Միջազգային քրեական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջազգային քրեական իրավունք, միջազգային հանրային իրավունքի ճյուղ, որն արգելում է վարքագծի որոշակի կանոնների կիրառումը կամայական պետության սահմանում կամ սահմաններից դուրս[1]։ Անուղղակիորեն այդ կաննոնները պետք է դիտարկվեն որպես պետության անվտանգությանը, միասնական երկրների տարածքային ամբողջականությանն ու ազգերի ինքնորոշմանը հակոտնյա կամ վնասող հանգամանք։ Ըստ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիաների՝ նման հանցագործություն կատարողները կրում են քրեական պատասխանատվություն (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։

Միջազգային քրեական իրավունքի հիմնական քրեաիրավախախտումներից կարելի է առանձնացնել ցեղասպանությունը, պատերազմական գործողությունների անօրինական սանձազերծումը, մարդկանց առանձին խմբերի (կամ կամայական անհատների) դեմ իրականացվող հանցավոր գործողությունները և որէ այլ պետության նկատմամբ ագրեսիայի ներգործումը։ Միջազգային քրեական իրավունքի խնդիրն է կանխել միջազգային իրավունքի նորմերի դեմ ուղղված հանցավոր գործողությունները՝ ապահովելով խաղաղ և կայուն-բանակցային իրավահարաբերությունները պետության սահմաններում և նրա սահմաններից դուրս։ «Դասական» միջազգային իրավունքը բնավ կապ չունի անձանց իրավահարաբերությունների հետ։ Որպես կանոն ընդունված է այն համարել պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված կանոնների ամբողջություն։

Միջազգային քրեական իրավունքի համար միջազգային բառը նշանակում է, որ այստեղ բացառված են ազգային իրավական հարաբերությունների ուսումնասիրության սուբյեկտները (իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց և երկքաղաքացիների իրավահարաբերությունները), հետևաբար՝ որպես հիմնական աղբյուր բացառվում է առանձին երկրների ազգային օրենսդրությունների ընդունումը, որպես իրավական հիմք։ Միջազգային քրեական իրավունքի համար դա նշանակում է, որ կարգավորող իրավահարաբերությունները դուրս են մեկ պետության սահմաններից և կապված են այլ երկրների իրավական համակարգերի հետ։ Միջազգային հանրային և քրեական իրավունքների հիմնական առանձնահատկություններն ու տարբերություններն են՝

  1. Օբյեկտների իրավական կարգավորում՝ միջազգային քրեական իրավունքի հիմնական տեղը քաղաքական փոփոխություններն են, իսկ տնտեսական հարաբերությունները այստեղ չեն քննվում։
  2. Սուբյեկտները՝ միջազգային հանրային իրավունքի հիմնական իրավահարաբերությունների սուբյեկտը պետությունն է՝ իր կապերով և ներգործությամբ, իր քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով։
  3. Հիմնական աղբյուրները՝ միջազգային քրեական իրավունքի հիմնական աղբյուրը միջազգային պայմանագրերն են։

Նախադեպերի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային քրեական իրավունքի որոշ նախադեպեր ի հայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում։ Այդ ժամանակահատվածում միջազգային լուրջ կառույցների բացակայության պատճառով տուժած փոքր ազգերի (հայեր, հույներ, ռումիններ, ղրիմյան թաթարներ և այլն) դատը չքննվեց, փոխարենը՝ կատարված հանցագործությունների համար մեղավորներ երկրները միջազգային տրիբունալում կապիտուլացվեցին՝ վճարելով բավականին մեծ ռազմատուգանքներ (ռեպարացիաներ)։ Միջազգային քրեական իրավունքի հիմնարար նորմերի գլխավոր խախտման դեպքերից է Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը հետագայում Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական Միության, Շվեյցարիայի, Վատիկանի, Կանադայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրների կողմից որակվեց, որպես որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակի կամ ամբողջական մտադրված համակարգված ոչնչացման փորձ։ Այն հետագայում դատապարտվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»-յով։ 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիան այն համարվում է միջազգային հանցագործություն։

