Jump to content

Թուման Թումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թուման Թումյան
Ծնվել է1879
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1906
Մահվան վայրՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և ֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Թուման Թումյան (Թորգոմ) (1879, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1906, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման հրամանատար, ֆիդայի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուման Թումյանը ծնվել է 1879 թվականի մայիսի 11-ին Շուշիում։ 1897 թվականին ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան։ Նրա դասընկերներն էին Գարեգին Նժդեհը, Մենակը և այլ հայտնի ժողովրդական պաշտպաններ։ Դեռևս թեմական դպրոցում սովորելու տարիներին Թորգոմը արդեն իսկ համակված էր ազգի փրկության գաղափարներով։ Թեմական դպրոցն ավարտելուց հետո նա 1897 թվականին մեկնել է Մոսկվա, ուսումը շարունակել Մոսկվայի պետական համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր մասնակցելով համալսարանի բնագիտական դասերին, սակայն չհարմարվելով տեղի կլիմային՝ 1900 թվականին վերադարձել է Շուշի, ծավալել բուռն հասարակական-քաղաքական գործունեություն երիտասարդության շրջանում։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Կոկոն» թերթը, որը ազատագրական գաղափարներ էր տարածում Արցախում։

Այնուհետև Թորգոմը ընդունվել է զինվորական ծառայության։ «Հէնց աշակերտական սեղանի վրայ Թումանը իրեն նուիրել էր կազմակերպական աշխատանքների և դարձել էր իր շրջանի աշակերտության և երիտասարդութեան ամենասիրելի առաջնորդը։ Հետագային նա ռուսական զինուորական ծառայութեան էր գնացել և հասել էր վառատուրի աստիճանին (պրապորշչնիկ)։ Թնդանոթաձիգ էր»[1]։

1901 թվականին մեկնել է Ալեքսանդրապոլ և շարունակել իր ծառայությունը՝ որպես ռուսական բանակի սպա։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թորգոմի Որսկան մարտախումբը
Թուման Թումյանի ընտանիքը․
ձախից աջ՝ Քրիստափոր՝ ավագ որդին, մայրը՝ Բահար, հայրը՝ Գրիգոր
կանգնած՝ Թուման Թումյան, Մաշա (Մարիամ) զավակները
նստած՝ ձախից՝ Հովսեփ և Արտեմ (Հարություն) զավակները[2]։

1902 թվականի մայիս-հունիսին թողնելով զինվորական ծառայությունը՝ Թումանը շրջիկ-գործչի պաշտոն է ստանձնել ՀՅԴ Կարսի կառույցում և եռանդուն գործունեություն ծավալել մարզի գյուղերում և գավառային քաղաքներում։ Թորգոմը Կարսի մարզում մասնակցել է նաև զենքի ու զինամթերքի փոխադրման աշխատանքներին և շնորհիվ իր կազմակերպական ընդունակության ու զինվորական հմտության շուտով դարձել է ղեկավար դեմք և ձեռնամուխ եղել «Մրրիկ» մարտական խմբի կազմավորմանը՝ ընտրվելով նույն խմբի խմբապետ։«Ընկերների ընդհանուր համաձայնությամբ Թորգոմը ընտրվում է խմբապետ, հակառակ իր ցանկութեան։ Նա առարկում էր, թէ խմբապետութեան համար իրենից աւելի փորձառու և արժանաւոր ընկերներ կային, բայց ընկերները գաղտնի քուէարկութեամբ համաձայնութեամբ ընտրում են նրան խմբապետ»[3]։

1903 թվականի հունիսին Թորգոմի հմուտ ղեկավարությամբ «Մրրիկ» զինատար խումբը հասել է Սասուն,որտեղ Թորգոմը դարձել է Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ և նվիրվել կազմակերպչական աշխատանքի։

1903 թվականի վերջին նա Կայծակ Վաղարշակի (Վաղարշակ Բաղդասարյան) հետ որպես Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ներկայացուցիչներ Կովկասի վրայով մեկնել են Սոֆիա՝ մասնակցելու ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին։ Բայց Թորգոմը ՀՅԴ ընդհանուր ժողովին չի մասնակցել։ Նա իր ձայնը փոխանցել է Խլաթի ներկայացուցիչ Աշոտ Երկաթին (Արմենակ Լևոնյան), իսկ ինքը վերադառնալով Կովկաս՝ ձեռնամուխ է եղել Կարսում նոր խմբեր կազմելուն։ Այստեղ Թորգոմը մասնակցել է 1904 թվականի ապրիլի 5-ից 12-ը Ալեքսանդրապոլում գումարված ՀՅԴ խորհրդակցությանը, այնուհետև կազմավորել է «Որսկան» խումբը, որը 1904 թվականի հուլիսի 2-ին (ն. տ. հուլիսի 15-ին) Օլթի - Ղարաբողազ (կիրճ Օլթիի շրջանում) - Պուլիկ աղբյուր - Նարիման - տաճկական Բասեն գծով փորձել է անցնել Երկիր։ Բայց ռուս-թուրքական սահմանագլխին ռուս սահմանապահների կողմից խմբի մեծ մասը կոտորվել է։ Սպանվել է նաև Թորգոմը։ Թուման Թումյանին է նվիրված Ավետիք Իսահակյանի «Որսկան ախպեր» ստեղծագործությունը։

