Հայ ազատագրական պայքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայ ազատագրական պայքար, շարժում՝ ուղղված օսմանյան լուծը թոթափելուն։ 17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Հայ ազատագրական պայքարի վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով[1]։ Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում։ Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում։ Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին։ Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում։

Վերելքի նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազատության և անկախության վերականգնման համար հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։ Կրետե կղզին թուրքերից պաշտպանող Վենետիկը, ինչպես նաև Հռոմն ու Ֆրանսիան կամենում էին հաղորդել համաքրստոնեական բնույթ[2]։

Կրետեի պատերազմ և հայ ազատագրական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ Արևմուտքի հետ անարդյունք բանակցությունները առժամանակ կասեցրին հայ ազատագրական որոնումները։ Միայն 17-րդ դարի 40-ական թվականների կեսերին օրակարգ մտցվեց Հայաստանի ազատագրության հարցըէ կապված Կրետեի պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական իրադրության հետ։ Այս իրադարձությունն էր, որ առաջ քաշեց Օսմանյան Թուրքիայի դեմ ձեռնարկվելիք համաքրիստոնեական խաչակրաց արշավանքի գաղափարը[2]։ Հայ առևտրական բուրժուազիան իր երևելի ներկայացուցիչներից մեկի Մուրադ (Շահմուրատ)Բաղիշեցուն 1666 թվականին ուղարկում է Ֆրանսիա։ Նա առաջինն էր, որ փորձեց մշակել Հայաստանի ազատագրության ծրագիր, որի համաձայն Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ժողովուրդները պետք է համատեղ ապստամբություն բարձրացնեին տիրապետող վարչակարգի դեմ և տապալելով այն՝ վերականգնեին ինչպես Բյուզանդական կայսրությունը, այնպես էլ Հայկական թագավորությունը։ Այս ծրագրի հիմնական նախապայմանը պետք է լիներ Ֆրանսիայի մասնակցությունը պատերազմին։ Հայերը ֆրանսիական կողմնորոշումից չհրաժարվեցին անգամ Կրետեի պատերազմում Վենետիկի կրած ծանր պարտությունց հետո։ Մուրադ Բաղիշեցին 1672 թվականին հատուկ ուղերձով դիմում է Լյուդովիկոս 14-ին և նրան ներկայացնում հայերի ազատագրական ակնկալիքները։ Կ. Պոլսի նախկին պատրիարք Հովհաննես Թութունջին, որը նախապես եղել էր Եթովպիայում և փորձել այդ երկիրը ևս ներգրավել հակաթուրքակական պայքարի մեջ, 1680 թվականի փետրվարին Մուրադ Բաղիշեցու, Սողոմոն Լևոնյանի, Զաքարիա վարդապետ Սիսիանցու և Ջուզեպ Հալեպցու հետ, վերսալի արքայական պալատում բանակցում էր Ֆրանսիայի թագավորի հետ։ Սակայն հայ-ֆրանսիական բանակցությունները շուտով ընդհատվում են, քանզի Ֆրանսիան 1686 թվականին պատերազմներով եվրոպական մի քանի երկրների զինակցության հետ, ոչ միայն հրաժարվեց Օսմանյան կայսրության դեմ խաչակրաց արշավանք ձեռնարկելու գաղափարից, այլև իր վրա վերցրեց Ավստրիայից և գերմանական այլ տերություններից Թուրքիային պաշտպանելու պարտականությունը։ Այս պարագան թելադրեց հովհաննես Թութունջի վարդապետին գործուն մասնակցություն ունենալ «Սրբազան լիգայի» երկրների (Ավստրիա, Լեհաստան, Ռուսաստան, Վենետիկ, Մալթա) հակաթուրքական խաչակրաց արշավանքներին, որ տեղի ունեցան 1860-ական թվականների երկրորդ կեսին և ամբողջ 1690-ական թվականներին։ Այդ արշավանքների հետևանքով պարտություն կրած Թուրքիան ստիպված էր կնքել Կարլովիցի հաշտության պայմանագիրը (1699թվականի հունվարի 26), որի համաձայն Ավստրիան ստացավ Հունգարիան և Տրանսիլվանիան, Վենետիկը՝ Դալմատիան և Պելեպոնեսը, իսկ Ռուսաստանը՝ Ազովը[2]։

Էջմիածնի 1677 թվականի ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Դ Ջուղայեցի

