Հանցագործության օբյեկտիվ կողմ
Հանցագործության օբյեկտիվ կողմ, հանցակազմի չորս կարևորագույն բաղադրիչներից մեկը, որը դիտարկվում է որպես որոշակի պայմաններում, տեղում և ժամանակահատվածում ընթացող և քրեական իրավունքի նորմերով պաշտպանված համապատասխան օբյեկտներին վնաս պատճառող հանրորեն վտանգավոր պասիվ կամ ակտիվ արարքի արտաքին դրսևորման ձև[1]։ Ինչպես մարդկային վարքագծի ցանկացած դրսևորում, այնպես էլ հանցագործությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորման ձև։ Չնայած այն հանգամանքին, որ իրականում դրանք անբաժանելի են միմյանցից, սակայն տեսական վերլուծության շրջանակներում իրականացվում է դրանց պայմանական տարանջատում, ինչը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել հանցակազմի կողմերը առանձնապես։ Այսպիսով, հանցագործության օբյեկտիվ դրսևորումն ու օբյեկտիվ կողմն են արտացոլում այն հատկանիշների ամբողջությունը, որոնք արտաքինից բնութագրում են հանցագործությունը։ Այդպիսի հատկանիշների թվին են պատկանում հանրորեն վտանգավոր ակտիվ (գործողություն) կամ պասիվ (անգործություն) արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքները, հանրորեն վտանգավոր արարքի և վրա հասած հետևանքների միջև առկա պատճառական կապը, ինչպես նաև որոշ դեպքերում հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը, եղանակը, գործիքները և միջոցները։
Հանցագործության օբյեկտիվ կողմը ուղիղ կապակցվածություն ունի կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմի հետ, մինչդեռ դրանք չի կարելի նույնականացնել։ Կոնկրետ հանցակազմի օբյեկտիվ կողմը խիստ որոշակիորեն սահմանված է օրենսդիրի կողմից։ Այսպիսով, հանցակազմի օբյեկտիվ կողմը քրեական օրենքով սահմանված որոշակի հանցագործության այնպիսի հատկանիշների համակցություն է, որոնք բնութագրում են կոնկրետ հանցագործության կատարման արտաքին գործընթացը։
Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշներն ընդունված է բաժանել երկու խմբերի՝ պարտադիր կամ հիմնական և ֆակուլտատիվ կամ լրացուցիչ։ Բոլոր հանցակազմերի համար որպես պարտադիր հատկանիշ կարող է հանդես գալ միայն հանրորեն վտանգավոր արարքը, որը կարող է դրսևորվել ակտիվորեն՝ գործողությամբ և պասիվորեն՝ անգործությամբ։ Մյուս բնորոշիչները հանդիպում են մասնավոր դեպքերում։
Հասկացություն և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշակի պայմաններում, տեղում և ժամանակահատվածում ընթացող և քրեական իրավունքի նորմերով պաշտպանված համապատասխան օբյեկտներին վնաս պատճառող հանրորեն վտանգավոր պասիվ կամ ակտիվ արարքի արտաքին դրսևորման ձևը քրեական իրավունքում ընդունված է անվանել հանցագործության օբյեկտիվ կողմ, որը հանդիսանում է հանցակազմի չորս կարևորագույն բաղադրատարրերից մեկը և ուղղակիորեն փոխշաղկապված է հանցագործության սուբյեկտի, օբյեկտի և սուբյեկտիվ կողմից հետ
Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշներն են՝
- հանրորեն վտանգավոր արարքը,
- հանրորեն վտանգավոր հետևանքները,
- հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքի միջև պատճառական կապը,
- հանցագործության տեղը, ժամանակը, իրադրությունը,
- հանցագործության եղանակը,
- հանցագործության միջոցները։
Իրավաբանական գրականության մեւջ հանրորեն վտանգավոր վարքագծի արտաքին դրսևորումը բնութագրելու համար օգտագործվում է «արարք» եզրույթը, որը ներառում է վերջինիս պասիվ և ակտիվ դրսևորումները՝ գործողության և անգործության ձևով։ Ընդ որում, օրենսդիրը հանցագործություն է համարում ոչ թե մարդու մտքերը կամ գաղափարները, որոնք կարող են վնաս պատճառել հասարակական հարաբերությունների բնականոնությանը, այլ բացառապես արարքները։
