Վարդենիս (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վարդենիս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արագածոտնի մարզ | |
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | |
ԲԾՄ | 1850 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼700 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վարդենիսցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վարդենիս, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Գյուղի արոտավայրերը գտնվել են դեպի Արագած ընկած առավել ուղիղ սարահարթում և բարձրացել են մինչև լեռան գագաթամերձ հատվածը։ Լավագույն ժամանակներում գյուղում ապրել է ավելի քան 2000 մարդ, իսկ գյուղի դաշտերում կերակրվել են վարդենիսցիներին և հարևան գյուղերի բնակիչներին պատկանող մինչև 5000 խոշոր եղջերավոր և 10000 մանր եղջերավոր կենդանիներ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ապարանից 5 կիլոմետր հարավ-արևելք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ և ձախ ափերին։ Արագած սարից դեպի Քասաղ գետը հասնող Ապարանի սարահարթի մոտ երեք կիլոմետր խորության ու երկու կիլոմետր լայնության կիսաշրջանաձև գոգավորություն-հարթության ներսում։ Սկզբնապես եղել է լեռնային թեքությունների կամ ներկայիս բնակավայրի արևմտյան հատվածի վրա։ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին բնակիչները տներ են կառուցել ներկայիս բնակավայրի հյուսիսարևելյան, արևելյան հարթություններում և կամաց-կամաց անցել են գյուղամիջյան առուն ու մոտեցել Քասաղ գետին, անցել գետի ձախ ափը։
Բնակավայրը բոլոր ուղղություններում գտնվելով սարահարթից ցածր՝ ապահովված է քամիներից։ Արևմուտքից՝ Արագած սարի կողմից եկող և գյուղի մեջ ձորի վերածված իջվածքով հոսում է Վարդենիս գետակը, որը բերում է Արագածի ջրերը և ջրովի դարձնում գյուղի հարավային հատվածի բանջարանոցները։ Այս գետակը հատկապես վտանգավոր է դառնում գարնան ձնհալի օրերին։
Հյուսիսից հարավ, Քասաղ գետի հունին զուգահեռ, գյուղամիջով անցնող առուն ոռոգման նպատակով փորվել է ավելի քան երկու-երեք հազարամյակ առաջ։ Այն սնվել ու ներկայումս էլ սնվում է Քասաղի ջրով և իր միջնամասում աշխատեցրել է երեք քարով ջրաղացը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդենիսի կլիման ցամաքային է՝ ցուրտ ձմեռներով ու զով ամառներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 4,3 աստիճան է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -9,6 աստիճան, նվազագույնը՝ -33 աստիճան, հուլիսինը՝ 16,6 աստիճան, առավելագույնը՝ 32 աստիճան։ Ձմեռը տևական է՝ 5-6 ամիս, կայուն ձնածածկույթով։ Սառնամանիքային օրերի թիվը 134 է (Արարատյան դաշտում՝ 200 օր։ Տեղումները տարեկան կազմում են 550-700 միլիմետր, Արարատյան դաշտում՝ 200-350 միլիմետր։ Վարդենիսի տարածքը Հայաստանի համեմատաբար խոնավ շրջաններից է։
Բնական պաշարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի 442 ողնաշարավոր կենդանիներից շուրջ 180-ը հանդիպում են Ապարանի դաշտում, մասնավորապես Վարդենիսի տարածքում։ Այդ թվում՝ արջ, գայլ, աղվես, վայրի կատու, վարազ, նապաստակ, դաշտամուկ, ճագարամուկ, ոզնի, գորշուկ, ավելի քան տասը տեսակի օձ և մողես, բազե, արծիվ, ագռավ, կաչաղակ, վայրի ու ընտանի աղավնիների մի քանի տեսակ, բու, բվեճ, կկու, հոպոպ, փայտփորիկ, սարյակ, ծիծեռնակ, արտույտ, լոր, ավելի քան տասը տեսակի ծիտ, բադ, ճայ։ Ընտանի կենդանիներից բուծվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, թռչուններ։ Շուրջ 5 կիլոմետր Վարդենիսի տարածքով է հոսում Քասաղ գետը։ Գյուղի հարավային մասում, մոտ 2 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է Ապարանի ջրամբարը։ Վարդենիսի տարածքով անցնող Քասաղ գետի ջրերում ապրում են կողակ, բեղլու, սազան, թառափ, խեցգետին։ Քասաղ գետի ջրերը աշխատեցրել են չորս ջրաղաց՝ Ավոյի ջրաղացը, Միրզոյի ջրաղացը, Մուրադի