Կայծակ Վաղարշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայծակ Վաղարշակ
Ծնվել է1875
ԾննդավայրՄուշ, Թուրքիա
Մահացել է1904 թվականի հունիսի 7 (ն. տ. հունիսի 20)
Մահվան վայրՕսմանյան կայսրություն, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակի Զիվին գյուղ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մայրենի լեզուհայերեն, թուրքերեն
ԿրթությունՄուշի Միացյալ Ներսիսյան վարժարան
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
Գործունեություն1892-1904 թվականներ
ԿուսակցությունՀՅԴ

Կայծակ Վաղարշակ (իսկական անունը՝ Վաղարշակ Բաղդասարյան, 1875, Մուշ, Թուրքիա - հունիսի 6 (19), 1904, Օսմանյան կայսրություն), Հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, խմբապետ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայծակ Վաղարշակը ծնվել է 1875 թ. Մուշ քաղաքում։ 1892 թ. «Ոսկի խաչ» մրցանակով ավարտել է Միացյալ Ներսիսյան վարժարանը։ Բայց դպրոցական հաջողությունները նրան քիչ էին գրավում։ Ֆիզիկապես լինելով հաղթանդամ, ուժեղ և աշխույժ` Վաղարշակը ավելի շատ սիրում էր զենքն ու որսորդությունը, քան գիրքն ու գիտությունը։ Ուստի պատանի հասակից զենքը ձեռքին շրջում էր լեռներում և ձորերում` հաճախ ընդհարվելով հասակակից քրդերի հետ։ Այդ թափառումների ժամանակ էլ հանդիպում է հայդուկապետ Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնին, որն էլ նրան ներշնչում է հայության թշնամիների դեմ կռվելու գաղափարը։

Դպրոցն ավարտելուց հետո Վաղարշակն ընկերանում է իր նման երեք երիտասարդների հետ և սկսում գործել Արաբոյի և Լևոնի օրինակով։ Շուտով նրա համբավը տարածվում է քրդերի մեջ, իսկ երբ Միհրան Տամատյանը գալիս է Սասուն, Վաղարշակը միանում է նրան։ 1894-1896 թթ. աբդուլ-համիդյան կոտորածի օրերին Վաղարշակը զենքը ձեռքին պաշտպանում է հայկական գյուղերը։

Տարոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցների և կոմիտեների հաստատվելուց հետո Կայծակ Վաղարշակը հարում է ՀՅ Դաշնակցությանը և գործակցում Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) ու Գևորգ Չավուշի (Գևորգ Ադամյան-Ղազարյան) հետ։ Վաղարշակը լավ հարաբերություններ է պահում նաև Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) հետ և աջակցում նրան։ Սերոբի մահից (1899 թ. հոկտեմբեր) հետո ընկերանում է Անդրանիկին և մասնակցում Սասունի և Մշո դաշտի կազմակերպական և մարտական աշխատանքներին։

1901 թ. նոյեմբերին Վաղարշակը մասնակցում է Անդրանիկի ղեկավարած Առաքելոց վանքի կռվին։ Այնուհետև մյուս ֆիդայիների հետ հաջողությամբ դուրս է գալիս պաշարված վանքից և հեռանում Սասնո լեռները։

Իբրև Տարոնի ներկայացուցիչ` 1904 թ. Վաղարշակը մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցության 3-րդ ընդհանուր ժողովին, ուր ընդարձակ զեկուցում է ներկայացնում Մուշ-Սասունի վիճակի և գործերի մասին։ Այնուհետև անցնելով Կովկաս` Կարսի մարզում կազմավորում է 29 հոգուց բաղկացած «Դժոխք» ձիավոր խումբը։

1904թ. մայիսի 31-ին Դորբանդլու գյուղից խումբը ուղևորվում է դեպի ռուս-թուրքական սահմանը` Դոլբանդլու-Բողար-Ղարաղուռուտ-Իզնոց անտառ գծով հասնելով սբ. Խաչ լեռան ստորոտը։ Խմբի անդամները, մեկ շաբաթ անցկացնելով սբ. Խաչ լեռան անդնդախոր ձորում` հունիսի 6-ի (նոր տոմարով` հունիսի 19-ի) գիշերը առանց խոչընդոտների, աննկատ անցնում են սահմանապահների մոտից։ Երեկոյան հասնելով Խորում և Զիվին գյուղերի միջև գտնվող բերդին` խումբն այնտեղ էլ գիշերում է։ Հունիսի 7-ի (նոր տոմարով՝ հունիսի 20-ի) առավոտյան բերդը պաշարվում է քրդերի կողմից, որոնց կեսօրին միանում են նաև թուրք զինվորներ, որով թուրք-քրդական միացյալ զորքի թիվը անցնում է 4000-ից։ Մինչև երեկո խումբն հաջողությամբ հետ է մղում հարձակվող թշնամուն, որին ի վերջո հոջողվում է գրավել բերդի վերնամասն ու խաչաձև կրակի տակ առնել հայդուկներին։ Այս ընթացքում զոհվում է խմբի անդամների 1/3-ը, որոնց թվում նաև խմբապետ Վաղարշակը։ Խմբի մի մասը` 16 հոգի, Ռուս Գևորգի առաջնորդությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից, սակայն, երբ կրկին փորձում են հատել ռուս-թուրքական սահմանը, ռուսները համազարկերով են դիմավորում հայ մարտիկներին։ Ընկնելով երկու կրակի արանքը` Որսորդ Գևորգն ու իր ընկերները բոլորն էլ զոհվում են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրօշակ, օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Ժընեւ, սեպտեմբեր, 1904, թիւ 9։
  • Վրացեան Սիմոն, Վաղարշակ Բաղդասարեան (Կայծակ), տե'ս Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան 1890-1950, Բոստոն, 1950, էջ 461-463։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 576 էջ։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան, 2012, 598 էջ։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Երեւան, Ա. հատ., 1990, 402 էջ
  • Սիմոնյան Հրաչիկ, Անդրանիկի ժամանակը, երկու գրքով, Ա. գիրք, Երևան, 1996, 752 էջ։
  • Եղիազարյան Կարինե, Կայծակ Վաղարշակի «Դժոխք» հեծելախմբի սահմանանցումը, Տարեգիրք (պատմագիտական հանդես), թիվ Բ., Երևան, ԵՊՀ հրատարակություն, 2010, էջ 80-87։
  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 175։