Ջինի (վայրենացած աղջիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինի
անգլ.՝ Genie[1]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1957(1957-04-18) (67 տարեկան)
ԾննդավայրԱրկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Ջինի (անգլ.՝ Genie ապրիլի 18, 1957(1957-04-18), Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ,?)[2], վայրենացած աղջիկ, հայտնաբերվել է ամերիկյան իշխանությունների կողմից 1970 թվականին։ Ջինին իր կյանքի սկզբնական 13 տարին և 7 ամիսը անց է կացրել փակ սենյակում՝ լինելով գործնականում լրիվ սոցիալական մեկուսացման մեջ։ Դեպքը նշանակալի հետաքրքրություն է առաջացրել հոգեբանների, լեզվաբանների և այլ գիտնականների շրջանում։ Սկզբում աղջկան տեղավորել են մանկական հիվանդանոցում, ավելի ուշ եղել է գիտնականների, խնամակալների և իր մայրիկի խնամքի տակ։ Որոշ ժամանակ անց հետազոտությունների ֆինանսավորումը դադարեցվել է, և Ջինիին տեղավորել են սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված հաստատություններում[3]։ Նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում[4][5]։

Ջինի անունը աղջկա կեղծանունն է։ Այն տրվել է հետազոտողների կողմից՝ որպես երաշխիք, որ նրա իսկության գաղտնիությունը որոշ չափով ապահովված կլինի։ Ջինիի հետ աշխատող լեզվաբան Սյուզան Կուրտիսի բառերով, աղջիկը նման էր շշի մեջ եղած ջինի, որը հետևում թողնելով մանկական տարիները, հանկարծ հայտնվել էր հասարակության մեջ[6]։

Նա չի ունեցել այն, ինչը մարդիկ անվանում են մանկություն։
- Սյուզան Կուրտիս
Արտաքին մեդիաֆայլեր
Պատկերներ
Ջինիի «Ճագարի քայլվածքը»
Տեսաֆայլեր
Ջինիի «Ճագարի քայլվածքը»


Մեկուսացում և ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինիի հայրը՝ Դորոտին Օգլեսբի Այրինը (անգլ.՝ Dorothy Irene Oglesby) և մայրը՝ Կլարկ Ուայլի Գրեյը բնակվել են Կալիֆորնիայի Արկադիա քաղաքում, նրանք ունեցել են 4 երեխաներ, որոնցից ողջ են մնացել միայն երկուսը՝ Ջինին և նրա ավագ եղբայր Ջոնը։ Մահացած երկու մեծ երեխաների մահվան հանգամանքները դեռևս մինչև վերջ պարզված չեն։ Կլարկ Ուայլը իր առաջնեկին՝ դստերը, որն իր լացով նյարդայնացնում էր նրան, փաթաթել է ծածկոցի մեջ և տեղավորել ավտոտնակում՝ արկղի մեջ։ Դրանից հետո 2,5 ամսական երեխան մահացել է թոքերի բորբոքումից։ Երկրորդ երեխան՝ որդին, մահացել է ծնվելուց շատ չանցած՝ խեղդվելով սեփական թքից։ Ջինի մայրը՝ Այրինը տառապել է երկու աչքերի կատարախտից, որը մանկական տրավմայի հետևանք է եղել և 90 տոկոսով կույր էր[7][8][9][10]։

Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում Ջինին մանկաբույժի կանոնավոր հսկողության տակ է եղել։ Բժշկական գրառումների համաձայն, Ջինին այդ շրջանում նորմալ երեխա է եղել։ Ըստ նրա մայրիկի, աղջիկը հրաժարվել է ընդունել կոշտ սնունդ, ինչպես նաև զարգացմամբ հետ է մնացել։ 14 ամսականում Ջինիին ախտորոշել են սուր թոքաբորբ։ Զննումից հետո, բուժող բժիշկը հայտարարել է այն մասին, որ նրա մոտ ի հայտ է եկել մտավոր հետամնացություն։ Այս ենթադրությունը եղել է շրջադարձային Ջինիի կյանքում. նրա հայրը մեկուսացրել է Ջինիին իր տան սենյակներից մեկում՝ զերծ պահելով մոր և ավագ եղբոր հետ շփումներից[11]։

Մեկուսացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինին կյանքի առաջին 12 տարիներն անցկացրել է փակ սենյակում։ Օրվա ընթացքում հայրը նրան տակաշոր է հագցրել և կապել է մանկական աթոռից։ Գիշերները աղջկան հագցրել է ինքնաշեն զսպաշապիկ և տեղավորել մետաղական վանդակի մեջ[12]։ Կլարկ Ուայլին աղջկան կերակրել է միայն կաթի և մանկական սննդի խառնուրդներով և նրա հետ շփվել է՝ հիմնականում շան նման հաչելով և գռմռալով։ Ամեն անգամ, երբ Ջինին խոսելու փորձ է արել, հայրը նրան փայտով ծեծել է։ Ջինիի խաղալիքները սենյակում կախված պլաստիկ թիկնոցներն ու թելերի դատարկ կոճերն են եղել[9]։ Ուայլին տանել չի կարողացել աղմուկը, այդ պատճառով էլ տանը չի եղել ո՛չ ռադիոընդունիչ, ոչ էլ հեռուստացույց։ Աղջկա մայրը և եղբայրը՝ վախենալով Կլարկից, խոսել են շշուկով[4][7][8][11][13]։

Կլարկի պատկերացմամբ, Ջինին մինչև 12 տարեկանը պետք է մահանար։ Նա կնոջն ասել է, որ երբ լրանա Ջինիի 12 տարեկանը, նրան կարող է բժշկի տանել։ Սակայն հետագայում նա հրաժարվել է իր խոսքերից և արգելել կնոջը դուրս գալ տնից և շփվել ծնողների հետ[14]։

Ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին 50-ամյա Այրինը բաժանվել է ամուսնուց՝ իր հետ տանելով աղջկան, որն այդ ժամանակ 13 տարեկան էր։ Այդ ընթացքում Ջոնն արդեն փախել էր տնից[8]։ 1970 թվականի նոյեմբերի 4-ին Այրինը դիմել է Կալիֆորնիայի Թեմփլ-Սիթի քաղաքի Սոցիալական օգնության դեպարտամենտին կույրերին տրվող դրամական օգնության համար։ Նա իր հետ վերցրել էր Ջինիին, բայց գրեթե ամբողջապես կույր լինելու պատճառով շփոթել էր դռները և մտել այն բաժին, որտեղ ընդունում էին ընդհանուր հարցերով դիմող քաղաքացիներին։ Նրանց մոտեցած սոցաշխատողը իսկույն ուշադրություն է դարձրել Ջինիի ոչ սովորական պահվածքի վրա. աղջիկը կամ թքում էր, կամ քայլում էր ձգված «ճագարային քայլվածքով», ձեռքերը մարմնից առաջ կախելով, մատները չռելով մագիլների նման։ Փոքրիկ և նիհար տեսքից ենթադրելով, որ Ջինին ոչ ավելի, քան 6-7 տարեկան է, սոցիալական աշխատողը ցնցվել է՝ իմանալով, որ նա արդեն 13 տարեկան է։ Մորը մանրակրկիտ հարցուփորձ անելուց հետո և ստանալով աղջկա տարիքի հաստատումը, սոցիալական աշխատողն իր ղեկավարի հետ միասին այդ մասին իրազեկել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչներին[4][10]։

Մեղադրանք Ուայլի ամուսիններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայլի ամուսիններին մեղադրանք է ներկայացվել՝ երեխայի հետ դաժան վարվելու համար։ Դատական նիստի սկսվելուց քիչ առաջ Քլարկ Ուայլին ինքնասպան է եղել՝ կրակելով աջ քունքին[9]։ Նա թողել է գրություն, որտեղ գրված էր, որ «աշխարհը երբեք չի հասկանա» (անգլ.՝ The world will never understand)[4], ինչպես նաև ևս մեկ գրություն և 400 դոլար Ջոնի համար[8][14]։

Այրինին և Կլարկ Ուայլիին ձերբակալող ոստիկանը՝ Լինլեյը հիշում է.