ջրաղացը, Բաղոյի ջրաղացը։ Սրանցից Մուրադի ջրաղացը եղել է ամենամեծը և ունեցել է վեց աչք։ Վարդենիսը հարուստ է սառնորակ աղբյուրներով։ Հայտնի են Յոթնակնը (Յոթ վերք), Լուսաղբյուրը։ Վարդենիսի դաշտերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ՝ փետրախոտ, շյուղախոտ, սիզախոտ։ Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1850 մետր։ Ունի զով, առողջարար կլիմա։ Տները երկհարկանի են, քարաշեն, բարետես։ Գյուղը կանաչապատ է։ Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի և Քասաղ գետի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր։ 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը։ 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի, Բայազետի, Բասենի, Մուշի, Վանի և Խոյի գյուղերից։ 1828 թվականի աշնանը գյուղում հաստատվել է Խոյից գաղթած 36, Բայազետից՝ 9, Մուշից՝ 1 ընտանիք, 248 մարդ (123 տղամարդ, 125 կին)։ Վարդենիսի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն։ Տարիներ առաջ դպրոցի մի մասնաշենքում գործել է մանկապարտեզ, գյուղի հին դպրոցի շենքում՝ Վարդենիսի տրիկոտաժի մասնաճյուղը։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի առաջին քարով և կրով տունը կառուցել է Ջանիբեկ Պետրոսյանը, առաջին երկթեք շիֆերածածկ կտուրը՝ Մնացական Պետրոսյանը, առաջին խնձորի այգին տնկել է Պողոս Հովհաննիսյանը, առաջին հեռուստացույցը միացրել է Մնացական Հայրապետյանը, առաջին սառնարանը ունեցել է Մնացական Պետրոսյանը, առաջին երկհարկանի տունը կառուցել է Կարապետ Ղազարյանը։ Գյուղի բնակիչների կողմից երկու հոծ գաղութ է ստեղծվել Ապարանի շրջանից դուրս։ Առաջինը՝ 1930-ական թվականներին Երևանի Շահումյանի շրջանում ստեղծված 3-րդ գյուղն է (ներկայումս՝ Սիլիկյան թաղամաս), երկրորդը՝ Թիֆլիս քաղաքի Հավլաբար թաղամասում Բեսիկա փողոցը, որը 1930-1940-ական թվականներին գրեթե ամբողջությամբ բնակեցված էր վարդենիսցիներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հիմնական գերեզմանոցի արևմտյան հատվածում 1979 թվականին գտնվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների կավե ամաններ։ 1950-ական թվականներին ճարտարապետ Հովսեփ Եղիազարյանը Մացո Գալստյանի բակում տեսել է սևագույն տուֆից պատրաստված սրբատաշ մեծ քար, որը համարել է քառակող կոթողի պատվանդան։ Քարի ճակատամասում եղել է 4-5-րդ դարերի պատկերագրությամբ մարդու բարձրաքանդակ։ Ցավոք նրա նկարագրած բարձրաքանդակով քարն այժմ բացակայում է։ Հ.Եղիազարյանը հայտնում է, որ ըստ գյուղացիների տեղեկությունների գյուղի արևմտյան կողմում եղել է միջնադարյան եկեղեցու ավերակ, որը սակայն արդեն 1950-ական թվականներին չի եղել։ Պահպանվել ու մեր օրերն են հասել վաղ միջնադարյան սյունաքարերի հատվածներ։ Գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում մնում են միջնադարյան բերդ-ամրոցի հիմնային մասերը։ Մեկ այլ բերդի պարսպի մնացորդներ մնում են Լուսաղբյուր աղբյուրի շրջակայքում։ Յոթվերքի աղբյուրաշարքի մոտ մնում են հնագույն ջրային պաշտամունքի շրջանից հարատևող շինության և մատուռի մնացորդներ, գյուղի վարչական տարածքում, 4 կիլոմետր արևմուտք՝ ավերակ բնակավայր-ամրոցի հետքեր։ Գյուղի տարածքից գտնվել են Թամար թագուհու վրացական երկու և նույն շրջանի մեկ մոնղոլական, 17-18-րդ դարերի մեկ տասնյակից ավելի պարսկական, 18-19-րդ դարերի բազում ռուսական դրամներ։ 1254-1255 թվականներին այս գյուղում եղած իր դղյակում Այրարատի կողմնակալ-փոխարքա Քուրդ Ա Վաչուտյանը հյուրընկալել է Կարակորում մեկնող և վերադարձող Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորին։ Այս տեղեկությունը հաղորդում է Կիրակոս Գանձակեցին։ Վարդենիսի Յոթվերքի աղբյուրաշարքի պատմական անունը Աղբյուրակ է եղել։ XIX դարի կեսերից գյուղի տղամարդիկ յուրացրել են դանակ-մկրատ սրելու արվեստը և չարխն ուսերին հասել են Երևան, Թիֆլիս, Բաքու, Հյուսիսային Կովկաս, Ռուսաստանի խորքերը։ Արտագնա աշխատանքի մեկնածների մեջ եղել են գրեթե բոլոր ընտանիքների տղամարդիկ։ Աշխատած գումարները հնարավորություն են տվել տարածաշրջանի մյուս գյուղերի բնակիչների համեմատությամբ ավելի բարեկեցիկ կյանք վարել, ժամանակին վճարել պետական հարկերը, զավակներին կրթության ուղարկել Վաղարշապատի, Երևանի, Թիֆլիսի դպրոցները։