Թորգոմը վերադարձել է Սասունից 1904 թվականի գարնանը Կայծակ Վաղարշակի հետ։ Կարսի «Ջրաբերդ» ԿԿ կազմավորել է 2-րդ խումբը՝ «Որսկան» անունով, վստահելով Թորգոմի փորձառությանն ու հմտությանը, խմբի ղեկավարությունը հանձնելով նրան ու փորձված հին մարտիկ Որսորդ Գևորգին։

Այն ժամանակ, երբ «Որսկանը» արդեն ճանապարհի վրա էր, Սասունում ապստամբությունը ճնշված էր։ «Որսկանի» նպատակն էր մարտական գործողություններ ձեռնարկել սահմանամերձ շրջաններում թուրքական ուժերի մի մասը քաշել դեպի սահմանը՝ ետ քաշելով Սասունից, թեթևացնել սասունցիների վիճակը։

1904 թվական հունիսի 30-ին խումբը հանգրվանել է Օլթիի շրջանի գյուղերից մեկում։ Գյուղում պատարագ է մատուցվել, խումբը բաժանվել է երկու մասի, մեկը՝ հրամանատարությամբ Թորգոմի, մյուսը՝ Որսորդ Գևորգի։

Թորգոմի հրամանատարությամբ «Որսկան» խումբը հասել է հայկական Զարդանիսի գյուղի մերձակա աղբյուրը։ Ամբողջ գիշերը քայլած, հոգնած մարտիկներն անմիջապես քնել են աղբյուրի մոտ։ Շալակավոր զինակիրները նույնիսկ շալակած բեռներն են մի կողմ դրել։

Ջրի մոտ եկած ռուս սահմանապահները տեսել են նրանց ու զեկուցել իրենց հրամանատարին,որը ոտքի է հանել զորամասը։ Խմբին հրահանգված էր ռուսների վրա չկրակել։ Ապաև հայտնվել են թուրք զինվորները, որոնց տեղեկացրել էին ռուս սահմանապահները։

Թորգոմը երկու անգամ հանձնվելու առաջարկությամբ պատգամավոր է ուղարկել ռուս հրամանատարի մոտ, բայց անհաջող։ Ռուսները չեն ընդունել պատգամավորներին, ուղարկել են պահականոցը, իսկ կրակն ավելի է սատկացել։ Ժամանել է նաև սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Բիկովը, որին հետագայում տեռորի է ենթարկել հայ վրիժառու Համո Ջանփոլադյանը։

Նույն օրը՝ հուլիսի 2-ի կեսօրին Թորգոմը փորձել է իրականացնել վերջին հնարավորությունը. «Խմբապետը դրօշակը առնելով 10-12 ընկերներով, գնդակների տարափի տակ գնաց դէպի ռուսաց զօրքերը անձնատուր լինելու նպատակով. ռուսները բաւական մօտ թողնելով միանգամից կրակեցին և 10 հօգի գէտին գլորեցին, որոնց մէջ և թանկագին Թորգոմին, Դաշնակցութեան դրօշը ձեռին»[4]։

«Որսկան» խմբի 61 մարտիկից 27 զոհվել են, 6 վիրավորվել, գերի՝ 14, մնացածը փախել են։

Թուման Թումյանին է նվիրված Ավետիք Իսահակյանի «Որսկան ախպեր» ստեղծագործությունը։

Որսկան ախպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

— Որսկան ախպեր, սարեն կուգաս,
Սարի մարալ կփնտրես,
Ասա, յարաբ դուն չտեսա՞ր
Իմ մարալս, իմ բալես։

Դարդի ձեռքին սարերն ընկավ,
Իմ արևս, իմ բալես,
Գլուխն առավ, քարերն ընկավ
Իմ ծաղիկս, իմ լալես...

— Տեսա, քուրիկ, նխշուն բալեդ
Կարմիր-կանաչ է կապեր,
Սիրած յարի համբուրի տեղ
Սրտին վարդեր են ծլեր։

— Որսկան ախպեր, ասա, յարաբ
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ լալիս։

— Տեսա, քուրիկ, դարդոտ բալեդ
Քարն է դրեր բարձի տեղ,
Անուշ քնով տաք գնդակն է
Կրծքում գրկեր յարի տեղ։

Սարի մարմանդ հովն է շոյում
Ճակտի փունջը մարալիդ,
Ծաղիկներն են վրան սգում,
Ազիդ բալիդ, խեղճ լալիդ...[5]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, 1938, թիւ 7, էջ 137
  2. «Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  3. «Յուշապատում ՀՅ.Դաշնակցութեան 1890-1950»Բոստոն, էջ 451
  4. «Հայրենիք» շաբաթաթերթ, 1914, թիվ 2
  5. Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]