Հայ-իրանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-իրանական հարաբերություններ
Հայաստան և Իրան

Հայաստան

Իրան

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրնըրի ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապըտության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։[1]

Պատմություն[խմբագրել]

Հայ-իրանական քաղաքական, պատմական և մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից։ Հայաստանն առաջին անգամ հիշատակվում է Աքեմենյան Իրանի արքա Դարեհ I-ի եռալեզու Բիհիսթունյան սեպագիր արձանագրության մեջ, մ.թ.ա. 521թ., որպես “Արմինիա”, իսկ հայ ժողովուրդը` “արմինայա”: Ըստ Մովսես Խորենացու` Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց Պարույր Սկայորդի թագավորը։ Մ.թ.ա. 4-րդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնն իր “Կյուրոպեդիա” աշխատության մեջ, մանրամասն ներկայացնելով պարսից պետության հիմնադիր Կյուրոս Մեծին, խոսում է նաև արմենների (հայերի) մասին։ Հույն պատմիչը վկայում է, որ Կյուրոսը և Հայաստանի թագաժառանգ Տիգրանը մտերիմ ընկերներ են եղել։ Հայ-իրանական հարաբերությունները հատկապես սերտանում են պարթևական ծագում ունեցող Արշակունիների արքայատոհմի մի ճյուղի Հայաստանում հաստատումով։ Եզակի են եղել այն պահերը, երբ երկու երկրների հարաբերությունները պարզվել են պատերազմների միջոցով, այս առնչությամբ հարկ ենք համարում առանձնացնել 451թ. տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը, որն ավարտվում է 484թ. կնքված Նվարսակի հաշտության պայմանագրով։ Հռոմի ու Սասանյան Իրանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը, որի տարածքը 387 թ-ին բաժանվում է վերը նշված տերությունների միջև։ Իսկ 428-ին Հայոց թագավորությունը լուծարվում է պարսից արքունիքի կողմից՝ վերածվելով մարզպանության։ 6-րդ դարում պարսկա-բյուզանդական պատերազմների հետևանքով Հայաստանը 591թ. երկրորդ անգամ բաժանվում է այս անգամ արդեն Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 1604-1605թթ. Շահ Աբբաս Մեծի կողմից Իրանում արհեստները և գյուղատնտեսությունը զարգացնելու, երկիրը շենացնելու նպատակով բռնի կերպով Սպահան քաղաքի մերձակայք են տեղափոխվում Արարատյան դաշտավայրի, Վայքի և Նախիջևանի մոտ երեք հարյուր հազար հայեր։ 19-րդ դարում հայերն ակտիվորեն ներգրավվում են նաև երկրի քաղաքական կյանքին, իսկ 1905-1911թթ.`սահմանադրական հեղափոխությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը ներխուժում են Ատրպատական, կողոպտում և կոտորում հայերին։ Իրանի կառավարությունը արգելք է հանդիսանում թուրքերի կողմից Իրանի տարածքում ջարդեր կազմակերպելու դեմ։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր ապաստան են գտնում Իրանում։ Հայ-իրանական հարաբերությունները նոր փուլ են թևակոխում Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետ։ Մինչ այդ` երկու ժողովուրդների մշակութային և տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևոր դերակատարություն է ունեցել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը, ով առաջին աշխարհամարտի տարիներին, հատկապես Օսմայան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունից տուժված հայությանն օգնություն ցուցաբերելու համար անգնահատելի գործունեություն է ծավալել։ 1918թ. Մելիք-Թանգյանը նահանգապետ Մաքարեմ ալ-Մոլքի ընկերակցությամբ տեսակցություն է ունենում թագաժառանգ Վալիահդ Մոհամմադ Հասան Միրզայի հետ, ով հայտնում է, թե նպատակ ունի Հայաստան ուղարկել մի պատվիրակություն` Հայաստանի կառավարությանը հայտնելու Պարսկաստանի բարեկամական դիրքորոշումը։ Շուտով թագաժառանգի կողմից նշանակվում է Հայաստան մեկնելիք պատվիրակության կազմը, որի մեջ ընդգրկվում են Մարանդի գավառապետ Վոսուղ Մամալեքը, Մակուի սարդարի ազգական Հաջի Խանը, Մելիք-Թանգյանի ներկայացուցիչ Կարապետ քահանա Մանուկյանը և Գրիգոր Աղաջանյանը։ Հայաստան մեկնելիք պատվիրակության ապահովության համար նշանակվում է հարյուր ձիավոր` երկու "Շիրխորշիդ" դրոշակով։ Երևան գնալու ճանապարհին պատվիրակությունը Դավալուում ջերմ ընդունելության է արժանանում հայկական զորքերի կողմից։ Պարսկական պատվիրակության և Հայաստանի կառավարության անդամների հանդիպումը տեղի է ունենում “Օրիենտ” հյուրանոցում։ Պատվիրակությանն ընդունում է վարչապետ Հովհաննես Քաջազնունին և արտաքին գործերի նախարար Ս.