Մասնակցությունը պատերազմներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ական թվականներից սկսած ցարական բանակում տարեկան ծառայել են 100-150 տղամարդ։ 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը Ապարանի հերոսամարտին մասնակցել է 450-500 տղամարդ ու պատանի, քանի որ ճակատի գիծը գյուղից հեռու էր ընդամենը 800 մետր։ Գյուղի մնացյալ բնակիչներն ութ օր կերակրել են թե ճակատում գտնվող աշխարհազորայիններին, թե գյուղի մոտ կուտակված Արթիկի, Ապարան ի հյուսիսային կողմի գյուղերի փախստական բնակիչներին։ Հերոսամարտի կազմակերպիչների թվում էր Ապարանի հոգևոր թեմի առաջնորդ, վարդենիսցի Տեր-Հովհաննես Տեր-Մինասյան քահանան։ Հայրենիքին նվիրվածությունը վարդենիսցիները ցուցադրել են նաև 1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Վարդենիսցի 362 տղամարդ և մեկ կին է մասնակցել գերմանական ֆաշիստների դեմ ծավալված պատերազմին։ Նրանցից 131-ը զոհ է գնացել պատերազմին՝ ապահովելով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը։ Վարդենիսի երկու տասնյակից ավելի որդիներ մասնակցել են Արցախյան ազատամարտին՝ պաշտպանելով Հայոց հողի անկախությունը և նորանկախ Հայաստանի Երկրորդ Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-2000-ական թվականներին ավելի քան 700 վարդենիսցիներ Հայաստանի և արտասահմանի ուսումնական հաստատություններում ստացել են բարձրագույն և մասնագիտական կրթություն։ Նրանցից Տիգրան Թորոսյանն ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի և քաղաքագիտության դոկտորի, իսկ Վարդգես Հայրապետյանը, Յուրի Մարգարյանը, Հասմիկ Պետրոսյանը, Սոս Պետրոսյանը, Սիմոն Թորոսյանը, Գոհար Ավագյանը գիտության թեկնածուի աստիճան, Մանուկ Պետրոսյանը՝ դոցենտի գիտական աստիճան։ Վարդենիսցիներ Կառլեն Աղաբաբյանը, Սերգեյ Պետրոսյանը, Օֆելյա Պետրոսյանը, Էթերի Պետրոսյանը, Լյովա Եղիազարյանը, Ռուզաննա Ազիզյանը ղեկավարել ու ղեկավարում են Երևան քաղաքի տարբեր դպրոցներ, Ռաֆիկ Աղաբաբյանը, Կարինե Ավետիսյանը դպրոցներ են ղեկավարել Էջմիածնի շրջանում, Ռաֆիկ Ներսիսյանը՝ Աշտարակ քաղաքում, Սամվել Սեդրակյանը՝ Քաշաթաղում, իսկ Կարինե Մանուկյան-Զոհրաբյանը՝ Թբիլիսի քաղաքում։
Հայտնի Վարդենիսցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդենիսցի Տրդատ Եղիազարյանը 1923-1930 թվականներին եղել է Ապարանի գավառամասի, ապա՝ Էջմիածնի գավառի գործադիր կոմիտեի նախագահ, Մկրտիչ Մուրադյանը՝ Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար, նրա դուստր Լարիսա Մուրադյանը՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարի տեղակալ, Անդրեյ Եղիազարյանը՝ ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ, Օթարի Հակոբյանը՝ նախ ՀԿԿ Վայքի, ապա՝ ՀԿԿ Արարատի շրջկոմի առաջին քարտուղար, Ջանիբեկ Ալեքսանյանը՝ Քանաքեռի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, Ազիզ (Թամարա) Սարգսյանը՝ ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարի օգնական, ապա՝ Կոտայքի շրջխորհրդի սոցապ բաժնի վարիչ, Մարատ Հակոբյանը՝ Երևան քաղաքի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի բաժնի վարիչ, Սամվել Հակոբյանը՝ Նաիրիի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ, Արևիկ Պետրոսյանը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ, Խաչատուր Կարապետյանը՝ Ապարանի շրջխորհրդի գործկոմի ֆինբաժնի, ապա՝ սոցիալական ապահովության բաժնի վարիչ, Վաղարշակ Գևորգյանը՝ Ապարանի շրջանի միլբաժնի պետ, Գևորգ Աղաբաբյանը՝ Ապարանի շրջխորհրդի գործկոմի ճանապարհաշինության և վերանորոգման