Ջինին քնում էր բնի մեջ, որը իրենից ներկայացնում էր մետաղալարե ցանց, որը փակված էր կողպեքով։ Դա վանդակ էր երեխայի համար։ Սենյակի պատուհանները ծածկված էր արևի լույսը անձրադարձնող ալյումինե փայլաթիթեղով։ Սենյակում այնքան մութ էր, որքան գիշերը հանքահորում։
- Լիմլեյ

Ոստիկանությունը հայտնաբերել է Կլարկ Ուայլիի օրագիրը, որտեղ նշումներ կային այն մասին, թե երբ է դուռն ու լուսամուտները փակել՝ հարևանների անցանկալի հայացքներից խուսափելու նպատակով։ Լինլիի բառերով՝ նա իր տան մեջ լրիվ բռնապետ էր[8]։

Հայտնաբերման պահին 13-ամյա Ջինին տակաշորերով է եղել և խոսել գրեթե չի իմացել[6]։ Դատարանի որոշմամբ նրան տեղավորել են Լոս-Անջելեսի Կալիֆորնյայի համալսարանին կից մանկական հիվանդանոցում[15][16]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

13-ամյա Ջինիին տեղավորել են մանկական հիվանդանոցում։ Աղջկա քաշը մոտ 27 կգ էր, իսկ հասակը՝ 1,37 մ[5]։ Նա չէր կարողանում վազել, չէր կարողանում ամբողջությամբ ուղղել ոտքերն ու ձեռքերը և այդ պատճառով էլ քայլելիս զգալի դժվարություններ էր ունենում։ Աղջիկը չէր արձագանքում շրջապատող միջավայրի ջերմաստիճանին, ընտելացած չէր զուգարանից օգտվելուն, չէր կարողանում ծամել, թուքը վերահսկել և անընդհատ թքում էր, աղջկա մարմինը և շորերը ծածկված էին թքով[6]։ Երկար ժամանակ նստած վիճակում ամրացված լինելու արդյունքում, նրա հետույքին առաջացել էին զանգվածեղ կոշտուկներ։ Նկատվել են նաև տեսողության և ատամների վիճակի հետ կապված զգալի խնդիրներ։

Ջինիի մի ամբողջ շարք սովորույթներ, որոնք ձեռք էին բերվել կյանքի վաղ տարիներին, շարունակել են մնալ։ Երբ ինչ որ բան հետաքրքրում կամ հուզում էր աղջկան, նա չէր կարողանում վերահսկել մեզը և միզում էր։ Բացի դրանից, նա անժույժ ձեռնաշարժությամբ էր զբաղվում։ Հիվանդանոցում գտնվելու սկզբնական ամիսների ընթացքում մի շարք հետազոտություններ են անցկացվել, որոնք ուղղված էին նրա հոգեբանական և ֆիզիկական վիճակի որոշմանը։ Թեստերը ցույց են տվել, որ մտավոր զարգացման տեսակետից նա գտնվում է մեկ տարեկան երեխայի մակարդակի վրա։ Սկզբում նա կարողանում էր ճանաչել միայն իր անունը և ներողություն («sorry») բառը։ Որոշ ժամանակ անց աղջիկը սկսել է արտաբերել երկու բառակապակցություն, որոնք մասնագետների կարծիքով ծիսական բնույթի հրահանգներ էին՝ «դադարեցրու դա» և «բավական է» («stopit» և «nomore»)[4][7][11][15]:

Վերականգնողական գործընթաց․ մասնագետների ներգրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինիի վերականգնման և հետազոտման աշխատանքներով զբաղվել են մի շարք մասնագետներ.

  • Հովարդ Հանսեն (անգլ.՝ Howard Hansen)՝ հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի վարիչ
  • Դեվիդ Ռիգլեր (անգլ.՝ David Rigler)՝ հոգեբուժական բաժանմունքի առաջատար հոգեբան
  • Ջեյմս Քենտ (անգլ.՝ James Kent)՝ բուժող բժիշկը
  • Ջեյ Շյորլի (անգլ.՝ Jay Shurley)՝ հոգեբույժ, սոցիալական մեկուսացման դեպքերի հետազոտման ոլորտի մասնագետ։

Նախագծի ընդհանուր ուղեցույցը ստացել է «Չափից ավելի սոցիալական մեկուսացման հետևանքներ», որը ղեկավարում էր Դեվիդ Ռիգլերը[4][15][17]։

Ջինիի լեզվական կարողությունների՝ նորմայից շեղվածությունը պարզելու համար, հրավիրվել է Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի հոգեբանական լեզվաբանության ոլորտի փորձագետ Վիկտորյա Ֆրոմկինինը, որը հետագայում մի քանի գրքեր է հրապարակել Ջինիի մասին[18]։ Նրա հետ միասին հետազոտություններին մասնակցել է նաև դիպլոմավորված երիտասարդ լեզվաբան Սյուզան Կուրտիսը (անգլ.՝ Susan Curtiss):

Ջինին սոցիալականացված չէր և պահում էր իրեն շատ վատ, բայց միևնույն ժամանակ նա հմայեց մեզ իր գեղեցկությամբ[6]։
- Սյուզան Կուրտիս

Սյուզան Կուրտիս․ խնամք և հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության մի քանի տարիները Կուրտիսը նվիրել է Ջինիի հետ աշխատելուն[10]։ Աշխատելու առաջին փուլում Սյուզան Կուրտիսը շփման եզրեր գտնելու նպատակով հաճախակի այցելել է Ջինիին, նրան տարել է զբոսանքի։ Նրանք գնում էին խանութ, և Ջինին հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում մսամթերքների և պլաստիկ բեռնարկղերի վրա։ Ջինին, որն իր կյանքն անց էր կացրել, գործնականում, տան պատերից դուրս չգալով՝ հետաքրքրվում էր բոլոր շենքերով, որոնց կողքով անցնում էին Կուրտիսի հետ։ Աղջիկը հաճախ մոտենում էր տների դռներին՝ հուսալով, որ իրեն ներս կթողնեն և ինքը կարող է տեսնել ինչ կա ներսում[4]։

Չնայած այն բանին, որ սկզբնական շրջանում Ջինիի բառապաշարում կար 20 բառից էլ պակաս, Կուրտիսը նրան նկարագրել է՝ որպես «շատ շփվող» երեխա։ Ըստ Կուրտիսի, եթե Ջինիին չէր հաջողվում բառերով արտահայտել մտքերը, նա օգտագործում էր ժեստեր։ Աղջկան դուր էր գալիս, երբ իրեն շոյում էին և գրկում։ Եթե նրան ինչ-որ բան նյարդայնացնում էր, ապա աղջիկը արձագանքում էր «անձայն ճիչով», բայց ժամանակի ընթացքում նա սկսեց «իր հույզերը լրիվ բացահայտ արտահայտել»[4]։