Տիգրանյանը։ Պարսկական պատվիրակության ներկայացուցիչները, շնորհավորելով Հայաստանի անկախությունը, հույս են հայտնում, որ անկախության հռչակումից հետո ևս երկու ժողովուրդների ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Կողմերը, ի թիվ մի շարք այլ հարցերի, քննարկում են նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հարցը։ Նշենք, որ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, երկու երկրները ակտիվ համագործակցություն էին ծավալում առևտրի ոլորտում, որից հետո, անհրաժեշտություն առաջացավ նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ 1919թ. հունիսի 11-ին վարչապետ Ա. Խատիսյանը հեռագիր է ուղարկում Պարսկաստանի շահական կառավարության վարչապետ Վոսուղ Էդ Դոուլեին, որտեղ, մասնավորապես, նշում է. “Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայ և պարսիկ ժողովուրդների միջև գոյություն ունեցեող բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև գաղթականության, տրանսպորտի, երկաթգծի և մեր երկու երկրների կենսական շահերին վերաբերող այլ բազմաթիվ հարցերի լուծման համար, խնդրում է շահի կառավարության համաձայնությունը Հայաստանի հատուկ ներկայացուցչին Թեհրան ուղարկելու և վերոնշյալ հարցերը լուծելու նպատակով բանակցություններ սկսելու համար”: Շուրջ մեկ ամիս անց Երևանում Պարսկաստանի հյուպատոս Միրզա Ասադոլլահ Մահիոլմոլքը Ա. Խատիսյանին է հանձնում շահական կառավարության պատասխան նամակը, ուր, մասնավորապես, նշված էր. “Մենք ցանկանում ենք, որ պետությունը, որի գլուխ Դուք կանգնած եք շուտ ճանաչվեր Փարիզի կոնֆերանսի կողմից և երկու կառավարությունների միջև հաստատվեր բարիդրացիական հարաբերություններ։ Պարսկաստանի կառավարությունը այսուհետ ևս ամեն ինչով կօգնի հայ ժողովրդին` ինչպես Խաղաղության կոնֆերանսում, այնպես էլ մյուս ոլորտներում”: Հայաստանի կառավարությունն օգոստոսի 1-ին Թեհրան է ուղարկում մի նոր հեռագիր, որտեղ, մասնավորապես, նշվում էր. “Ի պատասխան Պարսկաստանի կառավարության բարյացակամ դիրքորոշմանը, Հայաստանի կառավարությունը Նորին կայսերական մեծության շահի կառավարությանը կից լիազոր ներկայացուցիչ է ուղարկում իշխան Արղությանին և նրան տալիս է մանդատ` լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին”: Այսպիսով Թեհրանում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Հովսեփ Արղությանը 1919թ. դեկտեմբերին ուղևորվում է Պարսկաստան։ Ճանապարհին նրան մեծ ջերմությամբ և խանդավառությամբ են ընդունում Էնզելիի, Ռաշթի, Ղազվինի հայ համայնքը։ Թեհրան հասնելուց հետո Հովսեփ Արղությանն անմիջապես անցնում է աշխատանքի։ 1920թ. հունվարի 5-ին նրան այցելում է Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը և բարի գալուստ մաղթում նորանշանակ դեսպանին։ Հունվարի 6-ին նա հանդիպում է փոխարտգործնախարար Էթելա օլ Մոլքին, իսկ հունվարի 9-ին` վարչապետ Վոսուղ Էդ Դոուլեի հետ։ Հունվարի 14-ին հայկական պատվիրակությունը երկկողմ ֆինանսական, առևտրային և երկաթուղային հարցերի շուրջ բանակցություններ է վարում Պարսկաստանի ֆինանսների նախարարի հետ։ Հունվարի 16-ին Հայաստանի դեսպանություն է այցելում Պարսկաստանի ԱԳՆ արարողակարգի ղեկավար Ջալալ օլ Մոլքը` հայտնելով թագաժառանգի հետ հանդիպման մասին։ Թագավոր Ահմեդ Ալի շահը գտնվում էր Եվրոպայում, ուստի վերջինիս փոխարինում է թագաժառանգը։ Հայաստանի դեսպան Հ.Արղությանը դեսպանության խորհրդական Ք. Հարությունյանի, քարտուղար Ս. Առաքելյանի և Պարսկահայ խորհրդի նախագահ Ա. Թունյանի ուղեկցությամբ այցելում է “Գոլեսթան” պալատ, որի “Ադամանդյա” սրահում Հայաստանի դեսպանին դիմավորում է թագաժառանգ Վալիահդ Մոհամմադ Հասան Միրզան։ Դեսպան Արղությանը, դիմելով թագաժառանգին, ներկայացնում է իր ուղերձը, որտեղ, մասնավորապես, նշվում էր. “Ձերդ կայսերական բարձրություն. Խորապես երջանիկ եմ, որ պատիվ ունեմ ներկայանալու Ձերդ կայսերական վեհափառությանը, որպես նոր ազատագրված Հայաստանի առաջին դեսպան։ Տոգորված երախտագիտության զգացումներով առ Պարսկաստանի ներկա և նախկին իշխանությունները, ովքեր պատմական ժամանակներից ի վեր մինչ այսօր