Քրեական օրենսդրության հատուկ մասում տեղ գտած նորմերի դիսպոզիցիաներում, որպես կանոն, մատնանշվում են հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները, որն էլ հիմք է հանդիսանում հանցագործության հանցակազմի կառուցման պրոցեսում (օրինակ՝ հանցակազմի սուբյեկտիվ կողմն ուսումնասիրվում է բացառապես օբյեկտիվ հատկանիշների բացահայտումից և ամբողջացումից հետո)։
Դասակարգում և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները ըստ նշանակության բաժանվում են երկու խմբի՝ պարտադիր կամ հիմնական և ֆակուլտատիվ կամ լրացուցիչ։ Այս բաժանման վերաբերյալ առկա է երկու հիմնական կարծիքներ։ Դրանցից առաջինի պարագայում հանցագործության օբյեկտիվ կողմից հիմնական հատկանիշներին թվին է պատկանում հանցավոր արարքը, հանրորեն վտանգավոր հետևանքները և արարքի ու հետևանքների միջև առկա պատճառական կապը, իսկ հանցագործության կատարման տեղը, իրադրությունը, ժամանակը, եղանակը, միջոցները և գործիքները գրեթե բոլոր դեպքերում դասվում են ֆակուլտատիվ հատկանիշների թվին։
Սակայն առավել տարածում է գտել այն կարծիքը, որ հանցագործության օբյեկտիվ կողմի միակ հիմնական հատկանիշը հանրորեն վտանգավոր արարքն է։ Սա նշանակում է, որ մյուս հատկանիշները կարող են որոշ հանցակազմերի համար հանդիսանալ որպես հատկանիշ, որոշներն էլ՝ չհանդիսանալ, մինչդեռ հանրորեն վտանգավոր արարքը՝ գործողությամբ կամ անգործությամբ արտահայտված, որպես պարտադիր կանոն, բնորոշ է բոլոր հանցակազմերին։
Հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշները ունեն հետևյալ տեսագործնական նշանակությունը՝
- ծառայում են ինչպես հանցագործությունները այլ հանցագործություններից, այնպես էլ հանցագործությունները վարչական, կարգապահական և այլ իրավախախտումներից սահմանազատելու նպատակով,
- առանձին դեպքերում կարող են նախատեսել ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներով հանցակազմի հատկանիշ,
- ազդում են նշանակվող քրեական պատժի բնույթի և չափի վրա, ինչպես նաև հանդիսանում քրեական պատասխանատվությունը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ։,
- ունեն ապացուցողական մեծ նշանակություն կոնկրետ գործերի պարագայում։
Հանրորեն վտանգավոր արարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 3-ը սահմանում է, որ քրեական պատասխանատվության ենթարկվելու միակ հիմքը այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները։
Քրեական օրենսդրությունը «հանրորեն վտանգավոր արարք» եզրույթի ներքո հասկանում է դրա ակտիվ և պասիվ դրսևորումները՝ գործողությունը և անգործությունը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը «արարք» եզրույթը սահմանում է հետևյալ կերպ․
|
Գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունը, ինքնին, օբյեկտիվ իրականության մեջ մարդու հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային հատկանիշներով օժտված ակտիվ վարքագիծն է։
Քրեական իրավունքում «գործողություն» հասկացությունն ընդգրկում է հանցավոր նպատակին հասնելուն ուղղված բոլոր մարմնաշարժումների համակցությունը, մարմնաշարժումների օգնությամբ որոշակի սարքերի, գործիքների, մեխանիզմների, զենքի և այլ մեխանիզմների օգտագործումը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով բնական որոշ օրինաչափությունների օգտագործումը և հանցագործության միջնորդավորված կատարումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, «Ընդհանուր մաս» (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով), խմբագրությամբ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ․Ս․ Ղազինյան, Եր․, 2012, գլուխ 7