Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ. քրեական իրավունքի կողմից ճանաչված պայմաններ, որոնց առկայությամբ օբյեկտիվ կողմից հանցագործության հատկանիշներին համապատասխանող արարքը վերածվում է իրավաչափ արարքի և բացառում քրեական պատասխանատվությունը։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների էության վերաբերյալ մի քանի տեսություններ կան։ Ըստ առաջին` համեմատաբար ավելի հայտնի ու ընդունելի տեսության, արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների էությունն այն է, որ դրանց առկայությամբ բացակայում է հանցագործության նյութական բնութագրիչը` արարքի հանրային վտանգավորությունը[1]։ Այդ պատճառով էլ արարքով պատճառված վնասը դառնում է հասարակայնորեն չեզոք, կամ նույնիսկ հասարակայնորեն օգտակար[2]։ Այս տեսությունը մշակվել է քրեական իրավունքի խորհրդային դոկտրինայի շրջանակներում։

Վերջին ժամանակներում գիտնականները փորձում են տալ այս հանգամանքների իրավաբանական բնույթի նոր բացատրություններ։ Հետաքրքրություն է ներկայացնում հատկապես «արտաքին գործոնի» տեսությունը, որի համաձայն` բացառվում է ոչ թե արարքի հանրային վտանգավորությունը, այլ դրա հակաիրավականությունը։ Պատճառված վնասը ընդունելի է համարվում քրեական օրենքով նախատեսված հիմքերի առկայությամբ[3]։

Օրինակ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքերը առանձնացնում են արարքի հանցավորությունը բացառող 6 հանգամանքներ, որոնց առկայությամբ օբյեկտիվ կողմից հանցագործությանը նմանվող արարքը հանցագործություն չի համարում։ Փաստորեն, օրենքը անձին թույլատրում է վնաս պատճառել քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին խիստ սահմանափակ իրադրություններում։ Դրանք են.

  1. անհրաժեշտ պաշտպանությունը,
  2. ծայրահեղ անհրաժեշտությունը,
  3. հիմնավորված ռիսկը,
  4. հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը,
  5. ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը,
  6. հրամանը կամ կարգադրությունը կատարելը։

Այս հանգամանքների առկայությամբ վնաս պատճառելը չի հանգեցնում քրեական պատասխանատվության կամ պատժի[4]։

Մեկ այլ տեսակետի համաձայն` այս հանգամանքները արարքի հանցավորությունը բացառում են հասարակական օգտակարության ուժով[5]։ Ի վերջո, որոշ տեսաբաններ գտնում են, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների հիմքը համալիր բնույթ ունի, պետության հրաժարվելը այդ արարքի համար պատասխանատվություն ենթարկելուց ներառում է ինչպես հանրորեն վտանգավորության բացակայությունը, այնպես էլ մեղքի (սուբյեկտիվ կողմի) բացակայությունը[6]։

Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների շրջանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարքի հանցավորությունը բացառող կարող են համարվել միայն այն հանգամանքները, որոնք նախատեսված են որպես այդպիսին քրեական օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ քրեական օրենսգրքով։ Օրենսգիրքն առանձնացնում է արարքի հանցավորությունը բացառող 6 հանգամանք` անհրաժեշտ պաշտպանությունը, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը, ծայրահեղ անհրաժեշտությունը, հիմնավորված ռիսկը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը, հրամանը կամ կարգադրությունը կատարելը։ Այլ երկրների օրենսդրությունը, որպես կանոն, առանձնացնում է անհրաժեշտ պաշտպանությունը և ծայրահեղ անհրաժեշտությունը։ Բացի դրանից, արարքի հանցավորությունը բացառող են համարվում այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են պարտքի կատարումը, իրավունքի իրականացումը, մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարումը[7], ճանաչողական, բժշկական, տեխնիկական կամ տնտեսագիտական փորձի իրականացումը [8], տուժողի համաձայնությունը [9]։ Պատիժների մասին Աֆղանստանի 1976 թվականի օրենքը սահմանում է այսպիսի հանգամանքների բարդ համակարգ, որը ներառում է այնպիսի արարքների կատարումը, որոնք չեն հակասում Շարիաթին, ծնողների կամ մանկավարժների կողմից իրենց իրավունքների իրականացումը, վիրահատությանը հիվանդի համաձայնությունը, սպորտային մրցումների ժամանակ վնասի պատճառումը (եթե այդ մրցումներն անցկացվել են սահմանված կանոններին համապատասխան), ծառայողական պարտականությունների կատարումը, անհրաժեշտ պաշտպանությունը[10]։