շարունակել են ցույց տալ իրենց բարեկամությունը և մանավանդ վերջին ժամանակներում իրենց հովանավորությունը առ հայ ժողովուրդ, թե նրա բախտավոր և թե դժբախտ օրերին։ Իմ երկրի կառավարությունն ու հայ ժողովուրդն ինձ հանձնարարել են բարձրաձայն հայտարարել Նորին կայսերական վեհափառությանը, Պարսկաստանի կառավարության և նրա ժողովրդի առաջ իրենց անկեղծ շնորհակալության ջերմ զգացումներն ու անձնվեր բարեկամության անխախտ հավատքը”: Թագաժառանգն էլ իր հերթին ողջունում է Հայաստանի առաջին դեսպանի մուտքն իր երկիր և շեշտում է, որ պարսից շահերը հայերի հանդեպ սիրալիր վերաբերմունք են ունեցել և հույս հայտնել, որ հետագայում այդ կապն ավելի կամրապնդվի։ Հայաստանի կառավարությունը դեսպան Արղությանի առջև հետևյալ առաջադրանքներն է դնում. •Պարսկաստանի հետ կնքել բարեկամության և առևտրական պայմանագիր։ •Պարզել այն միջոցները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների հաստատմանը։ •Պարզել պարսկահայերի թիվը, պարսկահայությանը կապել Հայաստանի հետ և նրա տեխնիկական ուժերը ներգրավել Հայաստանի շինարարության գործին։ •Ճշտել Պարսկաստանում և Միջագետքում գտնվող հայ գաղթականության թիվը, պարզել պայմաններն ու Հայաստանում վերաբնակեցնելու հարցը։ •Կապեր հաստատել Հնդկաստանի և Միջագետքի հայերի հետ։ Թեհրան ժամանելուց անմիջապես հետո Հ. Արղությանն իր ներկայացուցչությանը կից ստեղծում է հյուպատոսկան բաժին` հյուպատոսի պարտականությունները ժամանակավորապես դնելով խորհրդական Ս. Հարությունյանի վրա։ Պատրաստվում են անձնագրեր, հյուպատոսկան գրքեր, տպագիր դիմումներ։ 1920թ. հոկտեմբերին Արղությանն իրանական կառավարության համաձայնությամբ Թավրիզում հյուպատոս է նշանակում Մուշեղ Տեր-Զաքարյանին։ 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո նոր փուլ է սկսվում հայ-իրանական հարաբերություններում։ ԽՍՀՄ կազմում ընդգրկված Խորհրդային Հայաստանը ևս շարունակում է Իրանի հետ զարգացնել Հայաստանի առաջին հանրապետության օրոք հաստատված առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունները։ Խորհդային Հայաստանն իր դիվանագիտական ներակայացուցչությունները ևս բացում է Թեհրանում և Թավրիզում։ 1921թ. սեպտեմբերին ՀԿԿ կենտկոմի որոշմամբ` Թեհրանում ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ է նշանակվում Լևոն Սարգսյանը, իսկ Թավրիզում հյուպատոս է նշանակվում Եզեկել Երզնկյանը։ 1921թ. նոյեմբերի 9-ին “Սահաբ Ղրան” պալատում Խորհրդային Հայաստանի դեսպան Լ.Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնում Սուլթան Ահմադ շահին։ Հայաստանի դեսպանին են ընդունում Իրանի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը։ Լևոն Սարգսյանն Իրանի իշխանություններին է հանձնում ՀԽՍՀ կառավարության ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի գրավոր ուղերձը, որում վերջինս իր պատրաստակամությունն է հայտնում Պարսկաստանի հետ զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Սակայն հարկ է նշել, որ 1922թ. Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ կազմավորումից հետո Հայաստանը փաստացի զրկվում է անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից և այն իրականացնելու մենաշնորհը հանձնվում է Մոսկվային։ Խորհրդային հանրապետությունների արտասահմանյան ներկայացուցչությունները փոխարինում են միասնական ներկայացուցչություններին։ 1979թ. Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն։ Իսլամական հեղափոխությունը սկզբնավորեց 1978թ. հունվարի 8-ին ուսանողների անցկացրած բազմահազարանոց բողոքի ցույցը։ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Էմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հասարակության տարբեր շերտերի կողմից անցկացրած բողոքի ցույցերն ավարտվեցին 1979թ. փետրվարի 11-ին` երկրում ազդարարելով շահական ռեժիմի տապալումն ու իսլամական համակարգի հաստատումը։ Իսլամական հեղափոխությունից հետո զգալի փոփոխության ենթարկվեց Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը։ Ընդունված նոր սահմանադրության համաձայն` Իրանի հոգևոր առաջնորդի, ԶՈւ գերագույն հրամանատարի ուղղորդությամբ` արտաքին քաղաքականության ընդհանուր դրույթների իրագործումը վերապահվում է երկրի նախագահին և արտաքին