Միջազգային քրեական իրավունքի հիմունքների առաջին նորմերը կիրառվեցին աշխարհամարտը սանձազերծած գերտերությունների՝ Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի նկատմամբ։ Հենց այս գործողությունները դատապարտելու նպատակով Վերսալում հավաքված պետությունների առաջնորդները քննարկեցին Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու ընթացակարգը՝ ընդգծելով միջազգային քրեական դատարանի ստեղծման կարևորությունն այդ գործում։ Այնուամենայնիվ, Գերմանիայի մեղսագործ կայսրը չդատապարտվեց՝ ապաստանելով Նիդերլանդներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթանակած դաշնակից տերությունները՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության, ստեղծեցին միջազգային դատարան։ Այն կոչված էր կանխելու ոչ միայն պատերազմական հանցագործությունները, այլ նաև նացիստական վարչակարգի ներքո գերմանացի հրոսակավորների քաղաքացիական անձանց դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Այսպիսով, Նյուրնբերգյան տրիբունալն իր առաջին նիստն անցկացրեց 1945 թվականին, իսկ սեպտեմբերի 30-ին վերջինս կատարեց իր առաջին դատավճիռը։ Գրեթե նույն ժամանակաշրջանում նմանատիպ դատարան է ստեղծվում նաև ճապոնական պատերազմական հանցավորությունները կանխելու համար։ Այն հետագայում հայտնի դարձավ միջազգային ռազմական տրիբունալ անվանումով (գործել է 1945-ից մինչև 1948 թվականը)։

Բոսնիական պատերազմի սկսվելուց հետո Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը հաստատեց և օրինականացրեց նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի գործունեությունը։ 1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը և Ռուանդայի գծով միջազգային տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ և մշտական դատարան։ 1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ «միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ավարտման և ընդունման համար»։ Միջազգային իրավունքի հանձնաժողովը՝ ի դեմս վերջինիս հանձնակատարի, 1993 թվականին սկսեց միջազգային մշտական քրեական դատարանի ստեղծման նախապատրաստման աշխատանքները։ 1998 թվականին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած դիվանագիտական խորհրդաժողովում ստորագրվեց նաև այս հարաբերությունների կարգավորմանն ուղղված մի շատ կարևոր փաստաթուղթ, որն է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Այդ պայմանագիրը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետությունը, սակայն վերջինս չի վավերացվել։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ցեղասպանի որակում ունեցող Թուրքիան[2] և վերջինիս ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանական Հանրապետությունը Հռոմի ստատուտին չեն միացել[3]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքը որպես քրեական իրավունքի աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային քրեական դատարանի կենտրոնական նստաշենքը, Հաագա, Նիդերլանդներ

Աշխարհի առաջադեմ և ժողովրդաիշխան պետությունների մեծ մասի քրեական օրենսդրությունը հիմնված է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների վրա (հոդված 1, կետ 2)[4]։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, որը կարգավորում է հանցավորությունը և պատժելիությունը Հայաստանի տարածքում, իր հերթին հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների և կառուցվածքային առանձնահատկությունների հիման վրա[5]։ Միջազգային իրավունքը կարող է քրեական օրենսդրության աղբյուր դառնալ այն դեպքում, երբ սահմանում, վերացնում կամ փոփոխում է արարքի հանցավորությունը կամ կարգավորում է քրեական պատասխանատվության ու պատժի, ինչպես նաև ազգային քրեական օրենսդրության գործողության հարցեր։ Միջազգային իրավունքի սկզբունքը կարող է քրեական օրենսդրության աղբյուր դառնալ այն պարագայում, երբ որպես իրավազոր փաստաթուղթ հաստատված է միջազգային իրավական նորմերում։

Ներպետական քրեական օրենսդրության վրա միջազգային իրավունքի ներգործման միջոցներն անմիջականորեն մերձեցված են միջազգային իրավունքի և ներպետական քրեական օրենսդրության հարաբերակցության հարցի հետ։ Հարկ է նաև նշել, որ ազգային օրենսդրությունները (քրեական օրենսգիրք) որքան էլ կրեն միջազգային իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի ազդեցությունը, այնուամենայնիվ, պետք է վերանայվեն՝ ձեռք բերելով նոր կառուցվածքային առանձնահատկություններ։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի առաջին հոդվածը նշում է, որ սույն օրենսդրությունը միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված լինելուց բացի, անմիջականորեն կրում է նաև ՀՀ մայր օրենքների ժողովածուի՝ Սահմանադրության ազդեցությունը։ Հայաստանի քրեական օրենսգրքի առաջին հոդվածը միաժամանակ նաև նշում է, որ քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը պետք է ընդգրկվեն քրեական օրենսդրության մեջ՝ համապարփակ ներկայացնելով վերջինիս իրավազորությունը և հիմնական էությունը։