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ Հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն աղերսվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոր Գ Ջուղայեցու անվան հետ։ Ջուղայեցին ժամանակի ամենակրթված ու եռանդուն հայ եկեղեցականներից էր։ Նա հատկապես նշանավոր էր որպես Հայաստանում և Հայկական գաղթավայրերում կաթոլիկ քարոզիչների դեմ հակագործունեություն ծավալած գործիչ։ Նախանձախնդիր էր Ամենայն Հայոց կաթողիկոսության դիրքն ու հեղինակությունը բարձրացնելուն։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով նա Եվրոպա Է ուղարկում Ոսկան Երևանցուն, Մատթեոս Վանանդևցուն և ուրիշների, որոնք նաև հանձնարարականներ ունեին այնտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության հարցի շուրջ և միաժամանակ հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու դավանաբանական բանակցությունների համար։ Այդ դիտավորությամբ Ջուղայեցին նամակագրական կապ Է հաստատում Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի կայսր Լեոպոլդ 1-ի հետ։ Դեռևս 1662 թվականին կաթողիկոսը Վենետիկ և Հռոմ Է ուղարկում Առաքել Բոկոտն (Բոպիկ) վարդապետին, որը բանակցություններ Է վարում պապական շրջանակների հետ։ Նորությունն այն էր, որ հատուկ քննարկվում է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Այդ նպատակով ժողովի կողմից ընտրված պատվիրակությունը, որ գլխավորում էր Հայոց կաթողիկոսը, 1677 թվականի հունիսին անցնում է Վրաստան և բանակցություններ վարում Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ։ Այստեղ մշակվում է հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր, որի համաձայն հայերր պետք է դիմեին Արևմուտքի, իսկ վրացիները՝ Ռուսաստանի օգնությանը։ Նշելի է, որ Հակոբ Գ-ն, չնայած այդ պայմանավորվածությանը, հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անդամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։ 1678 թվականի դեկտեմբերին հայկական պատվիրակությունը ժամանում է Կ. Պոլիս, ուր կաթողիկոսը հանդիպումներ է ունենում արևմտահայ նշանավոր հասարակական գործիչների, Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու և այլոց հետ։ Վատիկանի հետ ապագա բանակցությունները նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից մեկին՝ Առաքել Բոկոտն վարդապետին, 1679 թվականին ուղարկում է Հռոմ, իսկ ինքը, հայ նշանավոր մտավորական Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցում է Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Վերջինս, որ Եվրոպայի հեղինակավոր միապետներից էր, հայկական որոշ շրջանակներում դիտվում էր որպես Հայաստանի ազատագրումը սատարող ամենահավանական եվրոպական քաղաքական գործիչներից մեկը։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Սորեսկին, կաթողիկոսին ուղղած պատասխան նամակում որոշակի օգնություն էր խոստանում՝ վերականգնելու Հայաստանի քաղաքական անկախությունը։ Բայց պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվեց, որովհետև 1680 թվականի օգոստոսի 1-ին Հակոբ Դ-ն հանկարծամահ եղավ։ Պատվիրակության մյուս անդամները ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Հայ արևմտաեվրոպական բանակցություններն առժամանակ հետաձգվեցին[3]։

Իրայել Օրու գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Օրի

Հակոբ Ջուղայեցին 1980 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր[2]։

Պֆալցյան ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Օրին դրոշի նշանակությունը և անհրաժեշտությունը դիտում էր զինվորի, հրազենի և ռազմատեխնիկական այլ միջոցների հետ հավասարարժեք հարաբերության մեջ։ Ըստ նրա, հայ ազատագրական պայքարի դրոշը պետք է ներկայացներպաստառ, որի մի երեսին պատկերված էր լինելու Քրիստոսի խաչելությունը, իսկ մյուսի՝ Գրիգոր Լուսավորիչը։ Ինչպես նշում է Օրին, այն պետք է խորհրդանշեր հայերի՝ հանուն հավատի պայքարը Գրիգոր Լուսավորչի հովանավորությամբ։ Հայտնի է, սակայն, որ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում[4]։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