Քրեական իրավունքի տեսության մեջ որպես այսպիսի հանգամանքներ մատնանշվում են. օրինակ, տուժողի համաձայնությունը, հանրորեն օգտակար մասնագիտական գործառույթների իրականացումը, իրավունքների իրականացումը[11]։ Եթե այս հանգամանքները տվյալ երկրի քրեական օրենսդրությամբ նախատեսված չեն որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ, դրանք կարող են դիտվել որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ և ազդել պատժի նշանակման վրա։

Անհրաժեշտ պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ պաշտպանությունն այն իրավիճակն է, երբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունից անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, հասարակության կամ պետության շահերը պաշտպանելու նպատակով վնաս է հասցվում ոտնձգողին։ Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ[12]։

Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, ամրագրված է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ուզբեկստանի, Լատվիայի և մի քանի այլ երկրների օրենսդրությամբ։ Վնաս կարող է պատճառվել հանցանք կատարած անձին, ով ավարտել է հանցագործությունը և փորձում է փախչել, խուսափել քրեական պատասխանատվությունից։ Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը պիտի հետապնդի կա'մ նրան իրավապահ մարմիններին հանձնելու, կա'մ վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխելու նպատակ։ Անհրաժեշտ պաշտպանությունից այս հանգամանքը տարբերվում է նրանով, որ վնասը պատճառվում է այն ժամանակ, երբ հանցանքն արդեն ավարտվել է, և ըստ էության, հանցանք կատարած անձին վնաս պատճառելով հանցագործությամբ պատճառված վնասը չի կանխվում[13]։ Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել[14]։

Ծայրահեղ անհրաժեշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ անհրաժեշտությունը մի իրավիճակ է, երբ անձը իր կյանքին, առողջությանը կամ այլ անձանց`օրենքով պաշտպանվող շահերին, հասարակությանը կամ պետությանը սպառնացող վտանգը կանխելու համար վնաս է պատճառում օրենքով պաշտպանվող այլ հարաբերություններին։ Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում գործող անձի արարքների հիմքը իրեն կամ երրորդ անձանց շահերին սպառնացող վտանգն է։ Վտանգը կարող է դրսևորվել բնական աղետների, անձի օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական պրոցեսների, ինչպես նաև այլ անձանց հակաիրավական արարքների ձևով։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վնասը պատճառվում է վտանգի հետ անմիջականորեն չառնչվող անձանց. հենց սրանով էլ այն տարբերվում է անհրաժեշտ պաշտպանությունից։

Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում[15]։

Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը ֆիզիկական կամ հոգեբանական ուժի անօրինական կիրառումն է անձի նկատմամբ, որը նպատակ է հետապնդում նրան հարկադրելու հանցանք կատարելու[16]։ Քրեական պատասխանատվությունը այս իրավիճակում բացառվում է այն հիմքով, որ անձը արարքը` գործողությունը կամ անգործությունը, կատարում է ոչ իր կամքով, և, ըստ էության, բացակայում է նրա մեղքը։ Որպես կանոն, այս հարցում կարևոր է այն, թե արդյոք հարկադրանքն անձին զրկել է իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից[17]։ Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները (անգործությունը)։ Քրեական պատասխանատվության հարցն այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի(ծայրահեղ անհրաժեշտության) դրույթները[18]։