գործերի նախարարությանը։ Երկրի արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկվեց “Ո՜չ Արևելք, ո՜չ Արևմուտք”, գերտերությունների ներկայությունն Իրանում բացառելու, ինչպես նաև հարևանների հետ համերաշխ ապրելու և բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն վարելու ուղենիշը։ 1991թ. սեպտեմբերին, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, Իրանն առաջին երկիրն էր, որ նույն թվականի դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչում է Հայաստանի անկախությունը։ 1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ալի Աքբար Վելայաթին ստորագրում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիրը։ 1992թ փետրվարի 28-ին առաջին պաշտոնական այցով Երևան է ժամանում ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։ Այցի նպատակը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություն անցկացնելն էր, որի ընթացքում իրանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստանձնել իր միջնորդական առաքելությունը։ 1992թ. մայիսի 6-ին ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ։ ԻԻՀ ԱԳ նախարար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանեց Արբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ։ 1992թ.մայիսի 8-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հ. Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։ Հարկ է նշել, որ սույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը։ Երկու երկրների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններից հետո կողմերը որոշում են կայացնում դեսպանություններ բացել միմյանց երկրներում։ 1992թ. ապրիլին Երևանում բացվում է ԻԻՀ դեսպանությունը, իսկ դեկտեմբերին` Թեհրանում ՀՀ դեսպանությունը։ Թեհրանում ՀՀ գործերի հավատարմատար է նշանակվում Վահան Բայբուրդյանը, և փոխադարձաբար Երևանում ԻԻՀ գործերի հավատարմատար` Բահման Ղասեմին։ 1994թ. հայ-իրանական փոխհարաբերությունները բարձրացվում են դեսպանի մակարդակի և Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին նշանակվում է դեսպան, ում հետագայում փոխարինում են Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին և Ալիռեզա Հաղիղիանը։ Ներկայում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն Ալի Սաղայիանն է։ Վահան Բայբուրդյանը, ով մինչ այդ ՀՀ հավատարմատարն էր, դառնում է Իրանում Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին դեսպանը։ Հետագա տարիներին վերջինիս փոխարինում են Գեղամ Ղարիբջանյանն ու Կարեն Նազարյանը։ Ներկայում Թեհրանում ՀՀ դեսպանը Գրիգոր Առաքելյանն է։ Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Արաքս գետի վրա կառուցվում է կամուրջ, որի շահագործումից հետո Իրանը Հայաստանի համար դառնում է Պարսից ծոցի երկրների բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ։ Բեռնափոխադրումներն ավելանում են 3-4 անգամ։ Հայաստանում ակտիվորեն սկսեցին գործել հայ-իրանական 200-ից ավելի ձեռնարկություններ։ Տնտեսական փոխգործակցության շնորհիվ շուտով Իրանը Հայաստանի արտաքին առևտրի մեջ գրավում է առաջին տեղը։ Երևանում բացվում է իրանական “Մելլաթ” բանկի մասնաճյուղը։ Երկու երկրների միջև օդային կապն իրականցնում էին իրանական “Արիա Թուր”, “Քասփիան” և “Հայկական Ավիաուղիներ” ընկերությունները։ 1995թ-ին երկու երկրների կառավարությունների միջև Իրան-Հայաստան գազամուղի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ կնքվում են համապատասխան համաձայնագրեր։ 2001թ. դեկտեմբերի 25-27-ը եռօրյա այցով Իրան է այցելում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, ով հանդիպումներ է ունենում ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ սեյյեդ Մոհամմադ Խաթամիի, ԱԳ նախարար Քամալ Խարազիի և պաշտպանության նախարար Ալի Շամխանիի հետ։ 2004թ. սեպտեմբերի 8-9-ը ԻԻՀ նախագահ սեյյեդ Մոհամմադ Խաթամին պատասխան պաշտոնական այցով ժամանում է Երևան։ Հայաստան կատարած այցի շրջանակներում Մ. Խաթամին այցելում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակներին։ Ընդհանրապես, նախագահների մակարդակով իրականացվող փոխայցելությունները վկայում էին երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին։ 2006 թ. հուլիսի 5-ին Ռ.