Մասնակից:Suren Meliqbekyan/Ավազարկղ
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Արշամշատ |
Այլ քաղաքներ | Արկաթիակերտ, Լուսաթառիճ, Պաղին, Կողոբերդ, Բալու, Հերապոլիս, Կթառիճ, Ճապաղջուր, Չմշկածագ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Ծոփք (Ծոփաց աշխարհ, Չորրորդ հայք, Հունարեն՝ Sophene), Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Ք.ա 3 դարի առաջին կեսին ստեղծվել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ թագավորությունը:
Անվան Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորրորդ Հայք անունը այս երկրի համար գործածության մեջ մտավ 536թ. Հուստինիանոս կայսրի կատարած վարչական վերափոխությունից հետո, երբ նա Հայաստանի այս մասը վերածեց բյուզանդական պրովինցիայի և կոչեց Չորրորդ Հայք: Հնում այս երկիրը կոչվում էր Ծոփք: Ֆեոդալական հարաբերությունների խորացման և Ծոփքի՝ առանձին նախարարությունների մասնատվելու հետևանքով փոխվեց նաև նրա նախկին ընդհանուր անունը(Ծոփք) և երկիրը կոչվեց Նախարարական Հայաստան կամ Սատրապական Հայաստան, որը 536թ. անվանվեց Չորրորդ Հայք:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորրորդ Հայքը տարածվում էր Արևմտյան Տիգրիսի վերին Արածանիի ստորին հոսանքների շրջաններում, հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևելքում սահմանակից էր Բարձր Հայքին, Տուրուբերանին և Աղձնիքին, հարավում Միջագետքից բաժանված էր Մասիուսի լեռներով, իսկ արևմուտքում Եփրատ գետով սահմանակցվում էր Փոքր Հայքին ու Կապադովկիային:
Չորրորդ Հայքի ռելիեֆը բազմազան է: Այստեղ կան և բարձր լեռնաշղթաներ, և գետահովիտներ, և դաշտեր: Նա ամբողջությամբ ոռոգվում է Արևմտյան Տիգրիսով ու Արածանիով: Կլիման ևս բազմազան է: Նրա հարավային մասի՝ Հայկական Տավրոսից հարավ ընկած շրջանների կլիման չոր մերձարևադարձային է, մինչդեռ հյուսիսային մասի կլիման բարեխառն է և ստանում է բավարար քանակությամբ տեղումներ:
Չորրորդ Հայքում առանձնապես բերրի հողեր ունեն Խարբերդի և Բալահովիտի դաշտերը: Հյուսիսային լեռնային շրջաններում մեծ տարածում ունեն անտառները, նշանավոր է նավթի, պղնձի, կապարի և արծաթի հանքավայրերով; Նրա պղնձի, կապարի և արծաթի հանքերը մարդկությանը հայտնի են հնագույն ժամանակներից և արտահանվել են բավական մեծ քանակությամբ; Գունավոր մետաղների հանքավայրերը հիմնականում գտնվում են Արևմտյան Տիգրիսի ճյուղերից մեկի՝ Արղանա գետի հովտում:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծոփքը ըստ «Աշխարհացոյց»ի բաղկացած էր հետևյալ10 գավառներից.