1971 թվականի հունիսին Կուրտիսը սկսել է պարբերաբար հետազոտել աղջկա լեզվաբանական հնարավորությունները։ Մեկուսացումից ազատվելուց հետո առաջին 7 ամիսների ընթացքում Ջինին 100-ից ավելի նոր բառեր է սովորել հասկնալ և սկսել է խոսել[16]։ Կուրտիսը հիշում է, որ մի անգամ Ջինիի հետ հյուրընկալվել էին մի հոգեբանի տանը, և Ջինին սկսել էր ուսումնասիրել նրա տան սենյակները։ Ջինիի ուշադրությունը գրավել էր դեկորատիվ բարձը։ Այն հարցին, թե «սա ի՞նչ է», աղջիկը պատասխանել էր «pillow»՝ բարձ։ Ապա Ջինիին հարցրել էին «կուզես տեսնել կատվին»։ Ջինին՝ գլուխը կտրուկ ճոճելով պատասխանել է․ «No. No. Cat» («Ոչ։ Ոչ։ Կատու»)։ Այնուամենայնիվ, ամբողջ ընթացքում երեխան հիմնականում լռել է[6]։

Սկզբում Ջինին, նոր խոսել սկսող երեխայի նման, մեկ բառից կազմված ֆրազներ է արտասանել։ 1971 թվականի հուլիսին նա սկսել է երկու բառերը միավորել մեկ բառակապակցության մեջ՝ «big teeth» («շատ ատամներ»), «little marble» («փոքր գնդիկ»), «two hand» («երկու ձեռք»)։ Ավելի ուշ՝ Ջինին սկսեց օգտագործել բայեր՝ «Curtiss come» («Կուրտիս գալ»), «want milk» («կաթ ուզել»)։ Այդ նույն թվականի նոյեմբերին Ջինին սկսել է 3 բառից կազմված բառակապակցություններ կազմել. «small two cup» («երկու փոքր բաժակ»), «white clear box» («սպիտակ թափանցիկ արկղ»)[19]։ Կուրտիսը նշում է, որ 1972 թվականի հունվարին Ջինին օգտագործելով սահմանափակ բառապաշար՝ սկսել է նկարագրել անցյալում տեղի ունեցած իրադարձությունները[11]։ Մասնավորապես, աղջիկը պատմում էր Կլարկ Ուայլիի մասին. «հայրիկ խփել ձեռք։ Մեծ փայտիկ։ Ջինի լացել» (անգլ.՝ Father Hit Arm. Big Wood. Genie Cry)[4][7][20]: Որոշ ժամանակ անց նա սովորել է կարդալ պարզ բառեր[6]։

Ի տարբերություն նորմալ երեխաների, Ջինին երբեք հարցեր չէր տալիս, չնայած հարցեր տալ սովորեցնելու բազմաթիվ փորձեր են արվել[7]։ Նա չէր կարողանում յուրացնել նաև քերականությունը, իսկ նրա խոսքային ունակությունների զարգացումը չափազանց արգելակված էր[21]։ Որպես կանոն, երբ երեխան սկսում է երկու բառից կազմված ֆրազներ արտասանել, դրանից մի քանի շաբաթ անց նրա խոսքում կտրուկ թռիչքաձև աճ է նկատվում, և երեխայի խոսքային ունակությունները սկսում են ակտիվորեն զարգանալ։ Ջինիի հետ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Նույնիսկ չորս տարի կրթվելուց հետո, նրա խոսքը նման էր «հեռագրային աղավաղված ոճի»[7][21]։ Այդպիսով պարզվել է, որ աղջիկն անկարող է կապակցված խոսք արտաբերել՝ խոսքի մասերի և կապող բառերի միջոցով և կազմել իմաստ արտահայտող նախադասություն։ Նրա համար դժվարություն էին ներկայացնում այն նախադասությունները, որտեղ օգտագործվում էին օժանդակ բայեր, բայական անդամի լրացումներ։ Ջինին պարբերաբար բաց էր թողնում անգլերենի այնպիսի օժանդակ բառեր, ինպիսիք են «ունենալ» և «պետք է»[19]։ Այնուամենայնիվ, դասավանդողներին հաջողվել է արձանագրել որոշ առաջընթաց Ջինիի մոտ։ Օրինակ, վերականգնողական աշխատանքների ընթացքում Ջինիի խոսքում այսպիսի աճ է գրանցվել․

Կրիտիկական շեմի վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Հարվարդի համալսարանի հոգեբան Էրիկ Հայնց Լիննեբերգը առաջ է քաշել այսպես կոչված կրիտիկական շրջանի վարկած։ Նա պնդում էր հետևյալը. գոյություն ունի տարիքային որոշակի շեմ, որից հետո հնարավոր չէ տիրապետել լեզվի հմտություններին։ Ըստ Լիննբերգի՝ կրիտիկական շրջանը սկսվում է մոտ երկու տարեկանից և ավարտվում է սեռական հասունացման շրջանի ավարտով։ Հետևում թողնելով կրիտիկական շրջանը՝ մարդն անկարող է լինում տիրապետել մայրենի լեզվին։ Ջինիի փորձը մասամբ հերքել է այս վարկածը[19]։ Վիկտորյա Ֆրոմկինը այդ կապակցությամբ նշում է, որ կրիտիկական շրջանի ավարտին երեխան «կարող է որոշ չափով տիրապետել լեզվի հմտություններին»։ Մյուս կողմից, Ջինիին չի հաջողվել յուրացնել քերականությունը, որն ըստ Նոամ Չոմսկու պնդման, այն է, ինչը տարբերում է մարդկանց լեզուն կենդանիների հաղորդակցությունից։ Օրինակ, Ջինին չի կարողացել հասկանալ, թե որն է դերանունների տարբերությունը կամ բայի ակտիվ և պասսիվ ձևերի տարբերությունը[23]։ Դրանից ելնելով՝ առաջ քաշվեց ենթադրություն, որ նմանատիպ խնդիրները հաստատում են կրիտիկական շրջանի վարկածը[24]։

Ջինիի ուսման հետ կապված խնդիրները ուսուցանողների ուշադրության պակասի հետ կապելը ճիշտ չէր լինի։ Սկզբում անհավանական էին համարում, որ աղջիկն ինչ-որ ժամանակ դպրոց կգնա, բայց մանկական հիվանդանոցում գտնվելուց մի քանի ամիս անց նա սկսել է հաճախել նորմալ երեխաների համար նախատեսած մանկամսուր։ Շուտով նրան տեղափոխել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված տարրական դպրոց։ Այնուհետև նա մի քանի տարի սովորել է մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար նախատեսված միջնակարգ ուսումնական հաստատությունում[9]։ Ջինիի հետ մի քանի տարի շարունակ զբաղվել է նաև լոգոպեդը[7]։

Ենթադրություններ և եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները ենթադրել են, որ Ջինիի լեզվական խնդիրները պայմանավորված չեն եղել բնածին շեղումներով։ Չնայած նրա մոր կողմից ներկայացված՝ հաճախ հակասական, տեղեկություններին, բժիշկները հակված են եղել այն մտքին, որ Ջինին ծնվելիս նորմալ երեխա է եղել։ Քանի որ աջլիկ մարդկանց ճնշող մեծամասնության խոսքի կենտրոնը գտնվում է գլխուղեղի աջ կիսագնդում՝ Կուրտիսը հետևյալ ենթադրությունն է արել․ «Ջինիի լեզվական խնդիրները կարելի է բացատրել նրանով, որ խոսքային ունակությունների զարգացման և գործունեության համար պատասխանատու է գլխուղեղի աջ կիսագունդը»[7]։