Քոչարյանը աշխատանքային այցով մեկնում է Իրան, որտեղ հանդիպում է ԻԻՀ-ի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ 2007թ. մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ նախագահների մասնակցությամբ տեղի է ունենում գազատարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ 2008թ. վերջին ավարտվում է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը։ 2007 թ. հոկտեմբերին երկօրյա այցով Հայաստան է ժամանում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Երևանյան այցի ընթացքում Իրանի և Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվում. կողմերը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։ Իրանի նախագահին շնորհվում է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ հաղորդեց 2009 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Թեհրան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունենում ԻԻՀ հոգևոր առաջնորդ սեյյեդ Ալի Խամենեիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ս.Ջալիլիի հետ։ ՀՀ Նախագահը հատուկ ընդգծել էր, որ Իրանը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար. Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը դժվարին պահերին միշտ զգացել է Իրանի աջակցությունը, իսկ շրջափակման տարիներին հենց Իրանի տարածքով են մեր երկիր ներկրվել առաջին անհրաժեշտության ապրանքները։ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային հաջորդ այցն Իրան տեղի ունեցավ 2011թ. մարտի 27-ին։ Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները կարևորեցին հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձան նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին։ Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց նաև Նովրուզի տոնի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին։ 2011թ. դեկտեմբերին պատասխան այցով Հայաստան ժամանեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այցի շրջանակներում ստորագրվեցին առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներին առնչվող համաձայնագրեր։ Այնուհետև Հայաստանի և Իրանի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները։ 2012թ. փետրվարի 9-ին լրացավ Իրանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները տարեց տարի զարգանում են, իրենց մեջ ներառելով նորանոր ծրագրեր։ Ներկայում երկու երկրների կառավարությունների աշխատանքային օրակարգում են Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկով կառուցվելիք Իրան-Հայաստան ճանապարհային միջանցքի, երկաթգծի, նավթամուղի, Արաքս գետի վրա էլեկտրակայաններիի կառուցման նախագծերը, որոնց իրագործման վերաբերյալ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր և ներկայում ընթանում են վերոնշյալ նախագծերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ։ Իրանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպություններում, երկու երկրների տեսակետները՝ տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ համընկնում են։ Իրանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ընդգծվում է այն տեսակետը, համաձայն որի` բոլոր երկրները, այդ թվում Իրանը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունեն։ Նշենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ընդգրկված առաջին միջնորդ երկիրը հանդիսացող Իրանը Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից հետո ԼՂ հարցում վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչը Հայաստանի իշխանությունների կողմից բարձր գնահատանքի է արժանանում։ Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է նաև իրանահայ համայնքի դերը, ում Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափխությունից հետո տրվել են բացառիկ իրավունքներ և հնարավորություններ։ Իրանի կառավարության անմիջական հովանավորությամբ պահպանվում և վերանորոգվում են հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները։ Համաձայն երկրի սահմանադրության` իրանահայ համայնքն իր երկու պատգամավորներով ներկայացված է նաև ԻԻՀ Մեջլիսում։ Աղբյուր՝ http://www.panorama.am/am/analytics/2012/02/13/armenia-iran/

