Տրդատ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրդատ Բ Հռոմեասեր
Իշխանություն217 - 252
Ծնվել է՝մոտ 194
Մահացել է՝252
Վախճանի վայրՉրմես
Երկիր Մեծ Հայք
ՆախորդԽոսրով Ա
ՀաջորդողԽոսրով Բ
ՈւղեկիցՇուշանդուխտ քուշանների թագավոր Վասուդեվա II-ի դուստրը ?
ՏոհմԱրշակունիներ
միապետ և գերիշխան
ՀայրԽոսրով Ա
ԵրեխաներԽոսրով Բ

Տրդատ Բ (1-ին դար - 252), Մեծ Հայքի արքա (217-252) Արշակունիների արքայատոհմից, Խոսրով Ա-ի որդին։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ կանչեց Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկեց։ Կարակալայի այդ տմարդի արարքը հանգեցրեց Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։ 217 թվականի ապրիլի 8-ին Կարակալլան սպանվում է իր զինվորներից մեկի ձեռքով, իսկ նրան հաջորդած Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին Մծբինի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությանն է վերադարձնում Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը։ Տրդատին են վերադարձվում նաև Կապադովկիայի նրանց տոհմական կալվածքները։ 224 թվականի ապրիլի 28-ին Արտաշիր Սասանյանը Որմզդականի ճակատամարտում պարտության է մատնում Տրդատ Բ-ի դաշնակից Պարթևաստանի արքա Արտավան Ե Արշակունուն, խորտակում պարթևական պետությունը և հռչակվում Սասանյան Պարսկաստանի առաջին թագավոր։ Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ը զոհվում է մարտի դաշտում։ Տրդատ Բ-ն առնելով Սասանյանների իշխանության գալու լուրը անմիջապես ձեռնարկում է արշավանք դեպի Պարսկաստան։ Նա հասնում է մինչև Տիզբոն, և ինչպես Խորենացին է վկայում, նա մեծ ավարով, խնդությամբ և ուրախությամբ Վաղարշապատ է վերադառնում։ Դրանից հետո պարսից Շապուհ Ա-ն բազմիցս արշավում է Հայաստան, սակայն այն լիովին նվաճել նրան չի հաջողվում։ Ի վերջո 252 թվականին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։ Հայոց արքան, որդու հետ միասին ստիպված հեռացավ Հռոմեական կայսրությանը պատկանող Չրմես (Ծումինա) ավան, որտեղ էլ մահացավ։ Տրդատ Բ-ի մահից հետո Սասանյանների դեմ պայքարը շարունակեց է նրա որդի Խոսրով Բ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց Պատմություն, 10 դասարանի դասագիրք.