Իր ենթադրությունների իսկությունը ստուգելու համար, Կուրտիսը մի շարք թեստեր է անցկացրել, որոնցից մեկն այսպես կոչված «երկճյուղ ունկնդրումն» է (անգլ.՝ dichotic listening): Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ փորձարկվողին ականջակալների միջոցով երկու անկախ աղբյուրներով հաղորդվում է տարբեր ձայնային ինֆորմացիա։ Անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ փորձերի բոլոր դեպքերում, Ջինին ձախ ականջին հասած ինֆորմացիան ավելի լավ է ճանաչել, քան՝ աջ ականջինը։ Կուրտիսը գրում է, որ ինֆորմացիան, որ հաղորդվել էր ձախ ականջակալին, Ջինին ճանաչել էր 100 % ճշգրտությամբ, իսկ աջ ականջակալին՝ պատահականության մակարդակից էլ ցածր ճշտությամբ։ Դա ցույց է տալիս, որ Ջինիի մոտ հիմնականում գործում էր գլխուղեղի աջ կիսագունդը[7]։

Գլխուղեղի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դրանից, մի շարք հետազոտություններ են անցկացվել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանին կից Ուղեղի ինստիտուտի (անգլ.՝ UCLA Brain Research Institute) աշխատակիցները։ Փորձերից մեկի ընթացքում Ջինին նախ լսել է տարբեր նախադասությունների խմբեր, այնուհետև նայել է քարտերին, որոնց վրա պատկերված էին դեմքեր։ Միաժամանակ կատարվել է էլեկտրաէնցեֆալոգրամա[Ն 1], որի տվյալները հաստատել են, որ առաջադրանքները կատարում է նրա ուղեղի աջ կիսագունդը, ընդ որում, ինչպես խոսակցական, այնպես էլ ոչ խոսակցական գործառույթների առաջադրանքները[7]։

Կուրտիսը նշել է, որ աղջիկը հատկապես լավ է կատարել այն հանձնարարությունները, որոնք ուղղված են եղել աջ կիսագնդի գործառույթի ստուգմանը։ Մասնավորապես, Ջինին գերազանցությամբ կատարել է այսպես կոչված «Մունի թեստը», որի էությունը կայանում է նրանում, ու փորձարկվողին ցուցադրում էին սև-սպիտակ, շատ ցայտուն նկարներ, որոնցից մի քանիսը արտահայտում էին մարդկային դեմքեր, իսկ մի քանիսն էլ՝ աբստրակտ պատկերներ։ Հիվանդը պետք է տարբերակեր, թե ո՞ր նկարներում են դեմքեր պատկերված[25]։ Ըստ Կուրտիսի՝ Ջինին ցույց է տվել գրականության մեջ երբևէ նկարագրված ամենալավ արդյունքը, որն անց է կացվել մասնակից երեխաների և մեծերի շրջանում[7]։

Ի սկզբանե Ջինիի բառապաշարը պարունակել է այնպիսի բառեր, որոնցով կարելի էր նկարագրել տեսանելի աշխարհի օբյեկտների բնութագրերը՝ նրանց գույնը, ձևը, չափը։ Եվ դա եղել է, Կուրտիսի կարծիքով, գլխուղեղի աջ կիսագնդի գերակայության մասին ևս մեկ ապացույց։ Նրա բոլոր առաջին բառակապակցությունները, որոնք կազմված էին երկու բառից, նկարագրում էին անշունչ առարկաներ։ Նորմալ երեխաների առաջին զրույցների թեման մարդիկ են, գործողությունները կամ շարժումները, որոնք տեղի են ունենում մարդկանց և առարկաների միջև։ Ջինիի խոսքը հիմնականում եղել է առարկաների բնութագրերի մասին. «black shoe» («սև կոշիկ»), «lot bread» (շատ հաց»)[7]։

1971-1979 թվականների ընթացքում Կուրտիսը, նաև անցկացրել է թեստեր, որոնց նպատակն էր որոշել Ջինիի ինտելեկտի մակարդակը։ Կուրտիսը նշել է, որ այդ ընթացքում իր խնամակալության տակ գտնվողի IQ-ն՝ (անգլ.՝ intelligence quotient) նշանակալի աճ է գրանցել։ Մասնավորապես, Ջինին հանձնել է հատուկ թեստ, որը մշակված է եղել խուլ երեխաների համար և բանավոր հրահանգներ չի պահանջել․

  • 1971 թվականին հավաքել է 38 միավոր
  • 1972 թվականին՝ 53 միավոր
  • 1977 թվականին՝ 74 միավոր[7]։

Այնուամենայնիվ, այն հրահանգներում, որոնք կապված են եղել գլխուղեղի ձախ կիսագնդի գործառույթների հետ, Ջինին անհամեմատ ավելի ցածր արդյունք է գրանցել։ Մասնավորապես, ձայնային հիշողության (ձախ կիսագնդի ֆունկցիա) թեստի արդյունքները ցույց են տվել 3 տարեկան երեխայի մակարդակ։ Տեսողական հիշողության թեստը (գործում են երկու կիսագնդերը) հանձնելիս գրանցվել է 6-12 տարեկան երեխայի զարգացման մակարդակ։ Գեշտալտ հոգեբանական գեշտալտ-ընկալում թեստի ժամանակ (աջ կիսագնդի գործառույթ) Ջինին ցույց է տվել չափահաս մարդու զարգացման մակարդակ[7]։

Ջինին այդպես էլ չի կարողացել յուրացնել անգլերեն լեզվի քերականությունը։ Նրա ընդունակությունները բավարարել են միայն հետևյալ տիպի մի քանի ֆրազներ կազմելուն՝ «Applesauce buy store» (Խնձորի խյուս գնել խանութ)։ Իր աշխատանքներում Կուրտիսը արել է ուղեղի ձախ կիսագնդի զարգացման կրիտիկական շրջանի գոյության մասին հետևություն։ Դա նշանակում է, որ եթե այդ շրջանի ընթացքում առաջին լեզուն չի յուրացվում, ապա ձախ կիսագնդի խոսքային ֆունկցիաները բթանում են, և հետագա ուսուցումը սահմանափակվում է բացառապես աջ կիսագնդով[7][11]։ Հետազոտության ընթացքում առաջ է քաշվել ենթադրություն, որ քերականական հմտությունների յուրացումը հնարավոր չէ առանց լեզվական պրակտիկայի։ Եթե երեխան զրկված է խոսելու ընդունակությունից, ապա գալիս է պահ, երբ ընդմիշտ կորչում է նախադասություններ կազմելու ունակությունը[26]։

Ջեյ Շյորլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբույժ Ջեյ Շյորլին Ջինիի քնած ժամանակ, չորս գիշեր շարոնակ, կատարել է էլեկտրոէնցեֆալոգրամա, որի տվյալները ցույց են տվել, որ աղջկա ուղեղը արտադրում է անսովոր մեծ քանակությամբ այսպես կոչված «քնային իլիկներ»[Ն 2]: Ջինիի էլեկտրոէնցեֆալոգրամայում «քնի իլիկների» ոչ նորմալ քանակը խոսում էր աղջկա գլխուղեղի ֆունկցիայի խանգարման մասին։ Առաջացել է հերթական հարցը՝ արդյո՞ք այս դիսֆունկցիան բնածին է, թե՞ կյանքի վաղ տարիներին տեղի ունեցած խախտումների արդյունք։

Ինձ մոտ բացարձակ հստակ տպավորություն է ձևավորվել, որ Ջինին մտավոր հետամնաց է եղել ի ծնե։ Քնի ընթացքում նրա ուղեղի հետազոտությունները այդ են ապացուցում։ Իլիկների չափազանց մեծ քանակը խիստ մտավոր հետամնացության բնութագրիչ առանձնահատկությունն է։
- Ջեյ Շյորլի

Սյուզան Կուրտիսն այս հայտարարությանը առարկել է.

