Հրաչ Տասնապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչ Տասնապետյան
Ծնվել էհուլիսի 28, 1928(1928-07-28)[1]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էմարտի 16, 2001(2001-03-16) (72 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ

Հրաչ Էդուարդի Տասնապետյան (հուլիսի 28, 1928(1928-07-28)[1], Հալեպ, Սիրիա - մարտի 16, 2001(2001-03-16), Բեյրութ, Լիբանան), հայ կրթական գործիչ, մտավորական, հրապարակախոս և ազգային-քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնապետյանը հաճախել է իր ծննդավայր Հալեպի Ազգային Հայկազյան մանկապարտեզը, ապա նախակրթարանը։ Մի տարի Մխիթարյան վարժարան հաճախելուց հետո տեղափոխվել է Հալեպի Ֆրանսիական լիցեյ, որի փակվելուց հետո ուսման վերջին երկու տարիները՝ 1945 թվականից սկսած, անցկացրել է Բեյրութի Ֆրանսիական լիցեյում։ 1947 թվականին մեկնել է Լիոն (Ֆրանսիա)։ Բնագետի տիտղոսն ստանալուց հետո երկու տարի աշակերտել է Ճարտարարվեստական քիմիագիտության բարձրագույն դպրոցում, որտեղ ճանաչվել է քիմիագետ-ճարտարագետ։ Դոկտորական ավարտաճառի թեկնածու դառնալով՝ փորձագիտական աշխատանքի համար մի տարով ընդունվել է Փեշինե ընկերություն[2]։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի ամռանը Բեյրութի Համազգայինի ճեմարանի տնօրեն Սիմոն Վրացյանը Հրաչ Տասնապետյանին հրավիրել է ճեմարան՝ որպես բնագիտության և տարրաբանության ուսուցիչ։ 1953 թվականի հոկտեմբերին, հաստատվելով Բեյրութում, մինչև իր մահը Հրաչ Տասնապետյանն իր կյանքը կապել է Նշան Փալանճյան, ապա՝ Մ. և Հ. Արսլանյան ճեմարանների հետ։

1968 թվականի ամռանը Հրաչ Տասնապետյանը նշանակվել է ճեմարանի տնօրեն։ 32 տարի շարունակ նա իր ուժերն է ներդրել այս կրթօջախում։ Նրա օրոք դպրոցն ունեցել է ուսումնական վերելք, տնտեսական հավասարակշռության ապահովում, աշակերտների թվի աճ։ Ճեմարանը գործել է նաև լիբանանյան քաղաքացիական երկարատև պատերազմի ընթացքում՝ տեղափոխվելով շենքից շենք։ Այդ նույն շրջանում կառուցվել են Մ. և Հ. Արսլանյան ճեմարանի և Նորսիկյան մանկապարտեզի շենքերը։

Այդ ընթացքում Հրաչ Տասնապետյանը հրատարակել է հայերեն գիտական դպրոցական դասագրքերի շարք, որը երկար տարիներ գործածվել է թե՛ ճեմարանում, թե՛ լիբանանահայ այլ վարժարաններում։ Որոշ ժամանակ նա եղել է Լիբանանահայ թեմի Ուսումնական խորհրդի անդամ։

Տասնապետյանը 1974 թվականին կարճ ժամանակով եղել է նորաբաց Համազգային հայագիտական բարձրագույն հիմնարկի առաջին տնօրենը, հետագայում՝ երկար տարիներ դասախոսել է նույն հաստատությունում։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Տասնապետյանի հասարակական կյանքը հիմնականում կապված էր Հ.Յ. Դաշնակցության հետ, որի շարքերին միացել է 1946 թվականին։ Մեծացած լինելով դաշնակցական ընտանիքում՝ հատկապես կրել է հորեղբոր՝ կուսակցական գործիչ Հակոբ Սիմոնիի ազդեցությունը։ Բեյրութում և Փարիզում Ռուբեն Տեր-Մինասյանի, իսկ ավելի ուշ՝ Սիմոն Վրացյանի հետ մտերմություն է հաստատել և արմատացել որպես դաշնակցական։

ՀՅԴ Զավարյան ուսանողական միության վարչությունից հետո որոշ ժամանակ եղել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ։ Հրաչ Տասնապետյանը ՀՅԴ ընդհանուր ժողովին առաջին անգամ մասնակցել է 1967 թվականին և անմիջապես ընտրվել է ՀՅԴ բյուրոյի անդամ։ Հաջորդ ընտրություններում նա բյուրոյի անդամ մնացել է մինչև 1995 թվականը՝ վերջին մեկ տարին դառնալով բյուրոյի ներկայացուցիչ։

Հրաչ Տասնապետյանի դերն ուշագրավ է եղել հատկապես հայ և հատկապես օտարների շրջանում հարաբերություններում աշխատանքներ տանելու մեջ։ Նա Հայ դատի առաջքաշման ջատագովներից է եղել։

