Համազգային Մշակութային Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Համազգային Մշակութային Միություն
Տեսակ հասարակական կազմակերպություն
Հիմնադրված մայիսի 28, 1928
Գլխադասային գրասենյակ Կահիրե
Վերադաս կազմակերպություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Համազգային Մշակութային Միություն, համազգային մշակութային և կրթական ընկերություն, 1990 թվականից՝ Համազգային հայ կրթական և մշակութային միություն (ՀՀԿՄՄ), համահայկական կազմակերպություն։ Վայելում է ՀՅԴ կուսակցության հովանավորությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1928 թվականի մայիսի 28-ին, Կահիրեում՝ սկզբում «Հայ կրթական և հրատարակչական ընկերություն» անունով։ Հիմնադիրներ՝ Համո Օհանջանյան, Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, Գասպար Իփեկյան, Ստեփան Եսայան, Մինաս Խաչատրյան, Սարգիս Մալխասյան, Սեդրակ Պալըգճյան, Հակոբ Պալըգճյան։ Նպատակն էր՝ «Հայ ժողովրդին կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ հոգիով». ըստ 1990 թվականին ընդունված կանոնագրի՝

  • սատարել հայ մշակույթի, հայ դպրության, հայ լեզվին և ընդհանրապես հայ հոգեկան և իմացական արժեքներու ճանաչման, զարգացման, տարածման և ժողովրդականացման՝ Հայաստանի և արտերկրի մեջ,
  • օժանդակել հայապահպանման ճիգերուն, ազգային նշանակություն ունեցող ավանդույթներու շարունակման և մշակութային նոր ավանդներու ստեղծման,
  • մշակութային ձեռնարկներով՝ ցուցահանդես, հանդիսություն, հրատարակություններ, հայը, հայությունն ու Հայ դատը ծանոթացնել հայ թե օտար հասարակության»։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային Մշակութային Միության գերագույն մարմինն է Կենտրոնական վարչությունը՝ կազմված 11 անդամից. ընտրվում է պատգամավորական ժողովում՝ 4 տարի ժամկետով։ Կենտրոնական վարչությանը կից ստեղծված են կրթական, տնտեսական, հրատարակչական, դասագրքերի, շինարարական, ռադիոժամի հանձնախմբեր։ Գործում են շրջանային վարչությունները, որոնք կազմվում են աշխարհագրական սկզբունքով. Լիբանանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ամերիկայի Միացյալ Նահանգների (Արևելյան և Արևմտյան), Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, շուրջ 50 մասնաճյուղ։ Համազգային Մշակութային Միության միջոցները գոյանում են նվիրատվություններից և հանգանակություններից, ունեցած կալվածքների ու հաստատությունների հասույթներից։

Ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակներն իրագործելու համար Համազգային Մշակութային Միությունն առաջին հերթին՝ 1930 թվականին Բեյրութում բացել է Հայ ճեմարանը (1948 թվականից՝ Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան), 1931 թվականին՝ «Հույս» տպարանը (1967 թվականից՝ Համազգայինի Վահե Սեթյան տպարան)։ 1980 թվականին հիմնադրվել է Մարսելի կրթական կենտրոնը (մանկապարտեզով, նախակրթարանով, միջնակարգով և երկրորդականով), 1986 թվականին Սիդնեյում (Ավստրալիա)՝ Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլըստըն (Գալստյան) երկրորդական վարժարանը։ Այս ամենօրյա վարժարաններից բացի Համազգային Մշակութային Միության մասնաճյուղերը պահում են նաև մեկօրյա դպրոցներ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ թատերական արվեստը վերակենդանացնելու, տարածելու և նրա դերը հայ գաղութներում բարձրացնելու նպատակով 1941 թվականին Գասպար Իփեկյանի ջանքերով կազմվել է Համազգայինի թատերասերների միությունը։ Մինչև 1951 թվականը թատերախումբը գործել է Բեյրութում, այնուհետև հյուրախաղերի է մեկնել Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա։ Գասպար Իփեկյանի մահից հետո, ի պատիվ նրա, 1952 թվականին խումբը կոչվել է «Գասպար Իփեկյան թատերախումբ», ղեկավարությունը ստանձնել է Ժորժ Սարգիսյանը։

Երգարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ է երգահան Բարսեղ Կանաչյանի ղեկավարությամբ 1956 թվականին ստեղծված «Գուսան» երգչախմբի ներդրումը սփյուռքահայի երաժշտական ճաշակը ձևավորելու գործում։ 1960թվականին կազմվել է «Քնար» ազգագրական երգի-պարի խումբը (ղեկավար Վարդգես Աբրահամյան), 1978 թվականին՝ «Ծնծղա» (ղեկավար Վաչե Պարսամյան) և 1980 թվականին՝ «Նանոր» (խմբավար՝ Ալեքս Մնակյան) մանկական երգչախմբերը, որոնք մրցանակներ են շահել միջազգային մրցույթներում։

Հայագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտությունը զարգացնելու, հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության ուսուցիչներ, նաև խմբագիրներ և հանրային այլ գործիչներ պատրաստելու համար 1974թվականին հիմնել է Հայագիտական բարձրագույն հիմնարկը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային Մշակութային Միության մեծ իրագործումներից է «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնը Բեյրութում, որն իր հարկի տակ պարփակում է Թորոս Ռոսլին կերպարվեստի ակադեմիան, Բարսեղ Կանաչյան երաժշտանոցը, ինչպես նաև երգի և բալետի դպրոցներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png