Քրեական պատասխանատվություն նախատեսող նորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական նորմը իրավահարաբերությունների սկզբնական և հիմնարար միավորն է։ Այն սահմանում է մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, տվյալ նորմով սահմանված իրավաբանական փաստերի առկայության դեպքում։ Իրավական նորմը այլ նորմերից տարբերվում է նրանով որ այն սանկցիավորվում է (դրա կիրառությունը ապահովում է) պետական հարկադրանքի ապարատի միջոցով։ Միջազգային քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսող նորմի հասկացությունը։ Միջազգային քրեական իրավունքում վերոնշյալ նորմը ունի բազմաբովանդակ նշանակություն, այսինքն՝ չի սահմանափակվում կարգազանց անձանց (օրենքով նախատեսված կարգով) պատասխանատվության ենթարկվելով։

Հիմք ընդունելով միջազգային իրավունքը՝ որպես քրեական իրավունքի աղբյուր՝ կարելի է ներկայացնել քրեական պատասխանատվություն նախատեսող իրավական նորմի ենթաօրենսդրական սահմանումը․

Aquote1.png Քրեական պատասխանատվություն նախատեսող նորմ կարելի է համարել միջազգային իրավական այն նորմը, որը քաղաքացիության սկզբունքի կիրառման համար պարտադիր համարվող երկկողմանի հետապնդման սկզբունքից բացառություն է նախատեսում։ Aquote2.png

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում[6]։ Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը։ Այս նախապայմանը պետք է չհակասի կողմերի ներպետական օրենսդրության հիմնական սկզբունքներին՝ լինի միջազգային իրավունքի սահմանում։

Հռոմի ստատուտը որպես իրավական աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի ստատուտը վավերացրած երկրները նշված են կանաչով։ Քարտեզում պայմանագիրը ստորագրած, բայց չվավերացրած երկրները նշված չեն

Որպես միջազգային քրեական իրավունքի օրենսդրական հիմք, 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում կնքված պայմանագիրը կարևոր է այնքանով, որ այն հիմք է ծառայել միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատման համար։ Այն վավերացվել է ՄԱԿ-ի Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում։ Կանոնադրության հիման վրա ձևավորվում է մշտական հիմունքներով գործող Միջազգային քրեական դատարան։ Դատարանը միջազգային իրավասուբյեկտությամբ օժտված անկախ միջազգային դատարան է, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնելու միջազգային ողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ և, ըստ Կանոնադրության նախաբանի 10-րդ մասի և հոդված 1-ի, լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմինների համակարգը։

Կանոնադրության հիման վրա ձևավորվում է մշտական հիմունքներով գործող միջազգային քրեական դատարան։ Այն իրենից ներկայացնում է իրավասուբյեկտությամբ օժտված անկախ միջազգային դատարան, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնելու միջազգային ողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ և, ըստ էության, լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմինների համակարգը[7]։

Միջազգային քրեական իրավունքի ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային քրեական դատարանի շենքը Բելգրադում

Ներկայումս միջազգային քրեական իրավունքի ամենակարևոր ինստիտուտը միջազգային քրեական դատարանն է։ Այն ներառում է մի քանի առանձին ատյաններ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալ երկուսը՝

  • Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալ
  • Ռուանդայի գծով միջազգային տրիբունալ

Բացի այդ հաստատություններից, գոյություն ունեն որոշ «հիբրիդային» դատարաններ և տրիբունալներ ՝ որտեղ գործերը քննվում են ինչպես միջազգային, այնպես էլ ազգային դատավորների կողմից։ Նմանօրինակ հաստատությունների օրինակներ բերված են ստորև․

  • Սիերա Լեոնեի հատուկ դատարան՝ վերջինիս նպատակն է Սիերա Լեոնեի քաղաքացիական պատերազմի ընթացքում կատարված հանցավոր գործողությունները
  • Կամբոջայի ցեղասպանության գործերով դատարան՝ վերջինիս նպատակն է ջրի երես հանել Կամբոջայի ցեղասպանության իրականացման դրդապատճառները և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավոր անհետներին (անհատների խմբին)
  • Լիբանանի հատուկ իրավասության դատարան՝ վերջինիս նպատակն է ուսումնասիրել վարչապետ Ռաֆիկ Բահա Էլ Դին ալ-Հարիրի սպանության դրդապատճառներն ու պատժամիջոցներ սահմանել մեղավորների հանդեպ