Հիմնավորված ռիսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնավորված ռիսկը անձի իրավաչափ վարքագծի դրսևորում է, որը հետապնդում է իրավաչափ նպատակ և հնարավորություն է պարունակում առաջացնելու հանրորեն վնասակար հետևանքներ. այդ թվում` այն կարող է վնաս պատճառել քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին[19]։ Հիմնավորված ռիսկի օրինակները կարող են կապված լինել նոր տրանսպորտային միջոցների փորձարկման հետ, երբ փորձարկման արդյունքում բացահայտվում են ավտոմոբիլի թերությունները, ավտովթարների հավանականությունը, բայց միևնույն ժամանակ կարող է անձանց պատճառվել նյութական վնաս, և այն կարող է հանգեցնել նույնիսկ փորձարկողի մահվան։ Հիմնավորված ռիսկը հաճախ հանդիպում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են բժշկությունն ու առևտրային գործունեությունը։

Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը հանրորեն օգտակար նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ։Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հիշյալ նպատակին չէր կարելի հասնել ռիսկի հետ չկապված գործողություններով (անգործությամբ), և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար։ Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել երրորդ անձանց զոհվելու վտանգով, էկոլոգիական կամ հասարակական աղետի սպառնալիքով[20]։

Հրամանը կամ կարգադրությունը կատարելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել այն անձը, ով հանրորեն վտանգավոր արարք է կատարել իր համար պարտադիր հրամանը կամ կարգադրությունն իրականացնելիս։ Այս ինստիտուտը ազգային քրեական օրենսդրություն է ներմուծվել միջազգային քրեական դատարանի պրակտիկայից ելնելով։ Հրամանը կամ կարգադրությունը կատարելը կարող են բացառել արարքի հանցավորությունը, եթե կատարողը չի գիտակցել, որ հրամանը կամ կարգադրությունը ոչ իրավաչափ են[21]։ Եթե հրամանը կամ կարգադրությունը ակնհայտ ոչ իրավաչափ են, ապա անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում ընդհանուր հիմունքներով։

Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով գործել է ի կատարումն իր համար պարտադիր՝ սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության։ Այդպիսի վնաս պատճառելու համար պատասխանատվություն է կրում անօրինական հրաման կամ կարգադրություն արձակած անձը։ Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով։ Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Слуцкий И. И. Обстоятельства, исключающие уголовную ответственность. Л., 1956. С. 11-12.
  2. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 160.
  3. Блинников В. А. Обстоятельства, исключающие преступность деяния, в уголовном праве России. Ставрополь, 2001. С. 25-31.
  4. Келина С. Обстоятельства, исключающие преступность деяния: понятие и виды // Уголовное право. 1999. № 3. С. 5
  5. Пархоменко С. В. Деяния, преступность которых исключается в силу социальной полезности и необходимости. СПб., 2004. С. 99-118.
  6. Келина С. Обстоятельства, исключающие преступность деяния: понятие и виды // Уголовное право. 1999. № 3. С. 5-7.
  7. [1] Պատժի մասին Իսպանիայի օրենսգիրք
  8. [2] Archived 2017-03-29 at the Wayback Machine. Լեհաստանի քրեական օրենսգիրք
  9. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-15-ին։ Վերցված է 2017-05-07 
  10. Курс уголовного права. Общая часть. Том 1: Учение о преступлении / Под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. М., 2002. С. 461.
  11. Курс уголовного права. Общая часть. Том 1: Учение о преступлении / Под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. М., 2002. С. 456.
  12. [3] ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 42
  13. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 170.
  14. [4], ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 43
  15. [5] ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 44
  16. Калугин В. В. Физическое или психическое принуждение как обстоятельство, исключающие преступность деяния: Автореф. дис. ... канд. юрид. наук. М., 2001. С. 12—13.
  17. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 178.
  18. [6] Քրեական օրենսգիրք, հոդված 45
  19. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. М., 2007. С. 179.
  20. [7] ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 46
  21. Соломоненко И. Г. Исполнение приказа и его уголовно-правовое значение. Ставрополь, 2000. С. 36-46.
  22. [8] ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 47