Սոցիալական նորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալական նորմի օրինակ է սպորտում մրցակցիների ձեռքսեղմումը

Սոցիալական նորմ, պատմականորեն ծագած կամ այլ կերպ հաստատված գործունեության եղանակ, որն ապահովում է հասարակության մեջ, հանրույթներում և խմբերում մարդկանց փոխգործողությունները։

Սոցիալական համակարգերը ինտեգրացման անհրաժեշտությունը ամրագրվում է սոցիալական նորմերում, դրանց միջոցով են իրականանում սոցիալականացումը, սոցիալական վերահսկողությունը և կառավարումը։ Սոցիլական նորմն առկա է մարդու դրսևորման բոլոր մակարդակներում (պահանջմունքներում, դրդապատճառներում, արժեքներում, վարքում, ապրելակերպում)։ Սոցիլական նորմերը կարելի է դասակարգել ըստ գործողության ոլորտի (քաղաքական, ընտանեկան և այլն), սատարման եղանակի (իրավական, կրոնական և այլն), գիտակցվածության ձևի (գեղարվեստական, բարոյական և այլն), ֆունկցիաների (շեղումային, հաշտվողական և այլն), ընդգրկման աստիճանի (խմբային, դասակարգային, զանգվածային, էթնոմշակութային և այլն)։ Սոցիալական նորմերի մի մասը, լինելով գործունեությունից չտարազատված, մնում է չգիտակցված և բացահայտվում է հատուկ հետազոտություններով։ Պատմականորեն առաջինը ծագել են չգիտակցված սոցիալական նորմերը՝ սովորույթները, որոնք ընկած են գիտակցության հիմքում և հետագայում դարձել են կանոնպատվիրաններ ու նորմակարգադրություններ։

Զարգացած հասարակարգերում գործում են նաև կոդեքսներ և նորմանպատակներ։ Վերջիններս պահանջում են իրադրությանը համապատասխան կոնկրետացում, հետևաբար դրանցում ենթադրվում են տարատեսակություններ և անհատականացում։ Սա ծնում է սոցիալական նորմերի հակասական գործառություններ և փոփոխություններ ցանկալի նորամուծությունների կողքին ծագում է հանցավոր վարք, սոցիալական նորերը ենթարկվում է նորաձևության և զանգվածային գիտակցության այլ գործոնների ազդեցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25