Վրաստանի օկուպացված տարածքներ
- Այս հոդվածը Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին է։ Դե ֆակտո անկախ պետությունների միջազգային ճանաչման վերաբերյալ տե՛ս Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում հոդվածը
Վրաստանի օկուպացված տարածքներ (վրաց.՝ საქართველოს ოკუპირებული ტერიტორიები), տիրույթներ, որոնք օկուպացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում։ Այդ տարածքներն են Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը և նախկինում Վրացական ԽՍՀ-ի մաս կազմող Հարավային Օսիայի ինքնավար մարզը (Վրաստանի վարչական բաժանման համաձայն նախկին մարզի տարածքը բաժանվել է վրացական երկու մխարեների միջև)։ Ներկայումս՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրն է։
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ընթացքում ռուսական բանակն օկուպացնում է Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև հրետակոծությունների ենթարկում մայրաքաղաք Թբիլիսին։ Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ գրավված տարածքներում տեղադրվում են ռուսական ռազմակայաններ։ Այնուհետև այս տարածքներում ստեղծվում են անկախ պետական կազմավորումներ և Ռուսաստանը դառնում է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Դրանից հետո սկսվել է երկու ինքնահռչակ երկրների իշխանական մարմինների ձևավորման գործընթացը։ Այդ գործընթացի ավարտից հետո երկու երկրների և Ռուսաստանի միջև կնքվում են ռազմական և տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր։ Արդյունքում՝ ռուսական զորքերը հաստատվում են վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանագծերին։
Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք միջազգային հանրության գերակշիռ մասի կողմից ճանաչված են, որպես Վրաստանի անբաժանելի մաս, նախքան օկուպացումը կազմել են Վրաստանի տարածքի 20 %-ը։ 2008 թվականին ընդունվել է «Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենք», որը քրեականացնում է մուտքը Աբխազիա և Հարավային Օսիա։ Վրացական օրենքը արգելում է նաև տնտեսական կամ ֆինանսական գործունեություն ծավալել գրավյալ տարածքներում։ Վրաստանը և միջազգային հանրությունը (Չեխիան, Լատվիան, Լիտվան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը և այլն) Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում է, որպես զինագրավված տարածքներ՝ միևնույն ժամանակ դատապարտելով Ռուսաստանի զավթողական գործունեությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս-վրացական պատերազմից հետո՝ 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրում է հրամանագիր, որը Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում է անկախ պետություններ։ Ի պատասխան սրա՝ օգոստոսի 28-ին Վրաստանի խորհրդարանը պաշտոնապես հայտարարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված լինելու մասին և կոչ արեց ռուսական զորքերին լքել գրավված տարածքները։ Անկախության հռչակումից հետո Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ կառավարությունները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Ռուսաստտանի հետ, իսկ կարճ ժամանակ անց ռուսական զորքերը տեղակայվեցին երկու երկրների ամբողջ սահմանի երկայնքով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կարևորելով սահմանագծում ռուսական զորքերի առկայությունը, նշեց, որ ռուս զինվորների սահմանային գծի վերահսկողությունը պարտադիր պայման է՝ Վրաստանի փոխադարձ ագրեսիայի դրսևորումները կանխելու համար։
Պատերազմից հետո ռուսական զորքերն աստիճանաբար դուրս բերվեցին տարածաշրջանից, բացի Հարավային Օսիայի և Վրաստանի շփման գծում գտնվող Պերև գյուղից։ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին ռուսական զորքերը լքեցին նաև Պերևը։ Վրաստանի արտգործնախարարությունը ողջունեց Պերև գյուղից ռուսական զորքերի դուրս գալու հանգամանքը և դա անվանեց «ճիշտ ուղղությամբ արված քայլ»։ Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, նշեց, որ այդ քայլը միկրոսկոպիկ է և կրկին կոչ արեց Ռուսաստանին «հարգել միջազգային իրավունքի նորմերը»։ Ռուսական զորքը Պերևից դուրս բերելու որոշումն ընդունվել է Ժնևում կայացած ռուս-վրացական բանակցության ժամանակ[1]։ 2009 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հայտարարություններում մի քանի անգամ հիշատակեց այն փաստը, որ Ռուսաստանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա։ 2009 թվականի հունիսին Վրաստանի Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ մարզում՝ Մամիսոնի անցուղի տանող ճանապարհի շրջակայքում գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով վրացի սահմանապահները ստիպված են եղել մի քանի կիլոմետր հետ քաշվել։ Կովկասագետ Մամուկա Արեշիձեն նշել է, որ «հետ քաշվելը կարող էր պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Վրաստանի իշխանությունների փորձում են կանխել Ռուսաստանի հետ բախումը»։
2010 թվականի ապրիլին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դիմել է 31 երկրների օրենսդիր մարմիններին՝ խնդրելով Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել, որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, ինչպես նաև դատապարտել այդ տարածքներում վրացիների էթնիկ զտումները։ 2011 թվականի մարտին ռուսները պահանջում են Աբխազիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Աիբգա գյուղը միացնել Կրասնոդարի երկրամասին։ Խորհրդային Միության գոյության տարիներին գյուղը բաժանված է եղել երկու մասի․ հարավային մասը գտնվել է Վրացական ԽՍՀ-ի, իսկ հյուսիսայինը՝ ՌԽՍՖՀ-ի վերահսկողության տակ։ Հետագայում ռուսական իշխանությունները Աբխազիայից պահանջեցին նաև160 կիլոմետր տարածք Գագրայի շրջանից։ Չնայած այս ամենի՝ աբխազական իշխանությունները կարողացան ապացուցել, որ Աիբգա գյուղի հարավային հատվածը գտնվել է Վրացական ԽՍՀ-ի կազմում և գյուղը Ռուսաստանի Դաշնությանը միացվեց մասամբ։
2014 թվականի հունիսի 11-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքեց «BBC News»-ի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը «շահագրգռված չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում»։ Ընդդիմադիր միասնական ազգային շարժում կուսակցության անդամները քննադատեցին միջազգային ասպարեզում Ղարիբաշվիլու կողմից հնչեցված այս հայտարարությունը՝ այն որակելով երկրի ազգային շահերի պաշտպանությանը հակասող։ Նույն տարվա նոյեմբերին Ռուսաստանը Աբխազիայի, իսկ 2015 թվականի մարտին՝ Հարավային Օսիայի հետ «դաշինքի և ինտեգրացիայի» վերաբերյալ համաձայնագիր է կնքում։ Համաձայն այդ համաձայնագրերի՝ զինվորական և տնտեսական համագործակցությունից բացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ռուսական զորքերը դուրս եկան վրացական գյուղից. Թբիլիսին ողջունում է այդ քայլը». www.haynews.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)