Ջինիի ֆունկցիոնալ հետամնացությունը պայմանավորված է այն պայմաններով, որոնցում նա անց է կացրել իր կյանքի առաջին տարիները։ Նա մտավոր հետամնաց չէ՝ այս բառերի ուղիղ իմաստով։ Մասնավորապես, Ջինին ամեն տարի անցել է թեստեր և ամեն անգամ նրա մոտ նկատվել է ինտելեկտի զարգացում։ Մտավոր հետամնաց մարդկանց մոտ այդպիսի բան տեղի չի ունենում[6]։
- Սյուզան Կուրտիս

Ջին Բաթլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ հետազոտողների ենթադրությունների՝ սիրով շրջապատված ջերմ մթնոլորտում Ջինիի ապրելը դրական ազդեցություն կունենար աղջկա վերականգնման վրա։ Հոգեբան Ջեյմս Քենթը (անգլ.՝ James Kent) պնդել է, որ աղջկան չի կարելի բաժանել մորից, քանի որ նրանց միջև ստեղծված հարաբերությունները միակ դրական հուզական կապն են եղել նրա կյանքում[4]։

Այնուամենայնիվ, մանկական հիվանդանոցի նրա դաստիարակչուհին՝ Ջին Բաթլերը, Ջինիին տարել է իր տուն։ 1971 թվականի հունիսի 23-ին Ջին Բաթլերը խնդրանքով դիմել էր հիվանդանոցի ղեկավարությանը, որ թույլ տան Ջինին գիշերի իր տանը, իսկ հուլիսի 7-ին՝ Բաթլերը հայտարարել է, որ իր մոտ նկատվել են կարմրախտի ախտանշաններ և, հավանաբար, Ջինին նույնպես վարակված է։ Որպեսզի վարակը չտարածվի մանկական հիվանդանոցում, Բաթլերը աղջկան թողել է իր տանը՝ կարանտինի մեջ[17]։ Ըստ Կուրտիսի՝ կարմրախտի մասին պատմությունը Բաթլերը հատուկ մտածված է արել։ Ավելին՝ Կուրտիսը պնդել է, որ Բաթլերը չէր թաքցնում իր ամբիցիաները և Ջինիի շնորհիվ հայտի դառանալու հույսեր էր փայփայում։ Կուրտիսը ասել է, որ Բաթլերը հաճախ էր գործընկերներին ասում, որ ինքը «կդառնա նոր Անն Սալիվան» (Ann Sullivan)[4][28] Իր հերթին, Բաթլերը անձնական գրառումներում մտավախություն է արտահայտել այն մասին, որ հետազոտողները չափից ավել փորձարկումների են ենթարկում Ջինիին[6]։

Ըստ Բաթլերի, ինքը միակը չէր, որ ունեցել էր նման անհանգստություն։ Հուլիսի 13-ին նա իր օրագրում գրել է հետևյալը.

Հանրային սոցիալական ծառայության վարչությունից եկել էր Սյու Օմանսկին... Նա չափազանց քննադատաբար արտահայտվեց այն մասին, որ այդ երեխային վերաբերվում են ինչպես փորձի համար պահվող ճագարի և դեմ արտահայտվեց այն բանին, որ այդ ուսանողը (Կուրտիսը) հետևում և գրառում է այն ամենը, ինչ ասում է երեխան։ Տիկին Օմանսկու կարծիքով այդ մարդիկ օգտագործում էին Ջինիին, որպեսզի հայտնի դառնան[29]։
- Ջին Բաթլեր

Որոշ ժամանակ անց Բաթլերը Ջինիի խնամակալությունը ստանձնելու դիմում է ներկայացրել Հանրային սոցիալական ծառայության վարչություն (անգլ.՝ Department of Public Social Services): Սյու Օմանսկու կարծիքով Բաթլերի տունը լիովին համապատասխանում էր անհրաժեշտ պահանջներին[29]։

Բաթլերի գործողությունները ուղեկցվել են նրա և հետազոտական կոլեկտիվի մի քանի անդամների կոնֆլիկտային իրավիճակների զարգացմամբ։ Մասնավորապես, հուլիսի կեսերին Բաթլերի և Դեվիդ Ռիգլերի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի պատճառը լաբրադոր շնիկն էր, որին Ռիգլերը ուզում էր ցույց տալ Ջինիին, բայց նա շատ վախեցել էր և փախել։ Աղջիկն ասել էր «ոչ շուն» (no dog) և վախեցած» (scared)[30]:

Բաթլերը նկատել է, որ սոցիալական մեկուսացման պայմաններում մեծացած երեխաների մեծ մասի նման՝ Ջինին թեզավրացիայի փորձեր է արել, մասնավորապես նա փորձել է «կուտակել» հեղուկով (ջուր, կաթ) լցված տարաներ։ Ըստ Բաթլերի գրառումների, 1971 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ջինիի վերականգնման գործում զգալի արդյունքներ են գրանցվել. գիշերամիզությունը նկատելիորեն հազվադեպ էր դարձել, և նա սկսել էր քիչ ձեռնաշարժություն անել՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով ակտիվության այլ տեսակների վրա։ Բացի այդ, Բաթլերը նշում է.

Նրա խոսքի որակը լավացել էր, իսկ բառապաշարը ընդլայնվել էր ամենաքիչը 10 անգամ։ Ես սովորեցրել էի նրան «այո» բառի ճիշտ օգտագործումը... և սովորեցրել էի բանավոր արտահայտել իր դժգոհությունը՝ ասելով «angry» «զայրացած» բառը՝ այն ուղեկցելով օդում կամ որևէ առարկայի խփելով (օրինակ՝ մեծ փչած պլաստիկ ծաղրածուին)[31]
- Ջին Բաթլեր

Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի աշխատակիցները նույնպես նշել են վերականգնման գործում արձանագրված այն առաջընթացի մասին, որը Ջինիի մոտ նկատվել է Բաթլերի տանը ապրելու ընթացքում[32]։ Սակայն, խնամակալության իրավունք տվող ծառայության ներկայացուցիչները Բաթլերի տան պայմաններն ուսւմնասիրելուց հետո եզրակացրել են, որ այն չի համապատասխանում արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ պայմաններին։ Եվ Բաթլերի դիմումը մերժվել է[15]։ Այդ որոշումը մասամբ կայացվել է մանկական հիվանդանոցի աշխատակիցների ճնշման պատճառով։ Ըստ Քենթի, Դեվիդ Ռիգլերը Բաթլերին խնդրել է կոլեկտիվից հեռանալ[6]։

Դեվիդ և Մերիլիմ Ռիգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Ռիգլերը և նրա կինը դարձել են Ջինիի առաջին օրինական խնամակալները, և Ջինին տեղափոխվել է Ռիգլերների տուն, որտեղ, բացի ամուսիններից, ապրում էին նաև նրանց երկու որդիները և դուստրը (բոլորը դեռահասներ), շունը և կատուն[7]։ Ըստ Ռիգլերի, Ջինին ունեցել է իր ննջարանը, լոգարանը։ Դեվիդ Ռիգլերը հիշում է. «Ջինիին, ինչպես երկու տարեկան երեխային, չէր կարելի տանը միայնակ թողնել։ Նա կոշտ սնունդ ուտել էր սովորում, դադարեցրել էր անկողնում միզելը և, քանի որ նրա մոտ սկսվել էին ամսականները, միջադիրներից օգտվել էր սովորել»[15]։

