Աթոռ
Աթոռ, կահույքի մաս, որն ունի թիկնակ և նստատեղ և նախատեսված է մեկ մարդու նստելու համար[1][2][3][4]:
Աթոռը տարբերվում է բազկաթոռից նրանով, որ չունի բազուկների համար նախատեսված թիկնակներ[2][5]: Տարբերիչ մեկ այլ հանգամանք էլ դրանց հարմարավետությունն է[6], մինչդեռ աշխատանքային աթոռը գրեթե չի տարբերվում բազկաթոռից[7]: Բազկաթոռը կարող է համարվել աթոռի տարատեսակ: Աթոռը աթոռակից տարբերվում է թիկնակի առկայությամբ[8][9]:
Աթոռը կահույքի ամենատարածված տեսակներից է[10]: Կան աթոռի շատ տեսակներ: Հավանաբար աթոռը կահույքի այլ տեսակներից ամենից շատ է ենթարկվել նորաձևության ազդեցությանը[11]:
Թիկնակով աթոռը ամենայն հավանականությամբ հին եգիպտացիների գյուտն է. ամենահին նկարված և գտնված աթոռները թվագրվում են մ. թ. ա. երրորդ հազարամյակին:
Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը: Ավանդաբար աթոռն ունենում է 4 ոտքեր, որոնք կարող են լինել առանձին կամ մկրատաձև միացված (Х-աձև տեսք): Ոտքերի քանակը փոփոխությունների է ենթարկվում: Այսպես` կան աթոռներ, որոնք ոտքեր չունեն (գրասենյակային աթոռներ): Թիկնակը կարող է լինել հետևի ոտքերի շարունակությունը կամ առանձին տարր` ամբողջական կամ հավաքովի: Աթոռները կարող են լինել կոշտ կամ փափուկ, ըստ պատրաստման նյութի` փայտե, հյուսկեն (պատրաստվում է շիվերից), մետաղական, պլաստիկե և տարբեր համակցություններով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիկնակով աթոռը, ամենայն հավանականությամբ, ի հայտ է եկել Հին Եգիպտոսում[12]: Առաջին այդպիսի աթոռները հայտնաբերվել են այնտեղ և վերաբերում են մ. թ. ա. III հազարամյակին[13]: Հնագույն պարզ աթոռները եղել են շատ մեծ, քառակուսու ձևով: Հետագայում Մերձավոր Արևելքի ազդեցությամբ կիրառության մեջ են մտել ավելի բարդ ձևեր ունեցող աթոռներ` պատկերազարդ ոտքերով, բարձիկներով, ինչպես նաև ծալովի աթոռներ` կաշվից նստատեղով, և մետաղական աթոռներ[14]: Աթոռների` մեզ հասած առաջին նկարները վերաբերում են II դինաստիայի շրջանին[15]: Դրանք պատկերում են հասարակ աթոռներ` ուղիղ ոտքերով, թիկնակով, նստատեղի բարձիկներով: Տարածված են եղել խաչաձև ոտքերով աթոռներն ու աթոռակները[16]: Ասորեստանյան աթոռները սկզբնական առավել խրթին ձևերից (կլորավուն ձևեր, կենդանակերպ ոտքեր) անցում են կատարել ավելի պարզ ձևերի: Դրանով հանդերձ` ասորեստանյան աթոռներն ու գահերը, ինչպես կահույքի այլ տեսակներ ևս, զարդարվել են շքեղ քանդակներով, բրոնզով, թանկարժեք մետաղներով, ծածկվել են գորգերով: Հասարակ մարդիկ օգտագործել են ծալովի աթոռներ, որոնք երբեմն պատել են գորգով[17]: Հին Արևելքում սեղանի մոտ ճաշելու սովորույթի տարածման հետ մեծացավ աթոռների դերը[18]:
Արխաիկ և Դասական Հունաստանում աթոռները, բազկաթոռներն ու աթոռակները նման էին ասորեստանյան, եգիպտական և հինարևելյան կահույքին: Աթոռները ոչ միայն պատվում էին մորթով կամ գորգով, այլև պատվում էին բարձիկներով: Բարձր աթոռների հետ օգտագործում էին նույն ոճով հարմարանքներ ոտքերը դնելու համար: Հետհոմերոսյան շրջանում տարածված նորաձևության պահանջներին համապատասխան` աթոռը դարձավ հիմնականում կանանց հարկաբաժնի կահույքի անբաժանելի մաս (կանայք և երեխաները նախկինի պես ուտում էին սեղանի շուրջ)[19]: Հին Հռոմում ևս աթոռը գերազանցապես կանանց կահույքի մաս էր. ծալովի փոքրիկ, թեթև աթոռներ էին օգտագործվում թատրոններում, երբ այնտեղ նստարաններ չէին լինում: Կային ամենատարբեր ձևերի նստատեղերով աթոռներ. աթոռի հիմքը կարող էր լինել արկղի կամ գլանի տեսքով[20]: Մեծ կիրառում էին գտել հյուսկեն աթոռները[21]:
Միջնադարյան Եվրոպայում հիմնականում կրկնօրինակում են հռոմեական աթոռները, սակայն դրանք կարող էին պատրաստվել նաև հնդկական և արևելաասիական ազդեցությամբ: XII դարից սկսած` ի հայտ են գալիս թիկնակով մեծ կլորավուն կամ բազմանկյուն աթոռները, որ նստատեղն ընդգրկում էր բոլոր կողմերից: Ոտքերի միջև ընկած դատարկ տարածությունը հաճախ ծածկվում էր կենդանիների քանդակներով[22]: Չնայած տարբեր տեսակների աթոռների, աթոռակների և բազկաթոռների գոյությանը` մինչև XVI դարը նստելու համար լայնորեն կիրառվել են սնդուկները: XV դարում ի հայտ են գալիս պտտվող նստատեղերով և անվակներով աթոռները[23]: XVI դարում էժան կահույքի աթոռների թիկնակները պատրաստում էին եղեգից. հասարակ բազկաթոռներն ու աթոռները գործածությունից հետզհետե դուրս են մղում նստարաններն ու սնդուկները[24]:
Միջնադարյան Եվրոպայում հանդիսավոր արարողությունների ժամանակ կիրառում են ամպհովանիներ: Իտալիայում աթոռի այդ տեսակը կոչվել է «Սավոնարոլայի աթոռ»[16]:
XVII դարում Հոլանդիայում ամենօրյա կիրառման համար պատրաստում են խաչանման հիմքով աթոռներ, մինչդեռ Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում աթոռները հիմնականում պատրաստվում էին հանդիսավոր արարողությունների համար: Այդ ժամանակ Անգլիայում հասարակ աթոռներին փոխարինելու են գալիս պաստառապատ աթոռները: Դրանք դառնում են սոցիալական վիճակի ցուցիչ. ընտանիքում ամենամեծ աթոռը նախատեսված էր ընտանիքի գլխավորի համար[25]:
XVIII դարում Անգլիայում մեծ կիրառում են գտնում «վինձորյան աթոռները»` ուղիղ, հասարակ ոտքերով և թիկնակով, որ պատրաստված էր նրբահյուս պարաններով[26]:
XIX դարում կահույքագործ Միխայիլ Տոնետը ֆաբրիկայում գոլորշու ազդեցությամբ արտադրում է աթոռներ. նման եղանակը նախկինում կիրառում էին վինձորյան աթոռների պատրաստման համար: Նոր ոճի «վիեննական կահույքը»` տեխնոլոգիական էժան եղանակների կիրառմամբ, հանգեցրեց այն բանին, որ վիեննական աթոռը դարձավ կահույքի պարագայի զանգվածային արտադրության ամենահաջող օրինակներից մեկը: Մինչև 1930 թվականը վաճառվել է վիեննական աթոռի ավելի քան 50 միլիոն օրինակ[27][28]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը: Օժանդակ մասեր են ոտերն ու նստատեղը միացնող տարրերը (ցարգի), նախաոտքերը, անկյունակները: Մեջքի մասը, որին հենվում է նստողը, կոչվում է թիկնակ: Աթոռն ավանդաբար ունենում է չորս ոտք, որոնք կա'մ առանձին են, կա'մ միացված մկրատաձև (Х-աձև կառուցվածք): Աթոռների ոտքերի քանակը կարող է տատանվել. կան նույնիսկ առանց ոտքերի աթոռներ, օրինակ` հենանեցուկով աթոռը (անգլ.՝ cantilever chair): Այդ դեպքում ոտքերն ու նախաոտքերը միասին կազմում են աթոռի հիմքը: Աթոռի թիկնակը կարող է լինել ոտքերի շարունակությունը կամ առանձին ձևավորված տարր: Այն կարող է լինել ամբողջական կամ հավաքովի: Աթոռի հիմնական պարամետրերն են ամբողջական բարձրությունը, լայնությունը, նստատեղի խորությունը: Աթոռի բարձրությունը որոշվում է սեղանի բարձրությանը համապատասխան: Կոշտության տեսանկյունից լինում են կոշտ, կիսափափուկ և փափուկ: Թիկնակը սովորաբար ունենում է նույն կոշտությունը, ինչ աթոռը, կամ ավելի կոշտ: Աթոռի արտաքին տեսքը որոշում են բարձրությամբ, կառուցվածքով, թիկնակի ձևով, ոտքերի ու նստատեղի կառուցվածքով[6][29][5][7][30]:
Ըստ պատրաստման հիմնական նյութի և եղանակի` առանձնացվում են աթոռների հետևյալ տեսակները` փայտյա, մետաղյա, հյուսկեն, ճոպանե: Կան նաև համակցված եղանակներով պատրաստված աթոռներ: Առանձին տեսակ են երեխաների և դաշնամուրի համար նախատեսված աթոռները: Ներկայումս աթոռներ են պատրաստվում նաև ապակուց, պլաստիկից: Ճոպանե աթոռի տարատեսակ է շիվերից պատրաստված աթոռը[5][7][31]:
Աթոռի օգտագործման համար մեծ կարևորություն է ներկայացնում նրա տեսակը: Այսպես` պլաստիկից աթոռները թեթև են, հաճախ ունենում են այնպիսի ձև, որ հեշտությամբ դասվում են մեկը կյուսի վրա` բավական տեղ խնայելով: Այդ պատճառով դրանք հարմար է կիրառել այնպիսի սրահներում, որտեղ մշտապես մեծ արարողություններ են տեղի ունենում: Հյուսկեն աթոռները հաճախ դիտարկվում են որպես «փայտո կահույքի» մաս[32]:
Կառուցվածքի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթոռների թիկնակները ձևով կարող են լինել ուղիղ կամ կոր, սովորական կամ սովորականից ավելի կարճ: Դրանք լինում են պինդ, թափանցիկ և ձողե: Առանց պինդ թիկնակի աթոռների վրա թիկնակի և նստարանի միջև կարող է լինել դեկորատիվ տարր: Որպեսզի աթոռը հարմարավետ լինի, դրա թիկնակը պետք է բավականաչափ թեքում ունենա դեպի հետ: Նստարանները լինում են շրջանակով և առանց շրջանակի, իսկ տեղադրման եղանակի տեսանկյունից` ուղիղ և թեք: Նստատեղերը լինում են կլոր, պայտաձև, սեղանաձև, հարթ, ուռուցիկ և գոգավոր: Աթոռի բարձր դիմացկունություն հաղորդելու համար առջևի ոտքերը տեղադրվում են ավելի մեծ հեռավորության վրա, քան հետևի ոտքերը, իսկ հետին ոտքերը ներքևի մասում թեքվում են հետ: Ոտքերն ամրացնող հատվածները կարող են լինել բարձր և ցածր: Բարձրերը գտնվում են առջևի ոտքերի հարթության վրա, իսկ ներքևինները առջևինների նկատմամբ առավելահույնը 180 մմ թեքություն ունեն, որպեսզի նստողը ոտքերով չկոտրի դրանք: Սովորաբար հետին ոտքերի միջև ամրացնող հատվածներ չեն տեղադրում, քանի որ թիկնակն ինքնին ստեղծում է բավական ամուր կառուցվածք: Ամրացնող հատվածների բացակայությունը կիսով չափ նվազեցնում է աթոռի ամրությունը, այդ պատճառով առանց այդ հատվածների աթոռները պատրաստում են հաստ ոտքերով: Թերթաթմբուկները սովորաբար տեղադրում են չորս կողմերից, սակայն կան աթոռներ, որոնք ունենում են միայն կողմնային թմբուկներ[33][34][29]:
Փայտե աթոռների պատրաստման դեպքում սովորաբար օգտագործում են կոշտ փայտանյութ ունեցող փայտատեսակներ: Փշատերև ծառերի փայտից պատրաստված աթոռները պակաս դմացկուն են: Փայտյա այն քթոռները, որոնց հետևի ոտքերը վերածվում են թիկնակի, կոչվում են ամբողջական հետին ոտքերով աթոռներ, իսկ առանձին թիկնակ ունեցող աթոռները կոչվում են նստեցված հետին ոտքերով աթոռներ: Փայտյա աթոռների դետալները հիմնականում ամրացվում են սոսնձով և ամրակներով:
Հյուսկեն աթոռների կառուցվածքը ավելի պարզ է: Դրանք չեն ունենում սուր անկյուններ. բոլոր դետալները սովորաբար կլորավուն են: Դրանց դեպքում հետին ոտքերը վերին մասում դառնում են թիկնակ: Ամրացնող հատվածները պատրաստվում են շրջանակի տեսք ունեցող մեկ ընդհանուր դետալից կամ կամ պայտաձև երկու առանձին դետալներից: Նստատեղերը լինում են փոքր-ինչ գոգավոր, պատրաստվում են 4-5 մմ հաստությամբ շերտերից: Այդպիսի աթոռների դետալները իրար են միանում պտուտակներով[33]:
Կոշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նստատեղի կոշտությունը պայմանավորված է նրա կառուցվածքով: Կոշտ նստատեղերը պատրաստվում են փայտանյութից: Դրանք կենտրոնում փոքր-ինչ կորություն են ունենում: Կիսակոշտ նստատեղերը պատրաստվում են լցոնում են 5-7 մմ ոչ հաստ շերտով, որը պաստառապատվում է կտորով, կաշվով կամ կաշվին փոխարինող նյութով: Լցոնման համար օգտագործում են ձիու մազ, փրփուր, ծովային ջրիմուռներ, բամբակ և այլ նյութեր: Կիսակոշտ են նաև եղեգից, կաշվի շերտերից պատրաստված նստատեղերը: Կիսափափուկ նստատեղերը պատրաստում են 40-60 մմ հաստությամբ լցոններից, որ նույնպես պատվում է կտորով կամ կաշվով: Փափուկ նստատեղերը պատրաստում են 50-100 մմ հաստությամբ լցոնով կամ հիմքում տեղադրված զսպանակներով:
Առավել մեծ տարածում ունեն կոշտ և կիսակոշտ նստատեղերով և թիկնակներով աթոռները[33][35]:
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթոռին ներկայացվող հիմնական պահանջը ամրությունն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աթոռները կահույքի մնացած պարագաներից ավելի շատ են օգտագործվում, իսկ դրանց կառուցվածքը ավելի քիչ թվով հատվող դետալներ է պարունակում, ապա պահանջը բնական է:
Զանգվածային թողարկումից առաջ դրանք փորձարկման են ենթարկվում: Այն իրականացվում է հատուկ պայմաններում ԳՕՍՏ 12 129 - 70 ստանդարտին համապատասխան. 70 կգ բեռով աթոռը օրորում են հետևի և առջևի ոտքերի վրա: Փայտյա աթոռների համար նորմատիվը 10.000ատանում է, իսկ առանց ամրացնող հարմարանքների աթոռների դեպքում` 4.000 տատանում[10]:
Աթոռի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ նշանակության[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համակարգչային աթոռ (աշխատանքային աթոռ) - նախատեսված է համակարգչով երկարատև աշխատանքի դեպքում: Հաճախ ունենում է անվակներ` նախատեսված տեղափոխվելու համար, և գազային վերելակ բարձրությունը կարգավորելու համար:
- Սրճարանային աթոռ - ունենում է բարձր ոտքեր: Նախատեսված է սրճարանային հարթակների համար: Ոտքերի շուրջ սովորաբար ունենում է շրջանաձև հարմարանք, որին կարելի է դնել ոտքերը[36][37]:
- Մանկական աթոռ[31]
- Դաշնամուրի համար նախատեսված աթոռ, որ կարելի է պտտել` կարգավորելով բարձրությունը[31]:
Ըստ կառուցվածքի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աթոռ-թամբ: Տեսքով թամբ է հիշեցնում: Ապահովում է հավասար կեցվածք:
- Բարձակային աթոռ (անգլ.՝ cantilever chair), փակ հենակմախքով աթոռ, որն այնպիսի տեսք ունի, կարծես երկու ոտքերը միացված են նստատեղի տակ: Նստատեղը ամրացվում է միայն մեկ կողմից, ինչպես ճարտարապետական բարձակները: Այդպիսի աթոռները սովորաբար պատրաստում են ճկուն հենքի վրա այնպես, որ նստատեղը զսպանակվում է: Հիմքը պատրաստվում է մետաղից, հնարավոր են նաև փայտյա հիմքով բարձակային աթոռներ:
Այս աթոռները սկսել են կիրառության մեջ մտնե; 20-րդ դարի 20-ական թվականներից` կապված նոր տեխնոլոգիաների զարգացման հետ: Գյուտին հավակնում են մի քանի դիզայներներ:
Ըստ ոճի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիեննական աթոռ, պատրաստվում է շոգու ազդեցությամբ մշակված փայտից: Սկսել են պատրաստել 19-րդ դարի կեսերին կահույքագործ Միխայիլ Տոնետի գործարանում: Զանգվածային կիրառում գտած առարկայի ամենահաջող օրինակներից է[38]:
- Կլիսմոս աթոռ, հինհունական ոճի աթոռ` ուռուցիկ թիկնակով և թամբաձև ոտքերով[39]:
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վան Գոգի «Վինսենթի աթոռը ծխամորճով» կտավը գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում: Նկարիչը կտավը ստեղծել է 1888 թվականին Առլում մեկ այլ` «Գոգենի աթոռը» կտավի հետ միաժամանակ:
- Իլֆի և Պետրովի «Տասներկու աթոռ» վեպը բազմիցս էկրանավորվել է: Սյուժեի հիմքում ընկած է աթոռի որոնումը, որ պատրաստված է կահույքագործ Գամբսի հետնորդների կողմից:
- «Մեկը և երեք աթոռները», Ջոզեֆ Կոշուտի ինստալյացիան է (1965):
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Աթոռ // Խոսակցական բառարան, Ս. Օժեգովա, Ն Շվեդովա, 1949—1992.