- Խորձյան (Խորձեան)- կենտրոնը՝ Կողոբերդ
- Հաշտյանք (Հաշտեանք)- կենտրոնը՝ Կթառիճ
- Պաղնատուն- կենտրոնը՝ Պաղին
- Բալահովիտ- կենտրոնը՝ Արշամշատ
- Փոքր Ծոփք (Ծոփք Շահունեաց)- կենտրոնը՝ Հերապոլիս
- Անձիտ- կենտրոնը՝ Անձիտ բերդ
- Դեգիք- կենտրոնը՝ Կռնի բերդ
- Գավրեք (Գաւրէք)- կենտրոնը՝ Լուսաթառիճ
- Անգեղատուն- կենտրոնը՝ Անգղ
- Մեծ Ծոփք-կենտրոնը՝ Բնաբեղ
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ք.ա 2 հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Այս երկրամասը նախաուրարտական և ուրարտական շրջանում մտնում էր Նաիրյան երկրների կազմի մեջ և հայտնի էր Ծուպանի անունով, ուրարտական պետության անկման շրջանում միացել էր արմենների ցեղային միությանը: Խեթական թագավոր Սուպիլուլիումա[1] I–ի արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության և ապաստան տվել խեթացի դժգոհ տարրերին։ Ք.ա 13–9 դդ պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Ք.ա 9 դ վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով Վանի թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Աքեմենյանների տիրապետության ժամանակաշրջանում (6-4 Ք.ա) այս երկրամասը Հայաստանի մի շարք այլ շրջանների հետ միասին կազմում էր պարսից աշխարհակալության 13-րդ սատրապությունը, որը Քսենոփոնի մոտ կոչված է Արևմտյան Հայաստան (Արևմտյան Արմենիա):
Ք.ա 4 դ սկզբից Ծոփքը [2] եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքը ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն Ք.ա 3 դ կեսին Ծոփքը Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Ք.ա 3 դ վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում[3] Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։
Ք.ա 94-ին Տիգրան Բ Մեծ[4]ը տապալել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ Մեր թվարկության չորրորդ դարին վերաբերող գրավոր վկայություններից երևում է, որ այդ ժամանակ Ծոփքը մասնատված էր վեց նախարարությունների(Շահունյաց Ծոփք, Անձիտ, Բալահովիտ, Հաշտյանք, Անգեղատուն և Մեծ Ծոփք): 4 դարում Սասանյան Պարսկաստանի կողմից Հայաստանի դեմ մղվող զավթողական պատերազմներից օգտվելով Հռոմեական կայսրությունը գրավում է Ծոփքը: Սկզբնական շրջանում՝ ավելի քան 170 տարի Հռոմի (ապա Բյուզանդիայի) տիրապետությունն այս երկրում ուներ սոսկ գերիշխանության բնույթ: Այստեղ հայկական նախարարությունները պահպանում էին իրենց ֆեոդալական բոլոր իրավունքներն ու մենաշնորհումները, կայսրության կողմից կառավարիչ էր նշանակվում: Բյուզանդիայի գերիշխանությունն արտահայտվում էր միայն նրանով , որ հայ նախարարները համարվում էին կայսրի վասալները և պարտավոր էին կայսրության սահմաններն այս մասում պաշտպանել Պարսկաստանի հարձակումներից: Նախարարական հայաստանի վարչաքաղաքական վիճակն արմատապես փոխվեց Հուստինիանոս կայսրի օրոք՝ նրա կատարած ռազմական և վարչական ռեֆորմների ու ժառանգական կարգի մասին արձակած հրովարտակների հետևանքով: Հուստինիանոսի այդ վերափոխումներով Նախարարական Հայաստանը վերածվեց Բյուզանդական կայսրության պրովինցիայի՝ Չորրորդ Հայք անունով: 6 դարի վերջերին, Մորիկ կայսեր օրոք, Չորրորդ Հայքի որոշ շրջաններ միացվեցին Հյուսիսային Միջագետք պրովինցիային:
7–9 դդ Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և ձեռքից ձեռք անցել։ 9 դ Ծոփքի արևելյան գավառները անցել են հայ Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 11-ից մինչև 13 դարի սկզբները Չորրորդ Հայքը մտնում էր սելջուկյան պետության մեջ, որը 12 դարից մասնատված էր առանձին էմիրությունների և սուլթանությունների, իսկ 13 դարում Հայաստանի մյուս մասերի հետ միասին գրավվում է թաթար-մոնղոլների կողմից: 1555–ին և 1639–ին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքած պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հոծ հայությունը բնաջնջվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկված բեկորները տարագրվել են զանազան երկրներ։
Ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հայաստանի «աշխարհ»-ների մեջ Ծոփքն ամենից վաղ և ամենից սերտ հարաբերություններ ուներ Արևմուտքի և Արևելքի երկրների հետ: Ծոփքի վրայով էր անցնում Դարեհ Ա-ի ժամանակ (522-484թթ.Ք.ա) կառուցված Պարսից «Արքայական» կոչվող ճանապարհը, որն Աքեմենյանների Սուզա մայրաքաղաքը կապում էր Միջերկրական ծովի ափից ոչ հեռու գտնվող Սարդես քաղաքի հետ:
Այս չանապարհի Ամիդ (Դիարբեքիր)--Խարբերդ--Մելիտինե(Մալաթիա) հատվածն անցնում էր Ծոփքի վրայով, որը հետագա դարերում էլ պահպանեց իր առևտրատնտեսական նշանակությունը: Դրանից բացի, Ծոփքում գուրծում էին մի քանի տեղական ճանապարհներ: Իբրև ջրային ճանապարհ օգտագործվում էր Արածանիի ստորին հոսանքը: Սակայն այստեղ նավարկություն էր կատարվում միայն գետի հոսանքին համընթաց ուղղությամբ: Նշված ճանապարհների, հատկապես Պարսից «Արքայական ճանապարհ»-ի վրա ծոփքում առաջացել էին մի շարք ճանապարհային կայաններ և մի քանի խոշոր առևտրական քաղաքներ (Արշամաշատ, Արակաթիոկերտ), որոնք միաժամանակ արհեստագործության և մշակույթի կարևոր կենտրոններ էին:
Չորրորդ Հայքի ճանապարհները 7-8 դարերում, արաբաբյուզանդական հարատև պատերազմների, ապա սելջուկյան ու մոնղոլական ավերիչ արշավանքների պատճառով, կորցրել էին իրենց նախկին նշանակությունը: Այդ դարերում Չորրորդ Հայքի նախկին բարեկարգ քաղաքները, որոնք դարձել էին արհեստագործության ու առևտրի նշանավոր կենտրոններ, մասամբ ավերվում են, մասամբ էլ վեր են ածվում բերդերի:
Գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորձյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր այժմյան Խորձյան գետի վերին հոսանքի շրջանում՝ առավելապես նրա աջ կողմում: Մեծ մասամբ ծածկված էր խիտ անտառներով; Գրավում էր այժմյան Դերսիմի մի մասը: Խորձյանի պատմական վայրերից նշանավոր է Արտալես բերդը (գրվում է նաև Արտալեսոն ձևով): Արտալեսը գտնվում էր Հայաստանի առաջին բաժանման գծի վրա: Հենց այդ էր պատճառը, որ Հուստինիանոսը առանձնակի ուշադրություն դարձրեց նրա ամրացման վրա: Հավանաբար այս գավառում էր գտնվում նաև Խոզան բնակավայրը, որը Ասողիկի և Արիստակես Լաստիվերցու մոտ հիշատակված է իբրև քաղաք:
Հաշտյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվում էր Արածանիի աջ կողմում: Արևելքում սահմանակից էր Տուրուբերանի Տարոն գավառին, իսկ արևմուտքում՝ Չորրորդ Հայքի Խորձյան և Պաղնատուն գավառներին: Տարածքով Հաշտյանքը համընկնում է այժմյան Ճապաղջրի շրջանին: Հաշտյանքի մի մասը պատկանում էր Արշակունիների կրտսեր ժառանգներին:
Գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրը Կթառիճ բերդն էր: Հուստինիանոս կայսրի հրամանի մեջ, ինչպես և բյուզանդական այլ աղբյուրներում, այս բերդը կոչված է Կիթարիզոն: Հուստինիանոսի ժամանակ Կթառիճը, որպես սահմանային բերդ, հիմնովին վերակառուցվեց և ամրացվեց՝ վերածվելով բյուզանդական կայազորի կայանի: Հետագայում բերդի շուրջը ծավալվեց նույնանուն ֆեոդալական փոքր քաղաքը: Բերդի դիրքը շրջապատի նկատմամբ իշխող էր: Բավական հեռու տարածությունից սառնորակ ջուր էր բերված քաղաքի ներսը: Հեղեղումներից պաշտպանվելու համար այսգավառի բնակավայրերի զգալի մասը հին ժամանակներից ի վեր պարսպապատել են:
Պաղնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածվումն էր Խորձյանից հարավ՝ Արածաբնիի աջ կողմում: Գավառի նշանավոր վայրը Պաղին բերդն էր, որը գտնվում էր այժմ ավերակ դարձած Պաղին գյուղի տեղում: Պաղինը հին Հայաստանի ամուր բերդերից մեկն էր: Այս գավառից էր Հովսեփը, որը պատկանում էր Սահակի և Մեսրոպ Մաշտոցի կողմից արտասահման կրթության ուղարկված «առաջին թարգմանիչների» թվին:
Անգեղտուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգեղտունը տարածվում էր Մեծ Ծոփքից արևելք՝ Զիբենե գետի վրա ընկած լեռնային շրջանում, Հայկական Տավրոսի հարավահայաց լանջերին: Ավանդության համաձայն, այս գավառից էր առասպելական Տորքը, որը կոչվում է Տորք Անգեղ: Անգեղտունը պատկանում էր նույնանուն նախարարությանը: Նրա գլխավոր բերդը Անգեղը կամ Անգղն էր, որը և համարվում էր Անգղյան նախարարների ոստանը: Ենթադրվում է, թե այս բերդը հնագույն ժամանակների արմենական ցեղային միության կենտրոնն էր: Անուղղակի մի քանի վկայություններից կարելի է ենթադրել, որ Անգղ բերդը 4 դարում որոշ ժամանակ անցել էր Արշակունյաց արքունիքի ձեռքը:
Բալահովիտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքով Բալահովիտ գավառը համընկնում է այժմյան Բալուի շրջանին, որը փռված է Արածանիի հովտում՝ Ճապաղջրի և Խարբերդի միջև: Դաշտային գավառ է: Ունի արգավանդ հողեր: Գավառի և նրա կենտրոնի՝Բալու քաղաքի անունը կապված է այստեղ հնագույն ժամանակներում բնակված բալ կամ բաղ ցեղի անվան հետ: Գավառի նշանավոր վայրը Բալու բերդն էր, որն այժմ էլ գոյություն ունի իբրև փոքր քաղաք և գտնվում է Արածանիի աջ ափին:
Չորրորդ Հայքի մյուս երեք գավառները՝ Փոքր կամ Շահունյաց Ծոփքը, Դեգիքը և Գորեքը հին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում ավելի աննշան դեր են խաղացել: Անգամ հայտնի չէ Դեգիքի և Գորեքի դիրքը: Դրանց մեջ անհամեմատ ավելի հաճախ է հիշատակվում Շահունյաց Ծոփքի անունը: Վերջինս համապատասխանում է այժմյան Չմշկածագի շրջանին՝ Խարբերդից հյուսիս:
Անձիտ, Անձիթ կամ Հանձիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գավառի անունը հնագույն ծագում ունի: Տարածվում էր Արածանիի ստորին հոսանքի շրջանում՝ առավելապես նրա ձախ կողմում, համապատասխանում է այժմյան Խարբերդի շրջանին, որը հայտնի է բերրի հեղերով:
Գավառի պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են. Մազարա.-Քաղաք: Հավանաբար գտնվում էր Ծովք լճից արևելք գտնվող լեռնանցքների շրջանում, որոնց վրայով անցնում էր «Արքայական ճանապարհ»-ը: Մազարան այդ ճանապարհի կարևոր կայաններից մեկն էր և միաժամանակ ամուր բերդն էր: Խարրբերդ կամ Քարբերդ.- Համապատասխանում է այժմյան Խարփութին (Էլյազիզ),որը գտնվում է Եփրատի ստորին հոսանքի ձախ կողմում՝ մի փոքրիկ սարավանդի վրա: Ըստ հիշատակությունների,10-13 դարերում եղել է ամուր բերդ: Ռանդեա կամ Հռանդեա.- Գտնվում էր Արածանիի ձախ ափին՝ Խարբերդից հյուսիս-արևելք: Այս վայրը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավոր է դարձել նրանով, որ այստեղ 62 թ. հայ- պարթևական միացյալ զորքերը խայտառակ պարտության մատնեցին հռոմեական ատվարաթիվ բանակին, որի գլխավոր հրամանատարն էր Պետոսը: Պարտություն կրած հռոմեական զորավարը ստիպված է լինում հաշտություն խնդրել: Նույն վայրում 63թ. կնքվում է դաշնագիր, որով փաստորեն Հայաստանում սկսվում է Արշակունիների թագավորության շրջանը:
Չորրորդ Հայքում հիշատակված են մի շարք վայրեր, որոնք հայտնի չէ, թե որ գավառների մեջ են մտել: Դրանց շարքին է պատկանում նաև Արշամաշատ նծանավոր քաղաքը: Սա հավանաբար գտնվում էր Հանձիտ գավառում՝ տարանցիկ ճանապարհի վրա: Եղել է հելլենիստական տիպի քաղաք՝ առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն: Արշամաշատն իր ծաղկման շրջանն է ապրել 11 դարում (ք.ա):
Մեծ Ծոփք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գավառի անունը, ինչպես և Շահունյաց Ծոփք անունը, գործածության մեջ է եղել մոտավորապես 4 դարից սկսած, երբ նախկին Ծոփքը արդեն մասնատված էր առանձին նախարարությունների՝ գավառների: Մեծ Ծոփքը տարածվում էր Արղանա գետի ավազանում: Հարավում իր մեջ էր ընդգրկում նաև Ամիդի(Դիարբեքիրի) շրջանը: Սակայն 6 դարի վերջերին Ամիդի շրջանը Մորիկ կայսեր կողմից բաժանվում և միացվում է Հյուսիսային Միջագետքի պրովինցիային: Հավանաբար հենց այդ ժամանակ Մեծ Ծոփքի մյուս մասն էլ միացվում է Աղձնիքին՝ կազմելով վերջինիս Նփրկետ գավառի մի մասը:
Մեծ Ծոփքի պատմական վայրերից են. Բնաբեղ.- Բերդ: 4 դարի ամուր բերդերից մեկն էր: Այդ ժամանակ Բնաբեղը պատկանում էր Արշակունյաց արքունիքին, և այստեղ էր պահվում արքունական գանձերի մի մասը: Բնաբեղի դիրքը չի ճշտված, հավանաբար գտնվում էր Արղանա գետի ափին՝ տավրոսյան լեռների շրջանում: Արկաթիոկերտ.- Հելլենիզմի դարաշրջանում եղել է Ծոփքի ծաղկած քաղաքներից մեկը: Դժվար է իմանալ, թե երբ է հիմնադրվել, սակայն ստույգ հայտնի է, որ 3 դարի վերջերին և 2 դարի սկզբունքներին (ք.ա) արդեն դարձել էր առևտրի և արհեստագործության նշանակալի կենտրոն: Քաղաքի աշխարհագրական դիրքը չի ճշտված: Հավանաբար գտնվում էր Ծոփքի միջով անցնող վերը նշված ճանապարհի վրա: Արղանա կամ Արզնի.- Համապատասխանում է այժմյան Արղանամադանին, որը գտնվում է Արղանա գետի ափին՝ Դիարբեքիրից հյուսիս: Սա այժմ էլ հայտնի է որպես գունավոր մետաղների, առավելապես պղնձի հարուստ հանքատեղի: Արղանայի պղնձահանքերը շահագործվել են դեռևս ուրարտական ժամանակներից: Ամիդ.- Համապատասխանում է այժմյան Դիարբեքիրին, որը գտնվում է Արևմտյան Տիգրիսի աջ ափին, այնտեղ, որտեղ Տիգրիսը շեղվելով հարավային ուղղությունից, հոսում է դեպի արևելք: Բազմաթիվ աշխարհների, պատմագիրների ու գիտնականների մոտ Ամիդ- Դիարբեքիր քաղաքը շփոթված է Տիգրանակերտ-Մարտիրուպոլսի հետ: Մինչդեռ դրանք բոլորովին այլ քաղաքներ են: Տիգրանակերտ-Մարտիրուպոլիսը գտնվում էր Ամիդ- Դիարբեքիրից հյուսիս-արևելք՝ Բաթման գետի աջակողմյան վտակ Ֆարկինի (Ֆարկին-սու) ափին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://khechoyanani.home.blog/2019/09/29/%D5%AE%D5%B8%D6%83%D6%84/ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- ↑ https://digilib.aua.am/book/1389/1686/12035/%D5%8D%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%20%D5%B0%D5%AB%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%A1%D5%B5%D6%81 Ստորագրութիւն հին Հայաստանեայց
- ↑ http://publications.ysu.am/wp-content/uploads/2020/01/Artak-MovsisyanLiana-Karapetyan.pdf
- ↑ http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/hayagitharcer/2020(1).pdf Հայագիտության հարցեր
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_13.djvu/652 Հայկական Սովետական Հանրագիտարան
- https://www.yerevan.am/am/capitals-of-armenia/ Երևանի քաղաքապետարան պաշտոնական կայք
- https://arar.sci.am/dlibra/publication/43467/edition/38955/content Հելլենիստական դարաշրջանի
Կոմմագենեի և Ծոփքի պատմությունից
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թ.Հակոբյան Հայաստանի Պատմական աշխարհագրություն Եր.1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 139)։ |