Դեվիդ Ռիգլերի կինը՝ Մերիլինը, դարձել է Ջինիի նոր դաստիարակչուհին։ Անհրաժեշտ էր Ջինիի հետ անց կացնել ոչ այնքան ավանդական դասեր, մասնավորապես, նա ստիպված էր Ջիննիի մեջ զարգացներ զայրույթը կառավարելու ունակություն։ Զայրանալով՝ Ջինին, որպես կանոն, ամբողջ էներգիան ուղղում էր ինքն իր վրա՝ կատարելով ինքնավնասման գործողություններ։ Մերիլինը աղջկան սովորեցրել է էմոցիաները դուրս հանել՝ ցատկել, դռները շրխկացնել, ոտքերով դոփել և այլն։ Ժամանակի ընթացքում Ռիգլերն աղջկան սովորեցրել է արտահայտել հուզական վիճակները՝ օգտագործելով ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ հաղորդակցության միջոցներ։ Մասնավորապես, ուժեղ արտահայտված բացասական զգացմունքների մասին նա ահազանգել է՝ մատ ցույց տալով, իսկ չափավոր զայրույթի դեպքում՝ հինգ մատները ցույց տալով[6][33]։

Բացի դրանից, Մերիլին Ռինգլերը իր առաջ խնդիր էր դրել «արթնացնել Ջինիի մեջ նյութական աշխարհի հետ կապվածության զգացում»։ Մերիլինը հիշում է. «Մի անգամ ես Ջինիին թույլ տվեցի լցնել լոգարանը, բայց երբ ես ձեռքս մտցրի ջրի մեջ, պարզեցի, որ այն սառն էր, ինչպես սառույցը։ Բայց նրա համար, պարզվում է, դա ոչ մի նշանակություն չուներ»[6]։

Ռիգլերները Ջինիին սովորեցրել են շոշափելով ճանաչել բառեր, տառեր, որոնք պատրաստված էին հղկաթղթից։ Աղջիկը սովորել է իր անունը գրել, բացի այդ, նա շատ նկարել է և պլաստիլինով ծեփել, ինչպես նաև յուրացրել է ժեստերի լեզուն և ցուցաբերել է զարգացման զգալի առաջընթաց[7][34]։

Ջինին զարգացրել է ոչ վերբալ հաղորդակցման եզակի հմտություններ. դիտորդները բազմիցս արձանագրել են դեպքեր, երբ անծանոթ մարդիկ նրան նվերներ են տվել, և դրանք հետաքրքրել են նրան։ Սյուզան Կուրտիսը հիշում է.

Ջինիի հետ աշխատելու առաջին ամիսների ընթացքում մենք բազմիցս հանդիպում էինք մի մսագործի։ Այդ տղամարդը Ջինիին ոչինչ չէր հարցնում, նա նույնիսկ չգիտեր, թե ինչ է նրա անունը, բայց ինչ որ ձևով նրանց հաջողվում էր շփվել։ Ամեն անգամ, երբ մենք մտնում էինք [սուպերմարկետի մսի բաժին], նա ինչ-որ բան էր տալիս Ջինիին. ինչոր ոսկոր, մի կտոր միս, մի քիչ ձուկ և այլն։ Եվ այդ մարդը Ջինիին թույլ էր տալիս անել այն, ինչ սովորաբար նա անում էր [անծանոթ առարկաների հետ], այսինք կատարել դրանց շոշափողական ուսումնասիրություններ․ ինչպես կույր մարդիկ են անում, նա մատներով դիպչում էր այդ առարկաներին, շրթունքներով շոշափում։
- Սյուզան Կուրտիս

Նման դեպք հիշում է նաև Դեվիդ Ռիգլերը.

Մի անգամ մենք հանդիպեցինք մի տղամարդու և իր տղային։ Նրանք խանութից էին դուրս գալիս, և տղայի ձեռքին խաղալիք կար՝ հրշեջ մեքենա։ Մենք արդեն անցել էինք նրանց կողքով, երբ հանկարծ տղան հասավ մեզ և խաղալիքը նվիրեց Ջինիին։ Նա նրանից ոչինչ չէր խնդրել, ոչ մի բառ չէր ասել, բայց նրա մոտ նման բաները ինչ որ ձևով ստացվում էին[6]։
- Դեվիդ Ռիգլեր

Ֆինանսավորման դադարեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Ջինիի վերականգնողական աշխատանքներում որոշակի հաջողություններ էին գրանցվել, ԱՄՆ հոգեկան առողջության ազգային ինստիտուտին, որը ֆինանսավորել էր Ջինիի հետազոտման ծախսերը, չէին գոհացրել ստացված արդյունքները։ Քննադատական տեսակետներ են հնչել հետազոտական նյութերի վերաբերյալ, որոնք, ինստիտուտի ներկայացուցիչների կարծիքով, արվել են ոչ համակարգված և ոչ մասնագիտորեն։ Մասնավորապես, հարցեր են ծագել Դեվիդ Ռինգլերի գործունեության վերաբերյալ, որը զգալի քանակությամբ նյութեր էր հավաքել, բայց այդպես էլ չէր որոշել իր գիտա-հետազոտական գործունեության ուղղությունը։ Բազմիցս կրկնվող նկատողություններից հետո 1974 թվականին ֆինանսավորումը դադարեցվել է[6]։ Հաջորդ տարի Ռիգլերները որոշել են հրաժարվել Ջինիի խնամակալությունից։ 1993 թվականին Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times) ամերիկյան օրաթերթում հրատարակած բաց նամակում Դեվիդ Ռիգլերը հայտարարել է, որ ինքը Ջինիի խնամակալությունն ի սկզբանե պլանավորված է եղել որպես ժամանակավոր[15]։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Ռիգլերները հրաժարվել են Ջինիի խնամակալությունից, աղջիկն ապրել է խնամատար ընտանիքներում, (որոնցից մեկը խիստ կրոնական է եղել), որտեղ Ջինին աստիճանաբար հետադիմել է[4]։ 1975 թվականին Ջինին դարձել է 18 տարեկան։ Նույն թվականին էլ դադարեցվել է հետազոտությունը, և շուտով, Այրին Ուայլին՝ հասնելով երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքի չեղարկմանը, Ջինիին իր խնամակալության տակ վերցնելու ցանկություն է հայտնել։ Նրան տվել են այդ իրավունքը, բայց մի քանի ամիս միասին ապրելուց հետո, նա հասկացել է, որ չի կարողանում կատարել իր պարտավորությունները և հրաժարվել է Ջինիի հետագա խնամակալությունից։ Ըստ Դեվիդ Ռիգլերի, Ջինին իր մայրիկի հետ ապրելու ընթացքում երջանիկ է եղել[15]։ 1977 թվականին նրան նորից տեղավորել են մանկական հիվանդանոցում։ Ջինին ժեստերի լեզվով պատմում էր, որ մի անգան տներից մեկում նա փսխել է, որի պատճառով խիստ պատժվել է խնամատար ծնողների կողմից[35]։ Այդ դեպքից հետո Ջինիի վարքագծում տեղի է ունեցել կտրուկ հետընթաց։ Վախենալով, որ նորից կարող է փսխել, նա դադարել է խոսել[4]։ 1978 թվականին, ակնաբուժական վիրահատությունից հետո Այրինը նորից է դիմել Ջինիի խնամակալության համար։ Բայց Ջինին արդեն գտնվում էր չափահաս մարդկանց համար նախատեսված հաստատությունում։ Մասնավոր հիմնադրամը, որը ստանձնել էր Ջինիի ծախսերը, հրաժարվել է տեղեկություններ տալ նրա գտնվելու վայրի մասին։