Դաշ­նակ­ցա­կա­նու­թիւնը, իր զա­նա­զան առա­քի­նու­թիւն­նե­րով, հա­ւա­քա­կան աւանդն է բո­լո­րին, հա­մա­պար­փակ գու­մա­րը բո­լո­րի՛ նկա­րագ­րա­յին շեշտ­ուած գի­ծե­րուն։ Մթնոլորտ է ան, որ պի­տի աշ­խա­տինք վառ պա­հել` իբ­րեւ ներշն­չա­րան։ Բա­րո­յա­կան իւ­րա­յա­տուկ դի­մագ­ծու­թիւն է ան, որուն աս­տի­ճա­նա­կան իւ­րաց­ման պի­տի ձգտինք` հա­ղոր­դու­թեան եւ ան­խար­դախ կի­րար­կու­մի ճամ­բով։ Եւ ար­ժա­նի ըլ­լա­լու հա­մար լրիւ ու իրա՛ւ դաշ­նակ­ցա­կան մար­դու դժուար կո­չու­մին, Դաշ­նակ­ցու­թեա՛ն հա­մար, անոր հե­տապն­դած նպա­տակ­նե­րուն հա­մար` որոնց հա­ւա՛տ­քը ու­նինք, ամէն օր քիչ մը աւե­լի պի­տի դաշ­նակ­ցա­կա­նա­նա՛նք։
- Հրաչ Տաս­նա­պետ­եա­ն

Հայագիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ Տասնապետյանը հայագիտական մասնագիտական կրթություն չի ստացել, երիտասարդ տարիքից լուրջ հետաքրքրություններ է ցուցաբերել հայագիտության տարբեր բնագավառների հանդեպ, մասնավորապես՝ հայկական ճարտարապետության և հայոց արդի պատմության։

Հայկական ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրված մի քանի աշխատանքներ հրատարակելուց հետո Հրաչ Տասնապետյանն ամբողջովին նվիրվել է ՀՅԴ պատմության, գաղափարական և կազմակերպչական խնդիրների գիտական ուսումնասիրությանը։

1970-ական թվականներին ՀՅԴ բյուրոյի որոշմամբ զբաղվել է Բոսթոնի ՀՅԴ արխիվների դասավորման, ցուցակագրման և պատճենահանման գործով, այնուհետև մանրամասն ուսումնասիրել է այդ արխիվները։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ ազգային-ազատագրական շարջման, մասնավորապես՝ ՀՅԴ պատմության տարբեր խնդիրներին են նվիրված Տասնապետյանի «Հ. Յ. Դաշնակցութեան Կազմակերպական Կառոյցի Հոլովոյթը» (1974), «Ո՞վ է Դաշնակցականը» (1975), «Հայկական Հարցը» (1977), «Յեղափոխութիւն» (1978), «Իննսունամեայ Հաշուեկշիռ» (1985), «Հ. Յ. Դաշնակցութիւնը Իր Կազմութենէն Մինչեւ Ժ. Ընդհ. Ժողովը (‎1890-1924)» (‎1988), «Հայ յեղափոխական շարժումը մինչեւ Հ. Յ. Դաշնակցութեան կազմութիւնը» (1990) և «Հ. Յ. Դաշնակցութեան յեղափոխական-մարտական գործունէութիւնը» (1994) ուսումնասիրությունները և երկերը։ Դրանցից մի քանիսը թարգմանվել են արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Տասնապետյանի հայագիտական ավանդի մաս են կազմում նաև «ՀՅԴ արխիվ» խորագրով նրա խմբագրած երկու ցուցակ-հատորներ (1980-1981), որոնք վերաբերվում են կուսակցության պատմության առաջին տասնամյակին՝ մինչև 1901 թվական, «Նյութեր ՀՅԴ պատմության համար» շարքի առաջին չորս հատորները (1972-1982), որտեղ ներկայացված են մինչև 1907 թվականը հասնող բազմաթիվ կուսակցական փաստաթղթեր, Արամ Մանուկյանի, Քրիստափոր Միքայելյանի վերաբերյալ, ինչպես նաև «Ռոստոմ» (1979), «Ռոստոմ. Նամականի» (1999) և «Սիմոն Զաւարեան» (հ. 1-3, 1983-1997) սկզբնաղբյուրների ժողովածուները։

Հետմահու լույս են տեսել «Պատմութիւն Հայ Յեղափոխական Շարժման Եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» և «Յօդուածներու ժողովածու» (2007) հատորները։

Մահացել է 2001 թվականի մարտի 16-ին։

Քաղվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակցական մարդուն գաղափարական աշխարհին գերիշխող տարրը հայ ազգն է, եւ անոր անբռնաբարելի սեփականությունը կազմող հայրենիքը՝ Հայաստանը։
- Հրաչ Տասնապետյան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տասնապետեան Հրաչ «Հ. Յ. Դաշնակցութեան յեղափոխական-մարտական գործունէութիւնը», «Դրօշակ», Աթէնք, 1994, թիւ 21, էջ 18-29, թիւ 22, էջ 28-38։
  • Տասնապետեան Հրաչ «Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. ընդհանուր ժողովը (1890-1924 թթ.)», Աթէնք, 1988, 259 էջ։
  • Տասնապետեան Հրաչ «Պատմութիւն հայ յեղափոխական շարժման եւ Հ. Յ. Դաշնակցութեան», Պէյրութ, 2009, 504 էջ։
  • Տասնապետեան Հրաչ «Ով է Դաշնակցականը», Պէյրութ, 1975, 58 էջ։
  • Տասնապետեան Հրաչ «Յօդուածներու ժողովածու», Պէյրութ, 2007, 639 էջ։
  • Տասնապետեան Հրաչ «Յեղափոխութիւն», Պէյրութ, 1978, 159 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «ԴԷՄՔԵՐ ԵՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]