Դատաբժշկական փորձաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դատաբժշկական փորձաքննություն, բժշկական փորձաքննության ձև, որն օգտագործվում է քննչական և դատական գործընթացների ժամանակ ծագող բժշկական հարցերը պարզաբանելու համար։ Դատաբժշկական փորձաքննությունը կատարում են միայն քննչական մարմինների վճռի կամ դատարանի որոշմամբ։ Փորձաքննությունն իրականացնում են դատաբժշկական փորձաքննության բյուրոյի շրջանակներում (առողջապահության մարմինների համակարգի հատուկ հիմնարկներում)՝ դատաբժշկական փորձագետները (բժիշկներ, որոնք պատրաստվել են դատական բժշկության բնագավառում)։

Հատուկ կարևոր կամ բարդ դեպքերում դատաբժշկական փորձաքննությունը անցկացնում են դատաբժշկական հանձնաժողովները, դրանց կազմում ներգրավվում են այլ մասնագիտությունների բժիշկներ (համալիր փորձաքննություն)։ Դատաբժշկական փորձաքննությունը պարտադիր է ուսումնասիրվող օբյեկտի մահվան պատճառները և մարմնական վնասվածքների բնույթը, տարիքը, մեղադրյալի և վկայի առողջ, ու հոգեկան վիճակի որոշման համար, բացի այդ, այն անցկացվում է իրեղեն ապացույցների (արյան բծեր, մազ, հագուստի մնացորդներ, մարդու արտաթորանքներ) առկայության կամ բացահայտման պայմաններում։

Դատաբժշկական փորձաքննությունը կարող է լինել առաջնային, լրացուցիչ և կրկնակի, իրականացվում է կենդանի անձանց վկայությամբ, դիակների կամ իրեղեն ապացույցների հետազոտությամբ, հազվադեպ քննությունն անցկացնում են դատ. գործի նյութերի հիման վրա։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները փաստաթղթերով ձևակերպում են որպես եզրակացություն։ Դատաբժշկական փորձագետների կադրեր են պատրաստում բժշկական բուհերի դատական բժշկության ամբիոններում, բժիշկների կատարելագործման ֆակուլտետներում, ինստիտուտների մասնագիտացման դասընթացներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։