Մոսկովյան ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1701 թվականի ամռանն Օրին Պետրոս(Պյոտր) I ցարին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու ծրագիրը։ 1701 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցավ Իսրայել Օրու և Ռուսաստանի վարչապետ Ֆ. Ա. Գոլովինի հանդիպումը, որի շամանակ դեսպանը բանավոր բացատրություններ տվեց իր առաքելության վերաբերյալ։ Երեք օր անց՝ հուլիսի 14-ին, նա Պետրոս 1-ին գրավոր զեկուցագիր ներկայացրեց, որտեղ հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազատագրության գործը վերապահվում էր Ռուսաստանին։ Պետրոս 1-ին հետաքրքրեց Օրու անձն ու առաքելությունը, և նա Գոլովինի միջոցով պահանջեց մանրամասն ծրագիր ներկայացնել Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակների և այդ գործում Ռուսաստանին վերապահված դերի մասին։ Հունիսի 25-ին Իսրայել Օրին Պետրոս 1-ին ներկայացրեց 18 կետից բաղկացած ծրագիր։ Ծրագրի համաձայն ռուսական 25 հազարանոց բանակը ռազմերթ էր սկսելու նույն թվականի հոկտեմբեր ամսին։ Բանակի մի մասը շարժվելու էր ցամաքային ճանապարհով՝ Թերեք-Դերբենդ ուղղությամբ։ Մյուս զորագունդը՝ 10 հազար զինվորներով,ճանապարհվելու էր Կասպից ծովով։ Նիզովայի նավահանգստում ափ իջնելուց հետո ռուսական բանակը սրընթաց երթով շարժվելու էր հետևյալ չորս ուղղություններով՝ 1.Գանձակ, 2.Լոռի, 3.Կապան, 4.Նախիջևան։ Նախիջևանում ռուսական զորքերին միանալու էին հայկական ապստամբական ուժերը և համատեղ սկսելու էին Հայաստանի ազատագրության ծրագրի իրականացումը[2]։ Ռազմական այս ամբողջ արշավանքը, այսինքն Արևելյան Հայաստանի ազատագրումը պետք է տեղի ունենար շուրջ 20 օրվա ընթացքում։ Օրին ծրագրին կցել էր նաև Հայաստանի և հարևան երկրների ձեռանկար քարտեզը։ Ծրագիրն ու քարտեզը խիստ հետաքրքրեցին Պետրոս 1-ին և 1702 թվականի մարտին հատուկ գրությամբ իրավունք վերապահեց Օրուն իր ծրագրի մասին հայտնել մելիքներին և հոգևոր առաջնորդներին։ Քանի որ Պետրոս I-ը Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր, Օրուն հուսադրում է, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով։ Այսրկովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով ցարը Օրուն ուղղարկում է Պարսկաստան՝ շնորհելով գնդապետի զինվորական կոչում։ Սակայն մելիքները որևէ արձագանք չտվեցին։ Ստեղծված դրությունից ելք փնտրելու նպատակով Օրին և Մինաս Տիգրանյանցը մելիքների անունից Պետրոս 1-ին մի դիմում ուղեցին։ Իսկ 1709 թվականի հուլիսին Օրու դեսպանությունը ժամանեց Սպահան։ Քաջ գիտակցելով դեսպանության նպատակները՝ ֆրանսիացիները ամեն կերպ աշխատում էին խոչընդոտել հանդիպմանը շահի հետ։ Օրին հանդիսավորությամբ ընդունվեց շահի կողմից, սակայն Շահը առանձն գրություն ուղարկեց ցարին, որը լի էր հայերի նկատմամբ անբարյաացակամ արտահայտություններով. այստեղ նա հասկացնում էր, որ չի խրախուսում հայ- ռուսական մերձեցումը։ Օգոստոսի կեսերին Օրին Սպահանից վերադարձավ։ Օրուն նաև միանում է Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Վերջինս ամենայն հավանականությամբ, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I-ի հետ։ Բայց 1711 թվականի օգոստոսին տարօրինակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում։ Եսայի Հասան-Ջալալյանը հարկադրված վերադառնում է հայրենիք։ Օրու մահվանից 11 տարի անց՝ 1722 թվականին Պետրոս 1-ը վերջապես սկսեց պարսկական արշավանքը։ Բայց այդ արշավանքը չունեցավ այն արդյունքը, որի համար ապրել և պայքարել էր ազատագրական շարժման նշանավոր գործիչն ու հայ մեծ մտածողը։ Այսպիսով՝ 17-րդ դարի վերջի և 18-րդ դարի սկզբների պայքարի զարթոնքը գլխավորապես կապվում է Իսրայել Օրու գործնեության հետ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեղինակներ` Մելքոնյան Աշոտ, Սիմոնյան Արամ, Նազարյան Արամ, Մուրադյան Հակոբ։ Հայոց Պատմություն։ Երևան։ էջեր 6–9 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Գրիգորյան «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ»
  3. «Սուրբ Էջմիածնի 1677 թ. գաղտնի խորհրդաժողովը»։ www.historyofarmenia-am.armin.am։ Վերցված է 2021-06-14 
  4. 18դ. Հայ ազատագրական պայքարի դրոշը