Հայ-հնդկական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-հնդկական հարաբերություններ
Հայաստան և Հնդկաստան

Հայաստան

Հնդկաստան

Հայ-հնդկական հարաբերություններ, միջազգային հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հայերը Հնդկաստանում հայտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու օժանդակ մասերի կազմում, երբ նա հատել է Հայաստանը Հնդկաստան հասնելու ճանապարհին։ Հայերի և հնդիկների փոխհարաբերությունների մասին ամենավաղ փաստագրական հիշատակումները կարելի է գտնել Քսենոփոնի (ք․ ա․ 430-350 թվականներ) աշխատանքում՝ Կյուրոպեդիայում։ Այդ աղբյուրները փաստում են, որ հայերը մեկնել են Հնդկաստան, և նրանք քաջատեղյակ են եղել Հնդկաստան տանող ցամաքային ուղիների, ինչպես նաև հնդկական ենթացամաքի ընդհանուր և քաղաքական աշխարհագրության, սոցիալ-մշակութային միջավայրի և տնտեսական կյանքի մասին[1]։

Միջնադարյան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մողոլների կայսր Աքբարը (1556-1605 թվականներ) 16-րդ դարում հայերին հրավիրել է Ագրա[2]՝ բնակվելու, իսկ 19-րդ դարի կեսերին այնտեղ արդեն զգալի թվով հայեր են ապրել։ Հայ առևտրականները Ագրա են այցելել Մեծ մողոլների կայսրության ժամանակ։ Աքբարը հայերին տվել է մի քանի արտոնություններ, դավանանքի զգալի ազատություն և կառավարության համար աշխատելու հնարավորություն։ Մարիամ Զամանի Բեգումը՝ Աքբարի կանանցից մեկը, հայ էր[3]։ Կայսերական հրամանով հայ առևտրականներն ազատվել են իրենց կողմից ներկրվող և արտահանվող ապրանքների հարկերի վճարումից, ինչպես նաև նրանց թույլատրվել է տեղաշարժվել Մեծ մողոլների կայսրության տարածքով, որտեղ օտարերկրացիների մուտքն արգելված էր։ 1562 թվականին Ագրայում կառուցվել է հայկական եկեղեցի։ 16-րդ դարից սկսած՝ հայերը (հիմնականում Պարսկաստանից) ձևավորել են կարևոր առևտրային համայնք Սուրաթում՝ Հնդկաստանի արևմտյան ափին գտնվող այն ժամանակաշրջանի ամենաակտիվ հնդկական նավահանգստում։ Հայերը բնակություն են հաստատել նաև Մադրասում(Չեննայում) Չինսուրայում՝ Կալկաթայից ոչ հեռու, և 1697 թվականին այնտեղ եկեղեցի են կառուցել։ Սա Բենգալիայի երկրորդ ամենահին եկեղեցին է, որը մինչ օրս լավ պահպանվել է Կալկաթայի Հայոց եկեղեցու կոմիտեի աշխատանքի շնորհիվ։

Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդիկ դասական երգչուհի Գուհար Ջաանը, որը 1902 թվականին դարձել է գրամոֆոն ձայնագրած առաջին մարդը, ծագումով հայ էր։ Հնդկաստանի անկախացումից հետո՝ 1947 թվականի օգոստոսի 15-ին, Հնդկաստանի հայ համայնքի մեծ մասը գաղթել է Ավստրալիա, Միացյալ Նահանգներ և այլ երկրներ։ Հնդկաստանում մնացած հայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Կալկաթայում, որոշ քանակությամբ հայեր բնակվում են նաև Մումբայում, Դելիում, Ագրայում և Չեննայում։ Այդ բոլոր քաղաքներում կան հայկական եկեղեցիներ և գերեզմանոցներ։ Հնդիկների և հայերի միջև ամուսնությունները հանգեցրել են հնդկահայերի ի հայտ գալուն[3]։

Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը 1964 թվականի սեպտեմբերին այցելել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ վարչապետ Ինդիրա Գանդին՝ 1976 թվականի հունիսին[3]։

Հնդկաստանը Հայաստանը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Խորհրդային Միությունից անկախություն հռչակելուց երեք ամիս անց։ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Հնդկաստանը Երևանում իր դեսպանատունը բացել է 1999 թվականի մարտի 1-ին։ Հայաստանը, որը պատվո հյուպատոսություն է բացել 1994 թվականի ապրիլին, իր դեսպանությունը բացել է Նյու Դելիում 1999 թվականի հոկտեմբերին։

Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը Հնդկաստան են այցելել համապատասխանաբար 1995 և 2003 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. India and Armenia Partners - Embassy of India in Armenia [ENG] Արխիվացված 2007-03-20 Wayback Machine
  2. Julfa v. Armenians in India
  3. 3,0 3,1 3,2 «ARMENIA-INDIA BILATERAL RELATIONS». www.indianembassy.am. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.