գրասենյակի պետ, Սուրեն Աղաբաբյանը՝ Ապարանի շրջխորհրդի կոմունալ բաժնի վարիչ, Վալտեր Ավետիսյանը՝ Ապարանի գյուղկոոպի նախագահ, Մնացական Պետրոսյանը, ,, Սայուզպեչատի,, Ապարանի բաժանմունքի պետ, Սերգեյ Մակարյանը՝ Ապարանի շրջխորհրդի գործկոմի կրթության բաժնի վարիչ, Տիգրան Պետրոսյանցը՝ Ապարանի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, Սպարտակ Աղաբաբյանը՝ Ապարանի շրջանային,, Ապարան,, թերթի խմբագիր, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Վահան Եղիազարյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար, Տիգրան Թորոսյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Հրաչյա Պետրոսյանը 2011 թվականին նշանակվել է Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետ, Ռոբերտ Մակարյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի պատգամավորներ են եղել Սուրեն Աղաբաբյանը, Վաչիկ Ազիզյանը, Օթարի Հակոբյանը, Գևորգ Ազիզյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մարտին Հովհաննիսյանը, Տիգրան Թորոսյանը։ Օպերատոր Վաչիկ Ազիզյանն արժանացել է,, Աշխատանքային Փառք,,-ի երեք աստիճանի շքանշանների (հավասարեցվել է Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման), ՀԽՍՀ պետական մրցանակի, իսկ մեխանիզատոր Հմայակ Պետրոսյանը՝ ԽՍՀՄ պետական մրցանակի։ Ութը վարդենիսցիներ արժանացել են ԽՍՀՄ ՆԳՆ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի, Հայաստանի Երկրորդ Հանրապետության բանակի և ոստիկանության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության ներքին ծառայության գնդապետի կոչման (Սիմոն Եղիազարյան, Խաչիկ Եղիազարյան, Խաչիկ Հովհաննիսյան, Համլետ Մնացականյան, Արմեն Պետրոսյան, Արայիկ Հարությունյան, Յուրիկ Եղիազարյան, Սերգեյ Համբարձումյան), իսկ Ջանիբեկ Ալեքսանյանը, Սուրեն Ավետիսյանը, Տիգրան Պետրոսյանցը, Սուրեն Եղիազարյանը, Սամվել Եղիազարյանը, Հովհաննես Արմենակյանը, Հրաչյա Պետրոսյանցը արժանացել են փոխգնդապետի կոչման։ Տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետի, մանկավարժներ Ռուբեն Ավետիսյանն ու Բարսեղ Հովհաննիսյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Ռոման Հարությունյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի, Գագիկ Մուրադյանը՝ ԽՍՀՄ վաստակավոր երկրաբանի, գնդապետ Սիմոն Եղիազարյանը՝ ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատողի, պարուսույց Վահագն Նալբանդյանը՝ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի, ապարատավար Վաչիկ Ազիզյանը՝ ԽՍՀՄ պատվավոր քիմիագործի, Միխայիլ Անդրեասյանը՝ ՌԴ կենցաղսպասարկման վաստակավոր աշխատողի, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ Կրկեսային արտիստ Սոս Սոսի Պետրոսյանի անունը մտել է Գինեսի ռեկորդների գիրք։ Բռնցքամարտիկ Սամվել Ղազարյանը եղել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկներ Վարդգես Մարգարյանը և Հենրիկ Բաղդասարյանը եղել են Վրաստանի և Հայաստանի չեմպիոններ, սկավառականետորդ Հռիփսիմե Եղիազարյանը եղել է Հայաստանի չեմպիոն, Արմեն Նալբանդյանը եղել է ծանրամարտի,, Բուրեվեստնիկ,, մարզական ընկերության ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ, ֆուտբոլիստ եղբայրներ Արթուր և Ռոբերտ Միրզոյանները երկար տարիներ խաղացել են,, Արարատ,, և այլ մարզական ակումբներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդենիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)
- Սուրբ Հակոբ եկեղեցի (Վարդենիս)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Հայազն, Վարդենիս։ Հանրագիտարան։ Երևան, 2009 թ., 196 էջ։
- Տիգրան Հայազն, Պատկերագիրք։ Ալեք /վարդենիսցի գեղանկարիչ Ալեք Կարապետյանի մասին/։ Երևան, 2011 թ.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 191» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 25-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
|