Նման դատարաններ գործում են աշխարհի մի շարք այլ երկրներում ևս։ Այդ երկրների շարքում են Հնդկաստանը, Բոսնիա և Հերցեգովինան[8], Կոսովոն[9] և այլն։

Միջազգային քրեական իրավունքի ճանաչումը միջազգային իրավունքի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է օրենսդրորեն ամրագրված ցանկացած օրենքի գերակայությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։ Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Սա ևս պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական օրենսգիրքը, որպես ժողովրդավար երկրի օրենսդրական երաշխիք, հիմնված է միջազգային իրավունքի նորմերի գերակայության վրա[10]։

Aquote1.png Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի
- ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 16, կետ 1
Aquote2.png


Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2001 թվականին այս երկրում հիմնադրված միջազգային դատարանի վճռի՝ ներպետական օրենսդրության 51-րդ հոդվածի 1-ին մասի՝ Միացյալ Թագավորությունում ցեղասպանությունները, ահաբեկչությունները և մարդկանց դեմ ուղղված մյուս հանցագործունները կարող են օրենսդրորեն հետապնդվել դատարանի (կամ կից մարմնի) հատուկ ծառայության կողմից։ Միացյալ Թագավորությունը, որպես Հռոմի ստատուտը վավերացրած պետություն, դատապարտում է պատերազմական հանցագործությունները, խոշտանգումները, ստրկությունը և հարկադիր աշխատանքի գործադրումը։

Միացյալ Թագավորության կողմից օրենսդրորեն ամրագրված օրենքները, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում Միացյալ Թագավորության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, երկքաղաքացիների և օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար, իրավասության սահմաններից դուրս իրականացնում են որոշակի գործողություններ։ Այնուամենայնիվ, բացառություն հանդիսացող դեպքերը օտարեկրյա երկրների քաղաքացիների համար սահմանվում են օրենքով և լիազորվում միայն համապատասխան մարմինների կողմից։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային քրեական օրենսդրությունը կանոնակարգված է։ Որպես միջազգային քրեական իրավունքի խախտման դեպքեր՝ ԱՄՆ համապատասխան մարմիններն ընդունում են ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, խոշտանգումները, ծովահենությունը, ստրկությունը և կանանց (և երեխաների) թրաֆիքինգը։ ԱՄՆ-ն ժամանակին եղել է միջազգային քրեական դատարանի ստեղծման նախագծի գլխավոր խոչընդոտներից մեկը։ Վերջինս բացասական դիրքորոշում է հայտնել այս նախաձեռնությանը՝ ներկայացնելով համապատասխան բացատրական զեկույց։ Մինչ օրս ԱՄՆ-ն չի ստորագրել Հռոմի ստատուտը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միջազգային քրեական իրավունք»։ Բրիտանիկա առցանց հանրագիտարան (անգլերեն)։ Վերցված է 2017-10-29 
  2. «Թուրքիան և միջազգային քրեական դատարանը»։ Քրեական իրավունքի հիմնարար վերլուծություն կոմպլեմենտարության սկզբունքի համատեքստում 
  3. «Ադրբեջանական Հանրապետությունը դեռևս չի միացել Հռոմի ստատուտին»։ iccnow.org։ Վերցված է 2017-10-29 
  4. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք»։ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն։ հոկտեմբերի 29, 2017 
  5. «Միջազգային իրավունքի սկզբունքների և կառուցվածքային առանձնահատկությունների դիտարկումը, որպես քրեական իրավունքի առանձին աղբյուր» 
  6. matemat.io։ «Քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ` իրավաբանական ընկերություն»։ www.am.am (հայերեն)։ Վերցված է 2017-10-29 
  7. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»։ www.arlis.am։ Վերցված է 2017-10-29 
  8. Միջազգային քրեական իրավունքի հատուկ ինստիտուտն աշխարհի տարբեր երկրներում՝ Բոսնիա և Հերցեգովինայի հատուկ իրավասության դատարան. Վերցված է օգոստոսի 13, 2015
  9. Բի-բի-էս լրատվականի հաշվետվությունը Կոսովոյի քրեական իրավունքի դատարանի վերաբերյալ. Վերցված է օգոստոսի 13, 2015
  10. matemat.io։ «Միջազգային իրավունքի նորմերի գերակայությունը ՀՀ քրեաիրավական ոլորտում»։ www.am.am (հայերեն)։ Վերցված է 2017-10-29