» մեթոդով արհեստական շնչառություն կատարելու համար օգնություն ցույց տվողը կանգնում է տուժածի գլխավերևում։ Տուժածի գլուխը հարկավոր է առավելագույն չափով հետ թեքել։

Իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգնողը խորը շնչառում է, ապա շրթունքները թաշկինակի վրայից կիպ կպցնում տուժածի բերանին և ուժեղ արտաշնչում բերանի մեջ։ Արտաշնչումից հետո օգնողը բերանը հեռացնում է տուժածի բերանից։ Տուժածի կրծքավանդակը ներս է ընկնում և կատարում է շնչառում։ Օդի ներշչումը կրկնում են ռիթմիկորեն՝ շնչառության սովոր հաճախությանը համապատասխան։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական շնչառության «բերան-քթի» եղանակի ժամանակ օգնողը տուժածի գագաթին դրած ձեռքով գլուխը պահում է հետ թեքած դիրքում, մյուս ձեռքով ծնոտը վեր բարձրացնելով՝ փակում է բերանը։ Խորը շնչառում է, շրթունքներով թաշկինակի միջոցով բռնում հիվանդի քիթը և օդը փչում դրա մեջ։ Եթե արտաշնչելիս հիվանդի թոքերի անկումն անբավարար է, հարկավոր է տուժածի բերանը բացել։ Արհեստական շնչառության «բերան-քթի» եղանակի անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ օգնողը բերանը լայն բացելուց հետո ի վիճակի չէ շուրթերը կիպ կպցնել տուժածի բաց բերանին։ Հերմետիկության բացակայության պատճառով օդը դուրս է գալիս գոյացած ճեղքից, հիվանդի թոքեր չի հասնում, և տուժածի կրծքավանդակն անշարժ է մնում։ Հարկավոր է հաշվի առնել, որ մարդու արտաշնչած օդը պարունակում է բավարար քանակությամբ թթվածին՝ տուժածի կենսագործունեության ապահովման համար։ Արհեստական շնչառության վերոհիշյալ եղանակները պարզունակ են, մատչելի՝ ցանկացած իրավիճակում և ունեն մեծ առավելություն ձեռքով կատարվող եղանակների համեմատությամբ։

Արհեստական շնչառության ձեռքով կատարվող բոլոր եղանակները (Սիլվեստրի, Շեֆերի, Հովարդի և ուրիշներ) պակաս արդյունավետ են, քանի որ չեն ապահովում թոքերի օդափոխության համար պահանջվող օդի ծավալը։

Արհեստական շնչառության սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շտապ բժշկական օգնության անձնակազմը, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում արհեստական շնչառություն կատարելիս օգտագործում են հատուկ սարքեր։ Գոյություն ունեն այդպիսի սարքերի շատ համակարգեր, բայց դրանք հիմնված են տուժածի շնչառական ուղիների մեջ օդի կամ թթվածնի հետ նրա խառնուրդի ներփչման վրա, ընդ որում՝ մուտք գործած օդի քանակությունը, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը կարգավորվում է ինքնաբերաբար։ Գոյություն ունեն արհեստական շնչառության այնպիսի սարքեր, որոնք տուժածին լրիվ մեկուսացնում են շրջապատող օդից, դրանք օգտագործվում են թունավորված մթնոլորտում օգնություն ցույց տալու համար, օրինակ՝ լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ։ Արհեստական շնչառության հատուկ սարքեր են կիրառվում նարկոզի համար՝ վիրահատությունների ժամանակ, դրանց օգնությամբ իրականացվում է, այսպես կոչված, կառավարվող շնչառություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png