- ↑ 2,0 2,1 Стуло — статья из Толкового словаря живого великорусского языка Владимира Даля (2-е изд., 1882)
- ↑ Стул // Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940.
- ↑ Стул // Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Мебельные товары
- ↑ 6,0 6,1 ГОСТ 20400-2013 Продукция мебельного производства. Термины и определения
- ↑ 7,0 7,1 7,2 Классификация и ассортимент мебели
- ↑ Кресло // Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940.
- ↑ Кресло // Толковый словарь Ефремовой. Т. Ф. Ефремова. 2000.
- ↑ 10,0 10,1 Бобиков П.Д. Конструктивные решения стульев // Конструирование мебели. — Москва: Высшая школа, 1972.
- ↑ Стул и история развития русского интерьера
- ↑ Екатерина Неволина Необыкновенная история обыкновенных вещей. — ОЛМА Медиа Групп, 2004. — С. 30-33. — 192 с. — ISBN 5-224-04466-9
- ↑ Соболев, էջ 10
- ↑ Weiss, 1998, т.I, էջեր 82-83
- ↑ Killen, 1994, էջ 11, 27
- ↑ 16,0 16,1 Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 28
- ↑ Weiss, 1998, т.I, էջեր 171-173
- ↑ Weiss, 1998, т.I, էջ 253
- ↑ Weiss, 1998, т.I, էջեր 521-523
- ↑ Weiss, 1998, т.I, էջեր 716-717
- ↑ Соболев, էջ 39
- ↑ Weiss, 1998, т.II, էջ 557
- ↑ Weiss, 1998, т.III, էջեր 552-553
- ↑ Weiss, 1998, т.III, էջեր 290-291
- ↑ Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 37-38
- ↑ Антиквариат. Самая полная история антиквариата, 2001, էջ 53
- ↑ Сидельникова Мария (2015-12-16)։ «Утром стулья, вечером стулья»։ Коммерсант - Стиль (kommersant.ru)։ Վերցված է 2015-12-19
- ↑ Гнутая мебель Тонета
- ↑ 29,0 29,1 Энциклопедия дома и семьи, 2002, էջեր 188-190
- ↑ Մետաղական աթոռի «անատոմիան»
- ↑ 31,0 31,1 31,2 Стулья, кресла, банкетки, табуреты, скамьи — Общероссийский классификатор продукции (1993)
- ↑ Աթոռների դարավոր պատմությունը
- ↑ 33,0 33,1 33,2 Кулебакин Г.И, Шепелев А.М Стулья и кресла // Столярное дело. — Стройиздат.
- ↑ «Столярные стулья»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին։ Վերցված է 2017-02-12
- ↑ Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Большая Советская Энциклопедия. Под ред. А. Ф. Ахабадзе, А. Л. Грекулова. 1976.
- ↑ «Барный стулья в интерьере»։ koffkindom.ru։ Վերցված է 2015-12-16
- ↑ Из жизни четвероногих — стул
- ↑ «Стул-седло»։ smartstool.ru։ Վերցված է 2015-12-16
- ↑ Дюран Юлия (2011-10-14)։ «Cantilever»։ Коммерсантъ Weekend (kommersant.ru)։ Վերցված է 2015-12-19
|