1977 թվականին Այրին Ուայլին նամակ է ուղարկել Կուրտիսին՝ արտահայտելով իր անհամաձայնությունը «Ժամանակակից «վայրի երեխայի» հոգեբանական ուսումնասիրությունը» (Genie: A Psycholinguistic Study of a Modern-Day «Wild Child») գրքում Կուրտիսի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ։ Մասնավորապես, նա գրել է, որ իրեն ցավ է պատճառել իր դստերը՝ որպես «ջունգլիների երեխա» դասակարգելը։ Բացի այդ, նա հերքել է այն տեղեկությունները, որ Կլարկը ծեծել է Ջինիին և Այրինին, ինչպես նաև չի խոսել երեխայի հետ[36]։

1979 թվականին Այրին Ուայլին դատական հայց է ներկայացրել մանկական հիվանդանոցի և հետազոտական խմբի անդամների (այդ թվում նաև Սյուզան Կուրտիսի) դեմ։ Այրինը իր և Ջինիի անունից մեղադրել է բժիշկներին և գիտնականներին՝ իր և դստեր վերաբերյալ «անձնական և գաղտնի տեղեկությունները» հրապարակելու մեջ։ Ըստ Այրին Ուայլիի դատական հայցի, հետազոտական խմբի անդամները աղջկան ենթարկել են «չափից ավելի շատ և զայրացուցիչ» փորձարկումների, որի նպատակը ոչ թե պացիենտին վերականգնելն է եղել, այլ անձնական և նյութական շահ ստանալը։ Դեվիդ Ռիգլերը պնդում է, որ Ջին Բաթլերն է եղել դատական հայցի իրական նախաձեռնողը։ Ռիգլերի խոսքով՝ Բաթլերը առաջնորդվել է վրեժխնդրության զգացումով[15]։ Ֆրոմկինը և Կուրտիսը The New Yorker շաբաթաթերթին ուղղված իրենց նամակում աջակցել են նրա այդ պնդմանը[37]։ Los Angeles Times -ը հայտնել է, որ Այրին Ուայլիի շահերը ներկայացնող փաստաբանը պատճառած վնասը գնահատել է 500 հազար դոլար[7]։ 1984 թվականին հայցը բավարարվել է[4]։ Այնուամենայնիվ, Դեյվիդ Ռիգլերը «The New York Times» թերթում հրապարակված բաց նամակում պնդում է, որ հայցը մերժվել է Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի կողմից, և գործը չի քննվել դատական կարգով[15]։ Այրին Ուայլին մահացել է 2003 թվականին[8]։

Սյուզան Կուրտիսը կամավոր սկզբունքով շարունակել է աշխատել Ջինիի հետ, բայց դատարանի որոշմամբ նրան արգելված է եղել այցելել իր պացիենտին։ 2008 թվականին ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ վերջին 20 տարիների ընթացքում նա փորձել է փնտրել Ջինիին, բայց իր փորձերը ապարդյուն են անցել[4]։

2008 թվականին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ինչ-որ մեկը, ով «զբաղվում էր Ջինիի կյանքի հետաքննությամբ», օգտվելով մասնավոր դեդեկտիվի ծառայություններից՝ գտել է նրա գտնվելու վայրը։ Ըստ այդ անձի, ով ցանկացել է մնալ անանուն, 2000 թվականին Ջինին 6-8 այլ հիվանդների հետ խնամակալվել է մեծահասակների համար մասնագիտացված մասնավոր հաստատությունում։ «Ես ունեմ նրա ծախսերի ամփոփագրերը։ Օրինակ՝ այնպիսի իրերի հաշիվները, ինչպիսիք են լողազգեստը, սրբիչը, хула-хуп[Ն 3] և Walkman[Ն 4] համար նախատեսած ծախսերը։ Դա շատ հուզիչ է, բայց նա այնտեղ իրեն լավ է զգում», ասել է անանուն անձը[4]։ Նույն թվականին ABC News- ը հայտնել է այն մասին, որ Ջինին գտնվում է մասնավոր հաստատությունում, որը գտնվում է Հարավային Կալիֆոռնիայում, և այնտեղ նրա մասին լավ հոգ են տանում։ Նա կարողանում է արտասանել ընդամենը մի քանի բառ, բայց լավ է հիշում ժեստերի լեզուն, որը նրան սովորեցրել էին 1970-ական թվականներին[8]։

2008 թվականին Ջոն Ուայլին կիսվել է իր կյանքի վաղ տարիների հիշողություններով։ Նա պատմել է, որ 6 տարեկան հասակում ականատես է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի, որի արդյունքում մահացել է հորական տատիկը։ Երբ Ջոնը 4 տարեկան է եղել, այդ կինը վերցրել է նրան հորից, որին համարում էր վատ ծնող, և բնակեցրել է իր տանը։ Ջոնը պնդում է, որ իր տատիկը՝ Կլարկ Ուայլիի մայրը, միայնակ մայր է եղել, որը հասարակաց տան ղեկավար է եղել։ Տատիկի մահից հետո Ջոնը վերադարձել է ծնողների մոտ։ Ըստ Ջոնի իր մայրը գրեթե կույր և հոգեկան հիվանդ կին է եղել, իսկ հայրն իրեն էր մեղադրել տատիկի մահվան մեջ։ Շուտով ամբողջ ընտանիքը տեղափոխվել է նրա տուն։ «Իմ տունը կարծես համակենտրոնացման ճամբար լիներ, - հիշում է Ջոն Ուայլին, - ես չգիտեի, թե ինչ է նորմալ կյանքը»։ 1957 թվականին ծնված Ջինիին հայրս մեկուսացրեց տան երկու ննջարաններից մեկում։ Ըստ Ջոն Ուայլիի երկրորդ ննջարան մուտքը արգելված էր, հայրս ուզում էր ամեն ինչ թողնել այնպես, ինչպես եղել էր իր մոր ժամանակ։ Ընտանիքի անդամները քնում էին հյուրասենյակում. Կլարկը բազկաթոռին, Այրինը՝ ճաշասեղանի վրա, իսկ Ջոնը՝ հատակին։ Երբ Ջոնը հասել է սեռական հասունացման շրջանին, ինչպես ինքն է պատմում, հայրը նրա նկատմամբ խիստ պատիժներ է կիրառել «աճող սեռականության» համար։ Կլարկ Ուայլին դեռահասի ոտքերը կապում էր աթոռին և հարվածներ հասցնում աճուկի շրջանում․ «Կարծում եմ, որ նա չէր ուզում, որ ես ժառանգներ ունենամ, և զարմանալիորեն, ես ունեցա երեխաներ»։

«Որպեսզի մյուս երեխաները չտեսնեն մարմնիս ինտիմ մասերը, երբ մենք ցնցուղ էինք ընդունում, նա գրություններ էր ուղարկում դպրոց՝ խնդրելով ինձ ազատել ֆիզկուլտուրայի պարապմունքներից»[4][8]։

2010 թվականին Դոննա Օգլսբին՝ մայրական կողմից Ջինիիի ազգականուհին, ով զբաղվում էր ծագումնաբանության ուսումնասիրությամբ, «Գտեք մի գերեզման» (Find a Grave) կայքում հրապարակել է Ջինիի ծագման և նրա մոտ շրջապատի վերաբերյալ իր հետազոտությունը։ Օգլսբիի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ Ջինիի իրական անունը Սյուզան Մ. Ուայլի է (անգլ.՝ By Susan M. Wiley)[38]:

Հանրահայտ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին թողարկվեց «Mockingbird Shall Not Sing» ֆիլմը, որի սյուժեն հիմնված է Ջինիի պատմության վրա։ Իրադարձությունները ներկայացված են Սյուզան Կուրտիսի տեսանկյունից։ Ֆիլմի ռեժիսոր Հարի Բրոմլի Դևենպորտը (անգլ.՝ Harry Bromley Davenport) Կուրտիսի հետ զրուցել է գրեթե 40 ժամ[4]։ Ֆիլմը Ռոդ-Այլենդի միջազգային կինոփառատոնում (անգլ.՝ Rhode Island International Film Festival) արժանացել է առաջին մրցանակի՝ լավագույն սցենարի համար[39][40][41]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էլեկտրաէնցեֆալոգրամա (ԷԷԳ) (հին հունարեն՝ ἥλεκτρον—սաթ, ἐγκέφαλος—գլխուղեղ և γραμμα—գրառում)՝ բարդ տատանողական էլեկտրական պրոցեսի գրաֆիկական պատկերում, որը գրանցվում է էլեկտրաէնցեֆալոգրաֆի միջոցով, որի էլեկտրոդները տեղադրվում են ուղեղի կամ գլխի մաշկի վրա։
  2. Քնային իլիկ, քնի ընթացքում նյարդային տատանողական գործունեության 11-15 Հց հաճախականությամբ ալիքների վայկենական բռնկումներ, որոնք ուղեկցվում են ամպլիտուդի աստիճանական աճով և ապա՝ անկումով[27]։
  3. Անգլերեն անվանումը՝ Hula hoop, որը կազմված է հավայան Hula պարի անունից և անգլերեն հուպ (անգլ.՝ hoop)-օղ բառից։ Նշանակում է սպորտային տրենաժոր, սարք, որն օգտագործվում է սիրտ անոթային համակարգի այս կամ այն վարժությունը կատարելու համար։
  4. Walkman (Уокмэн)—Sony ֆիրմայի հայտնի ապրանքանիշ է, որի տակ վաճառվում են դրա դյուրակիր աուդիո նվագարկիչները։ Walkman տերմինը նույնպես օգտագործվում է որպես ընդհանուր տերմին դյուրակիր աուդիո սարքերի համար (անկախ արտադրողից)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջինին verywellmind.com կայքում
  2. «Сказки на ночь. Джини- одичавший ребенок». www.spletnik.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 Ward A. «Genie, a modern-day Wild Child» (PDF). FeralChildren.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 James S. D. (2008 թ․ մայիսի 7). «Wild Child Speechless After Tortured Life» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 Staas C. Der Kaspar-Hauser-Komplex(գերմ.). — Der Spiegel, 2007.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 «Secret of the Wild Child» (անգլերեն). NOVA — Текстовая расшифровка звукового ряда документального фильма. 1997 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 Pines M. The Civilizing of Genie // Teaching English through the Disciplines: Psychology / L. F. Kasper, Ed., Whittier. — 1997.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 James S. D. (2008 թ․ մայիսի 19). «Raised by a Tyrant, Suffering a Sibling's Abuse» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Роллс Д. Утраченная невинность: история Джини // Классические случаи в психологии. — Москва, 2010. — С. 25—30. — ISBN 978-5-49807-397-2
  10. 10,0 10,1 10,2 Rymer I, 1992, էջ 3
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Fuchs A. The Critical Period Hypothesis supported by Genie's case. — GRIN Verlag, 2002.
  12. Boeckx C. Language in Cognition: Uncovering Mental Structures and the Rules Behind Them. — Wiley-Blackwell, 2009. — P. 51. — 264 p. — ISBN 1405158824
  13. Rymer I, 1992, էջ 4
  14. 14,0 14,1 Rymer I, 1992, էջ 5
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 «Письмо Дэвида Риглера в редакцию The New York Times» (անգլերեն). The New York Times. 1993 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  16. 16,0 16,1 Choice E. T. «Article Synopsis and Reaction for Feral Children: Genie, A Modern-Day Wild Child» (PDF). FeralChildren.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  17. 17,0 17,1 Rymer II, 1992, էջ 1
  18. Publications of V. A. Fromkin // Language, Speech and Mind: studies in honour of Victoria A. Fromkin / Larry Hyman; Li, Charles. — London: Taylor & Francis, 1988. — С. XI. — ISBN 0415003113
  19. 19,0 19,1 19,2 Goldin-Meadow S. Review: A Study in Human Capacities(անգլ.) // Science : академический журнал. — Вашингтон: Американская ассоциация содействия развитию науки, 1978. — В. 4342. — Т. 200. — С. 649—651. Архивировано из первоисточника 12 Հունիսի 2010.
  20. Curtiss S. Genie: A Psycholinguistic Study of a Modern-Day “Wild Child” (Perspectives in neurolinguistics and psycholinguistics). — N. Y.: Academic Press, 1977. — P. 256. — 288 p. — ISBN 0121963500
  21. 21,0 21,1 Mairs N. Who Weeps for the Wild Child? : GENIE: An Abused Child's Flight from Silence, By Russ Rymer(անգլ.) // Los Angeles Times : газета. —Los Angeles, 1993.
  22. Rymer II, 1992, էջ 10
  23. Harley T. Talking the Talk: Language, Psychology and Science. — Psychology Press, 2009. — P. 80. — 352 p. — ISBN 1841693405
  24. Rymer I, 1992, էջ 20
  25. McKeeff Th. J., Tong F. The Timing of Perceptual Decisions for Ambiguous Face Stimuli in the Human Ventral Visual Cortex // Cerebral Cortex. — № 3. — P. 669—678.
  26. Hudson G. Feral children // Essential Introductory Linguistics. — Blackwell, 1999. — P. 175—176. — ISBN 978-0631203049
  27. [1] «Քնի spindles»](անգլ.)
  28. Салливан — американский педагог, которая научила говорить слепоглухую Хелен Келлер:
  29. 29,0 29,1 Rymer II, 1992, էջ 2
  30. Rymer II, 1992, էջ 3
  31. Rymer II, 1992, էջ 4
  32. Rymer II, 1992, էջ 15
  33. Rymer II, 1992, էջ 7
  34. Rymer, 1993, էջ 56
  35. Rymer II, 1992, էջ 17
  36. Rymer II, 1992, էջ 21
  37. Fromkin V.; Curtiss S. — Письмо В. Фромкин и С. Кёртис еженедельнику The New Yorker (1992 թ․ ապրիլի 17). «FYI: Genie and the New Yorker» (անգլերեն). linguistlist.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  38. «Джини — одичавший ребёнок». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  39. «2001 Film Festival Award Winners» (անգլերեն). 2001 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  40. Buchanan J. — Краткое описание сюжета фильма на allmovie.com«Mockingbird Don't Sing» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  41. Foundas S. — Film Review (2002 թ․ հոկտեմբերի 16). «Mockingbird Don't Sing» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benzaquen A. Encounters with Wild Children: Temptation and Disappointment in the Study of Human Nature. — Mcgill Queens Univ Pr, 2006. — 393 p. — ISBN 978-0773529724
  • Jones P. E. Contradictions and unanswered questions in the Genie case: a fresh look at the linguistic evidence // Language and Communication. — Elsevier, July 1995. — Vol. 15. — № 3. — P. 261—280. — doi:10.1016/0271-5309(95)00007-D
  • Rymer R. I-A Silent Childhood(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, April 13, 1992. — P. 41—81. Архивировано из первоисточника 13 Մայիսի 2013.
  • Rymer R. II-A Silent Childhood(անգլ.) // The New Yorker : magazine. — Condé Nast, April 20, 1992. — P. 43—77. Архивировано из первоисточника 8 Մարտի 2012.
  • Rymer R. Genie: A Scientific Tragedy. — N. Y.: HarperCollins, 1993. — 221 p. — ISBN 0-06-016910-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]