Առևտրատնտեսական հարաբերություններ[խմբագրել]

Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

2007թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը։ 2007թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը։ Մեղրի - Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91կմ է։ 2008թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները։

2010թ. հունվարի 27-ին Երևանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առևտրատնտեսական, բանկային, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության և մյուս բնագավառներում։ Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։[2]

Հայաստան-Իրան առևտրի ծավալները

Տարեթիվ արտահանում /հազ.ԱՄՆ դոլար/ ներմուծում /հազ. ԱՄՆ դոլար/ ընդհանուր ծավալ /հազ.ԱՄՆ դոլար/
2008թ. 25056,3 202991,2 228047,5
2009թ. 33025.9 162398.0 195423.9
2010թ. 84831.2 199884.7 284715.9
2011թ. 106254.2 217156.6 323410

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի արտաքին առևտրի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2014թ. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 293 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար, որից 84 միլիոն 630 հազարը բաժին է ընկել Հայաստանից Իրան արտահանմանը, իսկ 208 միլիոն 990 հազարը՝ ներմուծմանը։ Նշենք, որ 2013թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 289 միլիոն 23 հազար ԱՄՆ դոլար, որից 94 միլիոն 955 հազարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 194 միլիոն 68 հազարը՝ ներմուծմանը։ Հայաստանը հիմնականում Իրան արտահանում է հետևյալ ապրանքատեսակաները՝ էլեկտրաէներգիա, մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր և այլն։ Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն։ 2014 թվականը երկու երկրների համար էլ տնտեսական առումով անկայուն տարի էր։ Հայաստանում նոր կառավարություն ձևավորվեց, իսկ Իրանը պատժամիջոցների մի մասի՝ չեղյալ հայտարարվելուց հետո կարողացավ փոքր-ինչ կայունացնել տնտեսությունը, վերակենդանացավ բանկային համակարգը, որոշակի կայունություն նկատվեց փոխարժեքի շուկայում։ 2014թ. դեկտեմբերի 15-16-ը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Թեհրան էր մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը։ Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագրի թարմացման, Հայաստանի հանքավայրերում համատեղ հետազոտություններ իրականացնելու և շահագործելու վերաբերյալ հարցեր։ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերին՝ Երևանում։ Հունվարի 2-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։ Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել իր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՏՄ-ի ձևաչափով։ Բացի այդ՝ Իրան-ԵՏՄ սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամության մասին հայտարարեցին ՌԴ-ում և Ադրբեջանում Իրանի դեսպանները։ Իրանն ու Հայաստանը մեծ ներուժ ունեն առավել զարգացնելու տնտեսական հարաբերությունները, սակայն դա լիարժեքորեն չի օգտագործվում՝ կապված երկրներից որևէ մեկում ծագած այս կամ այն ֆինանսական խնդրի հետ։ Երկու երկրների ղեկավարներն էլ բազմիցս հայտարարել են, որ առևտրաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն։ Տնտեսական կապերն ընդլայնելու համար անհրաժեշտ քիչ թե շատ բարենպաստ միջավայրը կարծես թե ձևավորվել է, հետևաբար 2014թ. տեղի ունեցած դրական տեղաշարժերը և փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ 2015թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալները կապահովեն գոհացուցիչ արդյունքներ։ http://www.panorama.am/am/region/2015/02/04/armenia-iran/

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]